Գերագույն համաժողով
Քրիստոսի խաղաղությունը վերացնում է թշնամանքը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


12:51

Քրիստոսի խաղաղությունը վերացնում է թշնամանքը

Երբ սերն առ Քրիստոս պարուրում է մեր կյանքը, անհամաձայնություններին մոտենում ենք հեզությամբ, համբերությամբ և բարությամբ:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, լարվածության թեստի վարժության ընթացքում սրտի աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է: Սիրտը, որը կարող է գործել քայլելիս, գուցե դժվարությամբ դիմանա բլուրն ի վեր վազելու պահանջներին: Այս կերպ լարվածության թեստը կարող է բացահայտել հիմնական հիվանդությունը, որն այլ կերպ տեսանելի չէ: Այնուհետև հայտնաբերված ցանկացած խնդիր կարող է բուժվել, նախքան դրանք լուրջ խնդիրներ կառաջացնեն առօրյա կյանքում:

COVID-19-ի համավարակը իհարկե համաշխարհային լարվածության թեսթ է: Թեսթը ցույց է տվել խառը արդյունքներ: Ապահով և արդյունավետ պատվաստանյութեր են ստեղծվել:1 Բժշկական մասնագետները, ուսուցիչները, խնամողները և մյուսները հերոսաբար զոհողությունների են գնացել, և շարունակում են դա անել: Շատ մարդիկ առատաձեռնություն և բարություն են դրսևորել, և շարունակում են դա անել: Սակայն, հիմնական թերություններն ակնհայտ են: Անպաշտպան անձիք տառապել են և շարունակում են տառապել: Ովքեր աշխատում են վերացնել այդ հիմնական անհավասարությունները, նրանց պիտի խրախուսանք և շնորհակալություն հայտնել:

Համավարակը հոգևոր լարվածություն է նաև Փրկիչի Եկեղեցու և նրա անդամների համար: Արդյունքները նմանապես խառն են: Մեր կյանքն օրհնվել է՝ սպասավորելով «ավելի բարձր և ավելի սուրբ ձևով»,2 Եկ, հետևիր ինձ ծրագրով, և տնակենտրոն, Եկեղեցու աջակցությամբ ավետարանի ուսումնառությամբ: Շատերն են ապահովել գթասիրտ օգնություն և մխիթարություն այս դժվարին ժամանակների ընթացքում և շարունակում են անել դա:3

Սակայն որոշ դեպքերում հոգևոր լարվածության թեստը միտում է ցույց է տալիս դեպի հակառակություն և պառակտում: Սա հուշում է, որ մենք աշխատանք ունենք անելու` փոխել մեր սրտերը և դառնալ միավորված՝ որպես Փրկիչի ճշմարիտ աշակերտներ: Սա նոր մարտահրավեր չէ, բայց ճգնաժամային է:4

Երբ Փրկիչն այցելեց Նեփիացիներին, Նա ուսուցանեց. «Եվ ձեր մեջ չպիտի լինի վիճաբանություններ: … Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ»:5 Երբ մենք բարկությամբ վիճում ենք միմյանց հետ, սատանան ծիծաղում է, իսկ երկնքի Աստվածը` արտասվում է:6

Աստված արտասվում է, իսկ սատանան ծիծաղում՝ առնվազն երկու պատճառով: Առաջինը՝ վիճաբանությունը թուլացնում է մեր հավաքական վկայությունը աշխարհին՝ Հիսուս Քրիստոսի և փրկագնման մասին, որը գալիս է Նրա «արժանիքների, … ողորմածության և շնորհի» միջոցով:7 Փրկիչն ասաց. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք: … Սորանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»։8 Հակառակը ևս ճշմարիտ է. բոլորը գիտեն, որ մենք Նրա աշակերտները չենք, երբ սեր չենք ցուցաբերում միմյանց հանդեպ: Նրա վերջին օրերի աշխատանքը վնասվում է, երբ հակառակություն կամ թշնամություն9 է տիրում Իր աշակերտների միջև:10 Երկրորդը՝ հակառակությունը հոգևոր առումով անառողջ է մեզ համար՝ որպես անհատներ: Մեզ լքում են խաղաղությունն ու հանգիստը, և Հոգին զգալու մեր կարողությունը վնասվում է:

Հիսուս Քրիստոսը բացատրեց, որ Իր վարդապետությունը չէ՝ բարկության դրդել մարդկանց սրտերը մեկմեկու դեմ. այլ [Իր] վարդապետությունն [է], որ այդպիսի բաները պիտի վերացվեն»:11 Եթե ես արագ եմ վիրավորվում կամ արձագանքում կարծիքների տարբերություններին` բարկանալով կամ դառնալով դատապարտող, ես «ձախողվում» եմ հոգևոր լարվածության թեստում: Այս ձախողված թեստը բնավ չի նշանակում, որ ես հուսալքված եմ։ Ավելի շուտ այն մատնանշում է, որ ես պետք է փոխվեմ: Եվ լավ է, որ դա իմանանք:

Փրկիչի՝ Ամերիկա մայրցամաք կատարած այցելությունից հետո ժողովուրդը միավորվեց, «ողջ երկրում չկար ոչ մի հակառակություն»:12 Մի՞թե կարծում եք, որ ժողովուրդը միաբանված էր, որովհետև բոլորը նույնն էին, կամ որովհետև կարծիքների տարբերություններ չկային: Ես կասկածում եմ: Ավելի ճիշտ, հակառակությունն ու թշնամանքը վերացան, որովհետև նրանք ամեն ինչից վեր դասեցին իրենց աշակերտությունը Փրկիչին: Նրանց տարբերությունները խամրեցին՝ Փրկիչի հանդեպ ունեցած ընդհանուր սիրո համեմատ, և նրանք միավորվեցին՝ որպես «Աստծո արքայության ժառանգներ»:13 Արդյունքն այն էր, որ «ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, … որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»։14

Միասնությունը ջանքեր է պահանջում։15 Այն զարգանում է, երբ մեր սրտերում սեր ենք զարգացնում Աստծո հանդեպ,16 և կենտրոնանում ենք մեր հավերժական ճակատագրի վրա:17 Մենք միավորված ենք լինում մեր գլխավոր ընդհանուր ինքնությամբ՝ որպես Աստծո զավակներ,18 և վերականգնված ավետարանի ճշմարտություններին մեր նվիրվածությամբ: Մեր սերն առ Աստված և Հիսուս Քրիստոսի մեր աշակերտությունն առաջացնում է անկեղծ մտահոգություն ուրիշների հանդեպ: Մենք գնահատում ենք ուրիշների բնութագրերի, հեռանկարների և տաղանդների խճանկարը:19 Եթե մենք չենք կարողանում Հիսուս Քրիստոսին [հետևելու] մեր աշակերտությունը վեր դասել մեր անձնական հետաքրքրություններից և տեսակետներից, մենք պետք է վերաքննենք մեր առաջնահերթությունները և փոխվենք:

Մենք, գուցե, հակված ենք ասել. «Իհարկե մենք կարող ենք ունենալ միասնություն, եթե միայն դուք համաձայնվեք ինձ հետ»: Ավելի լավ մոտեցում է հարցնել. «Ի՞նչ կարող եմ անել միասնություն խթանելու համար»: Ինչպե՞ս կարող եմ արձագանքել այս մարդուն, որպեսզի օգնեմ նրան մոտենալ Քրիստոսին: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի նվազեցնեմ հակառակությունը և կառուցեմ Եկեղեցու կարեկից ու հոգատար համայնք:

Երբ սերն առ Քրիստոս պարուրում է մեր կյանքը,20 անհամաձայնություններին մոտենում ենք հեզությամբ, համբերությամբ և բարությամբ:21 Մենք ավելի քիչ ենք մտահոգվում մեր սեփական զգացողություններով և ավելի շատ՝ մեր մերձավորով: Մենք «ձգտում ենք չափավոր լինել և միավորվել»:22 Մենք չենք մասնակցում «կասկածելի վիճաբանությունների», դատում նրանց, ում հետ համաձայն չենք, կամ փորձում ստիպել նրանց սայթաքել:23 Փոխարենը, մենք ենթադրում ենք, որ նրանք, ում հետ մենք համաձայն չենք, անում են այն ամենը, ինչ կարող են՝ իրենց կյանքի փորձառությունների հետ:

Կինս ավելի քան 20 տարի զբաղվում է իրավագիտությամբ: Որպես փաստաբան, նա հաճախ աշխատում էր մարդկանց հետ, ովքեր բացահայտորեն պաշտպանում էին հակադիր կարծիքներ: Բայց նա սովորեց չհամաձայնել` առանց կոպտություն և բարկություն դրսևորելու: Նա կարող էր ասել հակադիր կողմի փաստաբանին. «Տեսնում եմ այս հարցի կապակցությամբ մենք համաձայնության չենք գալու: Դուք ինձ դուր եք գալիս: Ես հարգում եմ ձեր կարծիքը: Հուսով եմ՝ կպատասխանեք նույնպիսի քաղաքավարությամբ»: Հաճախ սա առաջացնում էր փոխադարձ հարգանք, և նույնիսկ ընկերություն` չնայած տարբերություններին:

Նույնիսկ նախկին թշնամիները կարող են միավորվել Փրկիչի աշակերտության մեջ:24 2006 թ. ես մասնակցեցի Հելսինկիի (Ֆինլանդիա) տաճարի նվիրագործմանը՝ հարգելով հայրիկիս, տատիկիս ու պապիկիս հիշատակը, ովքեր եղել են Ֆինլանդիայի Եկեղեցու վաղ նորադարձներ: Ֆինները, նաև հայրս, տասնամյակներով երազում էին Ֆինլանդիայի տաճարի մասին: Այդ ժամանակ Տաճարային շրջանն ընդգրկելու էր Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բելոռուսիան և Ռուսաստանը:

Նվիրագործման ժամանակ ես մի զարմանալի բան իմացա: Ընդհանուր գործունեության առաջին օրը նշանակված էր ռուս անդամների համար, որպեսզի կատարեին տաճարային արարողություններ: Դժվար է ուղղակի բացատրել, թե որքան ապշեցուցիչ էր դա: Ռուսաստանը և Ֆինլանդիան բազմաթիվ պատերազմներ էին մղել դարեր շարունակ: Հայրս չէր վստահում և չէր սիրում ոչ միայն Ռուսաստանը, այլև բոլոր ռուսներին: Նա այդպիսի բուռն զգացումներ էր արտահայտել, և նրա զգացումները բնորոշ էին Ռուսաստանի նկատմամբ ֆիննական թշնամանքին: Նա անգիր էր սովորել էպիկական բանաստեղծություններ, որոնք ներկայացնում էին ֆինների և ռուսների միջև 19-րդ դարի պատերազմը: Նրա փորձառությունները Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ֆինլանդիան և Ռուսաստանը կրկին հակառակորդներ էին, չփոխեցին նրա տեսակետները:

Հելսինկիի (Ֆինլանդիա) տաճարի նվիրագործումից մեկ տարի առաջ տաճարային հանձնաժողովը, որը բաղկացած էր բացառապես ֆիննական անդամներից, հանդիպեցին քննարկելու նվիրագործման ծրագրերը: Ժողովի ընթացքում ինչ-որ մեկը նկատեց, որ ռուս Սրբերը մի քանի օր ճամփորդելու էին` նվիրագործմանը մասնակցելու համար, և գուցե հույս էին տածում ստանալ իրենց տաճարային օրհնությունները մինչև տուն վերադառնալը: Հանձնաժողովի նախագահ Եղբայր Սվեն Էկլունդն առաջարկեց, որ ֆինները կարող են մի քիչ էլ սպասել, որ ռուսները պետք է լինեն առաջին անդամները տաճարային արարողություններ տաճարում կատարելիս: Հանձնաժողովի բոլոր անդամները համաձայնվեցին: Հավատարիմ Վերջին Օրերի Սուրբ ֆինները հետաձգեցին իրենց տաճարային օրհնությունները՝ ռուս Սրբերին տեղավորելու համար:

Տարածքային նախագահը՝ Երեց Դենիս Բ. Նյունշվանդերը, ով ներկա էր այդ տաճարային հանձնաժողովի ժողովին, հետագայում գրեց. «Ես երբեք այդքան ավելի հպարտ չեմ եղել ֆիններով, քան այդ պահին: Ֆինլանդիայի դժվարին պատմությունը իր արևելյան հարևանի հետ … և նրանց հուզմունքը, որ վերջապես [տաճար] կառուցվեց իրենց սեփական հողում, բոլորը մի կողմ դրվեցին: Սիրո և զոհաբերության ապացույց [էր] այն, որ ֆինները ռուսներին թույլ տվեցին առաջինը մտնել տաճար»:25

Երբ հորս հաղորդեցի այդ սիրալիրության մասին, նրա սիրտը փափկեց, և նա արտասվեց, շատ հազվագյուտ դեպք այդ տոկուն ֆիննի համար: Այդ ժամանակից սկսած մինչև իր մահը` երեք տարի հետո, նա երբեք ոչ մի բացասական զգացում չարտահայտեց Ռուսաստանի վերաբերյալ: Ոգեշնչված իր ընկերակից ֆինների օրինակից՝ հայրս նախընտրեց Հիսուս Քրիստոսի իր աշակերտությունը վեր դնել մյուս բոլոր նկատառումներից: Ֆինները ոչ պակաս ֆինն էին, ռուսները ոչ պակաս ռուս էին, ոչ մի խումբ չլքեց իր մշակույթը, պատմությունը կամ փորձառությունը՝ թշնամությունը վանելու համար: Նրանք կարիք չունեին: Փոխարենը, նրանք ընտրեցին Հիսուս Քրիստոսի իրենց աշակերտությունը դարձնել իրենց գլխավոր նկատառումը:26

Եթե նրանք կարողացան դա անել, մենք էլ կարող ենք։ Մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցի բերել մեր ժառանգությունը, մշակույթը և փորձառությունները: Սամուելը չհրաժարվեց իր ժառանգությունից որպես Լամանացի,27 ոչ էլ Մորմոնը հրաժարվեց իր Նեփիացի լինելուց:28 Բայց յուրաքանչյուրը դրեց Փրկիչի իր աշակերտությունը առաջին տեղում:

Եթե մենք մեկ չենք, մենք Նրանը չենք:29 Եկեք քաջ լինենք և Աստծո հանդեպ մեր սերը և Փրկիչի մեր աշակերտությունը բոլոր մյուս նկատառումներից վեր դնենք:30 Եկեք պահպանենք մեր աշակերտությանը բնորոշ ուխտը՝ մեկ լինելու ուխտը:

Եկեք հետևենք ողջ աշխարհի Սրբերի օրինակին, ովքեր հաջողությամբ դառնում են Քրիստոսի աշակերտներ: Մենք կարող ենք ապավինել Հիսուս Քրիստոսին, ով «մեր խաղաղությունն է, ով … ջարդել է մեզ բաժանող միջնապատը, վերացնելով թշնամությունը՝ Իր [քավիչ զոհաբերության] միջոցով»:31 Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունն աշխարհին կուժեղացվի և մենք հոգևորապես առողջ կմնանք:32 Ես վկայում եմ, որ երբ մենք «հեռու վանենք հակառակությունը» և դառնանք «համախոհ Տիրոջ հետ սիրով և միաբան Նրա հետ հավատքում», Նրա խաղաղությունը կլինի մերը:33 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։