Գերագույն համաժողով
Սրբություն Տիրոջը
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:16

Սրբություն Տիրոջը

Զոհաբերությունը ավելի քիչ է վերաբերում «հրաժարվելուն» և ավելի շատ՝ Տիրոջը «տալուն»:

Անցյալ տարի, երբ ծառայում էի Ասիայի Հյուսիսային Տարածքի Նախագահությունում, ես հեռախոսազանգ ստացա նախագահ Ռասսել Մ. Նելսոնից, ով հրավիրում էր ինձ ծառայել որպես Նախագահող Եպիսկոպոսության երկրորդ խորհրդական: Նա սիրով հրավիրեց կնոջս՝ Լորիին, միանալ այդ զրույցին: Երբ զանգն ավարտվեց, և մենք դեռ չէինք հավատում կատարվածին, կինս հարցրեց. «Այնուամենայնիվ, ի՞նչ է անում Նախագահող Եպիսկոպոսությունը»: Մի պահ խորհելուց հետո ես պատասխանեցի. «Հստակ չգիտեմ»:

Մեկ տարի անց և խոնարհության ու երախտագիտության խորը զգացումներից հետո, ես կարող եմ ավելի մեծ ըմբռնումով պատասխանել կնոջս հարցին: Ի թիվս շատ այլ բաների՝ Նախագահող Եպիսկոպոսությունը վերահսկում է Եկեղեցու բարօրության ու մարդասիրական աշխատանքը: Այս աշխատանքն այժմ ընդգրկում է ամբողջ աշխարհը և օրհնում է Աստծո ավելի շատ զավակների, քան երբևէ նախկինում:

Մեզ՝ Նախագահող Եպիսկոպոսությանը, օգնում են Եկեղեցու հրաշալի աշխատակիցները և ուրիշներ, ներառյալ Սփոփող միության գերագույն նախագահությունը, ովքեր մեզ հետ ծառայում են Եկեղեցու Բարօրության և Ինքնապահովման գործադիր հանձնաժողովում: Առաջին Նախագահությունը, ինձ և քույր Յուբենկին, ով երեկ ելույթ ունեցավ, որպես այդ հանձնաժողովի անդամների՝ խնդրել է ձեզ հետ կիսվել Եկեղեցու վերջին մարդասիրական ջանքերի մասին տեղեկություններով: Նրանք նաև խնդրեցին, որ արտահայտենք իրենց խորին երախտագիտությունը, քանի որ, եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք եք հնարավոր դարձրել այդ մարդասիրական ջանքերը։

Մարդասիրական նվիրատվություններ
Լրացուցիչ մարդասիրական նվիրատվություններ

Երբ մենք մտահոգությամբ հետևում էինք COVID-19 ճգնաժամի վաղ տնտեսական հետևանքներին ամբողջ աշխարհում, հեշտությամբ կարող էինք ակնկալել դրամական նվիրատվությունների անկում, որ Սրբերը կկարողանային կատարել: Ի վերջո, մեր իսկ անդամները պաշտպանված չէին համավարակի հետ կապված հետընթացներից։ Պատկերացրեք, թե ինչ զգացումներ էինք ունենում, երբ հակառակն էինք նկատում։ 2020 թվականի մարդասիրական նվիրատվությունները, պարզվում է, երբևէ եղած ամենաբարձր ցուցանիշն ունեն, իսկ այս տարի ավելի բարձր միտում է նկատվում: Ձեր առատաձեռնության արդյունքում Եկեղեցին կարողացել է իրականացնել իր ամենալայն արձագանքը Մարդասիրական հիմնադրամի սկզբնավորումից ի վեր՝ ավելի քան 1500 COVID-ի օգնության ծրագրերով, ավելի քան 150 երկրներում: Այս նվիրատվությունները, որոնք դուք այդքան անձնուրաց տվել եք Տիրոջը, վերածվել են կյանք պահպանող սննդի, թթվածնի, բժշկական պարագաների և պատվաստումների նրանց համար, ովքեր այլապես չէին կարող ստանալ դրանք:

Փախստականներ
Փախստականներ
Փախստականներ

Բացի ապրանքների նվիրատվությունից, նույնքան կարևոր է նաև ժամանակի ու եռանդի հսկայական ներդրումը, որը Եկեղեցու անդամները նվիրաբերում են մարդասիրական նպատակներին: Ինչպես համավարակը, այնպես էլ բնական աղետները, քաղաքացիական հակամարտություններն ու տնտեսական անկայունությունը չեն դադարում և շարունակում են միլիոնավոր մարդկանց դուրս հանել իրենց տներից։ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը տեղեկացնում է, որ աշխարհում ավելի քան 82 միլիոն մարդ է բռնի տեղահանվել։1 Սրան գումարեք միլիոնավոր այլ մարդկանց, ովքեր նախընտրում են փախչել աղքատությունից կամ ճնշումներից՝ իրենց և իրենց երեխաների համար ավելի լավ կյանք փնտրելով, և դուք կարող եք սկսել պատկերացում կազմել այս համաշխարհային իրավիճակի մեծության մասին:

Ուրախ եմ տեղեկացնել, որ շատերի կամավոր ներդրված ժամանակի և տաղանդների շնորհիվ Եկեղեցին գործարկում է փախստականների և ներգաղթյալների ընդունման կենտրոններ՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի բազմաթիվ վայրերում: Եվ ձեր ներդրումների շնորհիվ մենք տրամադրում ենք ապրանքներ, ֆինանսավորում և կամավորներ՝ օգնելով նմանատիպ ծրագրերին, որոնք իրականացվում են ամբողջ աշխարհում՝ այլ կազմակերպությունների կողմից:

Թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն Սրբերին, ովքեր օգնության ձեռք են մեկնել՝ կերակրելու, հագցնելու, ընկերանալու և օգնելու այդ փախստականներին, որ հաստատվեն և դառնան ինքնապահով:

Երեկ երեկոյան քույր Յուբենկը ձեզ հետ կիսվեց այս առնչությամբ կատարվող Սրբերի հրաշալի նախաձեռնություններից մի քանիսով: Երբ խորհում եմ այս նախաձեռնությունների մասին, հաճախ մտածում եմ զոհաբերության սկզբունքի և այս սկզբունքի ունեցած անմիջական կապի մասին՝ Աստծուն և մեր մերձավորին սիրելու երկու մեծ պատվիրանների հետ։

Ժամանակակից գործածության մեջ զոհաբերություն եզրույթը ենթադրում է Տիրոջ և Նրա արքայության համար ինչ-որ բանից «հրաժարվելու» գաղափարը: Սակայն՝ հնում զոհաբերություն բառի իմաստն ավելի սերտորեն կապված էր իր երկու լատիներեն արմատների հետ՝ sacer, որը նշանակում է «սրբազան» կամ սուրբ, և facere, որը նշանակում է «դարձնել»։2 Ուստի հնում զոհաբերությունը բառացի նշանակում էր ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին սուրբ դարձնել։3 Որպես այդպիսին, զոհաբերությունը սուրբ դառնալու և Աստծուն ճանաչելու գործընթաց է, ոչ թե իրադարձություն կամ Տիրոջ համար ինչ-որ բանից «հրաժարվելու» ծիսական գաղափար:

Տերն ասել է. «Որովհետեւ ողորմութիւն եմ ուզում և ոչ թէ զոհ, և Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ»:4 Տերը ցանկանում է, որ մենք դառնանք սուրբ,5 գթությամբ օժտված6 և ճանաչենք Իրեն:7 Ինչպես ուսուցանել է Պողոս առաքյալը. «Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ»:8 Ի վերջո, Տերը ցանկանում է մեր սրտերը, Նա ցանկանում է, որ մենք Քրիստոսի մեջ նոր արարածներ դառնանք։9 Ինչպես որ Նա հրահանգեց նեփիացիներին. «Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի»:10

Սրբություն Տիրոջը

Զոհաբերությունն ավելի քիչ է վերաբերում «հրաժարվելուն» և ավելի շատ՝ Տիրոջը «տալուն»: Մեր տաճարներից յուրաքանչյուրի մուտքի վրա փորագրված են «Սրբություն Տիրոջը․ Տիրոջ տունը» բառերը: Երբ պահում ենք մեր ուխտերը զոհաբերության միջոցով, մենք սուրբ ենք դառնում Հիսուս Քրիստոսի շնորհով, իսկ սուրբ տաճարի խորանի մոտ, կոտրված սրտերով և փշրված հոգիներով, մեր սրբությունը տալիս ենք Տիրոջը: Երեց Նիլ Ա. Մաքսվելը ուսուցանել է․ «Մեր կամքը [կամ սիրտը11] Աստծո կամքին ենթարկելը միակ իսկական անձնական բանն է, որը մենք կարող ենք դնել Նրա զոհասեղանին: … Ինչևէ, երբ ես և դուք, ի վերջո, ենթարկենք մեզ, թույլ տալով, որ մեր անձնական կամքը կուլ գնա Աստծո կամքին, ապա մենք իսկապես ինչ-որ բան կտանք Նրան»:12

Երբ ուրիշների համար մեր զոհաբերությունները դիտարկվում են «հրաժարվելու» տեսանկյունից, մենք կարող ենք դրանք համարել բեռ, և հուսալքվել, երբ մեր զոհաբերությունները չեն ճանաչվում կամ վարձատրվում: Սակայն, երբ դիտարկում ենք Տիրոջը «տալու» տեսանկյունից, ուրիշների համար մեր զոհաբերությունները դառնում են պարգևներ, և շռայլորեն տալու ուրախությունը դառնում է դրա վարձատրությունը։ Ազատվելով ուրիշների կողմից սիրո, հավանության կամ գնահատանքի անհրաժեշտությունից՝ մեր զոհաբերությունները դառնում են մեր երախտագիտության և սիրո ամենամաքուր ու խորը արտահայտությունը Փրկիչի և մեր մերձավորների հանդեպ: Ինքնազոհաբերության ցանկացած հպարտ զգացում իր տեղը զիջում է երախտագիտության, մեծահոգության, գոհունակության և ուրախության զգացումներին։13

Ինչ-որ բան սրբացվում է՝ լինի դա մեր կյանքը, ունեցվածքը, ժամանակը, թե մեր տաղանդները, ոչ թե պարզապես «հրաժարվելով» դրանից, այլ14 այն Տիրոջը նվիրաբերելով: Եկեղեցու մարդասիրական գործունեությունն այսպիսի պարգև է: Դա Սրբերի նվիրագործված, հավաքական նվիրատվությունների արդյունքն է, որը Աստծո և Նրա զավակների հանդեպ մեր սիրո դրսևորումն է:15

Քույր Քենֆիլդը նրանց հետ, ում նա ծառայում է

Սթիվ և Անիտա Քենֆիլդները ներկայացնում են Վերջին Օրերի Սրբերին ողջ աշխարհում, և իրենք անձամբ զգացել են Տիրոջը տալու փոխակերպող օրհնությունները: Որպես բարօրության և ինքնապահովման միսիոներներ՝ Քենֆիլդներին խնդրեցին օգնություն տրամադրել փախստականների ճամբարներում և Եվրոպայի ներգաղթյալների կենտրոններում։ Իր մասնագիտական կյանքում քույր Քենֆիլդը եղել է համաշխարհային մակարդակի ներքին հարդարման ձևավորող և հարուստ հաճախորդների հետ պայմանագրեր է կնքել՝ նրանց շքեղ տները գեղեցկացնելու համար: Հանկարծ նա հայտնվեց մի աշխարհում, որը բոլորովին հակառակն էր, քանի որ Նա ծառայում էր այն մարդկանց մեջ, ովքեր կորցրել էին գրեթե ամեն ինչ՝ երկրային ունեցվածքի առումով։ Իր խոսքերով՝ նա «մարմարյա ճեմուղիները փոխանակել էր կեղտոտ հատակների հետ»։ Այդպես վարվելով՝ նա անչափ մեծ բավարարվածություն գտավ, երբ իր ամուսնու հետ միասին սկսեց ընկերություն անել և շուտով սիրել ու գրկել նրանց, ովքեր իրենց խնամքի կարիքն ունեին։

Քենֆիլդները նշում են. «Մենք չէինք համարում, որ, կարծես, ինչ-որ բանից «հրաժարվել էինք» Տիրոջը ծառայելու համար։ Մեր ցանկությունն էր՝ պարզապես «տալ» Նրան մեր ժամանակն ու ուժերը, որպեսզի օրհնենք Նրա զավակներին ցանկացած եղանակով, որը Տերը կհամարեր նպատակահարմար: Մեր եղբայրների և քույրերի հետ աշխատելիս, արտաքին տեսքի ցանկացած տարբերություն՝ կախված ծագումից կամ ունեցվածքից, անհետանում էր մեզ համար, և մենք պարզապես տեսնում էինք միմյանց սրտերը։ Մասնագիտական և նյութական որևէ ձեռքբերում չի կարող հարստացնել մեզ կամ հավասարվել այն փորձառություններին, որ մենք ունեցանք՝ ծառայելով Աստծո խոնարհ զավակների մեջ»։

Քենֆիլդների և նման շատ ուրիշների պատմություններն օգնել են ինձ գնահատել Երեխաների միության այս երգի պարզ, բայց խորիմաստ խոսքերը.

«Տուր»,- ասաց փոքրիկ գետակը,

Երբ բլրից վար էր շտապում,

«Ես փոքր եմ, գիտեմ, բայց ուր էլ որ գնամ

Դաշտերն ավելի կանաչ են դառնում»։

Այո՛, մեզանից յուրաքանչյուրը փոքր է, բայց երբ միասին շտապում ենք տալ Աստծուն և մեր մերձավորներին, ուր էլ որ գնանք, կյանքեր են հարստանում ու օրհնվում:

Այս երգի երրորդ քառատողը քիչ է հայտնի, բայց ավարտվում է այս սիրառատ հրավերով.

Տուր, ուրեմն, ինչպես տալիս է Հիսուսը,

Կա մի բան, որ բոլորը կարող են տալ:

Արեք այնպես, ինչպես գետակներն ու ծաղիկները.

Աստծո և ուրիշների կյանքի համար։16

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, երբ մենք ապրում ենք Աստծո և ուրիշների համար՝ տալով մեր միջոցները, ժամանակը և նույնիսկ ինքներս մեզ, աշխարհը դարձնում ենք մի քիչ ավելի կանաչ, Աստծո զավակներին՝ մի փոքր ավելի երջանիկ, և այդ գործընթացում ինքներս դառնում ենք մի փոքր ավելի սուրբ:

Թող Տերը առատորեն օրհնի ձեզ այն զոհաբերությունների համար, որ տալիս եք Նրան այդքան պատրաստակամորեն:

Ես վկայում եմ, որ Աստված ապրում է: «Սրբության Մարդ է նրա անունը»:17 Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է և Նա է «ամեն բարի պարգևները տվողը»:18 Թող որ մենք սուրբ դառնանք Նրա շնորհի միջոցով և զոհաբերությամբ մեր ուխտերը պահելու միջոցով, և ավելի շատ սեր ու սրբություն տանք Տիրոջը:19 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: