Եկեղեցու անունը սակարկելի չէ
Երբ մենք պատրաստակամորեն հետևում ենք Տիրոջ խորհրդին, որը հայտնությամբ տրվում է Նրա կենդանի մարգարեի միջոցով, հատկապես, եթե այն հակասում է մեր մտածողությանը և պահանջում է խոնարհություն ու զոհաբերություն, Տերը օրհնում է մեզ լրացուցիչ հոգևոր զորությամբ:
2018 թվականի օգոստոսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Տերը ինձ հուշում տվեց անվանման կարևորության մասին, որը Նա հայտնությամբ տվել է Իր Եկեղեցու համար, այն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:1 Մեր առջև աշխատանք է դրված՝ ներդաշնակել մեր կամքը Նրա կամքի հետ»։2
Երկու օր անց՝ օգոստոսի 18-ին, ես նախագահ Նելսոնի հետ գտնվում էի Մոնրեալում (Կանադա): Տպավորիչ Palais de Congré համաժողովների կենտրոնում մեր անդամների հետ հանդիպումից հետո Նախագահ Նելսոնը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ընդունեց, որ «դժվար է լինելու [վերականգնել Եկեղեցու անունը և] վերացնել ավելի քան հարյուր տարվա ավանդույթը»: Բայց նա ավելացրեց․ «Եկեղեցու անունը սակարկելի չէ»:3
Յոթ շաբաթ անց, Գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Նելսոնն ասաց․ «Տերը ինձ հուշում տվեց անվանման կարևորության մասին, որը Նա կարգել է Իր Եկեղեցու համար, այն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: … Փրկիչն Ինքը՝ ասաց․ «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին»։ Ապա Նախագահ Նելսոնը կրկնեց․ «Եկեղեցու անունը սակարկելի չէ»:4
Լավ հարց
Լավ հարց է ծագում. «Ինչո՞ւ հիմա», երբ տասնամյակներ շարունակ մենք ընդունել էինք «մորմոն» մականունը: «Մորմոնական Թաբերնաքլի Երգչախումբ», «Ես Մորմոն եմ» տեսահոլովակներ, Երեխաների միության «Ես մորմոն տղա եմ» երգը:
Քրիստոսի վարդապետությունը անփոփոխ է և հավիտենական: Այնուամենայնիվ, Փրկիչի աշխատանքի հատուկ և կարևոր քայլերը բացահայտվում են իրենց համապատասխան պահին: Այսօր առավոտյան նախագահ Նելսոնն ասաց. «Վերականգնումը գործընթաց է, այլ ոչ թե իրադարձություն»։5 Եվ Տերն ասել է․ «Բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին»:6 Այժմ մեր ժամանակն է վերականգնելու Եկեղեցու՝ հայտնությամբ ստացված անունը։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճակատագիրը և ինքնությունը պահանջում է, որ մենք կոչվենք Նրա անունով: Ես վերջերս Կիրթլենդում էի (Օհայո), որտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Եկեղեցու ընդամենը մի քանի անդամների հետ մարգարեացավ․ «Այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան՝ այն կլցնի ողջ աշխարհը»։7 Տերը նկարագրեց այս տնտեսության աշխատանքը որպես «զարմանալիք և զարմանք»։8 Նա խոսեց «ուխտի [մասին], որը [կիրականանա] վերջին օրերին», թույլ տալով, որ «ամբողջ… երկիրն օրհնվի»։9
Այս համաժողովի խոսքերը ուղիղ եթերով թարգմանվում են 55 լեզուներով: Ի վերջո, այս բառերը կլսվեն և մարդիկ կկարդան 98 լեզուներով՝ ավելի քան 220 երկրներում և տարածքներում:
Երբ Փրկիչը վերադառնա վեհությամբ և փառքով, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները կլինեն բոլոր ազգերի, բոլոր մարդկանց, բոլոր ռասաների և աշխարհի բոլոր մշակույթների մեջ:
Եկեղեցու աճող ազդեցությունը
Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու ազդեցությունը չի լինի միայն Եկեղեցու անդամների վրա: Մեր օրերի երկնային դրսևորումների, երկրում վերականգնված սուրբ գրքի և Սուրբ Հոգու հզոր պարգևի շնորհիվ մենք շողացող լույս կլինենք բլրի վրա, քանի որ Հիսուս Քրիստոսի հանդեպ անհավատության մռայլ երանգները մթագնում են աշխարհը: Թեպետ շատերը կարող են թույլ տալ, որ աշխարհը մթագնի իրենց հավատքը Քավիչի նկատմամբ, մենք «[մեր] տեղից չենք հեռացվի»:10 Քրիստոնյաները, ովքեր մեր անդամների թվում չեն, կողջունեն մեր դերը և Քրիստոսի հանդեպ մեր անկոտրում վկայությունը: Նույնիսկ այն քրիստոնյաները, ովքեր մեզ թերահավատորեն են նայել, կընդունեն մեզ՝ որպես ընկերներ: Առաջիկա օրերին մենք կկոչվենք Հիսուս Քրիստոսի անունով:
Շնորհակալություն ենք հայտնում Եկեղեցու ճիշտ անունը առաջ մղելու ձեր ազնիվ ջանքերի համար: Երեք տարի առաջ տեղի ունեցած համաժողովում Նախագահ Նելսոնը խոստացավ մեզ, որ մեր խստապահանջ ուշադրությունը Փրկիչի Եկեղեցու … ճիշտ անունը օգտագործելու հանդեպ առաջ կբերի ավելի մեծ հավատք և ավելի մեծ հոգևոր զորություն»։11
Այս խոստումն իրականացվել է ամբողջ աշխարհի նվիրված աշակերտների կողմից:12
Եղբայր Լաուրի Ահոլան, ով ապրում է Միացյալ Նահանգների արևելյան հատվածում, ընդունում է, որ երբեմն անհարմար էր զգում Եկեղեցու լրիվ անունը արտասանելիս։ Սակայն մարգարեի խորհրդից դրդված՝ նա շարունակեց օգտագործել: Մի առիթով նա զրուցում էր ուրիշ հավատքի մի ընկերոջ հետ: Ահա նրա խոսքերը.
«Մի ծանոթ հարցրեց. «Դու մորմո՞ն ես»:
«Այո, ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»,- ասացի ես: Նա մի քանի հարց տվեց ինձ, որոնցից յուրաքանչյուրը սկսվում էր. «Արդյո՞ք Մորմոն Եկեղեցին հավատում է … »: Եվ ամեն անգամ ես սկսում էի իմ պատասխանը հետևյալ արտահայտությամբ. «[Հիսուս] Քրիստոսի վերականգնված Եկեղեցում մենք հավատում ենք …»:
Երբ նա նկատեց, որ ես չէի ընդունում «Մորմոն» տիտղոսը, ուղղակի հարցրեց. «Դուք Մորոմոն չե՞ք»:
Ուստի ես հարցրի նրան՝ արդյոք նա գիտեր, թե ով էր Մորմոնը․ նա չգիտեր: Ես ասացի նրան, որ Մորմոնը մարգարե էր, պատմաբան … [և ես] պատիվ եմ ունեցել իմանալ [նրա] մասին:
«Բայց, - ես շարունակեցի,- Մորմոնը չի մահացել իմ մեղքերի համար: Մորմոնը … չի տառապել Գեթսեմանիում կամ մահացել խաչի վրա [ինձ համար]: … Հիսուս Քրիստոսն է իմ Աստվածը և իմ Փրկիչը: … Եվ Նրա անունով եմ ուզում, որ ինձ ճանաչեն»: …
Մի քանի վայրկյան լռությունից հետո այդ ծանոթը բացականչեց․ «Ուրեմն դուք քրիստոնյա եք»:13
Հիշու՞մ եք նախագահ Նելսոնի խոսքերը: «Ես խոստանում եմ ձեզ, որ եթե մեր ուժերի չափով ձգտենք վերականգնել Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը, ապա Նա, ում Եկեղեցին է սա, Իր զորությունն ու օրհնությունները կհեղի Վերջին Օրերի Սրբերի գլխին այնպես, ինչպես մենք երբեք չենք տեսել»:14
Տերը միշտ ուղի է պատրաստում
Տերը միշտ պահում է Իր խոստումները։ Նա ուղի է պատրաստում մեզ համար, երբ մենք կատարում ենք Իր աշխատանքը:
Տարիներ շարունակ մենք հույս ունեինք գնել համացանցի ChurchofJesusChrist.org և ChurchofJesusChrist.com կայքերը։ Երկուսն էլ չէին վաճառվում։ Նախագահ Նելսոնի հայտարարության ժամանակ երկուսն էլ հանկարծակի հասանելի դարձան: Դա հրաշք էր։15
Տերը մեծացրել է մեր ջանքերը՝ վերանայելու անունները, որոնք վաղուց առնչվում էին Եկեղեցուն:
Առաջ շարժվելով հավատքով՝ Մորմոնական Թաբերնաքլի երգչախումբը վերանվանվել է Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի երգչախումբ: LDS.org կայքը, որն ամեն ամիս ունեցել է ավելի քան 21 միլիոն այցելություն, դարձել է ChurchofJesusChrist.org:16 LDS Business College-ի անունը փոխվել է Ensign College-ի: Mormon.org կայքը վերահղվել է ChurchofJesusChrist.org կայքին։ Փոխվել է ավելի քան հազար անուն ապրանք, որոնց վրա կար «Մորմոն» կամ «LDS» անվանումը: Հավատարիմ Վերջին Օրերի Սրբեր հարմարեցրել են իրենց կայքերը, փոդքաստները և Twitter-ի հաշիվները:
Մենք ընդունեցինք նոր խորհրդանիշ՝ կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի վրա:
«Խորհրդանիշի կենտրոնում տեղադրված է Թորվալդսենի մարմարե արձանը՝ Քրիստուսը։ Այն պատկերում է հարություն առած, ապրող Տիրոջը, ով փորձում է գրկել բոլոր նրանց, ովքեր կգան Իր մոտ։
«Խորհրդանշորեն, Հիսուս Քրիստոսը կանգնած է կամարի տակ՝ [հիշեցնելով] մեզ հարություն առած Փրկիչին, որը դուրս է եկել գերեզմանից»։17
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տպագրությունը հարմարեցվել է ավելի քան 50 լեզուների համար: Նոր դոմեյնի անուններ են ձեռք բերվել աշխարհով մեկ։
Երախտագիտություն ուրիշների օգնության համար
Մենք բարձր ենք գնահատում բազմաթիվ բարի և ողորմած մարդկանց, ովքեր հարգել են ճիշտ անունով կոչվելու մեր ցանկությունը: Վերջերս ես կարդացի մի հոդված, որը մեջբերում էր կաթոլիկ մի կարդինալի խոսքերը, ով վկայակոչում էր «Վերջին Օրերի Սրբեր» անունը։18 Երբ մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգների արևելքում ես այցելեցի քրիստոնեական եկեղեցու մի ղեկավարի, առաջին անգամ իր խոսքի մեզ նա Եկեղեցին կոչեց մեր լրիվ անունով, և դրանից հետո շարունակեց օգտագործել «Հիսուս Քրիստոսի եկեղեցի» բառերը:
Մենք հասկանում էինք, որ մեր անվանը վեց բառի ավելացումը կատարյալ չէր լինի լրատվամիջոցների համար, բայց ինչպես նախագահ Նելսոնն էր կանխագուշակել, «պատասխանատու լրատվամիջոցները գթասիրտ կլինեն մեր խնդրանքին արձագանքելիս»:19 Շնորհակալ ենք, որ մեզ ցույց եք տալիս նույն ըմբռնումը, որը տրվում է մշակութային, մարզական, քաղաքական կամ համայնքային կազմակերպություններին՝ օգտագործելով մեր նախընտրած անունը:
Մի քանիսը կլինեն, ովքեր հույս կունենան շեղելու կամ նվազեցնելու մեր առաքելության լրջությունը, կշարունակեն մեզ անվանել «մորմոններ» կամ «մորմոնների եկեղեցի»: Մենք կրկին հարգանքով խնդրում ենք լրատվամիջոցների ազնիվ ներկայացուցիչներին հարգել մոտ 200 տարվա մեր անունով կոչվելու ցանկությունը:
Վերջին Օրերի Սրբերի քաջությունը
Կան հազարավոր Վերջին Օրերի Սրբեր, ովքեր համարձակորեն հռչակել են Եկեղեցու անունը: Եթե մենք անենք մեր մասը, մյուսները կհետևեն: Ինձ դուր է գալիս այս պատմությունը Թաիթիից:
Տասը տարեկան Իրիուրա Ջինը որոշեց հետևել նախագահ Նելսոնի խորհրդին:
«Դպրոցի իր դասարանում նրանք քննարկում էին իրենց հանգստյան օրերը … իսկ Իրիուրան խոսում էր … եկեղեցու մասին:
«Նրա ուսուցչուհին՝ Վայտե Պիֆաոն, ասաց. «Օ՜, ուրեմն դու մորմո՞ն ես»:
Իրիուրան համարձակ ասաց. «Ոչ … ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»:
Նրա ուսուցչուհին պատասխանեց. «Այո, … դու մորմոն ես»:
«Իրիուրան պնդեց. «Ոչ ուսուցիչ, ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»:
«Տիկին Պիֆաոն ապշել էր Իրիուրայի համոզմունքից և զարմանում էր, թե ինչու է նա այդքան համառորեն օգտագործում իր եկեղեցու [երկար] անունը: [Ուսուցչուհին որոշեց ավելին իմանալ Եկեղեցու մասին]:
«[Ավելի ուշ, քույր] Վայտե Պիֆաոն մկրտվեց [նա երախտագիտություն հայտնեց], որ Իրիուրան ականջ դրեց նախագահ Նելսոնի խորհրդին:20
«Եկեղեցու անունը սակարկելի չէ»: Եկեք հավատքով առաջ շարժվենք։ Երբ մենք պատրաստակամորեն հետևում ենք Տիրոջ խորհրդին, որը հայտնությամբ տրվում է Նրա կենդանի մարգարեի միջոցով, հատկապես, եթե այն հակասում է մեր մտածողությանը և պահանջում է խոնարհություն ու զոհաբերություն, Տերը օրհնում է մեզ լրացուցիչ հոգևոր զորությամբ և ուղարկում է Իր հրեշտակներին՝ աջակցելու և կանգնելու մեր կողքին։21 Մենք ստանում ենք Տիրոջ հաստատումը և Նրա հավանությունը:
Ես ականատես եմ երկնքի զորությանը, որն իջնում է մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնի վրա: Նրա ամենաանկեղծ ցանկությունն է՝ գոհացնել Տիրոջը և օրհնել մեր Երկնային Հոր զավակներին: Նվիրական, անձնական փորձից ես վկայում եմ նրա հանդեպ Տիրոջ սիրո մասին։ Նա Աստծո մարգարեն է:
Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծո Որդին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։