Եկեղեցի հաճախելու պատճառները
Սուրբ գրությունները հստակ ուսուցանում են Եկեղեցու ծագումն ու անհրաժեշտությունը, որը ղեկավարվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից և իշխանությամբ:
Շատ տարիներ առաջ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից երեց Մարկ Ի․ Պիտերսոնը իր ելույթը սկսեց այս օրինակով.
«Քենեթը և նրա կինը՝ Լյուսիլը, լավ, ազնիվ և շիտակ մարդիկ են: Սակայն նրանք չեն գնում եկեղեցի և կարծում են, որ առանց դրա կարող են բավական լավ ապրել: Նրանք իրենց զավակներին ազնիվ և առաքինի մարդիկ են դաստիարակում և մտածում են, որ դա այն ամենն է, ինչ Եկեղեցին կաներ նրանց համար:
«Ամեն դեպքում, նրանք պնդում են, որ հանգստյան օրերն իրենց անհրաժեշտ են ընտանեկան հանգստի համար [և] եկեղեցի գնալը իսկապես կխանգարեր դրան»:1
Այսօրվա իմ ուղերձը վերաբերում է այնպիսի լավ և կրոնամետ մարդկանց, ովքեր դադարել են հաճախել կամ մասնակցել եկեղեցիների իրենց ժողովներին։2 «Եկեղեցիներ» ասելիս ես նկատի ունեմ սինագոգեր, մզկիթներ կամ այլ կրոնական կազմակերպություններ: Մենք մտահոգված ենք, որ այս բոլոր եկեղեցիներում հաճախելիությունը զգալիորեն նվազել է ամբողջ երկրում։3 Եթե մենք դադարում ենք գնահատել մեր եկեղեցիները որևէ պատճառով, մենք սպառնում ենք մեր անձնական հոգևոր կյանքին, և այն մեծ թվով մարդիկ, ովքեր հեռանում են Աստծուց, նվազեցնում են Նրա օրհնությունները մեր ազգերին:
Հաճախելով Եկեղեցի և մասնակցելով ժողովներին՝ մենք դառնում ենք ավելի լավ մարդ և ավելի լավ ազդեցություն ենք թողնում ուրիշների կյանքում: Եկեղեցում մեզ ուսուցանում են, թե ինչպես կիրառել կրոնական սկզբունքները: Մենք սովորում ենք միմյանցից։ Համոզիչ օրինակը ավելի զորեղ է, քան քարոզը: Համախոհների հետ շփումը մեզ ամրապնդում է: Եկեղեցի հաճախելով և մասնակցելով՝ մեր սրտերը, ինչպես Աստվածաշունչն է ասում, «կապվում են սիրով»:4
I.
Սուրբ գրությունների հատվածները, որոնք Աստված տվել է քրիստոնյաներին Աստվածաշնչում և ժամանակակից հայտնության մեջ, հստակորեն ուսուցանում են եկեղեցի հաճախելու պատճառները: Երկուսն էլ ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսը կազմավորել է Եկեղեցին և մտածել է, որ Իրենից հետո եկեղեցին կշարունակի Իր աշխատանքը: Նա կանչել է Տասներկու Առաքյալների և նրանց իշխանություն ու բանալիներ տվել՝ այն ղեկավարելու համար: Աստվածաշունչն ուսուցանում է, որ Քրիստոսը «եկեղեցու գլուխն է»5, և որ նրա ղեկավարները կանչվել են «սուրբերի կատարելիությանը համար, պաշտոնի գործի համար՝ Քրիստոսի մարմնի շինության համար»6: Անշուշտ, Աստվածաշնչում հստակ ասվում է եկեղեցու ծագման և մեր օրերում դրա անհրաժեշտության մասին:
Ոմանք ասում են, որ Եկեղեցու ժողովներին հաճախելն իրենց չի օգնում: Ոմանք ասում են. «Ես այսօր ոչինչ չեմ սովորել» կամ «Ոչ ոք ինձ հետ ընկերական չէր» կամ «Ինձ վիրավորեցին»: Անձնական հիասթափությունները երբեք չպետք է մեզ հետ պահեն Քրիստոսի վարդապետությունից, որը մեզ սովորեցրել է ծառայել, այլ ոչ թե սպասել, որ մեզ ծառայեն։7 Հաշվի առնելով ասվածը՝ մեկ այլ անդամ նկարագրել է Եկեղեցու հաճախումների իր կենտրոնացումը.
«Տարիներ առաջ ես փոխեցի իմ վերաբերմունքը եկեղեցի գնալու հանդեպ: Այլևս չեմ գնում եկեղեցի հանուն ինձ, այլ գնում եմ ուրիշների մասին մտածելու համար: Ես ուզում եմ բարևել այն մարդկանց, ովքեր նստած են միայնակ, ուզում եմ ողջունել այցելուներին, … կամավորագրվել որևէ հանձնարարության: …
Այսինքն, ամեն շաբաթ ես գնում եմ եկեղեցի ոչ թե պասիվ, այլ ակտիվ լինելու համար, և մարդկանց կյանքին դրական լիցքեր հաղորդելու նպատակով»։8
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուսուցանել է, որ «մենք չենք գնում կիրակնօրյա ժողովներին, որ մեզ զվարճացնեն կամ նույնիսկ, որ միմիայն ուսուցանեն։ Մենք գնում ենք երկրպագելու Տիրոջը: Դա բոլորիս պատասխանատվությունն է։ … Եթե ծառայությունը ձեզ համար ձախողված է, դուք եք ձախողել: Ոչ ոք չի կարող ձեր փոխարեն երկրպագել. դուք ինքներդ պետք է ապավինեք Տիրոջը»:9
Եկեղեցի հաճախելը կարող է բացել մեր սրտերը և սրբագործել մեր հոգիները:
Եկեղեցում մենք չենք ծառայում միայնակ կամ մեր իսկ ընտրությամբ և մեր հարմարավետությամբ: Սովորաբար մենք ծառայում ենք խմբերով: Ծառայության մեջ մենք գտնում ենք անսպասելի հնարավորություններ՝ մեր դարաշրջանի անհատապաշտությունից վեր բարձրանալու համար: Եկեղեցու կողմից ղեկավարվող ծառայությունն օգնում է մեզ հաղթահարել անձնական եսասիրությունը, որը կարող է դանդաղեցնել մեր հոգևոր աճը:
Կան այլ կարևոր առավելություններ, որոնք գոնե պետք է համառոտ նշել։ Եկեղեցում մենք շփվում ենք հրաշալի մարդկանց հետ, ովքեր ձգտում են ծառայել Աստծուն: Սա մեզ հիշեցնում է, որ մենք միայնակ չենք մեր կրոնական կյանքում: Մենք բոլորս ուրիշների հետ շփման կարիք ունենք, և եկեղեցու շփումները լավագույններից են, որոնք մենք կարող ենք ունենալ՝ մեր և մեր կողակիցների ու երեխաների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առանց այդ շփումների, հատկապես երեխաների և հավատարիմ ծնողների միջև շփումների, ծնողները դժվարությամբ են մեծացնում երեխաներին իրենց նույն հավատքում։10
II.
Մինչ այս պահը ես խոսեցի հավաքական եկեղեցիների մասին: Այժմ ես կանդրադառնամ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի՝ Փրկիչի կողմից վերականգնված Եկեղեցու անդամակցության, հաճախելիության և մասնակցության հատուկ պատճառներին:
Իհարկե, մենք հաստատում ենք, որ հին և ժամանակակից սուրբ գրությունները, հստակ ուսուցանում են Եկեղեցու ծագումն ու անհրաժեշտությունը, որը ղեկավարվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից և իշխանությամբ: Մենք նաև վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին ստեղծվել է, որպեսզի ուսուցանի Նրա վարդապետության ամբողջականությունը և ծառայի Իր քահանայության իշխանությամբ՝ կատարելով Աստծո արքայություն մտնելու համար անհրաժեշտ արարողությունները:11 Անդամները, ովքեր հրաժարվում են Եկեղեցի հաճախելուց և ապավինում են միայն անհատական հոգևորությանը, հեռացնում են իրենց ավետարանի այս կարևոր սկզբունքներից՝ քահանայության զորությունից և օրհնություններից, վերականգնված վարդապետության ամբողջականությունից և այդ վարդապետությունը կիրառելու շարժառիթներից ու հնարավորություններից: Նրանք բաց են թողնում իրենց ընտանիքը հավերժության մեջ պահպանելու հնարավորությունը։
Վերականգնված Եկեղեցու մեկ այլ հրաշալի առավելությունն այն է, որ այն օգնում է մեզ աճել հոգևորապես: Աճը նշանակում է փոփոխություն: Հոգևոր առումով սա նշանակում է ապաշխարել և ձգտել ավելի մոտենալ Տիրոջը: Վերականգնված Եկեղեցում մենք ունենք վարդապետություն, ընթացակարգեր և ոգեշնչված օգնականներ, որոնք օգնում են մեզ ապաշխարել: Անդամության խորհուրդների նպատակը պատիժը չէ, ինչպես քրեական դատարանի վճիռն է: Եկեղեցու անդամության խորհուրդները սիրով փորձում են օգնել, որ մենք արժանանանք ներման ողորմությանը, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Անհատական հոգևոր զորությունը հազվադեպ կարող է շարժառիթ և կառուցվածք ապահովել վերականգնված Եկեղեցու մատուցած անշահախնդիր ծառայության համար։ Դրա հիանալի օրինակ են հանդիսանում այն երիտասարդ տղաները, աղջիկները և տարեցները, ովքեր մի կողմ են դնում ուսման կամ կենսաթոշակային գործունեությունը՝ ընդունելով միսիոներական կոչումներ: Նրանք ծառայում են միսիոներներ անծանոթների համար՝ անծանոթ վայրերում, որոնք նրանք չեն ընտրել: Նույնը վերաբերում է հավատարիմ անդամներին, ովքեր մասնակցում են մի անշահախնդիր ծառայության, որը մենք կոչում ենք «տաճարային աշխատանք»: Այդ ծառայություններից ոչ մեկը հնարավոր չէր լինի առանց Եկեղեցու, որը հովանավորում, կազմակերպում և ուղղորդում է այն:
Մեր անդամների կրոնական հավատքը և Եկեղեցում ծառայությունը սովորեցրել են նրանց, թե ինչպես աշխատել համատեղ ջանքերով՝ ի շահ մեծ համայնքի: Այդպիսի փորձառություն և զարգացում տեղի չի ունենում անհատապաշտության ժամանակ, որն այդքան տարածված է մեր ներկայիս հասարակության մեջ։ Մեր տեղական ծխերի կազմակերպությունների աշխարհագրական սահմաններում մենք շփվում և աշխատում ենք այն մարդկանց հետ, որոնց մենք այլ հանգամանքներում չէինք ընտրի, այն մարդկանց հետ, ովքեր ուսուցանում և փորձում են մեզ:
Բացի այն, որ դա օգնում է մեզ սովորել հոգևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝ սերը, կարեկցանքը, ներումը և համբերությունը, դա նաև հնարավորություն է տալիս սովորել, թե ինչպես աշխատել տարբեր ծագման և նախասիրությունների մարդկանց հետ: Այս առավելությունը օգնել է մեր բազմաթիվ անդամներին, և բազմաթիվ կազմակերպություններ օրհնվել են նրանց մասնակցության շնորհիվ: Վերջին Օրերի Սրբերն աչքի են ընկնում համատեղ ջանքերում ղեկավարելու և միավորելու ունակությամբ: Այդ ավանդույթը սկիզբ է առել մեր խիզախ ռահվիրաներից, ովքեր գաղութացրին Միջլեռնային Արևմուտքը և ընդհանուր շահի համար հաստատեցին անշահախնդիր համագործակցության մեր արժեքավոր ավանդույթը:
Մարդասիրական և բարեգործական ջանքերի մեծ մասը պետք է իրականացվի անհատական ռեսուրսների լայնածավալ համախմբման և կառավարման միջոցով: Ամբողջ աշխարհում Վերականգնված Եկեղեցին դա իրականացնում է իր մարդասիրական հսկայական նախաձեռնությունների շնորհիվ: Դրանց թվում են՝ կրթական և բժշկական պարագաների բաշխումը, քաղցածների կերակրումը, փախստականների խնամքը, նպաստումը կախվածության հետևանքների վերացմանը և շատ ուրիշ նախաձեռնություններ: Մեր Եկեղեցու անդամները բնական աղետների ժամանակ հայտնի են իրենց Օգնող ձեռքեր նախագծերով։ Եկեղեցու անդամակցումը մեզ թույլ է տալիս նման լայնածավալ նախաձեռնությունների մաս կազմել: Անդամները նաև ծոմի նվիրատվություններ են վճարում՝ իրենց շարքերում գտնվող աղքատներին օգնելու համար:
Հոգու ընկերակցության միջոցով խաղաղություն և ուրախություն զգալուց բացի՝ Եկեղեցի հաճախող մեր անդամները վայելում են ավետարանով ապրելու պտուղները, ինչպիսիք են՝ Իմաստության Խոսքով ապրելու օրհնությունները և տասանորդի օրենքով ապրելու համար խոստացված նյութական և հոգևոր բարեկեցությունը: Մենք նաև օրհնված ենք ոգեշնչված ղեկավարների խորհուրդներով:
Այս ամենի պսակը հավիտենության համար անհրաժեշտ քահանայության հեղինակավոր արարողություններն են, ներառյալ հաղորդությունը, որը մենք ընդունում ենք ամեն կիրակի։ Վերականգնված Եկեղեցու եզրափակիչ արարողությունը ամուսնության հավիտենական ուխտն է, որի շնորհիվ փառահեղ ընտանեկան հարաբերությունները հավերժանում են: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այս սկզբունքը հիշարժան ձևով է ուսուցանել։ Նա ասել է․ «Մենք չենք կարող միայն ցանկությամբ ճանապարհ հարթել Երկնային Հոր մոտ: Անհրաժեշտ է, որ մենք ապրենք այն օրենքներով, որոնց վրա նախանշված են [այդ օրհնությունները]»:12
Այդ օրենքներից մեկն ամեն կիրակի եկեղեցում երկրպագելն է։13 Մեր երկրպագությունը և հավերժական սկզբունքների կիրառումը մեզ ավելի են մոտեցնում Աստծուն և մեծացնում սիրելու մեր կարողությունը: Փարլի Պ․ Պրատը՝ այս տնտեսության սկզբնական Առաքյալներից մեկը, նկարագրել է, թե ինչ է զգացել, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է այս սկզբունքները. «Ես իսկապես զգում էի, որ Աստված իմ Երկնային Հայրն է, որ Հիսուս Քրիստոսն իմ եղբայրն է, և որ իմ սրտակից կինը անմահ, հավերժական զուգընկեր է․ մի բարի և սպասավորող հրեշտակ, որն ինձ էր տրվել որպես մխիթարիչ և փառքի պսակ հավիտյանս հավիտենից: Կարճ ասած, այժմ ես կարող էի սիրել հոգով և նաև ըմբռնմամբ»։14
Եզրափակելով՝ ես բոլորին հիշեցնում եմ, որ մենք չենք կարծում, որ բարին կարելի է իրականացնել միայն եկեղեցու միջոցով: Եկեղեցուց դուրս մենք տեսնում ենք միլիոնավոր մարդկանց, ովքեր աջակցում են և կատարում են անհամար բարի գործեր: Վերջին Օրերի Սրբերն անհատապես մասնակցում են դրանցից շատերին: Մենք այս գործերը դիտում ենք որպես հավիտենական ճշմարտության դրսևորում, որ «Հոգին լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս»:15
Թեպետ կան բարի գործեր, որոնք կարող են կատարվել առանց եկեղեցու, վարդապետության լրիվությունը և դրա փրկարար ու վեհացնող արարողությունները հասանելի են միայն վերականգնված Եկեղեցում: Բացի այդ, հաճախելով Եկեղեցի՝ մենք ստանում ենք հավատքի ուժ և զորակցում, որը գալիս է այլ հավատացյալների հետ շփվելուց և միասին երկրպագելուց նրանց հետ, ովքեր նույնպես ձգտում են մնալ ուխտի ճանապարհին և լինել Քրիստոսի ավելի լավ աշակերտներ: Ես աղոթում եմ, որ մենք բոլորս հաստատուն մնանք Եկեղեցու այս փորձառություններում, երբ փնտրենք հավերժական կյանք՝ մեծագույնը Աստծո բոլոր պարգևներից․ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: