Գերագույն համաժողով
Հուսամ՝ Նա կընտրի մեզ
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:36

Հուսամ՝ Նա կընտրի մեզ

Հավաքական փոքր ջանքերը մեծ ազդեցություն են ունենում՝ կարևորելով անհատական ​​աշխատանքներից շատերը, որոնք մենք կատարում ենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ։

Շերտավոր խմորով և պիստակի ընկույզով այս խմորեղենը պատրաստվել է ի նշան երախտագիտության։ Այն պատրաստվել է Կադադո ընտանիքի կողմից, որը տասնամյակներ շարունակ երեք հացաբուլկեղենի երեք խանութ է ունեցել Դամասկոսում (Սիրիա)։ Երբ պատերազմը սկսվեց, շրջափակման պատճառով դադարեցվեց սննդամթերքի և պաշարների առաքումը դեպի քաղաքի իրենց թաղամասը։ Կադադո ընտանիքը սովի մատնվեց։ Ամենահուսահատ պահին Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական կազմակերպությունը և Rahma Worldwide-ի համարձակ անձնակազը սկսեցին ամեն օր տաք կերակուր մատուցել, ինչպես նաև կաթ՝ փոքր երեխաների համար։ Դժվար ժամանակներից հետո ընտանիքը նոր երկրում վերսկսեց իր կյանքը, ինչպես նաև իրենց հացաբուլկեղենի գործը։

Վերջերս Եկեղեցու գրասենյակներ խմորեղենների տուփեր բերեցին հետևյալ գրառմամբ․ «Ավելի քան երկու ամիս մեզ հաջողվեց սնունդ ստանալ Ռահմա-Վերջին Օրերի Սրբերի [Բարեգործական] խոհանոցից։ Առանց դրա մենք սովամահ կլինեինք։ Խնդրում ենք ընդունել … իմ խանութի այս քաղցրավենիքը՝ ի նշան երախտագիտության։ Ես խնդրում եմ Ամենազոր Աստծուն օրհնել ձեզ … ձեր բոլոր գործերում»։1

Խմորեղեն՝ ի նշան երախտագիտության և մատուցված ծառայության հիշողության։ Այն նախատեսված է ձեզ համար։ Նրանց համար, ովքեր աղոթել են նորությունները դիտելուց հետո, ովքեր կամավորագրվել են, նույնիսկ երբ հարմար չի եղել, կամ ովքեր սիրով գումար են նվիրաբերել մարդասիրական հիմնադրամին, հավատալով, որ դրանով որևէ բարի գործ կարվի, շնորհակալություն։

Աղքատների համար հոգ տանելու աստվածային պարտականությունը

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին գտնվում է աղքատների մասին հոգալու աստվածային լիազորության ներքո։2 Այն փրկության և վեհացման աշխատանքի սյուներից մեկն է։3 Այն, ինչ ճշմարիտ էր Ալմայի ժամանակներում, անշուշտ ճշմարիտ է նաև մեզ համար․ «Եվ այսպիսով, իրենց բարեկեցիկ պայմաններում նրանք դուրս չէին քշում որևէ մեկին, ով մերկ էր, կամ, որ քաղցած էր, կամ, որ պապակ էր, կամ, որ հիվանդ էր, կամ, որ կերակրված չէր. և նրանք չէին դնում իրենց սիրտը հարստության վրա. հետևաբար, նրանք բոլորի հանդեպ առատաձեռն էին՝ ինչպես ծերի, այնպես էլ երիտասարդի, ինչպես ճորտի, այնպես էլ ազատի, ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ, ինչպես եկեղեցուց դուրս, այնպես էլ եկեղեցում, չունենալով կողմնապահություն հանդեպ անձանց, ինչ վերաբերում էր նրանց, ովքեր գտնվում էին կարիքի մեջ»։4

Եկեղեցին արձագանքում է այս պարտականությանը ամենատարբեր եղանակներով, ինչպես օրինակ․

  • սպասավորումը, որը մենք կատարում ենք Սփոփող միության, քահանայության քվորումների և դասերի միջոցով,

  • ծոմի և ծոմի նվիրատվություններն օգտագործելու միջոցով,

  • բարեգործական ֆերմաների և պահածոների գործարանների միջոցով,

  • ներգաղթյալների ընդունման կենտրոնների միջոցով,

  • բանտարկյալների շահերի պաշտպանության միջոցով,

  • Եկեղեցու մարդասիրական ջանքերի միջոցով,

  • և JustServe հավելվածի միջոցով, որտեղ այն հասանելի է, որը կամավորներին օգնում է գտնել ծառայության հարմար հնարավորություններ։

Այս ամենը կազմակերպվում է քահանայության միջոցով, որտեղ հավաքական փոքր ջանքերը մեծ ազդեցություն են ունենում՝ կարևորելով անհատական ​​աշխատանքներից շատերը, որոնք մենք կատարում ենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ։

Մարգարեները պատասխանատու են ողջ երկրագնդի համար

Մարգարեները պատասխանատու են ոչ միայն Եկեղեցու անդամների, այլև ողջ երկրագնդի համար։ Իմ սեփական փորձից կարող եմ ասել, թե Առաջին Նախագահությունն ինչպիսի նվիրումով է ստանձնում այս պատասխանատվությունը։ Կարիքների աճին զուգահեռ՝ Առաջին Նախագահությունը մեզ հանձնարարեց զգալիորեն մեծացնել մարդասիրական օգնությունը։ Նրանց հետաքրքրում են ամենամեծ միտումները և ամենափոքր մանրամասները։

Վերջերս մենք նրանց համար բերեցինք բժշկական պաշտպանիչ զգեստներից մեկի նմուշը, որը Beehive Clothing-ը կարել էր համաճարակի ժամանակ հիվանդանոցներում օգտագործելու համար։ Որպես բժիշկ՝ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց։ Նա չէր ուզում պարզապես տեսնել այն։ Նա ցանկացավ փորձել այն՝ ստուգել մանժետները, երկարությունը և հետևից կապելու ձևը։ Ավելի ուշ նա ոգևորված ասաց մեզ․ «Երբ հանդիպեք մարդկանց հետ ձեր հանձնարարությունները կատարելիս, շնորհակալություն հայտնեք նրանց ծոմ պահելու, իրենց նվիրատվությունների և Տիրոջ անունով ծառայելու համար»։

Մարդասիրական օգնությունների զեկույց

Նախագահ Նելսոնի ցուցումով ես կզեկուցեմ ձեզ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին արձագանքում փոթորիկներին, երկրաշարժերին, փախստականների տեղահանումներին և համաճարակին․ շնորհակալություն ենք հայտնում Վերջին Օրերի Սրբերի և շատ ընկերների բարության համար։ Թեև եկեղեցու աջակցությունը վերջին 18 ամիսների ընթացքում հիմնականում կենտրոնացած է եղել COVID-19-ի հետ կապված ավելի քան 1500 ծրագրերի վրա, սակայն Եկեղեցին արձագանքել է նաև 933 բնական աղետների և փախստականների ճգնաժամերի՝ 108 երկրներում։ Սակայն վիճակագրության տվյալները չեն կարող փոխանցել ողջ պատկերը։ Թույլ տվեք կիսվել չորս հակիրճ օրինակներով՝ կատարվածի մի չնչին մասը լուսաբանելու համար։

COVID-ի հետևանքների մեղմացումը Հարավային Աֆրիկայում

Տասնվեցամյա Դիքեյ Մֆութին Վելկոմից (Հարավաֆրիկյան Հանրապետություն) տարիներ առաջ կորցրել է ծնողներին` միայնակ ստանձնելով երեք փոքր եղբայրների ու քույրերի խնամքը։ Բավարար սնունդ գտնելը միշտ էլ դժվար է եղել նրա համար, բայց COVID-ի պատճառով ապրանքների մատակարարման սահմանափակումները և կարանտինները դա գրեթե անհնարին դարձրին։ Նրանք հաճախ էին քաղցած մնում՝ բավարարվելով միայն հարևանների առատաձեռնությամբ։

Դիքեյ Մֆութի

2020 թվականի օգոստոսյան մի արևոտ օր Դիքեյին զարմացրեց իրենց դռան թակոցը։ Բացելով դուռը՝ նա տեսավ երկու անծանոթների․ մեկը Յոհանեսբուրգի տեղի Եկեղեցու ներկայացուցիչ էր, իսկ մյուսը՝ Հարավաֆրիկյան Հանրապետության սոցիալական զարգացման վարչության պաշտոնյա։

Երկու կազմակերպությունները միավորվել էին՝ սնունդ հասցնելու ռիսկային գոտում գտնվող ընտանիքներին։ Դիքեյը թեթևացած շունչ քաշեց, երբ տեսավ եգիպտացորենի ալյուրը և այլ սննդամթերքներ, որոնք գնվել էին Եկեղեցու բարեգործակաին ֆոնդի շնորհիվ։ Դա կօգներ նրան մի քանի շաբաթ հոգալ իր ընտանիքի կարիքները, մինչև որ կառավարության օգնության փաթեթը սկսեր գործել նրա համար։

Դիքեյի պատմությունը մեկն է հազարավոր նման փորձառություններից, որ տեղի են ունեցել աշխարհում՝ COVID-ի համավարակի ընթացքում․ շնորհակալություն ձեր նվիրատվությունների համար։

Օգնություն Աֆղանստանին (Ռամշտայն)

Բոլորս լուրերով տեսել ենք վերջին դեպքերը. հազարավոր փախստականներ են տեղափոխվում Աֆղանստանից։ Շատերը ժամանել են ավիաբազաներ կամ այլ ժամանակավոր վայրեր Քաթարում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում և Իսպանիայում՝ նախքան իրենց վերջնական հանգրվանին հասնելը։ Նրանց կարիքներն անհետաձգելի էին, և Եկեղեցին արձագանքեց՝ տրամադրելով ապրանքներ և կամավորներ։ Գերմանիայի Ռամշտայն ռազմաօդային բազայում Եկեղեցին տրամադրեց մեծ նվիրատվություններ` տակդիրներ, մանկական կեր, սնունդ և կոշիկներ։

Մարդասիրական օգնություն փախստականների համար
Աֆղանստանի փախստականների համար հագուստ կարող կանայք

Սփոփող միության որոշ քույրեր նկատեցին, որ աֆղան շատ կանայք իրենց գլուխները ծածկելու համար օգտագործում էին իրենց ամուսինների վերնաշապիկները, քանի որ իրենց ավանդական գլխաշորերը Քաբուլի օդակայանի ամբոխի մեջ վնասվել էին։ Որպես բարեկամության նշան, որը հատում էր ցանկացած կրոնական կամ մշակութային սահման, Ռամշտայնի Առաջին ծխի քույրերը հավաքվում էին` ավանդական մահմեդական հագուստ կարելու աֆղան կանանց համար։ Քույր Բեթանի Հալսն ասել է. «Մենք լսեցինք, որ կանայք աղոթքի հագուստի կարիք ունեն, և մենք կարում ենք, որպեսզի նրանք կարողանան [հարմարավետ] զգալ աղոթքի համար»։5

Օգնություն Հայիթիի երկրաշարժից հետո

Հաջորդ օրինակը ցույց է տալիս, որ պարտադիր չէ լինել հարուստ կամ տարիքով` բարի գործեր կատարելու համար։ Տասնութամյա Մարի «Ժաժու» Ժակը Հայիթիի Կավայլոն ճյուղից է։ Երբ օգոստոսին նրա քաղաքի մոտ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, նրանց տունը տասնյակ հազարավոր շենքերից մեկն էր, որ փլուզվեց։ Գրեթե անհնար է պատկերացնել տուն կորցնելու հուսահատությունը։ Բայց հուսահատվելու փոխարեն Ժաժուն սկսեց օգնել ուրիշներին։

Մարի Ժակ
Հայիթիի երկրաշարժը

Ասոշիեթիդ փրես

Նա նկատեց, որ իր տարեց հարևաններից մեկը օգնության կարիք ուներ և սկսեց հոգ տանել նրա համար։ Նա օգնեց ուրիշներին հեռացնել փլատակները։ Չնայած հոգնածությանը, նա միացավ Եկեղեցու մյուս անդամներին՝ սնունդ և հիգիենայի պարագաներ բաժանելով մարդկանց։ Ժաժուի պատմությունը ընդամենը մեկն է պատանիների ու երիտասարդների մատուցած ծառայության բազմաթիվ զորեղ օրինակներից, մինչ նրանք ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին։

Սփոփանք Գերմանիայի ջրհեղեղից հետո

Երկրաշարժից ընդամենը մի քանի շաբաթ առաջ երիտասարդների մեկ այլ խումբ նմանատիպ ծառայություն էր մատուցում Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին։ Հուլիսին Արևմտյան Եվրոպան հեղեղած ջրհեղեղները ամենաուժեղն էին վերջին տասնամյակների ընթացքում։

Ջրհեղեղ Գերմանիայում

Երբ ջրերը վերջապես խաղաղվեցին, Գերմանիայի ափամերձ Ահրվեյլեր քաղաքի մի խանութի տնօրեն զննեց վնասը և մեծ հուսահատություն ապրեց։ Այս խոնարհ մարդը՝ նվիրյալ մի կաթոլիկ, աղոթք շշնջաց, որ Աստված ուղարկեր մեկին՝ իրեն օգնելու։ Հաջորդ առավոտյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ միսիայի նախագահ Դան Համմոնը Օգնող ձեռքեր դեղին բաճկոններով միսիոներական մի փոքրիկ խմբով անցնում էր փողոցով։ Ջուրը խանութի պատերին հասել էր 3 մ՝ հետևում թողնելով ցեխի խորը շերտ։ Կամավորները մաքրեցին ցեխը, հանեցին գորգն ու գիպսաստվարաթուղթը և մաքրեցին խանութի ամբողջ տարածքը։ Ուրախացած տերը ժամեր շարունակ աշխատում էր նրանց հետ, ապշելով, որ Տերն ուղարկեց Իր ծառաների մի խումբ` պատասխանելով իր աղոթքին, և դա 24 ժամվա ընթացքում։6

«Հուսամ՝ Նա կընտրի մեզ»

Խոսելով Եկեղեցու մարդասիրական ջանքերի մասին, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մի անգամ նշել է. «Աստված աղոթքներին հիմնականում … պատասխանում է … ուրիշների միջոցով։ Հուսամ՝ Նա կընտրի մեզ։ Ես աղոթում եմ, որ մենք լինենք մարդկանց աղոթքների պատասխանը»։7

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ձեր կատարած ծառայությունների, նվիրատվությունների, տրամադրած ժամանակի և սիրո շնորհիվ դուք եղել եք շատերի աղոթքների պատասխանը։ Եվ դեռևս շատ բան կա անելու։ Որպես Եկեղեցու մկրտված անդամներ, մենք ուխտել ենք հոգ տանել կարիքավորների համար։ Մեր անհատական ջանքերը միշտ չէ, որ պահանջում են գումար տրամադրել կամ հեռուներ հասնել․8 դրանք պահանջում են Սուրբ Հոգու առաջնորդությունը և հոժար սիրտ՝ Տիրոջն ասելու․ «Ահա ես, ինձ ուղարկիր»։9

«Տիրոջն ընդունելի տարին»

Ղուկաս 4-ում գրված է, որ Հիսուսը եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և կանգնեց ժողովարանում կարդալու։ Սա Նրա մահկանացու ծառայության գրեթե սկիզբն էր, և Նա մի հատված մեջբերեց Եսայիայի գրքից․

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու,

Տիրոջն ընդունելի տարին քարոզելու։ …

… Այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներով լսեք»։10

Ես վկայում եմ, որ այդ սուրբ գրությունը կատարվում է նաև մեր օրերում։ Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը գալիս է կոտրված սրտով մարդկանց բժշկելու։ Նրա ավետարանը վերականգնում է կույրերի տեսողությունը։ Նրա Եկեղեցին գերիներին ազատություն է քարոզում, և Նրա հետևորդները ողջ աշխարհում փորձում են հարստահարվածներին ազատ արձակել։

Թույլ տվեք ավարտել՝ կրկնելով հարցը, որը Հիսուսը տվեց Իր առաքյալ Սիմոն Պետրոսին․ «Սիրո՞ւմ ես ինձ»։11 Ավետարանի էությունը կայանում է նրանում, թե մենք ինքներս ինչպես ենք պատասխանում այդ հարցին և «արածեց[նում Նրա] ոչխարներին»։12 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեծ ակնածանք և սեր ունենալով՝ ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին մասնակցել նրա մեծ գործին և աղոթում, որ Նա ընտրի մեզ։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: