Գերագույն համաժողով
Իմ հոգու բաները
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


13:4

Իմ հոգու բաները

Ի՞նչ բաների մասին եք խորհում։ Այն ինչ բաներն են, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար։ Որո՞նք են ձեր հոգու բաները։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, նորից կանգնելով մեր սիրելի Համաժողովների կենտրոնում, ես հիշում եմ Պետրոս Առաքյալի խոսքերը. «Տեր, լավ է մեզ համար այստեղ մնալ»։1

Իմ այսօրվա մտքերը կենտրոնացած են Նեփի մարգարեի խոսքերի վրա, ով Հայր Լեքիի մահից հետո շարունակեց գրառումներ կատարել իր ժողովրդի հիշատակարանում: Նեփին գրել է․ «Իսկ սրանց վրա ես գրում եմ իմ հոգու բաները»։2

Ես սովորաբար կարդում էի այս հատվածը և մտածում, որ բաներ բառը այդքան էլ սիրուն կամ հոգևոր չէ, այնքան վեհ չէ, որ կարողանա գրվել «իմ հոգու» կողքին: Այնուամենայնիվ, ես իմացա, որ սուրբ գրություններում բաներ բառը գործածվում է 2354 անգամ։3 Օրինակ՝ Մովսեսի մեջ․ «Ես եմ Սկիզբը և Վերջը՝ Ամենազոր Աստվածը. իմ Միածնով եմ ես ստեղծել այս բաները»։4 Եվ Նեփիի խոսքերը․ «Ահա, հոգիս հրճվում է Տիրոջ բաներով. և սիրտս շարունակ խորհում է այն բաների շուրջ, որոնք տեսել եմ ու լսել»։5

Նեփիի խոսքերը հարց են առաջ քաշում․ «Ի՞նչ բաների մասին եք խորհում»։ «Այն ինչ բաներն են, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար»։ «Որո՞նք են ձեր հոգու բաները»։

Մեր հոգու բաները հաճախ հստակեցվում և ամրապնդվում են հարցեր տալու արդյունքում։

Երեց Ռասբանդը հեռավար հանդիպման ժամանակ
Երիտասարդների հոգևոր հավաք
Երիտասարդ չափահասների հոգևոր հավաքներ

Համավարակի ընթացքում մեծ ու փոքր հոգևոր հավաքների, հեռարձակումների և սոցիալական լրատվամիջոցների միջոցով ես հանդիպել եմ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդների և մենք քննարկել ենք նրանց հարցերը:

Տասնչորսամյա Ջոզեֆ Սմիթը հոգու խորքում մի հարց ուներ, որը նա տվեց Տիրոջը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ընդգծել է. «Ձեր հարցերը հղեք Տիրոջը և այլ արժանահավատ աղբյուրների: Ուսումնասիրեք ավելի շատ հավատալու ցանկությամբ, քան հույսով, որ դուք կարող եք թերություն գտնել մարգարեի կյանքում կամ անհամապատասխանություն գտնել սուրբ գրություններում: Մի զարգացրեք ձեր կասկածները՝ քննարկելով դրանք … կասկածողների հետ։ Թույլ տվեք, որ Տերն առաջնորդի ձեզ հոգևորի բացահայտման ձեր ճամփորդության մեջ»։6

Երիտասարդները հաճախ ինձ հարցնում են, թե ինչի՞ն եմ հավատում և ինչո՞ւ եմ հավատում:

Ես հիշում եմ, որ հեռավար կերպով այցելեցի մի երիտասարդ կնոջ տուն: Ես հարցրի՝ արդյոք սա առաջին անգամն էր, երբ առաքյալն իր տանն էր: Նա արագ ժպտաց և պատասխանեց․ «Այո»: Նա մի լավ հարց տվեց. «Որո՞նք են ամենակարևոր բաները, որ ես պետք է իմանամ»:

Ես պատասխանեցի իմ հոգու բաներով՝ այն բաները, որոնք ինձ նախապատրաստում են հուշումներ ստանալ, որոնք իմ հայացքը բարձրացնում են աշխարհի ուղիներից այն կողմ, որոնք նպատակ են հաղորդում ավետարանի իմ աշխատանքին և իմ կյանքին:

Թույլ տվեք ձեզ հետ կիսվել իմ հոգու որոշ բաներով: Այս բաները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր ձգտում են լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները: Տասը լավ, կլոր թիվ է: Այսօր ես ձեզ թվարկում եմ յոթը՝ հույսով, որ դուք կավարտեք ութերորդը, իններորդը և տասներորդը՝ ձեր սեփական փորձառություններից:

Նախ, սիրեք Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկիչին:

Հիսուսը նկարագրել է առաջին մեծ պատվիրանը. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը»։7

Նախագահ Նելսոնը հայտարարեց իր նվիրվածության մասին Աստծուն՝ մեր Հավերժական Հորը և Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, երբ կանչվեց ղեկավարելու Տիրոջ Եկեղեցին: Նա ասել է. «Ես ճանաչում եմ Նրանց, ես սիրում եմ Նրանց և պարտավորվում եմ ծառայել Նրանց և ձեզ՝ իմ կյանքում մնացած ողջ շնչով»։8

Այսպիսով, նախ՝ սիրեք Հորը և Որդուն:

Երկրորդ՝ «Սիրիր քո ընկերին»։9

Դա պարզապես լավ գաղափար չէ. դա երկրորդ մեծ պատվիրանն է: Ձեր ընկերները ձեր ամուսինն ու ընտանիքն են, ծխի անդամները, աշխատանքային գործընկերները, սենյակակիցները, նրանք, ովքեր մեր հավատքից չեն, նրանք, ովքեր օգնության ձեռքերի կարիք ունեն, և, անկեղծ ասած՝ բոլորը: «Սիրիր քո ընկերին» էությունը հնչում է «Սիրեք միմյանց» օրհներգի մեջ։10

Նախագահ Նելսոնը հիշեցրել է մեզ․ «Երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, Նա մեր սիրտը դարձնում է դեպի ուրիշների բարեկեցությունը»։11

Երրորդ՝ սիրիր ինքդ քեզ:

Այստեղ ենք մենք դժվարանում։ Արդյո՞ք հետաքրքիր չէ, որ մեզ սիրելը, կարծես, ավելի դժվար է, քան ուրիշներին սիրելը: Բայց Տերն ասել է․ «Սիրիր քո ընկերին քո անձի պէս»։12 Նա գնահատում է աստվածությունը մեր ներսում. մենք նույնպես պետք է դա անենք։ Երբ սխալները, տառապանքը, անբավարարության, հիասթափության, զայրույթի կամ մեղքի զգացումները պատում են մեզ, Փրկիչի Քավության զորությունը, ըստ աստվածային ծրագրի, մեկն է այն բաներից, որը բարձրացնում է հոգին:

Չորրորդ՝ պահեք պատվիրանները:

Տերը հստակ ասել է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատուիրանքները պահեցէք»:13 Ամեն օր ձգտեք լինել ավելի լավը և առաջ ընթանալ արդարությամբ:

Հինգերորդ՝ միշտ արժանի եղեք տաճար հաճախելուն:

Ես անվանում եմ դա՝ երաշխավորված լինել Տիրոջ առաջ։ Անկախ այն բանից՝ դուք տաճար մուտք գործելու հնարավորություն ունեք, թե՝ ոչ, գործող տաճարային երաշխավորագրին արժանի լինելը ձեզ հաստատապես կենտրոնացնում է կարևոր բաների վրա՝ ուխտի ճանապարհի վրա:

Վեցերորդ՝ եղեք ուրախ և երջանիկ:

«Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք»,-14 ասել է Տերը։ Ինչո՞ւ: Ինչպե՞ս լինել ուրախ, երբ մարտահրավերները հանդիպում են մեզ ամեն քայլափոխի: Հիսուս Քրիստոսի տված խոստման շնորհիվ. «Ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»:15

Նախագահ Նելսոնը վերականգնված ավետարանի ուղերձը նկարագրում է «ուրախության» ուղերձ բառերով։16 Եվ նա բացատրում է, որ «ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»։17

Յոթերորդ՝ հետևեք Աստծո ապրող մարգարեին:

Սա գուցե յոթերորդն է իմ ցանկում, բայց այն այսօր իր կարևորությամբ մտքիս առաջին շարքում է։

Մենք այսօր ունենք Աստծո մարգարե երկրի վրա: Երբեք մի թերագնահատեք, թե ինչ է դա նշանակում ձեզ համար: Հիշեք սկզբում հիշատակածս երիտասարդ կնոջը: Նա ուզում էր իմանալ, թե որ բաներն են ամենակարևորը: «Հետևիր ապրող մարգարեին», - ասացի ես այն ժամանակ և կրկին շեշտում եմ այսօր:

Մենք առանձնանում ենք որպես եկեղեցի, որը առաջնորդվում է մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից, որոնք կանչվել են մեր օրերի համար: Ես խոստանում եմ, որ երբ դուք լսեք և հետևեք նրանց խորհրդին, երբեք չեք մոլորվի: Երբե՛ք։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մենք «երերուած և տատանուած» ենք,18 երբ հոգևորը, պարկեշտությունը, ազնվությունը և հարգանքը ենթարկվում են հարձակման: Մենք պետք է ընտրություններ կատարենք: Մեզ հասանելի է Տիրոջ ձայնը Իր մարգարեի միջոցով՝ հանգստացնելու մեր վախերը և բարձրացնելու մեր հայացքը, քանի որ երբ նախագահ Նելսոնը խոսում է, նա խոսում է Տիրոջ փոխարեն:

Մենք օրհնված ենք սուրբ գրքերով և ուսմունքներով, որոնք մեզ հիշեցնում են. «Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը»։19

Այդպես եղավ Նեեմանի՝ սիրիացի մեծ ռազմական ղեկավարի դեպքում, որը բորոտ էր և ում ասացին, որ Եղիսե մարգարեն կարող է բուժել նրան: Եղիսեն սուրհանդակ ուղարկեց, որ հաղորդի Նեեմանին, որ յոթ անգամ լվացվի Հորդանան գետում, և կբժշկվի։ Նեեմանը հեգնեց։ Անշուշտ, Հորդանանից ավելի մեծ գետ կար, և ինչո՞ւ ծառա ուղարկել, երբ նա ակնկալում էր, որ Եղիսե մարգարեն անձամբ կբուժի իրեն: Նեեմանը հեռացավ, բայց, ի վերջո, ծառաները համոզեցին նրան. «Եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէի՞ր անիլ»:20 Նեեմանը վերջապես յոթ անգամ ընկղմվեց Հորդանանում և բուժվեց:

Նեեմանի պատմությունը մեզ հիշեցնում է, թե ինչ վտանգների կարող ենք հանդիպել, եթե ընտրենք մարգարեական խորհրդի այն հատվածները, որոնք համապատասխանում են մեր մտածողությանը, սպասելիքներին կամ այսօրվա բարքերին: Մեր մարգարեն անընդհատ մեզ մատնանշում է մեր սեփական Հորդանան գետը, որպեսզի բուժվենք:

Ամենակարևոր բառերը, որոնք մենք կարող ենք լսել, խորհել և հետևել, նրանք են, որոնք հայտնի են դարձվել մեր ապրող մարգարեի միջոցով: Ես վկայում եմ, որ ես խորհրդակցության եմ նստել նախագահ Նելսոնի հետ՝ քննարկելու Եկեղեցու և աշխարհի կարևոր խնդիրները, և ես տեսել եմ, թե ինչպես է հայտնությունը հոսում նրա միջով: Նա ճանաչում է Տիրոջը, նա գիտի Նրա ճանապարհները և ցանկանում է, որ Աստծո բոլոր զավակները լսեն Նրան՝ Տեր Հիսուս Քրիստոսին:

Տարիներ շարունակ՝ տարին երկու անգամ, մենք լսում էինք մարգարեին գերագույն համաժողովում: Բայց մեր օրերի բարդ խնդիրներով պայմանավորված՝ նախագահ Նելսոնը շատ ավելի հաճախ է խոսում ֆորումներում,21 սոցիալական լրատվամիջոցներում,22 հոգևոր հավաքներում,23 և նույնիսկ մամուլի ճեպազրույցներում։24 Ես տեսել եմ, թե ինչպես է նա պատրաստում և ներկայացնում խորը հայտնությամբ տրված ուղերձներ, որոնք ավելի շատ երախտագիտություն են քաջալերում, նպաստում երկրի վրա մեր բոլոր եղբայրների և քույրերի ավելի մեծ մասնակցությանը և ավելացնում խաղաղությունը, հույսը, ուրախությունը, առողջությունը և բժշկումը մեր անհատական կյանքում:

Նախագահ Նելսոնը շնորհալի հաղորդակից է, բայց որ ամենակարևորն է, նա Աստծո մարգարեն է: Ապշեցուցիչ է, երբ մտածում ես դրա մասին, բայց կարևոր է գիտակցել, որ նրա հստակ առաջնորդությունը մեզ բոլորիս կպաշտպանի այսօր աշխարհում շատացող խաբեություններից, խորամանկություններից և աշխարհիկ միջոցներից:25

Մարգարեական թիկնոցն ամբողջությամբ հայտնության մասին է: «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնում. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», որը տրվել է 2020 թվականի ապրիլյան գերագույն համաժողովում, շեշտվում է, որ Տերն է ղեկավարում այս աշխատանքը: Այս հռչակագրի մեջ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը նշում են. «Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ խոստացված Վերականգնումը առաջ է ընթանում շարունակական հայտնության միջոցով: Երկիրն այլևս երբեք նույնը չի լինի, քանի որ Աստված «ամեն բան [կ]բովանդակի Քրիստոսումը» (Եփեսացիս 1․10)»։26

«Ամեն բան Քրիստոսում»27 և «իմ հոգու բաները»28 այս Եկեղեցին, այս ավետարանը և այս ժողովուրդն են:

Ես եզրափակում եմ՝ հրավեր հղելով ձեզանից յուրաքանչյուրին, որ մտածեք այսօրվա «իմ հոգու [յոթ] բաների» մասին. սիրեք Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկչին, սիրեք ձեր ընկերին, սիրեք ինքներդ ձեզ, պահեք պատվիրանները, միշտ արժանի եղեք տաճարային երաշխավորագրին, եղեք ուրախ ու երջանիկ և հետևեք Աստծո ապրող մարգարեին: Ես հրավիրում եմ ձեզ բացահայտել ձեր ութերորդ, իններորդ և տասներորդ «հոգու բաները»: Մտածեք այն եղանակների մասին, որոնցով դուք կարող եք կիսվել ձեր սրտի «բաներով» ուրիշների հետ և խրախուսեք նրանց աղոթել, խորհել և փնտրել Տիրոջ առաջնորդությունը:

«Իմ հոգու բաները» ինձ համար նույնքան թանկ են, որքան ձերը՝ ձեզ համար: Այս բաները ամրապնդում են մեր ծառայությունը Եկեղեցում և կյանքի բոլոր ոլորտներում: Նրանք օգնում են մեզ նվիրվել Հիսուս Քրիստոսին, նրանք մեզ հիշեցնում են մեր ուխտերի մասին և օգնում են մեզ ապահով զգալ Տիրոջ գրկում: Ես վկայում եմ, որ Նա ցանկանում է, որ մեր հոգին «երբեք չպիտի քաղցի, ոչ էլ ծարավի, այլ պիտի հագենա»29 Իր սիրով, երբ մենք ձգտենք դառնալ Նրա ճշմարիտ աշակերտները, մեկ լինենք Նրա հետ, ինչպես Նա է մեկ Հոր հետ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։