Օգնություն նախագահություններին
Մեթոդներ․ ինչպե՞ս


«Մեթոդներ․ ինչպե՞ս», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց (2019)

«Մեթոդներ․ ինչպե՞ս», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց

Նկար
տաճարից դուրս գտնվող երիտասարդ տղա

Մեթոդներ․ ինչպե՞ս

Խորհրդակցեք միասին

Քվորումի ղեկավարները և խորհրդատուները, ովքեր միասին խորհրդակցում են, Սուրբ Հոգուց կներշնչվեն և կիմանան, թե ինչպես կարող է ճամբարը բավարարել երիտասարդ տղաների և նրանց ընտանիքների կարիքները: Երբ քվորումի ղեկավարներն ու խորհրդատուները միասին խորհրդակցում են, նրանք սովորում են ստեղծել մի միջավայր, որտեղ կարելի է ոգեշնչվել։

Արդյունավետ խորհրդատվությունը լավագույնս իրականացվում է, երբ․

  • Քահանայության բանալիները հարգվում են: Քվորումի խորհրդատուները պետք է թույլ տան, որ քվորումի նախագահություններն առաջնորդեն: Նրանք պետք է ուսուցանեն, որ լինելով քվորումի նախագահներ, նրանց նախագահության բանալիները թույլ են տալիս ոգեշնչում ստանալ իրենց քվորումի օգտի համար:

  • Ընդգրկումը կարևոր է։ Ոգեշնչումը հեշտ է գալիս, երբ բոլորը ձգտում են դրան, և երբ բոլորը զգում են, որ իրենց պատկերացումները գնահատվում են: Չափահաս խորհրդատուն խթանում է քննարկումը՝ ուշադիր լսելով և խրախուսելով ուրիշների դիտողություններն ու գաղափարները: Երբ ուրիշների գաղափարները գնահատվում են, նրանք պատասխանատու են դառնում դրանց արդյունքների համար։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 88․122, Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 4.2.5, ChurchofJesusChrist.org։)

Երբ միասին խորհրդակցեք, պարզեք ճամբարի առանձնահատուկ նպատակները և այն, թե ճամբարն ինչպես կօգնի երիտասարդ տղամարդկանց: Քննարկեք միջոցառումների տեսակները, որոնք կօգնեն իրականացնել այդ նպատակները և քննարկեք, թե ինչպես կստեղծեք այնպիսի շրջապատ, որը կհրավիրի Հոգին:

Նկար
տղամարդիկ իրար հետ խորհրդակցելիս

Բացահայտեք անհատական կարիքները և տեղական ռեսուրսները

Քվորումի միասնությունն աճում է, երբ քվորումի ղեկավարներն ու խորհրդատուները զգայուն են յուրաքանչյուր երիտասարդ տղայի կարիքների, հետաքրքրությունների և նրա ընտանիքի հանգամանքների նկատմամբ: Կարիքները, հետաքրքրությունները և ռեսուրսները կարելի է բացահայտել Տաղանդներ և հետաքրքրություններ հարցման միջոցով, որը գտնվում է ChurchofJesusChrist.org։

Ծխի կամ ճյուղի խորհուրդները կարող են օգնել բացահայտել երիտասարդ տղաների և նրանց ընտանիքների կարիքներն ու հետաքրքրությունները։ Հատուկ ուշադրություն դարձրեք ծխի խորհրդի քույրերին, հատկապես նրանց, ովքեր կարող են լինել երիտասարդ տղաների մայրերը: (Տես Ընդհանուր ձեռնարկ, 7.5.2։)

Օգտագործել տեղական ռեսուրսները

Հնարավոր ռեսուրսների գույքագրումը կօգնի քվորումի ղեկավարներին պլանավորել ճամբարային միջոցառումները: Կարող եք կազմել հետևյալ ցուցակը․

  • Տարածքում ապրող չափահասներ, ովքեր ունեն հատուկ հմտություններ, տաղանդներ, մասնագիտական փորձ կամ որոշակի պատկերացումներ երիտասարդ տղամարդկանց մարտահրավերների վերաբերյալ:

  • Սարքավորումներ, որոնք պատկանում են Եկեղեցուն, կամ անդամներն ու համայնքի այլ մարդիկ պատրաստակամ են օգտագործման հանձնել երիտասարդներին, ինչպիսիք են՝ ճամբարային, ձկնորսական, սպորտային սարքավորումները, մակույկները և նավակները:

  • Մոտակայքում գտնվող ֆիզիկական հարմարությունները, ինչպիսիք են՝ ազգային և պետական զբոսայգիները, ջրային մարզաձևերի վայրերը և ճամբարային հրապարակները:

  • Հնարավորության դեպքում, բժշկական պատրաստվածություն ունեցող անձինք, ովքեր կարող են օգնել արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ցցի ղեկավարները կարող են այդ ցուցակները մշակել ցցի մակարդակով, որպեսզի ավելի մեծ ռեսուրսներ ապահովեն ցցի բոլոր երիտասարդների համար:

Նկար
ճամբարի տարածք

Ծրագիր և Օրացույց

Պլանավորում

Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարների անցկացման վայրը կախված կլինի ձեր գտնվելու վայրից և կարիքներից: Սովորաբար ճամբարներն անցկացվում են տանից հեռու բացօթյա ապահով վայրերում։ Ճամբարը պետք է անցկացվի խաղաղ մի վայրում, որտեղ երիտասարդ տղամարդիկ կարող են զգալ Հոգին, կիսվել վկայություններով, սովորել հմտություններ և զվարճանալ։ Այն վայրերում, որտեղ գիշերելը դժվար է կամ արգելված է, ցերեկային բացօթյա ճամբարի պլանավորումը կարող է լավ տարբերակ լինել: Ցերեկային ճամբարներ կարելի է անցկացնել երիտասարդ տղամարդկանց տան մոտակայքում։

Ճամբարները կարելի է պլանավորել տարվա ցանկացած ժամանակ։ Համոզվեք, որ հաշվի եք առնում կլիման, տարվա եղանակը և ճամբարի տեսակը, որը երիտասարդ տղաները ցանկանում են ունենալ։ Որտեղ թույլ են տալիս հանգամանքները, երիտասարդները կարող են տարեկան մեկ բազմօրյա ճամբար անցկացնել (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2.1.3)։ Սովորաբար ճամբարներն անցկացվում են հինգ օրից ոչ ավել, չպիտի անցկացվեն Հանգստության օրը և հիմնականում չեն անցկացվում երկուշաբթի օրերին։

Բացի այդ, խրախուսվում են երեքից վեց այլ գիշերակացով միջոցառումները, եթե հանգամանքները թույլ են տալիս (տես Ընդհանուր ձեռնարկ, 20.6.12)։ Գիշերակացով ճամբարների դեպքում հետևեք տեղական բոլոր օրենքներին։

Նկար
ձեռքերը գրում են օրագրում

Օրացույց

Նպատակային փորձառություններ պլանավորելու համար անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ։ Տարեկան կտրվածքով ճամբարների պլանավորումը մեծացնում է ճամբարների որակը՝ ժամանակ տալով, որ ղեկավարներն աջակցեն երիտասարդ տղամարդկանց և տեղեկացնեն ու ներգրավեն ընտանիքներին։ Նախօրոք պլանավորումը հնարավորություն է տալիս ժամանակին ֆիզիկապես պատրաստվել, սովորել հմտություններ ճամբարի համար, և ըստ Եկեղեցու քաղաքականության, անհրաժեշտ միջոցների դրամահավաք կազմակերպել։

Նկար
երիտասարդ տղան մակույկ վարելիս

Ճամբարի պլանավորման կարևոր կետեր

  1. Աղոթեք և խորհրդակցեք միասին:

  2. Պլանավորեք տարվա համար։

  3. Ճամբարի համար հատուկ նպատակներ սահմանեք։

  4. Հոգևոր կապեր ստեղծելու համար պլանավորեք միջավայրը:

  5. Պլանավորեք քվորումի միասնության ամրապնդման համար։

  6. Կազմեք առկա ռեսուրսների մի ցուցակ։

  7. Ուսուցանեք և օգնեք երիտասարդներին կատարել հանձնարարությունները։

  8. Ուսուցանեք ղեկավարման հմտությունները։

  9. Ծառայություն մատուցեք։

  10. Հոգացեք սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց կարիքները։

  11. Ապահովեք անվտանգությունը։

Տպել