«2 Նեփի 9.1–26. «Անսահման քավություն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 9.1–26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 9.1–26
«Անսահման քավություն»
Հակոբը նեփիացիներին ուսուցանել է այն պայմանների մասին, որոնց բախվում է ողջ մարդկությունը Ադամի ու Եվայի Անկման հետևանքով: Նա վկայել է, որ միայն Հիսուս Քրիստոսի և Նրա փրկագնող զորության միջոցով կարող է մարդկությունը հաղթահարել հոգևոր և ֆիզիկական մահը: Այս դասը կօգնի ձեզ ավելի բարձր գնահատել Հիսուս Քրիստոսի դերը, որը Նա կատարում է՝ օգնելով մեզ հաղթահարել մեղքն ու մահը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դժվարին իրավիճակ
Մտածեք, թե դուք ինչպես կարձագանքեիք հետևյալ հանգամանքներին.
2010 թվականի օգոստոսի 5-ին, երբ հանքի ներսում ժայռապարը փլուզվեց, 33 չիլիացի հանքափորներ մնացին այդ փլուզումից առաջացած մեծ փոսի մեջ: Նրանք սահմանափակված էին փոքր անվտանգ տարածքով և փլուզված մասի տակ գտնվող հանքահորերով՝ 700 մ խորության տակ:
Իրավիճակը հուսադրող չէր: Նրանց գլխավերևում անշարժ ժայռապատ էր, որի շնորհիվ տնից ու ընտանիքից կտրված էին մոտ կես մղոնով, իսկ սննդի ու ջրի պաշարը քիչ էր: Չնայած նրանք գործիքներ ու գիտելիք ունեին, բայց հանքի անկայունության հետևանքով չէին կարող իրենք իրենց փրկել: Նրանց միակ հնարավորությունն այն էր, որ գտնեին և փրկեին իրենց (Կոննի Գուլդինք, «Փրկության որոնում», Ensign, հունիս, 2015թ., 63):
-
Եթե դուք լինեիք այս իրավիճակում, ի՞նչ մտքեր կամ զգացողություններ կունենայիք:
-
Մեզ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի փրկվենք այն բանից, ինչը չենք կարող ինքներս հաղթահարել:
Ադամի ու Եվայի Անկման հետևանքով մեզնից յուրաքանչյուրը ֆիզիկական և հոգևոր մահ կունենա: Հոգևոր մահը վերաբերում է Աստծուց հեռանալուն, որը մենք զգում ենք մեղք գործելու հետևանքով:
Կարդացեք 2 Նեփի 9.10 հատվածը և գտեք, թե ինչի հետ էր Հակոբը համեմատում ֆիզիկական և հոգևոր մահը:
-
Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էր Հակոբը մահը (մարմնի մահը) և դժոխքը (հոգու մահը, որը չապաշխարած մեղքի արդյունք է) նկարագրում որպես «ահավոր հրեշ»:
Մտածեք, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե մենք չփրկվեինք ֆիզիկական և հոգևոր մահից: Մտածեք, թե ինչպես որևէ մեկին կներկայացնեիք Քավիչ ունենալու մեր հուսահատ կարիքը, որը փրկելու է մեզ ֆիզիկական և հոգևոր մահից: Ուսումնասիրությունը շարունակելիս խորհեք, թե ինչ եք զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ, որն օգնում է մեզ հաղթահարել այդ իրավիճակներն Իր Քավությամբ:
Հակոբն ուսուցանում է մեզ մեղքից ու մահից ազատելու Փրկչի դերի մասին
-
Կատարեք հետևյալ վարժությունը
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք մի աղյուսակ հետևյալ վերնագրերով: Ուսումնասիրեք յուրաքանչյուր սյունակում թվարկված հատվածները և ձեր գաղափարները գրանցեք ձեր աղյուսակում: Ամբողջ դասի ընթացքում շարունակեք գաղափարներ ավելացնել ձեր աղյուսակում:
Եթե Փրկիչ չլիներ … (2 Նեփի 9.7–9) |
Փրկչի գոյության շնորհիվ … (2 Նեփի 9.10–13) |
---|---|
Կարող եք դիտել նաև «Ինչու մենք ունենք Փրկչի կարիքը» տեսանյութը (2:15), որը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք ձեր աղյուսակում ավելացնել ձեր լրացուցիչ գաղափարները.
-
Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեցաք Հիսուս Քրիստոսի մասին:
Ձեր ուսումնասիրած հատվածներում Հակոբի ուսմունքներն ամփոփող ճշմարտություններից մեկն այն է, որ Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ հաղթահարել մեղքն ու մահը:
-
Այս ճշմարտության ըմբռնումն ինչպե՞ս է ազդում ձեր կյանքի վրա:
-
Մեղքի և մահվան նկատմամբ Հիսուս Քրիստոսի հաղթանակի մասին իմացությունը ե՞րբ է ամենամեծ նշանակությունն ունեցել ձեզ համար:
Ընտրել փրկության ընդունումը
Մտաբերեք դասում ավելի վաղ ներկայացված չիլիացի հանքափորների մասին պատմությունը: Նրանց պատմության մնացած մասին ծանոթանալիս մտածեք, թե ինչ նմանություններ կան նրանց փորձառության և ֆիզիկական ու հոգևոր մահից մեր փրկության միջև:
Փլուզումից առաջացած ծուղակում հանքափորների մնալուց ավելի քան երկու շաբաթ անց փրկարարները գտան նրանց սնունդ, ջուր և անհրաժեշտ պարագաներ տրամադրելու մի ելք: Մոտ երկու ամիս անց փրկարարները վերջապես կարողացան մի անցք բացել, որի մեծությունը բավարար էր մի փոքր խցիկ իջեցնելու և հանքափորներին մեկ-մեկ փրկելու համար: Յուրաքանչյուր հանքափոր մտնում էր խցիկի մեջ և փրկվելու համար ընտրում էր իր կամքը հանձնել փրկության ծրագրին և փրկարարներին: Փլուզումից առաջացած ծուղակում ընդհանուր 69 օր մնալուց հետո յուրաքանչյուր հանքափոր փրկվեց (տես Կոննի Գուլդինք, «Փրկության որոնում», Ensign, հունիս, 2015թ., 63–65):
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում այս պատմության և մեզ մեղքից ու մահից փրկող Փրկչի միջև:
-
Ինչ կմտածեիք այն մասին, եթե փլուզման ծուղակում հայտնված հանքափորներից մեկը հրաժարվեր իրեն դուրս բերող խցիկի մեջ մտնելուց: Ինչո՞ւ։
Եթե ազատումը ֆիզիկական մահից նվեր է, որը Փրկիչն առաջարկում է ողջ մարդկությանը, հոգևոր մահից մեր ազատումը մասամբ կախված է մեր ցանկություններից ու գործողություններից:
Կարդացեք 2 Նեփի 9.21–24 հատվածները և փնտրեք, թե մենք ինչ ընտրություններ պետք է կատարենք, որպեսզի Փրկիչը փրկի մեզ հոգևոր մահից: Կարող եք Փրկչի մասին ձեզ մոտ ծագած լրացուցիչ գաղափարները գրանցել ձեր աղյուսակի երկրորդ սյունակում:
-
Ի՞նչ իմացաք այն մասին, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի Փրկիչը փրկի մեզ հոգևոր մահից:
-
Ըստ ձեզ՝ մենք ինչո՞ւ «չենք կարողանա փրկվել Աստծո արքայությունում», եթե չանենք այդ բաները:
Մի պահ մտածեք այն մասին, թե ինչ իմացաք այսօր Հիսուս Քրիստոսի մասին և այն մասին, թե ինչ է Նա արել մեզ համար: Կարող եք գրի առնել ձեր ունեցած մտքերն ու տպավորությունները կամ ներառեք ձեր երախտիքը մեզ սիրող Փրկչին: