«Մոսիա 2.19–41. «Օրհնված բոլոր բաներում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 2.19–41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 2.19–41
«Օրհնված բոլոր բաներում»
Ի՞նչ եք պատրաստ անել՝ անվերջ երջանկություն ստանալու համար: Բենիամին թագավորն իր ժողովրդին առաջարկեց այդ երջանկությունը փնտրել արդարակյաց ապրելու և Աստծուն նվիրվելու միջոցով: Այս դասը կարող է օգնել ձեզ գտնել «օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» (Մոսիա 24.1):
Օրհնություններդ հաշվիր
Երգեք «Օրհնություններդ հաշվիր» երգը կամ կարդացեք երգի բառերը (Հիմներ, թիվ 241) կամ էլ դիտեք հետևյալ տեսանյութը: Մտածեք բառերի և ձեր կյանքի հետ դրանց առնչության մասին:
Մեկ-երկու րոպեի ընթացքում ձեր օրագրում թվարկեք Աստծո կողմից ձեզ տրված օրհնությունները:
-
Ի՞նչ նկատեցիք կամ ի՞նչ սովորեցիք ձեր օրհնությունները թվարկելիս:
Ծառայության մասին ուսուցանելուց հետո Բենիամին թագավորը նեփիացիներին առաջարկեց մտածել, թե ինչպես են փնտրում և ստանում Երկնային Հոր օրհնությունները: Այսօր ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես է Տերն արդեն օրհնել ձեզ Նրա պատվիրանները պահելու ձեր ձգտման համար:
Կարդացեք Մոսիա 2.19–25 հատվածները և փնտրեք պատասխաններ հետևյալ հարցերից ցանկացածին․
-
Աստված ի՞նչ եղանակներով օրհնեց նեփիացիներին: Կարող եք ընդգծել նրանց հետ ունեցած ձեր բոլոր ընդհանուր օրհնությունները:
-
Ի՞նչ է անում Աստված, երբ պահում ենք Նրա պատվիրանները: Որքա՞ն արագ է Նա անում դա:
-
Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո մասին:
Բենիամին թագավորն օգնեց նեփիացիներին ճանաչել իրենց օրհնությունները, որից հետո հայտարարեց, որ իր որդի Մոսիան նրանց նոր թագավորն է լինելու: Նա հիշեցրեց նրանց այն բազմաթիվ արարքների մասին, որոնցով մարդիկ կարող են կորցնել իրենց օրհնությունները՝ վեճեր, մեղսագործություն, խռովություն և Աստծո պատվիրանների խախտում: Նա նաև ուսուցանեց այդ արարքների հավերժական հետևանքների մասին և խոստում տվեց նրանց, ովքեր կպահեն պատվիրանները (տե՛ս Մոսիա 2.29–40):
Օրհնված և երջանիկ
Կարդացեք Մոսիա 2.41 հատվածը և փնտրեք Բենիամին թագավորի տված խոստումը:
-
Հատված 41-ը ինչպե՞ս կարող եք ամփոփել՝ որպես ճշմարտության սկզբունք:
Մոսիա 2.41 հատվածում տրված խոստումներից մեկը հետևյալն է. եթե պահենք Աստծո պատվիրանները, Աստված կօրհնի մեզ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր բաներում: Սակայն, եթե առանձին ուսումնասիրենք յուրաքանչյուր արտահայտություն, շատ ավելին կարող ենք իմանալ այդ հատվածից:
Աշխարհիկ օրհնություններ կարող են լինել, օրինակ՝ ֆիզիկական առողջությունը, բարգավաճումը կամ մահկանացու կյանքի հետ կապված այլ օրհնություններ: Հոգևոր օրհնություններն այն բաներն են, որոնք հավերժական են: Դրանք կարող են լինել մեր վկայությունը, մեր հարաբերությունն Աստծո և մեր ընտանիքի հետ, մեղքերի ներումը, ուղղորդումը Սուրբ Հոգու միջոցով և այլն:
Խորհեք
Երբ ավարտեք ուսումնական վարժությունները, մի քանի րոպե «մտածեք [ձեր] օրհնված և երջանիկ վիճակի մասին»: Խորհեք և ձեր օրագրում գրեք Աստծո հանդեպ ձեր ունեցած մոտեցման և Նրա պատվիրաններին հնազանդվելու մասին: Գրեք, թե ինչպես կարող եք շարունակել կառուցել և գործադրել ձեր հավատքը՝ Նրա օրհնությունները ստանալու համար: Մտածեք, թե Աստծո պատվիրանները պահելն ինչպես կազդի ձեր կյանքի վրա: