«Մոսիա 11–17. «Ապաշխարել և դառնալ դեպի Տերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 11–17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 11-17
«Ապաշխարել և դառնալ դեպի Տերը»
Մենք սովորաբար փորձում ենք մեր սիրելի մարդկանց նախազգուշացնել այն որոշումների մասին, որոնք կարող են ցավ և տառապանք բերել: Տերն Աբինադիին ուղերձով ուղարկեց Նոյ թագավորի և նրա ժողովրդի մոտ, որպեսզի վերջիններս ապաշխարեն և խուսափեն տառապանքից, որը կարող էր գալ նրանց մեղսավոր արարքների հետևանքով: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել ուսանողների ցանկությունը՝ ընդունելու Տիրոջ մարգարեներին և գործելու նրանց կողմից փոխանցված Տիրոջ հրավերների համաձայն:
Տերը նախազգուշացնում է վտանգի մասին
Ենթադրենք՝ հենց նոր ձեզ տեղեկացրել են, որ ձեր ընկերներն ու հարազատները վտանգի մեջ են:
-
Նախազգուշացնող ուղերձը նրանց հաղորդելու ի՞նչ տարբեր միջոցներ կան:
Տերը մեզ նախազգուշացնելու բազմաթիվ եղանակներ ունի: Մտածեք հետևյալ եղանակների շուրջ.
-
Խորհուրդ ծնողներից
-
Ուղղորդում մարգարեներից և Եկեղեցու այլ ղեկավարներից
-
Սուրբ գրությունների, եկեղեցու կամ սեմինարիայի ուսմունքներ
-
Մտքեր կամ զգացողություններ Սուրբ Հոգուց
-
Այլ եղանակներ
Մտածեք, թե որքանով եք կարողանում խուսափել մեղքից և վտանգից՝ ելնելով նրանից, թե ինչպես եք որոշում արձագանքել Տիրոջ նախազգուշացումներին:
-
Ո՞ր եղանակներն են առավել դժվար ընդունելի: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ է ասում Տիրոջ մասին այն հանգամանքը, որ նա մեզ դիմում է տարբեր միջոցներով:
Այսօր ուսումնասիրության ընթացքում կենտրոնանալու եք հետևյալ ճշմարտության վրա. Տերը մեզ հետ խոսում է Իր մարգարեների միջոցով, որպեսզի հրավիրի մեզ ապաշխարել և դառնալ դեպի Իրեն:
Տերն ապաշխարության կոչ արեց Նոյին և նրա ժողովրդին
Հիշեք, որ Զենիֆը մի խումբ մարդկանց Զարահեմլայից դեպի Նեփիի երկիր առաջնորդեց: Նախքան մահանալը Զենիֆը թագավորությունը շնորհեց իր որդի Նոյին (տես Մոսիա 9–10): Նոյը և նրա ընտրած քահանաները ամբարիշտ կյանքով ապրեցին: Նրանք ստով և շողոքորթ խոսքերով մարդկանց ստիպեցին մեղանչել (տես Մոսիա 11.7, 11):
Կարդացեք Մոսիա 11.2, 14–15, 19 հատվածները և փնտրեք, թե Նոյը և իր ժողովուրդն ինչ մեղքեր գործեցին: (հատված 19-ում նկարագրվում է նրանց արձագանքը լամանացիների հարձակումից պաշտպանվելուց հետո:) Կարող եք դիտել նաև «Ալման պատմում է Նոյ թագավորի ամբարշտության մասին| Մոսիա 11–12, 17» տեսանյութը (2:26), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org.
-
Նոյի և նրա ժողովրդի ընտրություններն ինչպե՞ս են համեմատվում այսօրվա մարդկանց ընտրությունների հետ:
-
Որո՞նք են նրանց ապրելակերպի մի քանի հնարավոր հետևանքները:
Տերը կանչեց Աբինադի անունով մի մարգարեի, որպեսզի նրա միջոցով Նոյին և նրա ժողովրդին ուղերձ ուղարկի՝ օգնելու նրանց տեսնել իրենց արարքների հետևանքները:
Աբինադիի ուղերձը կարդացեք Մոսիա 11.20–25 հատվածներում և փնտրեք այն հետևանքները, որոնց մասին նախազգուշացնում էր Տերը: Հատված 20-ում «վայ» բառը տխրություն կամ ցավ է փոխանցում:
-
Ի՞նչ հետևանքներ գտաք, որոնց մասին Տերը նախազգուշացնում էր մարդկանց:
Ուշադրություն դարձրեք «եթե նրանք չապաշխարեն» և «եթե այս ժողովուրդը չապաշխարի» արտահայտություններին: Կարող եք նշել այս բառերը և մտածել, թե այս արտահայտություններից ինչ կարող եք սովորել Տիրոջ մասին:
Կարդացեք Մոսիա 11.26–29 հատվածները և փնտրեք, թե Նոյ թագավորն ու մյուսներն ինչպես արձագանքեցին Աբինադիին:
Տեսնենք ապաշխարությունը որպես Տիրոջ սիրո պարգև
Մտածեք տարբեր հրավերների մասին, որոնք Տերը մեր օրերում տվել է մեզ ապաշխարելու և փոխվելու համար: Կարող եք վերանայել Տիրոջ մարգարեի որևէ վերջին ելույթ և փնտրել, թե ինչ նախազգուշացումներ է նա տվել:
-
Աբինադիի ժամանակաշրջանի մարդկանց արձագանքը և մեր օրերում մարդկանց արձագանքը մարգարեներին ի՞նչ նմանություններ կամ տարբերություններ ունեն: Նրանք ինչո՞ւ կարող էին այդպես արձագանքել:
Խորհեք, թե անձամբ ինչպես եք կատարում Աստծուն լսելու ձեր պարտականությունը, հատկապես, երբ Նա Իր մարգարեների միջոցով նախազգուշացնում է ձեզ մեղքի և դրա հետևանքների մասին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչպես կարող ենք դիտարկել մարգարեների միջոցով տրվող ապաշխարելու հրավերը:
Երկար տարիներ ինձ վրա մեծ տպավորություն է գործել և նաև զգացել եմ մարգարեների մեծ սերը, երբ նրանք նախազգուշացրել են մեղքի մասին։ Նրանք չեն ցանկանում դատապարտել։ Նրանց իրական ցանկությունն արտացոլում է Աստծո սերը. իրականում դա է Աստծո սերը: Նրանք սիրում են նրանց, ում մոտ իրենց ուղարկում են՝ ով և ինչպիսին էլ նրանք լինեն։ Ինչպես Տերը, Նրա ծառաները ևս չեն ցանկանում, որ որևէ մեկը տառապի մեղքի և սխալ ընտրությունների պատճառով (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Աստծո սերը», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 17):
-
Մարգարեների մասին այս ճշմարտության ըմբռնումը ինչպե՞ս կարող է ազդել նրանց հրավերներով գործելու ձեր ցանկության վրա:
Տերը գթասրտորեն ժամանակ տվեց ժողովրդին, որ դառնան դեպի Իրեն և ապաշխարեն իրենց մեղքերը: Սակայն, երբ Աբինադին երկու տարի անց վերադարձավ, նրանք կրկին բարկացած էին ու փորձում էին մեղադրել նրան (տես Մոսիա 12.1, 9, 19):
Աբինադին համարձակ վկայեց, որ քահանաները չէին սովորեցնում մարդկանց հնազանդվել Աստծու պատվիրաններին (տես Մոսիա 12.33–37, 13.12–25): Նա նաև վկայեց, որ Հիսուս Քրիստոսը գալու է փրկելու բոլոր մարդկանց, և որ փրկությունը միայն Փրկագնման միջոցով է հնարավոր (տես Մոսիա 15.1, 19): Երբ Աբինադին ավարտեց Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը, նրա կյանքը կրկին վտանգված էր: Բայց այս անգամ վտանգված էր նաև քահանաներից մեկի՝ Ալմայի կյանքը:
Կարդացեք Մոսիա 17.1–4 հատվածները և գտեք, թե Նոյն ու Ալման ինչպես պատասխանեցին Աբինադիի վկայությանը Քրիստոսի մասին:
Երեք օր բանտում անցկացնելուց հետո Աբինադիին կրկին բերեցին Նոյ թագավորի մոտ։ Նոյն ասաց, որ մահվան կդատապարտի Աբինադիին, եթե վերջինս պատրաստկամություն չցուցաբերի մերժելու իր ուսուցանած ճշմարտությունները (տես Մոսիա 17.5–8):
Կարդացեք Մոսիա 17.9–10, 13 հատվածները և փնտրեք Աբինադիի պատասխանը իր վկայությունը մերժելու թագավորի պահանջին: Կամ կարող եք դիտել «Աբինադին դատապարտվում է մահվան իր հավատքի համար | Մոսիա 16–17» տեսանյութը (4:28), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org: