«Ալմա 8․ Լսեք ու հնազանդվեք Երկնային Հորը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 8
Լսեք ու հնազանդվեք Երկնային Հորը
Գուցե դժվար լինի հնազանդվել Երկնային Հորը, բայց այն մեծագույն երջանկություն է բերում։ Երբ Ալման ու Ամուղեկը հավատք գործադրեցին և հետևեցին Աստծո հրահանգին, Աստված օրհնեց նրանց և նրանց շրջապատողներին։ Այս դասը կօգի ձեզ լսել և հնազանդվել Երկնային Հորը ձեր կյանքում։
Հետևեք Երկնային Հորը
Մտածեք, թե ինչ կզգայիք, եթե Երկնային Հայրը խնդրեր ձեզ անել հետևյալը, և ինչու այդպես կզգայիք․
-
Ավետարանով կիսվեք մեկի հետ, ով նախկինում մերժել է ձեր հրավերները։
-
Ընկերացեք ձեր դպրոցից որևէ մեկի հետ, ով սիրված չէ կամ մերժված է և օգնեք նրան։
-
Երկնային Հայրն ի՞նչ այլ պատվիրաններ կամ հուշումներ կարող է տալ մեզ, որոնք ընդունելը կամ դրանց հնազանդվելը կարող է դժվար լինել։ Այդ իրավիճակներն ինչո՞ւ կարող են այդքան դժվար լինել։
Այսօր ուսումնասիրվող գլխում Աստված Ալմային հրահանգել էր առերեսվել վերոնշյալ առաջին սցենարի նման մի իրավիճակի, իսկ Ամուղեկը բախվել էր երկրորդին նման մի իրավիճակի։ Մի պահ խորհեք, թե արդյոք կան Աստծո կողմից տրված պատվիրաններ կամ հուշումներ, որոնց հնազանդվելը դժվար է ձեզ համար։ Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք, թե Ալման և Ամուղեկը ինչպես հաղթահարեցին իրենց դժվարությունները և հետևեցին Աստծո պատվիրաններին։ Փնտրեք Երկնային Հոր օգնությունը, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք ավելի լավ լսել ու հետևել Նրան։
Ալմայի փորձառությունը
Կարդացեք Ալմա 8.8–18 հատվածը և փնտրեք, թե Աստված ինչ էր խնդրել Ալմային անել, և դա ինչու կարող էր դժվար լինել նրա համար։ Փորձեք կարդալու ընթացքում մտովի պատկերացնել իրադարձությունները։ Կարող եք դիտել «Ալման և Ամուղեկն ուղարկված են Աստծո զորությամբ» տեսանյութի 0:36-2:22 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, և հետևեl ձեր սուրբ գրություններին:
Ամուղեկի փորձառությունը
Կարդացեք Ալմա 8.19–21, 10.4–11 հատվածները՝ տեսնելու, թե ինչ պատահեց հաջորդիվ: (Օգտակար կլինի իմանալ, որ Ամուղեկն իր փորձառության մասին պատմել է Ալմա 10.4–11 հատվածներում)։ Փորձեք կարդալու ընթացքում մտովի պատկերացնել իրադարձությունները։ Կարող եք շարունակել դիտել «Ալման և Ամուղեկն ուղարկված են Աստծո զորությամբ» տեսանյութի 2:22-4:03 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։
-
Ալմա 10.4–6 հատվածներից ի՞նչ ենք իմանում Ամուղեկի մասին։ Այդ գործոններն ինչո՞ւ էին դժվարացրել նրա համար Աստծուն հնազանդվելը։
-
Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ էր շարունակում ձեռք մեկնել Ամուղեկին, չնայած որ անցյալում նա չէր հնազանդվել։
Կարդացեք Ալմա 8.26–32 հատվածները՝ տեսնելու, թե Ամուղեկն ու Ալման ինչպես էին օրհնված իրենց գործողությունների համար։
-
Ի՞նչ սկզբունքներ սովորեցիք Ալմայի և Ամուղեկի պատմությունից։
Ձեր բացահայտած սկզբունքներից մեկը կարող է լինել սա․ երբ մենք լսում և հնազանդվում ենք Երկնային Հորը, Նա օրհնում է մեզ և ուրիշներին։ Մենք կարող ենք լսել Աստծո խոսքը տարբեր ձևերով։ Օրինակ՝ ինչպես Ալման, այնպես էլ Ամուղեկը, Աստծո խոսքը լսել էին հրեշտակից։
Լսեք Նրան
Ամուղեկն ասել է․ «Ես կանչվել եմ շատ անգամ, և ես չեմ կամեցել լսել» (Ալմա 10.6)։ Իր կյանքի ավելի վաղ շրջանում Ալման որոշ ժամանակ նույնպես չէր լսում Աստծուն (տես Մոսիա 27.8)։
Կարող եք դիտել «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» տեսանյութի 1:40-4:25 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։ Տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը նկարագրում է մի երիտասարդ տղայի, որն անորոշության ժամանակաշրջանում, հետևելով հուշմանը, գործում է հավատքով և հնազանդությամբ։
Ժամանակ հատկացրեք և գրի առեք Երկնային Հորից ստացած ձեր բոլոր տպավորությունները։ Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ այդ տպավորություններով գործելու համար։ Դա կարող է լինել առանձին պատվիրաններին կամ հուշումներին հնազանդվելու պարտավորությունը և քայլերը, որ պետք է ձեռնարկեք։ Եթե դժվար է հնազանդվել այս պատվիրաններին, կարող եք աղոթել, որ Երկնային Հայրն օգնի ձեզ։