«3 Նեփի 1․ «Մարգարեների մարգարեությունները սկսել են իրագործվել»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 1
«Մարգարեների մարգարեությունները սկսել են իրագործվել»
Ի՞նչը կարող է համեմատվել Հիսուս Քրիստոսի ծնունդն ազդարարող աստղին սպասելու և այն տեսնելու հետ։ Նեփիացի հավատացյալները հետևում էին նշաններին, որոնց մասին մարգարեացել էր Սամուել Լամանացին (տե՛ս Հելաման 14), սակայն անհավատները սպառնում էին սպանել նրանց, եթե նշանները չերևան։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ վստահություն ունենալ, որ Տերը կատարելու է Իր բոլոր խոսքերը, որոնք ասել է Իր մարգարեների միջոցով։
Հավատքով զորացված
-
Մեկից հինգը սանդղակով, որտեղ հինգը ամենաբարձր միավորն է, ինչպե՞ս կգնահատեիք ձեր հավատը կամ վստահությունը առ այն, որ Աստված կատարելու է Իր մարգարեների խոսքերը։ Ինչո՞ւ։
Երբ Սամուել Լամանացին եկավ նեփիացիների մոտ, մարգարեացավ, որ «կանցնի ևս հինգ տարի, և ահա, հետո կգա Աստծո Որդին» (Հելաման 14.2)։ Մարգարեները Հիսուս Քրիստոսի գալստյան մասին մարգարեացել էին հազարավոր տարիներ առաջ, և Նրա ծննդյան ակնկալվող ժամանակը եկել էր։ 3 Նեփի գիրքն սկսվում է այդ հինգ տարվա վերջում։
-
Եթե լինեիք Սամուելին հավատացողներից մեկը, ի՞նչ զգացած կլինեիք այդ ժամանակ։
Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ նմանություններ կան 3 Նեփի 1 հատվածի և մեր օրերի հանգամանքների միջև։ Կարող եք նշել այն կարևոր բառերն ու արտահայտությունները, որոնք ամրապնդում են ձեր վստահությունն Աստծո և Նրա մարգարեների խոսքերի հանդեպ։
Նեփիացի հավատացյալները
3 Նեփի 1 հատվածի սկզբում իմանում ենք, որ Նեփին՝ Հելամանի որդին, մեկնել էր երկրից, և որ նեփիացիների շրջանում այժմ նրա որդի Նեփին էր մարգարե։
Կարդացեք 3 Նեփի 1.4–9 հատվածները և փնտրեք, թե այդ ժամանահատվածում ինչ դժվարությունների բախվեցին նեփիացի հավատացյալները։
-
Ըստ ձեզ՝ ի՞նչը թույլ տվեց ոմանց «աննկուն սպասել» (հատված 8)՝ անտեսելով մահվան սպառնալիքը։
Կարդացեք 3 Նեփի 1.10–14 հատվածը՝ իմանալու, թե ինչ պատահեց հաջորդիվ։
-
Ձեր պատկերացմամբ Նեփին ի՞նչ զգաց, երբ լսեց Տիրոջ ձայնը։
-
Ըստ ձեզ՝ Տերն ի՞նչ էր ցանկանում, որ Նեփին և մարդիկ հասկանան։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող եք սովորել այդ հատվածներից:
Մարգարեների խոսքերը կիրագործվեն
Այս հատվածներում ներկայացված մի քանի ճշմարտություններից բացի մենք սովորում ենք, որ Տերը կիրագործի բոլոր այն խոսքերը, որոնք Նա ասել է Իր մարգարեների միջոցով։ Ըստ ցանկության կարող եք հատված 13-ում նշել այս ճշմարտությունը։
Կարդացեք 3 Նեփի 1.15–22 հատվածները և փնտրեք, թե ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ, երբ մարգարեությունն իրականացավ։
Ձեր փորձառությունը
Ինչպես նեփիացիները 3 Նեփի 1 հատվածում, մենք էլ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կարող է թվալ, թե ապագայի հանդեպ անորոշություն կա։ Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ և Իր մարգարեների միջոցով տված Իր խոսքերի հանդեպ վստահություն ունենալ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Հավատարմությունը հիմարություն չէ, ոչ էլ մոլեռանդություն: Մենք պետք է վստահենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչի, և ապավինենք Նրա անունին և Նրա խոստումներին: Երբ «առաջ մղվենք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն և սեր Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ» [2 Նեփի 31.20], մենք կօրհնվենք հավերժական հեռանկարով և մի տեսլականով, որը ձգվում է մեր մահկանցու սահմանափակ կարողությունից այն կողմ: Մենք հնարավորություն կունենանք «հավաքվել միասին և կանգնել սուրբ տեղերում» [Վարդապետություն և Ուխտեր 101.22] և «չշարժվել, մինչև որ Տիրոջ օրը գա» [Վարդապետություն և Ուխտեր 87.8] (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», Լիահոնա, նոյեմբեր 2020 թ․, 11)։
Մտածեք, թե ինչու կարող եք դժվարություն ունենալ Աստծո հանդեպ հավատք ունենալու հարցում և ձեր կյանքի համար անորոշություն կամ վախ զգալ։ Պատճառները յուրաքանչյուրի համար անձնական են, բայց կարող են ներառել հետևյալը․
-
Լինել ծաղրի առարկա կամ ենթարկվել հալածանքի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի համար
-
Ունենալ խնդրահարույց ընտանեկան հարաբերություններ, այդ թվում՝ ամուսնալուծված ծնողներ
-
Անհանգստություն կամ ընկճվածություն զգալ
-
Անհանգստանալ սիրելի մարդկանց համար, որոնք համասեռամոլ են
-
Տառապել վնասակար սովորույթների կախվածությունից կամ դժավարանալ հաղթահարել դրանք
-
Վախենալ, որ ավետարանի օրհնություններն անհասանելի են
-
Անարժեքության կամ չներված լինելու զգացում ունենալ
Հովհաննես 16.33 հատվածում Հիսուսն ասել է. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:
Կարող եք գրի առնել, թե ինչ զգացողություններ ունեցաք այսօր սովորածից։ Կարող եք ներառել, թե ինչ գործողություններ անելու հուշում եք ստացել կամ ինչպես եք զորացել՝ հասկանալով, որ Աստված իրագործում է Իր մարգարեների միջոցով ասած Իր խոսքերը։