Սեմինարիա
Մորոնի 4–5. Հաղորդություն


«Մորոնի 4–5. Հաղորդություն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 4–5», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 4–5

Հաղորդություն

հաղորդության հաց և ջուր

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք հրավիրված ենք մասնակցելու սուրբ արարողություններին և ուխտեր կապելու մեր Երկնային Հոր հետ: Երբ մենք ձգտում ենք պահել մեր ուխտերը, Երկնային Հայրն օրհնում է մեզ: Հաղորդությունն այն արարողությունն է, որին մենք առավել հաճախ ենք մասնակցում: Այս դասը կօգնի ձեզ պահել այն ուխտը, որը կապում եք հաղորդություն ընդունելիս՝ Տիրոջ Հոգին ձեզ հետ ունենալու համար։

Ինչո՞ւ ես դու հաճախում եկեղեցի

Նախկինում Երեխաների միության գերագույն նախագահության խորհրդական քույր Շերիլ Ա. Էսպլինը կիսվեց մի հարցով, որը որդին տվեց իր 96-ամյա հորը. «Հայրիկ, ինչո՞ւ ես եկեղեցի հաճախում: Դու չես կարողանում տեսնել, դու չես կարողանում լսել, քեզ համար դժվար է տեղաշարժվելը: Ինչո՞ւ ես դու հաճախում եկեղեցի»: («Հաղորդություն՝ հոգու նորոգում», Լիահոնա, նոյ. 2014, 14)։

  • Ձեր կարծիքով, հայրն ինչպե՞ս կարող էր պատասխանել այս հարցին:

Հայրը պատասխանեց. «Հաղորդության համար: Ես գնում եմ ընդունելու հաղորդությունը» (Շերիլ Ա. Էսպլին, «Հաղորդություն», 14):

  • Ի՞նչ գիտեք հաղորդության մասին, որի համար հայրն այսպես պատասխանեց:

  • Որքա՞ն կարևոր է հաղորդությունը ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ ջանքեր եք գործադրում հաղորդության իմաստալից փորձառություն ունենալու համար:

Իր գրառումներում Մորոնին ընդգրկեց այն աղոթքները, որոնք Հիսուս Քրիստոսը նախկինում տվել էր նեփիացիներին՝ հաղորդությունը սպասավորելու համար (տես Մորոնի 4.1–2): Մորոնի 4–5 գլուխներում ներառված այս աղոթքներն ուսումնասիրելիս լսեք հուշումները, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել՝ պահելու այն ուխտերը, որոնք կապում եք հաղորդություն ընդունելիս:

Հաղորդություն

Հաղորդություն ընդունելիս մենք ուխտ ենք կապում Երկնային Հոր հետ և նորոգում այն ուխտերը, որոնք կապել ենք մկրտության ժամանակ (տես Մոսիա 18.8–10, Վարդապետություն և Ուխտեր 20.37): «Ուխտը մի սրբազան պայմանագիր է Աստծո և որևէ անձի կամ մարդկանց խմբի միջև: Աստված սահմանում է հատուկ պայմաններ, և Նա խոստանում է օրհնել մեզ, եթե մենք հնազանդվենք այդ պայմաններին» (Ավետարանական թեմաներ, «Ուխտ», ChurchofJesusChrist.org կայքում)։

icon, recordՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արտագրեք հետևյալ աղյուսակը։ Լրացրեք առաջին սյունակը՝ օգտագործելով Մորոնի 4.3 հատվածը։

Հաղորդության ուխտը

Այն, ինչ ես խոստանում եմ անել

Իմ խոստումները պահելու եղանակներ

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ մենք խոստանում ենք հացը ճաշակելիս:

Հաղորդության ուխտի մեր մասը կարող ենք ամփոփել հետևյալ կերպ․ ընդունելով հաղորդությունը՝ մենք խոստանում ենք հոժարակամ մեզ վրա վերցնել Փրկչի անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում հոժարակամ վերցնել Փրկչի անունը մեզ վրա:

Առաջին Նախագահության անդամ նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է.

Մենք խոստանում ենք վերցնել Նրա անունը մեզ վրա: Դա նշանակում է, որ մենք պետք է տեսնենք մեր մեջ Նրան: Մենք Նրան մեր կյանքում պետք է դնենք առաջին տեղում: Մենք պետք է ցանկանանք այն, ինչ Նա է ցանկանում, և ոչ թե այն, ինչ մենք ենք ցանկանում, կամ այն, ինչ աշխարհն է մեզ սովորեցնում ցանկանալ (Հենրի Բ․ Այրինգ, «Որ մեկ լինենք», Ensign, մայիս 1998, 67)

  • Ինչպե՞ս կարող եք լավագույն կերպով վերցնել Փրկչի անունը ձեր վրա:

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի անունը մեզ վրա վերցնելն օգնել մեզ նմանվել Նրան:

Աղյուսակի երկրորդ սյունակում գրեք գաղափարներ այն մասին, թե մենք ինչպես պետք է ձգտենք կատարել մեր յուրաքանչյուր խոստումը:

Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ

հաղորդություն ընդունող երիտասարդ կին

Կարդացեք Մորոնի 4.3 և 5.2 հատվածները՝ փնտրելով հացի համար աղոթքի և գինու (ջրի) համար աղոթքի միջև նմանություններն ու տարբերությունները:

  • Ի՞նչ նմանություններ գտաք:

  • Ի՞նչ կանի Երկնային Հայրը, եթե մենք պահենք հաղորդության ժամանակ կապած մեր ուխտը:

Սկզբունքներից մեկը, որը մենք սովորում ենք, հետևյալն է․ երբ պահենք հաղորդության ժամանակ կապած մեր ուխտը, մենք միշտ կարող ենք ունենալ Տիրոջ Հոգին մեզ հետ։

  • Մտածեք այն մասին, թե ինչպես է հետևյալ խոստումները պահելու ձեր պատրաստակամությունն օգնում ձեզ արժանանալ Տիրոջ Հոգին միշտ ձեզ հետ ունենալուն.

    • Վերցրեք Փրկչի անունը ձեզ վրա:

    • Միշտ հիշեք Նրան։

    • Պահեք Նրա պատվիրանները:

  • Ինչպե՞ս կօգտվեք Սուրբ Հոգին միշտ ձեզ հետ ունենալուց:

Առաջին նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք մոտենալ հաղորդությանը և օրհնվել՝ պահելով դրա ուխտերը: Կարդացեք հետևյալ խոսքերը կամ դիտեք «Ահարոնյան քահանայությունը և հաղորդությունը» տեսանյութը 6:48-7:22-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

The Aaronic Priesthood and the Sacrament

Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերի համար և գալ դեպի Տերը կոտրված սրտով ու փշրված հոգով և ընդունել հաղորդությունը՝ համաձայն դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով նորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը նորացնում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը: Այսպես մենք մաքրվում ենք և կարող ենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ: Սրա կարևորությունն ակնհայտ է ամեն շաբաթ հաղորդություն ընդունելու Տիրոջ պատվիրանից (տես Վարդապետություն և Ուխտեր 59.8–9): (Դալլին Հ. Օուքս, «Ահարոնյան քահանայությունը և հաղորդությունը», Ensign, նոյ. 1998, 38)

Պահեք հաղորդության ուխտը

Մտածեք այն ջանքերի մասին, որոնք դուք գործադրում եք, որպեսզի պահեք խոստումները, որ տալիս եք հաղորդություն ընդունելիս: Ի՞նչն է լավ ստացվում: Ի՞նչը կարելի է բարելավել:

Ընտրեք մեկ կամ մի քանի խոստում, որոնց վրա կցանկանայիք կենտրոնանալ: Գրեք, թե հատկապես ինչ կարող եք անել: Կարող եք խորհել այս մասին հաջորդ անգամ, երբ ընդունեք հաղորդությունը:

Ուշադրություն դարձրեք, թե ուխտերը պահելն ինչպես է օգնում ձեզ ունենալ Սուրբ Հոգին ձեզ հետ, և ինչ տարբերություն եք տեսնում ձեր կյանքում:

  1. Որպեսզի ամփոփեք այն, ինչ սովորել եք, գրեք մի կարճ պարբերություն, որը նկարագրում է այն ուխտը, որը դուք կապում եք հաղորդություն ընդունելիս, և այդ ուխտը պահելու եղանակները։ Ներառեք, թե ինչո՞ւ Սուրբ Հոգին միշտ ձեզ հետ ունենալն օրհնություն կլինի ձեր կյանքում: