Սեմինարիա
1 Նեփի 1–5. ակնարկ


«1 Նեփի 1–5. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 1–5. ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 1-5

Ակնարկ

Աստված կանչեց Լեքիին՝ Երուսաղեմի ժողովրդին ապաշխարություն քարոզելու։ Նա հնազանդվեց Տիրոջ հայտնությանը՝ տեղափոխելով իր ընտանիքը անապատ։ Նրա որդի Նեփին դիմեց Տիրոջն ավելի մեծ հասկացողություն ստանալու համար, ու նրա սիրտը փափկեց։ Անապատով օրեր շարունակ անցնելուց հետո Նեփին և նրա եղբայրները Աստծուն հնազանդության և Նրա հանդեպ հավատքի փորձության ենթարկվեցին, երբ նրանց պատվիրվեց վերադառնալ Երուսաղեմ՝ Լաբանից արույրե թիթեղները ստանալու համար։

Պատրաստվեք ուսուցանել

Ստորև ներկայացվող տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար։

1 Նեփի 1

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին զգալ Աստծո մարգարեներին ընդունելու և հետևելու կարևորությունը։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել՝ կիսվելու մարգարեներից լսած վերջին նախազգուշացումներով և մտորելու այն մասին, թե ինչպես են արձագանքել այդ նախազգուշացումներին։

  • Նկարներ. դասին վերաբերող գետի և ջրվեժի նկարներ

  • Տեսանյութ. «Տերը պատվիրում է Լեքիի ընտանիքին հեռանալ Երուսաղեմից» (18:14, դիտել 0:39-5:53 և 5:53-7:26)

  • Առցանց ուսուցման առաջարկ. վերջին վարժության ժամանակ, երբ ուսանողները պատրաստում են իրենց պատասխանն ընկերոջ հաղորդագրությանը, առաջարկեք նրանց սպասել, մինչև բոլորն ավարտեն։ Օգտագործեք զրուցարանի գործառույթը, որպեսզի յուրաքանչյուրին հնարավորություն տաք մյուսների հետ միաժամանակ ներկայացնել իր պատասխանը։ Այսպես ուսանողները ոչ միայն կկարողանան սեփական պատասխանները ներկայացնել, այլև հնարավորություն կունենան ուսումնասիրել այն, ինչ մյուսներն են մտածում։

1 Նեփի 2

Դասի նպատակը. այս դասը նպատակ ունի օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն ունենալ դիմելու Տիրոջը, երբ Նա նրանց խնդրում է դժվար գործեր կատարել։

  • Ուսանողի նախապատրաստում. որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հարցրեք. «Ե՞րբ եք փնտրել ու ստացել Տիրոջ օգնությունը Նրա խոսքերին հավատալու և հնազանդվելու արդյունքում, նույնիսկ երբ դա դժվար է եղել»։

  • Նկար. Երուսաղեմից Լեքիի ընտանիքի անցած հնարավոր ճանապարհի քարտեզը

  • Տեսանյութեր. «Լեքին ընտանիքի հետ խորհրդակցում է Երուսաղեմը լքելու մասին» (2:27), «Նեփին աղոթում է Լամանի և Լեմուելի համար» (6:02), «Աստծո մարգարեն» (16:04, դիտեք 11:51-12:37)

  • Առցանց ուսուցման առաջարկ. դեպի անապատ Լեքիի ընտանիքի անցած հնարավոր ճանապարհի քարտեզը ցույց տալուց և նրանց անցած ճանապարհի հավանական հեռավորությունը բացատրելուց հետո կարող եք առցանց քարտեզի հավելվածի օգնությամբ ուսանողներին ցույց տալ որոշ վայրեր, որոնք նրանց բնակության վայրից նույն հեռավորության վրա են։ Ուսանողներին կարող եք առաջարկել պատկերացնել, թե ինչ կնշանակեր առանց մեխանիկական տրանսպորտային միջոցի այնտեղ հասնելը՝ հաշվի առնելով, որ պետք է իրենց անհրաժեշտ իրերն էլ հետները վերցնեին։

1 Նեփի 3

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հավատք դրսևորել առ Աստված, որպեսզի իրագործեն այն, ինչ Նա է խնդրում անել։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փորձել մտապահել վարդապետության սերտման 1 Նեփի 3.7 հատվածը և մտածել, թե այն ինչպես է վերաբերում այն իրավիճակներին, որոնց նրանք բախվում են իրենց կյանքում։

  • Տեսանյութ. «Նեփին առաջնորդվում է Հոգով՝ արույրե թիթեղները ստանալու համար» (25:44, դիտել 4:43-8:18-ը և 8:18-15:10)

  • Առցանց ուսուցման առաջարկ. դասը կարող եք սկսել՝ առաջարկելով ուսանողներին իրենց տեսախցիկներով ցույց տալ մի բան, որը մեծ նշանակություն ունի նրանց կամ նրանց ընտանիքի համար, քանի որ այն վաստակելու կամ ձեռք բերելու համար մեծ ջանք է պահանջվել։ Որոշ ուսանողների առաջարկեք խոսել դրա կարևորության և այն մասին, թե ինչպես են դա վաստակել կամ ձեռք բերել։ Ապա ցույց տվեք Լեքիի ընտանիքի նկարը, որտեղ նրանք պահում են արույրե թիթեղները և ուսանողներին առաջարկեք բացատրել, թե ինչ պետք է աներ Լեքիի ընտանիքը դրանք ստանալու համար, և ինչու էին նրանք այդքան վճռական դա անելու համար։

Վարդապետության սերտում. 1 Նեփի 3.7

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին մտապահել 1 Նեփի 3.7-ի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կամ հարազատների ունեցած այն փորձառությունների մասին, որոնք ցույց են տալիս, որ Տերը պատրաստում է մի ճանապարհ, որով կիրագործեն այն, ինչ Նա է մեզ խնդրում։

  • Նկար՝ ցուցադրման համար. Նեփին խոսում է հոր՝ Լեքիի հետ

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներին վերաբերող հրահանգներ և հարցեր («Գործնական կիրառում» բաժինը սկսելով «Գործել հավատքով» սկզբունքով)

  • Առցանց ուսուցման առաջարկ. «Գործնական կիրառում» բաժնում առաջարկվող սցենարներն օգտագործելու փոխարեն կարող եք ուսանողներին առաջարկել, որ զրուցարանի գործառույթում հրապարակեն իրական իրավիճակներ, որոնց ժամանակ դժվար է պահել պատվիրանը: (Հիշեցրեք նրանց, որ չհրապարակեն խիստ անձնական տվյալներ իրենց կամ ուրիշների մասին:) Այնուհետև, ուսանողները կարող են ընտրել իրենց համադասարանցիների հրապարակումներից մեկը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելիս կենտրոնանալ դրա վրա։

1 Նեփի 4-5

Դասի նպատակը. այս դասը նպատակ ունի ամրապնդել ուսանողների վստահությունը Երկնային Հոր և իրենց ուղղորդելու Նրա պատրաստակամության հանդեպ։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տվեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ դասի սկզբում ներկայացված հայտարարության պատճենը։ Նրանց առաջարկեք դասի համար պատրաստել իրավիճակների գաղափարներ, որտեղ նրանք անձամբ կարող են օգուտ քաղել Տիրոջ առաջնորդությունը ստանալուց:

  • Տեսանյութեր. «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքերի համար» (20:28, դիտել 9:14-9:40), «Հոգին ուղղորդում է Նեփիին սպանել Լաբանին» (3:26), «Նեփին ստանում է սրբազան գրությունները» (4:20)

  • Առցանց ուսուցման առաջարկ. մինչև ուսանողների հավաքվելը, նրանցից մի քանիսին կարող եք առաջարկել դասի համար պատրաստել Սուրբ Հոգով ուղղորդվելու փորձառություններ՝ դասի ժամանակ դրանցով կիսվելու համար։ Քննարկման ժամանակ փնտրեք հնարավորություններ, որոնք ուսանողներին թույլ կտան վկայել իրենց ուղղորդելու Տիրոջ զորության մասին։