«Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»
Պատկերացրեք ձեր կյանքը, եթե ոչ մի ընտրություն չունենայիք: Կամքի ազատությունը կամ ընտրելու զորությունն Աստծո կողմից մեզ տրված մեծագույն պարգևներից է: Լեքիի որդի Հակոբն արդեն փոքր տարիքում շատ դժվարություններ էր ունեցել, ուստի Լեքին նրան ուսուցանեց արժեքավոր ճշմարտություններ Փրկչի և ընտրության ազատության մասին: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ կամքի ազատության նշանակությունը Երկնային Հոր ծրագրում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարևոր ընտրություններ
Հաջորդող երկու րոպեի ընթացքում գրեք վերջին մի քանի օրերին ձեր կատարած կարևոր ընտրություններից մի քանիսը:
Ըստ ձեզ՝ ընտրությունն ինչո՞ւ է կարևոր մեր մահկանացու կյանքի և Երկնային Հոր փրկության ծրագրի համար:
Խորհեք, թե ինչ եք սովորել ընտրություններից, որոնցով հպարտանում եք, և որոնց համար ափսոսում եք: Այս դասի ընթացքում ուսումնասիրություն կատարելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և օգտագործել ընտրություն կատարելու ձեր ունակությունը: Եթե ունեք կամքի ազատության վերաբերյալ հարցեր, նույնպես աղոթեք և ուսումնասիրելու ընթացքում փնտրեք պատասխաններ:
Կամքի ազատության կարևոր ոլորտները
Լեքիի որդի Հակոբը ծնվել էր անապատում՝ Երուսաղեմից նրա ընտանիքի հեռանալուց հետո: Լեքին իր մահվանից քիչ առաջ Հակոբին կարևոր ճշմարտություններ ուսուցանեց կամքի ազատության մասին:
Կարդացեք 2 Նեփի 2.1–4 հատվածները և գտեք, թե Լեքին ինչպես սկսեց իր ուղերձը Հակոբին: Օգտակար կլինի իմանալ, որ «նվիրագործել» բառը նշանակում է նվիրաբերել կամ սրբագործել (Սուրբ գրքերի ուղեցույցում տե՛ս «Նվիրաբերում, նվիրաբերման օրենքը» [scriptures.ChurchofJesusChrist.org]):
Շատ փորձությունների հանդիպած մարդու համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ ընտրության զորության կարևորությունը:
Այս հատվածի ճշմարտություններից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:
Մենք ունենք Փրկչի կարիքը
Մահկանացու կյանքում կատարյալ կերպով կամքի ազատություն դրսևորեց միայն Փրկիչը: Մենք բոլորս մեղքեր ենք գործում և առանց օգնության բոլորս «կորչում ենք … և դառնում հավիտյան թշվառ» (2 Նեփի 2.5):
Սա իմանալով՝ կարդացեք 2 Նեփի 2.6–8 հատվածը՝ տեսնելու, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը բոլորիս համար:
Փրկիչը ինչպե՞ս որոշեց օգնել ձեզ:
Հիսուս Քրիստոսի մասին այս մտքի ըմբռնումը ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ունեցած ձեր զգացողությունների վրա:
Ի՞նչ եք սովորում Փրկչի՝ ընտրություններ կատարելու օրինակից:
Մտածեք որևէ ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսի օգնությամբ զղջացել եք որևէ մեղքի համար: Զղջալն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա:
Պատկերացրեք, որ ձեր տարածքում միսիոներներն ուսուցանում են երիտասարդների, որոնք առաջին անգամն են լսում Երկնային Հոր ծրագրի մասին: Միսիոներներն առաջարկում են ձեզ գալ այդ երիտասարդների հետ նշանակված հաջորդ ուսուցողական հանդիպմանը: Նրանք խնդրում են ձեզ պատրաստել մտքեր 2 Նեփի 2 գլխից այն մասին, թե Երկնային Հոր ծրագրում ինչ կարևորություն ունի կամքի ազատությունը: Կազմեք և համառոտ նկարագրեք, թե ինչ կուսուցանեիք: Ներառեք հետևյալը.
Առնվազն երկու սուրբ գրություն 2 Նեփի 2.1–16, 26 հատվածից, դրանց առնչվող ճշմարտությունները՝ ներառելով համառոտ բացատրություն, թե ինչու են դրանք իմաստալից կամ կարևոր
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն ազդել մեր ընտրությունների վրա
Այդ ճշմարտություններն ինչպես կարող են փոխել մեր կյանքը
Ձեր նկարագրությունն ավարտելուն պես փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ սկսեք մտածել, թե ինչպես կարող եք հիշել այդ ճշմարտությունները, և դրանք հիշելն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը: Օրինակ՝ ձեր հեռախոսում կարող եք էկրանապահ դնել, ձեր հայելու վրա ծանուցաթերթիկ փակցնել կամ անել մեկ այլ բան, որը թույլ կտա ձեզ անընդհատ տեսնել և հիշել այդ ճշմարտությունները: