Վստահությամբ մոտենալով Աստծո գահին
Կիրառելով Հիսուս Քրիստոսի Քավությունը, դուք կարող եք սկսել մեծացնել ձեր հոգևոր վստահությունն այսօր, եթե դուք հոժարակամ եք լսելու և գործելու:
1-ից 10 սանդղակի վրա, ինչպե՞ս կգնահատեիք ձեր հոգևոր վստահությունը Աստծո առջև: Դուք արդյոք ունե՞ք անձնական ապացույց, որ ձեր ներկա ներդրումը որպես Վերջին Օրերի Սուրբ բավարար է հավերժական կյանքը ժառանգելու համար: Կարո՞ղ եք ասել ինքներդ ձեզ՝ ձեր մտքում, որ Երկնային Հայրը գոհ է ձեզանից: Ի՞նչ մտքեր են գալիս ձեր գլուխը, եթե դուք ունենայիք անձնական հարցազրույց ձեր Փրկչի հետ այս պահից մեկ րոպե առաջ: Արդյո՞ք մեղքերը, զղջումները և թերությունները կգերիշխեին ձեր ինքնապատկերացման մեջ, թե դուք ուղղակի կզգայիք ուրախ ակնկալիք: Դուք կդիմանայի՞ք, թե՞ կխուսափեիք Նրա հայացքից: Դուք կհապաղեի՞ք դռան մոտ, թե վստահորեն կուղղեիք ձեր քայլերը դեպի Նա:
Երբ հակառակորդը չի կարողանում համոզել անկատար, բայց դեռ պայքարող Սրբերին, ինչպիսիք դուք եք, լքել ձեր հավատքը անհատական և սիրառատ Աստծո հանդեպ, նա գործադրում է մի նենգ արշավ՝ դնելու որքան հնարավոր է մեծ տարածություն ձեր և Աստծո միջև: Հակառակորդը գիտի, որ հավատքն առ Քրիստոս, այնպիսի հավատքը, որն առաջացնում է գորովագութ ողորմությունների և նույնիսկ հզոր հրաշքների կայուն հոսք, ձեռք ձեռքի տված է գնում անձնական վստահության հետ, որ դուք ձգտում եք ընտրել ճիշտը: Այդ պատճառով նա կձգտի մուտք գործել ձեր սիրտը՝ ասելու ձեզ ստեր՝ ստեր, որ Երկնային Հայրը հիասթափված է ձեզանից, որ Քավությունը ձեր հասանելիությունից դուրս է, որ նույնիսկ միտք չունի փորձել, բոլոր մյուսներն ավելի լավն են, քան դուք, որ դուք անարժան եք և այդ նույն չարաղետ թեմայի հազարավոր տարբերակներ:
Քանի դեռ դուք թույլ եք տալիս այս ձայները սղոցեն ձեր հոգին, դուք չեք կարող մոտենալ Աստծո գահին իսկական վստահությամբ: Ինչ էլ որ անեք, ինչ էլ որ աղոթեք, հրաշքի ինչպիսի հույսեր էլ որ ունենաք, միշտ էլ կլինի բավականաչափ ինքնակասկածանք դանդաղորեն կործանելով ձեր հավատքը, ոչ միայն ձեր հավատքն առ Աստված, այլ նաև ձեր ինքնավստահությունը: Այս ձևով ավետարանով ապրելը զվարճություն չէ, ոչ էլ այն շատ առողջարար է: Բացի ամեն ինչից, այն լիովին անտեղի է: Փոխվելու որոշումը ձերն է և միմիայն ձերը:
Ես կկամենայի կիսվել վեց գործնական առաջարկներով, որոնց, եթե ականջ դնեք, այս չարաղետ ձայները կցրվեն և կվերականգնվի ձեզ համար այնպիսի խաղաղ համոզվածություն և հոգևոր վստահություն, որը ձերը կլինի, եթե դուք միայն կամենաք դա: Անկախ 1-ից 10 սանդղակի վրա ձեր կատարած գնահատումից, կիրառելով Հիսուս Քրիստոսի Քավությունը, դուք կարող եք մեծացնել ձեր հոգևոր վստահությունն այսօր, եթե դուք կամենաք լսել և գործել: Ես կխոսեմ համարձակորեն, հույս ունենալով խրատել և ոչ թե վիրավորել:
1. Պատասխանատվություն վերցրեք ձեր իսկ հոգևոր բարօրության համար: Դադարեք մեղադրել ուրիշներին կամ ձեր հանգամանքները, դադարեք արդարանալ և դադարեք պատճառաբանել, թե ինչու չեք կարող լիովին ձգտել հնազանդ լինել: Ընդունեք, որ դուք «ազատ ե[ք] ըստ մարմնի» և «ազատ ե[ք] ընտրելու ազատություն և հավերժական կյանք» (2 Նեփի 2.27): Տերը կատարելապես գիտի ձեր հանգամանքները, բայց Նա նաև հիանալի գիտի, թե դուք արդյոք ընտրում եք պարզապես ոչ լիարժեք ապրել ավետարանով: Եթե հարցը սրանում է, եղեք բավականաչափ ազնիվ ընդունելու դա, ձգտեք կատարյալ լինել ձեր իսկ հանգամանքների ոլորտում: Հոգևոր վստահությունն աճում է, երբ դուք պատասխանատվություն եք վերցնում ձեր իսկ բարօրության համար՝ կիրառելով ամեն օր Հիսուս Քրիստոսի Քավությունը:
2. Պատասխանատվություն վերցրեք ձեր իսկ ֆիզիկական բարօրության համար: Ձեր հոգին բաղկացած է ձեր ոգուց և մարմնից (տես ՎևՈւ 88.15): Ոգին սնելը, երբ անտեսվում է մարմինը, որը տաճար է, սովորաբար տանում է դեպի հոգևոր աններդաշնակության և ինքնարժեքի ցածրացման: Եթե դուք ֆիզիկապես լավ վիճակում չեք, եթե դուք անհարմարավետ եք զգում ձեր իսկ մարմնում և կարող եք անել ինչ որ բան, ապա արեք դա: Երեց Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ մենք պետք է «համարենք մեր մարմինը որպես հենց իսկ մեր տաճարը» և որ պետք է «վերահսկենք մեր սննդակարգը և վարժություններ անենք մեր ֆիզիկական լավ վիճակի համար» (“We Are Children of God,” Liahona, Jan. 1999, 103):
Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ «մեր ոգին և մեր մարմինն այնպես են միավորված, որ մեր մարմինը դառնում է մեր մտքի միջոցը և մեր բնավորության հիմքը» [Church Educational System fireside, Feb. 2, 2003], 2; speeches.byu.edu): Ուստի, խնդրում ենք օգտագործեք առողջ դատողություն, թե ինչ և որքան եք ուտում և կանոնավորապես ձեր մարմինները մարզեք, այն կարիք ունի և արժանի է դրան:Եթե ֆիզիկապես կարողունակ եք, այսօր որոշեք լինել ձեր իսկ տան տերը և սկսեք կանոնավոր, երկարատև վարժությունների ծրագիր, հարմարեցնելով ձեր ունակություններին, համակցելով ավելի առողջարար սննդակարգ: Հոգևոր վստահությունն աճում է, երբ ձեր ոգին Փրկչի օգնությամբ իսկապես վերահսկում է ձեր բնական տղամարդուն կամ կնոջը:
3. Ընդունեք կամավոր, անկեղծ հնազանդությունը, որպես ձեր կյանքի մի մաս: Գիտակցեք, որ դուք չեք կարող սիրել Աստծուն առանց սիրելու նաև Նրա պատվիրանները: Փրկչի չափանիշը հստակ է և պարզ. «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները» (Հովհ. ԺԴ.15): Ընտրողական հնազանդությունը բերում է ընտրողական օրհնություններ և ինչ որ վատ բան ընտրելը ինչ որ առավել վատ բանից, այնուամենայնիվ սխալ ընտրություն է: Դուք չեք կարող մի վատ կինոֆիլմ դիտել և ակնկալել առաքինի զգալ, որովհետև դուք չեք դիտել շատ ավելի վատը: Որոշ պատվիրաններ հավատարմորեն պահելը չի արդարացնում մյուսների անտեսումը: Ճիշտ է ասել Աբրահամ Լինկոլնը. «Երբ լավ բան եմ անում, լավ եմ զգում: Երբ վատ բան եմ անում, վատ եմ զգում» (in William H. Herndon and Jesse William Weik, Herndon’s Lincoln. The True Story of a Great Live, 3 vols. [1889], 3:439):
Բացի այդ, արեք ճիշտ բաներ ճիշտ դրդապատճառներով: Տերը, ով «պահանջում է սիրտը և պատրաստակամ միտքը» (ՎևՈւ 64.34) և ով «սրտի խորհուրդներն ու մտադրությունները զանազանող» է (ՎևՈւ 33.1), գիտի թե ինչու եք գնում եկեղեցի, արդյոք ներկա եք միայն մարմնով, թե իսկապես երկրպագում եք: Դուք չեք կարող երգել կիրակի օրը «Օ Բաբելոն, Բաբելոն, [Ես] մաղթում եմ քեզ մնաս բարով» և հետո կրկին ձգտեք կամ հանդուրժեք դրա ընկերակցությանը րոպեներ անց (“Ye Elders of Israel,” Hymns, no. 319): Հիշեք, որ անփութությունը հոգևոր բաներում, երբեք երջանկություն չի եղել: Դարձրեք Եկեղեցին և վերականգնված ավետարանը ձեր ողջ կյանքը, ոչ թե հենց միայն ձեր արտաքուստ կամ հասարակական կյանքի մի մասը: Այս օրն ընտրելը, թե ում պետք է ծառայեք, շրթունքներով ծառայություն է ընդամենը, մինչև դուք իրականում համապատասխան ձևով չապրեք (տես Յեսու ԻԴ.15): Հոգևոր վստահությունն աճում է, երբ դուք իսկապես ձգտում եք ճիշտ դրդապատճառներով ապրել նվիրաբերված կյանքով, չնայած ձեր անկատարություններին:
4. Դարձեք իսկապես, իսկապես լավ՝ խորապես և արագ ապաշխարելիս: Քանի որ Հիսուս Քրիստոսի Քավությունը շատ գործնական է, դուք պետք է կիրառեք այն առատորեն 24 ժամ օրեկան և 7 օր շաբաթական, քանի որ այն երբեք չի սպառվում: Ընդունեք Հիսուս Քրիստոսի Քավությունը և ապաշխարությունը որպես բաներ, որոնք պիտի ողջունելի լինեն և՝ կիրառվեն ամեն օր համաձայն Մեծ Բժշկի հրամանների: Հիմնադրեք երջանիկ, ուրախ շարունակական ապաշխարության տրամադրվածություն՝ դարձնելով այն ձեր ընտրած ապրելակերպը: Այդ անելիս զգուշ եղեք հետաձգման գայթակղությունից և մի սպասեք, որ աշխարհը ձեզ կողջունի: Պահելով ձեր աչքերը Փրկչի վրա, հոգ տարեք ավելի շատ, թե ինչ է Նա մտածում ձեր մասին, և հետևանքները չեն ուշանա: Հոգևոր վստահությունն աճում է, երբ դուք կամավոր և ուրախ ապաշխարում եք ձեր մեղքերից, ինչպես փոքր այնպես էլ մեծ՝ իսկական ժամանակին կիրառելով Հիսուս Քրիստոսի Քավությունը:
5. Դարձեք իսկապես,իսկապես լավ՝ ներելիս: «Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (ՎևՈւ 64.10): Ներեք ամեն մեկին, ամեն ինչ, ողջ ժամանակ, կամ առնվազն ձգտեք անել այդպես, թույլ տալով ներումը գա ձեր իսկ կյանք: Ոխ մի պահեք, հեշտորեն մի վիրավորվեք, ներեք և մոռացեք արագ և երբեք մի մտածեք, որ դուք ազատված եք այդ պատվիրանից: Հոգևոր վստահությունն աճում է, երբ դուք իմանում եք, որ Տերը գիտի, որ դուք վատ զգացումներ չունեք մեկ ուրիշի հանդեպ:
6. Ընդունեք փորձությունները, անհաջողությունները, և «անակնկալները» որպես ձեր մականացու կյանքի փորձառությունների մի մաս: Հիշեք, որ դուք այստեղ եք ապացուցելու և ստուգվելու համար «տեսնելու, թե արդյոք [դուք] կանեք այն ամենը, ինչ Տերը [ձեր] Աստվածը կպատվիրի [ձեզ]» (Աբրահամ 3.25)—և կարո՞ղ եմ ուղղակի ավելացնել «բոլոր հանգամանքներում»: Ձեր միլիոնավոր եղբայրներն ու քույրերը ստուգվել են կամ ստուգվում են այդպես, այսպիսով ինչո՞ւ դուք պիտի ազատվեք: Որոշ փորձություններ գալիս են ձեր իսկ անհնազանդության կամ անփութության պատճառով: Այլ փորձություններ գալիս են ուրիշների անփութության պատճառով կամ պարզապես այն պատճառով, որ սա անկում ապրած աշխարհ է: Երբ այս փորձությունները գալիս են, հակառակորդի ծառաները սկսում են հեռարձակել, որ դուք ինչ որ բան սխալ եք արել, որ սա պատիժ է, մի նշան, որ Երկնային Հայրը ձեզ չի սիրում: Անտեսեք դա: Փոխարենը, փորձեք ստիպել ձեզ ժպտալ, հայացքն ուղղեք դեպի երկինք և ասացեք. «Ես հասկանում եմ Տեր: Ես գիտեմ թե սա ինչ է: Ինձ ապացուցելու մի ժամանակ, այնպես չէ՞»: Այնուհետև ընկերակցեք Նրա հետ՝ լավ համբերելու մինչև վերջ: Հոգևոր վստահությունը մեծանում է, երբ դուք ընդունում եք դա «հաճախ փորձություններն ու դժբախտությունները թույլատրվում են գալ [ձեր կյանք] այն պատճառով, ինչ [դուք] ճիշտ եք անում» (Glenn L. Pace, “Crying with the Saints” [Brigham Young University devotional, Dec. 13, 1987], 2; speeches.byu.edu):
Երբ նախագահում էի Ուկրաինայի Կիևի Միսիայում, ես մի անգամ հարցրեցի իմ ամենահավատարիմ քույրերից մեկին, թե ինչու էր նա միշտ այդքան խիստ իր հանդեպ, ինչո՞ւ էր նա միշտ իրեն քննադատում ամենափոքր բաների համար: Նրա պատասխանը մեկի դասական օրինակն էր, ով լսում էր սխալ ձայնի, երբ նա պատասխանեց. «Որպեսզի ոչ ոք չկարողանա հաղթել ինձ դրանով»:
Եղբայրներ և քույրեր, իմ խորհուրդը այս միսիոներ քրոջը, խորհուրդ է ձեզ. գիտակցեք և դիմակայեք ձեր թուլություններին, բայց մի կաշկանդվեք դրանցով, որովհետև դրանցից մի քանիսը կլինեն ձեր ուղեկիցները մինչև դուք հեռանաք այս երկրային կյանքից: Անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր ներկա իրավիճակը, հենց այն պահին, երբ դուք կամավոր որոշում եք ազնվորեն, ուրախությամբ ամեն օր ապաշխարել՝ ձգտելով ուղղակի անել և լինել ձեր լավագույնը, Փրկչի Քավությունը, կարծես պարուրում է և հետևում ձեզ, ուր էլ որ գնաք: Ապրելով այս ձևով, դուք իսկապես կարող եք «միշտ պահպանել ձեր մեղքերին թողություն» (Մոսիա 4.12) ամեն օր ամեն ժամ, ամեն րոպե ամեն վայրկյան և այսպիսով լինել լիովին մաքուր և ընդունելի Աստծո առջև ամբողջ ժամանակ:
Ձերն է արտոնությունը, եթե ուզում եք դա, իմանալ ձեզ համար այսօր կամ շուտով, թե դուք արդյոք գոհացնում եք Աստծուն չնայած ձեր թերություններին: Ես վկայում եմ սիրառատ Փրկչի մասին, ով սպասում է մեզ, որ ապրենք պատվիրաններով: Ես վկայում եմ սիրառատ Փրկչի մասին, ով այնքան անհամբեր է՝ տալու իր շնորհը և ողորմածությունը: Ես վկայում եմ սիրառատ Փրկչի մասին, ով ցնծում է, երբ մենք կիրառում ենք Իր Քավությունն ամեն օր հանգիստ և երջանիկ համոզվածությամբ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությանբ: Ես վկայում եմ սիրառատ Փրկչի մասին, ով մտահոգվում է, որ ձեր վստահությունը զորանա Աստծո ներկայության մեջ: (տես ՎևՈւ 121.45): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: