2010–2019 թթ․
Թեթևամտորեն մի վարվեք սրբազան բաների հետ
Հոկտեմբեր 2014


10:43

Թեթևամտորեն մի վարվեք սրբազան բաների հետ

Քննեք ձեր ընտրությունները՝ ձեզ ուղղելով հետևյալ հարցը. «Արդյոք իմ ընտրություններն ամուր են սերմնավորված Հիսուս Քրիստոսի ավետարանի հարուստ հողում»:

Եղբայրներ և քույրեր, որոշումները, որ կայացնում ենք այս կյանքում, մեծապես ազդում են մեր հավերժական կյանքի ընթացքի վրա: Կան ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի ուժեր, որոնք ազդում են մեր ընտրությունների վրա: Այս սկզբունքը ես սովորեցի իմ անձնական փորձով մոտ հինգ տարի առաջ մի ձևով, որն ինձ վրա կարող էր թանկ նստել:

Մենք ճանապարհորդում էինք ընտանիքի և ընկերների հետ Օմանի հարավային մասում: Մենք որոշեցինք հանգստանալ Հնդկական օվկիանոսի ծովածոցի ափին: Մեր ժամանումից քիչ հետո, մեր 16 տարեկան աղջիկը՝ Նելլին, հարցրեց, թե կարո՞ղ էր լողալ մինչև այն տեղը, որը նրան ավազե կղզյակ էր թվում: Նկատելով ալեկոծվող ջուրը, ես ասացի, որ ես առաջինը կգնամ, մտածելով, որ կարող էին լինել վտանգավոր հոսանքներ:

Մի փոքր լողալուց հետո, ես ձայն տվեցի կնոջս հարցնելով, թե արդյոք մոտ էի ավազե կղզյակին: Նրա պատասխանն էր. «Դու անցել ես դրա կողքով»: Առանց նկատելու ես թակարդվել էի հակընթաց հոսանքի մեջ և ուժգնորեն քշվում էի դեպի բաց ծով:

Չգիտեի ինչ անել: Միակ բանը, որի մասին կարող էի մտածել ետ շրջվելն էր և հետ լողալը դեպի ափ: Այդ դեպքում դա անդառնալի սխալ կլիներ: Ես անօգնական էի զգում: Ուժերը, որոնք իմ վերահսկողությունից դուրս էին, քշում էին ինձ ավելի հեռու դեպի ծովի խորքը: Գործն ավելի էր բարդանում նրանով, որ կինս, վստահելով իմ որոշմանը, հետևել էր ինձ:

Եղբայրներ և քույրեր, կարծում եմ հավանականությունը մեծ էր, որ ես կենդանի չմնայի և իմ որոշման պատճառով, կնոջս մահվան պատճառը դառնայի: Մեծ ջանքերից հետո և ինչը հավատում եմ աստվածային միջամտության արդյունք էր, մեր ոտքը ինչ որ կերպ հասավ ավազե հատակին, և մենք կարողացանք ապահով վերադառնալ մեր ընկերների և դստեր մոտ:

Կան շատ հոսանքներ մեր այս երկրային կյանքում, մի քանիսը ապահով, իսկ մյուսները ոչ: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, որ կան հզոր ուժեր մեր իսկ կյանքում, որոնք նման են օվկիանոսի անտեսանելի հոսանքներին: Այդ ուժերն իրական են: Մենք երբեք չպետք է անտեսենք դրանք:

Թույլ տվեք պատմել ձեզ մեկ այլ հոսանքի մասին, մի աստվածային հոսանքի մասին, որը մեծ օրհնություն է դարձել իմ կյանքում: Ես նորադարձ եմ Եկեղեցում: Իմ դարձից առաջ իմ կյանքի ձգտումը դահուկավազքն էր և հետևաբար ես ավագ դպրոցից հետո տեղափոխվեցի Եվրոպա՝ իրականացնելու այդ ցանկությունը: Մի քանի ամիս անց, որը կատարյալ կյանք էր թվում, ես զգացի, որ պետք է մեկնեմ: Այդ ժամանակ ես չէի հասկանում այդ զգացման սկզբնաղբյուրը, բայց ընտրեցի հետևել դրան: Ես հայտնվեցի Պրովոյում, Յուտա մի քանի լավ ընկերների հետ, ովքեր ինձ նման տարբեր հավատքի մարդիկ էին:

Երբ Պրովոյում էի, ես հանդիպեցի մարդկանց, ովքեր ապրում էին շատ տարբեր կյանքով, քան ես: Ես զգում էի, որ նրանք ձգում էին ինձ, չնայած չգիտեի, թե ինչու: Սկզբում ես դիմադրում էի այդ զգացումներին, բայց շուտով ես խաղաղություն և հանգստություն գտա, որը երբեք չէի զգացել: Ես սկսեցի շարժվել այլ հոսանքով, որը ինձ բերեց Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի սիրո ըմբռնմանը:

Ես մկրտվեցի իմ ընկերների հետ 1972թվականին: Այդ նոր հոսանքը, որին ընտրեցի հետևել՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը, տվեց ուղղություն և իմաստ իմ կյանքին: Սակայն այն առանց մարտահրավերների չէր: Ամեն ինչ նոր էր ինձ համար: Երբեմն ինձ զգում էի կորած և շփոթված: Հարցեր և մարտակոչեր էին ուղղվում ինչպես ընկերների այնպես էլ ընտանիքի կողմից:

Ես ստիպված էի ընտրություն կատարել: Նրանց հարցերից մի քանիսը ստեղծում էին կասկած և անվստահություն: Այդ ընտրությունը կարևոր էր: Ո՞ւր դիմեի պատասխանների համար: Շատերն էին ձգտում համոզել ինձ սխալ ուղով ընթանալու մեջ, «հակընթաց հոսանքները» վճռել էին հեռու վանել ինձ խաղաղ հոսանքից, որը դարձել էր երջանկության հրաշալի աղբյուր: Ես շատ հստակորեն հասկացա, որ «բոլոր բաներում հակադրություն» լինելու սկզբունքը, ինքնուրույն գործելու և իմ ազատ կամքը ուրիշներին չթողնելու կարևորությունը:

Ես հարցրեցի ինքս ինձ. «Ինչո՞ւ պետք է հեռանամ նրանից, ինչը բերեց ինձ այդպիսի մեծ մխիթարություն»: Ինչպես Տերը հիշեցրեց Օլիվեր Քաուդերիին. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ»: Իմ փորձառությունը նմանատիպ էր: Այդ պատճառով ես նույնիսկ ավելի մեծ պատրաստակամությամբ դիմեցի սիրող Երկնային Հորը, սուրբ գրություններին և վստահելի ընկերներին:

Այնուամենայնիվ կային շատ հարցեր, որոնց ես չէի կարող պատասխանել: Թույլ չտալով, որ դրանք կործանեին այն խաղաղությունն ու երջանկությունը, որ եկել էր իմ կյանք, ես ընտրեցի որոշ ժամանակով դրանք մի կողմ դնել, վստահելով, որ Իր ուրույն ժամանակինՏերը կբացահայտեր բոլոր բաները: Ես մխիթարություն գտա Նրա հայտարարության մեջ, որն ուղղված էր Մարգարե Ջոզեֆին. «Ահա, դուք փոքր երեխաներ եք և չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. Դուք պետք է աճեք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ»: Ես որոշեցի չլքել այն, ինչ գիտեի, որ ճշմարիտ էր, հետևելով անհայտ և կասկածելի մի հոսանքի՝ ‑հավանաբար հակընթաց մի հոսանքի»: Ինչպես Նախագահ Ն. Էլդոն Թաններն է ուսուցանել, ես իմացա, թե «որքան ավելի իմաստուն և ավելի լավ է մարդու համար ընդունել ավետարանի պարզ ճշմարտությունները … և հավատքով ընդունել այն բաները, որոնք նա … չի կարողանում հասկանալ»:

Սա արդյո՞ք նշանակում է, որ տեղ չկա ազնվորեն հարցնելու համար: Հարցրեք այն պատանուց, ով ապաստան որոնեց սրբազան պուրակում, ցանկանալով իմանալ, թե բոլոր եկեղեցիներից որ մեկն ընտրեր: Վարդապետություն և Ուխտերը վերցրեք ձեր ձեռքը և իմացեք, որ մեծ մասը, ինչ հայտնի է դարձվել այս ոգեշնչված հիշատակարանում, եղել է ճշմարտության համար խոնարհ որոնման արդյունքում: Ինչպես Ջոզեֆը պարզեց. «Եթե մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդէ Աստուածանից, [ով] ամենին տալիս է առատութեամբ, … եւ կտրուի նորան»: Տալով անկեղծ հարցեր և որոնելով աստվածային պատասխաններ, մենք սովորում ենք «տող առ տող, ցուցում առ ցուցում», երբ մենք աճում ենք գիտությամբ և իմաստությամբ:

Հարցը նրանում չէ. «Կա՞ արդյոք տեղ ազնիվ, անկեղծ հարցերի համար», այլ ավելի շուտ՝ «Ո՞ւր ես դիմեմ ճշմարտության համար, երբ ես հարցեր եմ ունենում: Արդյոք կլինե՞մ բավականաչափ իմաստուն ամուր կառչելու նրանից, ինչը գիտեմ, որ ճշմարիտ է, չնայած մի քանի հարցերին, որ գուցե ունենամ ես»: Ես վկայում եմ, որ կա աստվածային աղբյուր՝ Մեկը ով գիտի բոլոր բաները՝ վերջը ի սկզբանե: Բոլոր բաները ներկա են Նրա առաջ: Սուրբ գրությունները վկայում են, որ Նա «չի քայլում ծուռ շավիղներով …, ոչ էլ շեղվում է այն բանից, ինչ ասել է»:

Այս մահկանացու ճանապարհորդությունում մենք երբեք չպետք է մտածենք, որ մեր ընտրությունները միայն մեզ վրա են ազդում: Վերջերս մի երիտասարդ այցելեց մեր տուն: Նա բարեհոգի էր, բայց ես զգացի, որ նա լիարժեք ակտիվ չէր Եկեղեցում: Նա պատմեց ինձ, որ մեծացել է ավետարանակենտրոն տանը, մինչև նրա հայրը դավաճանեց իր մորը, որի արդյունքում նրանք բաժանվեցին և դա ազդեց իր բոլոր եղբայրների և քույրերի վրա, ովքեր կասկածեցին Եկեղեցուն ևհեռացան: Սիրտս ծանրացել էր, երբ խոսում էի այդ երիտասարդ հոր հետ, ով այժմ իր հոր ընտրություններից ազդված մեծացնում էր այդ թանկագին հոգիներին Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնություններից դուրս:

Ես ճանաչում եմ մեկ այլ մարդու, ով մի ժամանակ Եկեղեցու հավատարիմ անդամ էր, նա հարցեր ուներ որոշ վարդապետությունների վերաբերյալ: Փոխարենը հարցնելու Երկնային Հորը պատասխանների համար, նա ընտրեց հենվել միայն աշխարհիկ աղբյուրների վրա առաջնորդության համար: Նրա սիրտը շրջվեց սխալ ուղղությամբ, երբ նա որոնեց այն, ինչը կարծես թե մարդկանց գովասանքներն էին: Նրա հպարտությունը կարող էր բավարարվել, բայց ժամանակավորապես, բայց նա կտրվեց երկնքի զորություններից: Ճշմարտությունը գտնելու փոխարեն, նա կորցրեց իր վկայությունը և իր հետ տարավ ընտանիքի շատ անդամների:

Այդ երկու տղամարդիկ ընկան անտեսանելի հակընթաց հոսանքների թակարդը և իրենց հետ տարան շատերին:

Մյուս կողմից, ես մտածում եմ ԼաՌու և Լյուի Միլլերների՝ կնոջս ծնողների մասին, ովքեր երբեք շատ աշխարհիկ ունեցվածք չեն ունեցել, բայց ընտրել են սովորեցնել վերականգված ավետարանի մաքուր վարդապետություններն իրենց զավակներին, և ապրել դրանցով իրենց կյանքի յուրաքանչյուր օրը: Այդ անելով նրանք օրհնել են իրենց սերնդին ավետարանի պտուղներով և հավերժական կյանքի հույսով:

Իրենց տանը նրանք հաստատեցին մի օրինակ, որտեղ քահանայությունը հարգվում էր, որտեղ սերն ու ներդաշնակությունն առատ էր, և որտեղ ավետարանի սկզբունքներն ուղղորդում էին նրանց կյանքը: Լյուին և ԼաՌուն կողք կողքի ցույց էին տալիս, թե ինչ էր նշանակում ապրել կյանքը՝ ընդօրինակելով Հիսուս Քրիստոսին: Նրանց երեխաները կարողանում էին հստակ տեսնել, թե կյանքի, որ հոսանքներն էին բերում խաղաղություն և երջանկություն: Եվ նրանք ընտրում էին համապատասխանաբար: Ինչպես Նախագահ Քիմբալն է ուսուցանել. «Եթե մենք կարող ենք ստեղծել … ուժեղ, հաստատուն հոսանք, որը հոսում է դեպի արդարակյաց կյանքի մեր նպատակը, մենք և մեր երեխաները կարող ենք առաջ շարժվել չնայած դժվարություններին, հուսախաբություններին, [և] գայթակղության հակադիր քամիներին»:

Արդյոք մեր ընտրությունները նշանակություն ունեն: Մի՞թե դրանք ազդում են միայն մեր վրա: Արդյոք մենք հաստատուն ենք դրել մեր ուղղությունը վերականգնված ավետարանի հավերժական հոսանքում:

Ժամանակ առ ժամանակ ես մի պատկերացում եմ ունենում, որն իմ մեջ սոսկում է առաջացնում: Ի՞նչ կլիներ, եթե այդ սեպտեմբերյան օրը, երբ մենք հանգստանում էինք Հնդկական օվկիանոսի ափին, ես ասեի դստերս՝ Նելլիին.«Այո, առաջ անցիր:Լողա դեպի ավազաբլուրը»: Կամ եթե նա նույնպես հետևած լիներ իմ օրինակին և չկարողանար հետ լողալ: Ի՞նչ կլիներ, եթե ես ապրեի կյանքս՝ իմանալով, որ իմ օրինակի պատճառով էր նա քշվել հակընթաց հոսանքով դեպի ծովի խորքը, այլևս չվերադառնալով:

Արդյոք կարևո՞ր են այն հոսանքները, որ մենք ընտրում ենք: Արդյոք նշանակություն ո՞ւնի մեր օրինակը:

Երկնային Հայրն օրհնել է մեզ Սուրբ Հոգու գերագույն պարգևով՝ առաջնորդելու մեր ընտրությունները: Նա խոստացել է մեզ ոգեշնչում և հայտնություն, երբ մենք արժանի ապրենք դրանք ստանալու համար: Ես հրավիրում եմ ձեզ այս աստվածային պարգևի հնարավորությունից օգտվելու և քննելու ձեր ընտրությունները՝ ձեզ ուղղելով հետևյալ հարցը. «Արդյոք իմ ընտրություններն ամուր են սերմնավորված Հիսուս Քրիստոսի ավետարանի հարուստ հողում»: Ես կոչ եմ անում ձեզ կատարել անհրաժեշտ ճշգրտումները, լինեն դրանք փոքր թե մեծ, ապահովելու Երկնային Հոր ծրագրի հավերժական օրհնությունները ձեզ համար և նրանց համար, ում դուք սիրում եք:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և Քավիչը, ես վկայում եմ, որ այն ուխտերը, որոնք մենք կապում ենք Նրա հետ, սրբազան են և սուրբ: Մենք երբեք չպետք է թեթևամտորեն վարվենք սրբազան բաների հետ: Թող որ մենք ընդմիշտ մնանք հավատարիմ, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: