2010–2019 թթ․
Գտնելով հարատև խաղաղություն և կառուցելով հավերժական ընտանիքներ
Հոկտեմբեր 2014


15:6

Գտնելով հարատև խաղաղություն և կառուցելով հավերժական ընտանիքներ

Հիսուս Քրիստոսի ավետարանն է, որ ապահովում է հիմքը, որի վրա մենք կարող ենք գտնել հարատև խաղաղություն և կառուցել հավերժական ընտանեկան միավորներ:

Մեր ճանապարհորդությունը կյանքով ունի ինչպես լավ ժամանակահատվածներ, այնպես էլ վատ: Յուրաքանչյուրը ներկայացնում է տարբեր մարտահրավերներ: Ինչպես ենք սովորում հարմարվել փոփոխություններին, որոնք գալիս են այդ ընթացքում, կախված է նրանից, թե ինչ հիմքի վրա ենք կառուցում: Մեր Տիրոջ և Փրկչի ավետարանը ապահովում է անխախտ և ամուր հիմք: Այն կառուցվում է մաս առ մաս, երբ մենք ձեռք ենք բերում Իր զավակների համար Տիրոջ հավերժական ծրագրի մասին գիտելիք: Փրկիչը Վարպետ Ուսուցիչ է: Մենք հետևում ենք Նրան:

Սուրբ գրությունները վկայում են Նրա մասին և տալիս կատարյալ արդարակեցության մի օրինակ մեզ համար, որպեսզի հետևենք: Ես կիսվել եմ նախորդ համաժողովներից մեկում Եկեղեցու անդամների հետ, որ ես մի քանի տետրեր ունեմ, որոնցում մայրս արձանագրել է նյութեր, որոնք նա օգտագործում էր պատրաստելու իր Սփոփող Միության դասերը: Նշումները նույնքան արդիական են այսօր, որքան դրանք արդիական էին այն ժամանակ: Դրանցից մեկը մի մեջբերում է գրված 1908 թվականին Չարլզ Էդուարդ Ջեֆերսոնի կողմից Հիսուս Քրիստոսի բնավորության մասին: Այն ասում է.

«Լինել Քրիստոնյա նշանակում է հիանալ Հիսուսով այնպես անկեղծորեն և այնպես ջերմեռանդորեն, որ ամբողջ կյանքն անցնում է Նրա հետ՝ ձգտելով նմանվել Նրան:

Մենք կարող է սկսենք ճանաչել Նրան այն խոսքերից, որ Նա խոսել է, այն գործերից, որ Նա գործել է և նաև Նրա լռություններից: Մենք կարող ենք ճանաչել Նրան նաև այն տպավորությունից, որը Նա գործեց առաջինը՝ Իր ընկերների վրա և երկրորդը՝ Իր թշնամիների վրա և երրորդը՝ ընդհանրապես Իր ժամանակակից մարդկանց վրա:

Քսաներորդ դարի կյանքի բնորոշ գծերից մեկը դժգոհությունն է և [անհանգստությունը]: …

Աշխարհն աղաղակում է ինչ որ բանի համար, առանց իմանալու, թե ինչ է դա: Հարստությունը եկավ, աշխարհը լի է մարդու վարպետության և հանճարի գյուտերով, բայց մենք [այնուամենայնիվ] անհանգիստ ենք, չբավարարված [և] տարակուասանքների մեջ: [Եթե բացում ենք] Նոր Կտակարանը [մեզ ողջունում են այս խոսքերը]. «Եկեք ինձ մոտ և ես կտամ ձեզ հանգիստ, ես եմ կյանքի հացը, ես եմ աշխարհի լույսը, եթե որևէ մարդ ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի: Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ: Դուք կստանաք զորություն: Դուք կուրախանաք» (The Character of Jesus, [1908] 1, 7, 11, 15–16):

Տղամարդիկ և կանայք մասնավորապես ձևավորվում են նրանց կողմից, որոնց մեջ նրանք ընտրում են ապրել: Նրանց, ում նրանք նայում են և փորձում ընդօրինակել, նույնպես ձևավորում են նրանց: Հիսուսը մեծ Օրինակն է: Հարատև խաղաղություն գտնելու միակ ուղին Նրան նայելն է և ապրելը:

Ի՞նչն է Հիսուսի մասին կարևոր՝ մեր ուսումնասիրության համար:

«Նոր Կտակարանը գրողները … ոչ մի հոգ չեն տարել [Հիսուսի] հասակի, նրա կրած հագուստի կամ նրա ապրած տների մասին: … Նա ծնվել է մարագում, աշխատել է հյուսնի արհեստանոցում, ուսուցանել է երեք տարի և հետո մահացել խաչի վրա: … Նոր Կտակարանը գրվել է մարդկանց կողմից, ովքեր իրենց մտքում դրել էին, որ մենք … մեր աչքերը սևեռենք [Նրա] վրա», (The Character of Jesus, 21–22) այն համոզմունքով, որ Նա իսկապես Աստծո Որդին էր և է, աշխարհի Փրկիչն ու Քավիչը:

Փրկչի առակներից մեկը, հավատում եմ, հատկապես վերաբերում է մեր ներկայիս օրերին:

Այն պարունակվում է Մատթևոսի ԺԳ գլխում, որտեղ կարդում ենք.

«Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց և գնաց:

Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան:

Եւ տան Տիրոջ ծառաները մոտ գալով ասեցին նորան. Տէր, մի՞թե դու քո արտումը բարի սերմ չսերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները:

Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ: Ծառաներն էլ ասեցին նորան. Հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք:

Նա էլ ասեց, Ոչ. Մի գուցէ որոմները քաղելիս, ցորենն էլ նորանց հետ պոկէք:

Թող տուէք որ երկուսը միասին մեծանան մինչեւ հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կասեմ. առաջ որոմները քաղեցէք եւ նորանց խուրձ խուրձ կապեցէք այրելու, իսկ ցորենը ժողովեցէք իմ ամբարի մէջ» (հատվածներ 25–30):

Ողջ մարդկության այդ հին թշնամին գտել է այնքան շատ միջոցներ, որքան կարողացել է մտածել՝ ամենուրեք որոմներ տարածելու համար: Նա ուղիներ է գտել, որ դրանք ներթափանցեն նույնիսկ մեր սեփական տների սրբության մեջ: Ամբարիշտ և աշխարհիկ ուղիներն այնպես են տարածվել, որ կարծես ոչ մի իրական ուղի չկա դրանք քաղհանելու համար: Դրանք գալիս են լարերով և օդի միջով, հենց այն սարքերի միջոցով, որոնք մենք ստեղծել ենք մեզ կրթելու և զվարճացնելու համար: Ցորենն ու որոմներն աճել են սերտ միմյանց հետ: Դաշտը ղեկավարող տնտեսը պետք է ողջ իր ուժով սնուցի այն, ինչ բարի է և դարձնի դա այնքան ուժեղ և գեղեցիկ, որ որոմները չունենան գրավչություն՝ ոչ աչքի, ոչ էլ ականջի համար: Որքան օրհնված ենք մենք, որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ՝ ունենալով մեր Տիրոջ և Փրկչի թանկարժեք ավետարանը որպես հիմք, որի վրա, մենք կարող ենք կառուցել մեր կյանքը:

Մորմոնի Գրքից 2 Նեփիում մենք կարդում ենք. «Քանզի ահա, ես կրկին ասում եմ ձեզ, որ եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.5):

Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ աշխարհը գերիշխի և խլացնի այդ մեղմ ու բարակ ձայնը:

Մենք իհարկե նախազգուշացվել ենք այն իրադարձությունների մասին, որոնց պետք է դիմակայենք մեր օրերում: Մեր մարտահրավերը կլինի թե ինչպես ենք մենք պատրաստվում այն իրադարձություններին, որոնք Տերն ասել է անկասկած դեռ գալու են:

Մեր մտահոգված հասարակությունում շատերն են հասկանում, որ ընտանիքի փլուզումը կբերի միայն վիշտ և հուսահատություն անհանգիստ աշխարհում: Որպես Եկեղեցու անդամներ մենք պատասխանատվություն ունենք պահպանել և պաշտպանել ընտանիքը որպես հասարակության և հավերժության հիմնական միավոր: Մարգարեները զգուշացրել են և նախազգուշացրել ընտանեկան արժեքների այլասերման կործանարար հետևանքների մասին:

Երբ աշխարհը շարունակում է հետևել մեզ, եկեք համոզված լինենք, որ մեր օրինակը կհաստատի և կաջակցի Տիրոջ ծրագրին, որը Նա նախագծել է Իր զավակների համար՝ այստեղ մահկանացու կյանքում: Ամենից մեծագույն ուսուցումը պետք է տարվի արդարակյաց օրինակի միջոցով: Մեր տները պետք է լինեն սուրբ վայրեր, որպեսզի դեմ կանգնեն աշխարհի ճնշումներին: Հիշեք, որ Տիրոջ ամենից մեծագույն օրհնությունները գալիս են և տրվում են արդարակյաց ընտանիքներին:

Մենք պետք է զգուշորեն շարունակենք գնահատել մեր աշխատանքը որպես ծնողներ: Ամենազորավոր ուսուցումը, որը երեխան կարող է երբևէ ստանալ, կգա հոգատար և արդարակյաց հայրերից և մայրերից: Առաջինը եկեք նայենք մոր դերին: Լսեք այս մեջբերումը Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից.

«Կանայք, ովքեր դարձնում են տունը օջախ, ավելի մեծ ներդրում են կատարում հասարակության համար, քան նրանք, ովքեր ղեկավարում են մեծաթիվ բանակներ կամ գլխավորում նշանավոր ընկերություններ: Ո՞վ կարող է գնապիտակ դնել այն ազդեցության վրա, որ մայրն ունի իր երեխաների, տատիկը իր հետնորդների, կամ հորաքույրները և քույրերը իրենց ընտանիքի անդամների վրա:

Մենք չենք կարող սկսել չափել կամ հաշվարկել կանանց ազդեցությունը, ովքեր իրենց իսկ ուղիներով կառուցում են կայուն ընտանեկան կյանք և դաստիարակում հավիտենական բարու համար ապագա սերունդներին: Այս սերնդի կանանց ընտրությունները կլինեն հավերժական իրենց հետևանքներով: Կարո՞ղ եմ առաջարկել, որ այսօրվա մայրերն ավելի մեծ հնարավորություն և ավելի լուրջ մարտահրավեր չունենան, բացի այն ամենն անելը, ինչ իրենք կարող են, [օջախը] զորացնելու համար» (Standing for Something: 10 Neglected Virtues That Will Heal Our Hearts and Homes [2000], 152):

Այժմ եկեք տեսնենք, թե ինչ դեր է խաղում հայրը մեր կյանքում.

Հայրերը տալիս են օրհնություններ և կատարում սրբազան արարողություններ իրենց երեխաների համար: Սրանք կդառնան հոգևոր իրադարձություններ նրանց կյանքում:

Հայրերն անձնապես ներգրավված են ընտանեկան աղոթքները, ամենօրյա սուրբ գրությունների ընթերցանությունը և ամենշաբաթյա ընտանեկան տնային երեկոները ղեկավարելում:

Հայրերն են ստեղծում ընտանեկան ավանդույթներ ներգրավված լինելով օգնելու արձակուրդային ուղևորություններ և քաղաքից դուրս զբոսանքներ ծրագարավորելու, որը կընդգրկի ողջ ընտանիքի անդամներին: Այս հատուկ ժամանակը միասին անցկացնելը երբեք չի մոռացվի նրանց երեխաների կողմից:

Հայրերը մեկ առ մեկ հանդիպում են ունենում իրենց երեխաների հետ և ուսուցանում նրանց ավետարանի սկզբունքներ:

Հայրերն ուսուցանում են որդիներին և դուստրերին աշխատանքի կարևորությունը և օգնում նրանց հաստատել արժանավոր նպատակներ իրենց սեփական կյանքում:

Հայրերը հավատարիմ ավետարանական ծառայության օրինակ են հանդիսանում:

Խնդրում ենք, հիշեք եղբայրներ, ձեր սրբազան կոչումը որպես հայր Իսրայելում՝ ձեր ամենակարևոր կոչումը ժամանակի և հավերժության մեջ, մի կոչում, որից դուք երբեք չեք ազատվելու:

Շատ տարիներ առաջ ցցի համաժողովում, մենք սովորաբար ցույց էինք տալիս մի կինոֆիլմ, որպեսզի լուսաբանեինք ներկայացվող ուղերձի թեման: Մեկ տարվա ընթացքում, երբ մենք ճանապարհորդում էինք ողջ Եկեղեցով մեկ՝ այցելելով մեզ հանձնարարված ցցի համաժողովներին, մենք շատ լավ ծանոթացանք այդ կինոնկարի բովանդակությանը: Մենք կարողանում էինք գրեթե անգիր մեջբերել այն: Այդ ուղերձը մնացել է իմ մտքում բոլոր այս տարիների ընթացքում: Կինոնկարում խոսողը Նախագահ Հարոլդ Բ. Լին էր և մի պատմություն էր պատմում, որը տեղի էր ունեցել իր դստեր տանը: Դա մոտավորապես այսպես է ներկայացվում.

Մի երեկո տան մայրը ջանասիրաբար փորձում էր ավարտել մրգի պահածոյացումը: Ի վերջո երեխաները պատրաստ էին քնելու և ամեն ինչ կարգավորված էր: Այժմ ժամանակն էր անցնել մրգի գործին: Երբ նա սկսեց կլպել միրգը և կորիզները հանել, երկու փոքրիկ տղաները հայտնվեցին խոհանոցում և հայտարարեցին, որ իրենք պատրաստ էին իրենց գիշերային աղոթքներին:

Չցանկանալով ընդհատել, մայրը շատ արագ ասաց տղաներին. «Գուցե այսօր մենակ ասեք ձեր աղոթքներն այս գիշեր, իսկ մայրիկը ուղղակի կշարունակի մրգի հետ կապված գործը»:

Երկու որդիներից մեծը անշարժ կանգնեց իր տեղում և հարցրեց. «Ո՞րն է ամենակարևորը, աղոթքները, թե՞ միրգը»: (Տես Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 143–44.)

Երբեմն այնպիսի իրավիճակում ենք հայտնվում, երբ հնարավորություն ենք ունենում ուսուցանել երեխաներին մի դաս, որը կունենա հարատև ազդեցություն նրանց մատղաշ կյանքի վրա: Իհարկե, աղոթքները ավելի կարևոր են, քան միրգը: Հաջողված ծնողը երբեք չպետք է խիստ զբաղված լինի, որպեսզի պահը որսա, երբ կարևոր դաս կարող է ուսուցանվել:

Իմ խորին համոզմունքն է, որ երբեք չի եղել մի ժամանակահատված իմ կյանքի երկար տարիների ընթացքում, երբ մեր Երկնային Հոր զավակներն ավելի հավատարիմ, նվիրված ծնողների առաջնորդող ձեռքի կարիքն ունեցած լինեն: Մենք ունենք ծնողների մեծ և ազնվազարմ ժառանգություն, ովքեր հրաժարվում են գրեթե ամեն ինչից, որ ունեն՝ գտնելու մի տեղ, որտեղ նրանք կկարողանային մեծացնել իրենց ընտանիքները հավատքով և քաջությամբ, որպեսզի հաջորդ սերունդն ունենա ավելի մեծ հնարավորություններ, քան իրենք են ունեցել: Մենք պետք է գտնենք մեր մեջ այդ նույն վճռականության ոգին և հաղթահարենք մարտահրավերները, որոնց առճակատում ենք նույն զոհաբերության ոգով: Մենք պետք է պատվաստենք ապագա սերունդների մեջ շատ ավելի ուժեղ ապավինում մեր Տեր ու Փրկչի ուսմունքներին:

«Եվ, այժմ, իմ որդիներ, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):

Հիսուս Քրիստոսի ավետարանն է, որ ապահովում է հիմքը, որի վրա մենք կարող ենք գտնել հարատև խաղաղություն և կառուցել հավերժական ընտանիքներ: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: