Շարունակվող հայտնություն
Մարդկային դատողությունն ու տրամաբանությունը բավական չեն կյանքում կարևոր հարցերի պատասխաները ստանալու համար: Մենք Աստծուց եկող հայտնության կարիքն ունենք:
Այսօր ես հույս եմ տածում, որ մենք բոլորս կզգանք Աստծո սերն ու լույսը: Այսօր ունկնդիրներից շատերը մեր սիրելի Երկնային Հորից եկող անձնական հայտնության օրհնության հրատապ կարիքն ունեն:
Միսիայի նախագահների համար դա կարող է աղերսող աղոթքը լինել, որպեսզի իմանան ինչպես քաջալերել մաքառող միսիոներին: Աշխարհում պատերազմից ավերված վայրում ապրող հոր կամ մոր համար դա կլինի ընտանիքը ապահով վայր տեղափոխելու կամ իրենց բնակավայրում գոյատևելու հուսահատ կարիքը: Հարյուրավոր ցցերի նախագահները և եպիսկոպոսները աղոթում են այսօր իմանալու համար՝ ինչպես կարող են օգնել Տիրոջը՝ կորած ոչխարին փրկելու համար: Իսկ մարգարեն կուզենա իմանալ, ինչ է Տերը ցանկանում, որ ինքը խոսքի Եկեղեցու և անհանգիստ աշխարհի համար:
Մենք բոլորս գիտենք, որ մարդկային դատողությունն ու տրամաբանությունը բավական չէ կյանքում կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար: Մենք Աստծուց եկող հայտնության կարիքն ունենք: Եվ մենք ոչ միայն մեկ հայտնության կարիք ունենք նեղության պահին, այլև կարիքն ունենք անընդհատ թարմացող հոսքի: Մենք ոչ թե լույսի և սփոփանքի մեկ առկայծման, այլև Աստծո հետ հաղորդակցվելու շարունակական օրհնության կարիքն ունենք:
Եկեղեցու գոյության սկիզբը հանդիսացավ մի պատանի, ով գիտեր, որ դա ճիշտ էր: Պատանի Ջոզեֆ Սմիթը գիտեր, որ ինքնուրույն չէր կարող իմանալ՝ որ եկեղեցուն պետք է միանար: Այնպես որ, նա խնդրեց Աստծուն, ինչպես Հակոբոսի գրքում է գրված: Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին հայտնվեցին ծառերի պուրակում: Նրանք պատասխանեցին այդ հարցին, որի լուծումը Ջոզեֆի ուժից վեր էր:
Այն ժամանակ ոչ միայն նա կանչվեց Աստծո կողմից հիմնելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, այլև դրա հետ միասին վերականգնվեց Սուրբ Հոգին հրավիրելու զորությունը, որպեսզի Աստծուց եկող հայտնությունը շարունակական լինի:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերն այսպես է նկարագրել ճշմարիտ Եկեղեցու այս բնորոշ գիծը. «Հայտնությունը շարունակվում է Եկեղեցում. Մարգարեն ստանում է այն Եկեղեցու համար, նախագահն իր ցցի, իր միսիայի կամ իր քվորումի համար, եպիսկոպոսն իր ծխի համար, հայրն իր ընտանիքի համար, անհատն ինքն իրեն համար»:
Հայտնության այդ հրաշալի գործընթացը սկսվում, ավարտվում և շարունակվում է, երբ անձնական հայտնություն ենք ստանում: Եկեք որպես օրինակ դիտարկենք մեծ Նեփիին՝ Լեքիի որդուն: Նրա հայրը երազ տեսավ: Նեփիի ընտանիքի մյուս անդամները Լեքիի երազը համարեցին որպես մտավոր խառնաշփոթության ապացույց: Երազում Աստված պատվիրեց, որ Լեքիի որդիները, վտանգելով իրենց կյանքը, վերադառնային Երուսաղեմ և բերեին թիթեղները, որոնք պարունակում էին Աստծո խոսքը, որպեսզի դրանք իրենց հետ խոստացված երկիր տանեին:
Մենք հաճախ ենք մեջբերում Նեփիի խիզախ հայտարարությունը, երբ հայրը խնդրեց նրանց վերադառնալ Երուսաղեմ: Դուք գիտեք այդ խոսքերը. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:
Երբ Լեքին լսեց Նեփիի այս խոսքերը, սուրբ գրություններն ասում են, որ «նա չափազանց ուրախացավ»: Նա ուրախացավ, քանի որ գիտեր, որ Նեփին օրհնվել էր հաստատող հայտնությամբ, որ իր հոր երազը իրական հաղորդակցություն էր եղել Աստծո հետ: Նեփին չասաց. «Ես կգնամ ու կանեմ այն, ինչ իմ հայրն է ասում»: Այլ նա ասաց. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:
Ձեր ընտանիքների փորձից դուք ևս գիտեք, թե ինչու Լեքին «չափազանց ուրախացավ»: Նրա ուրախության պատճառն այն էր, որ Նեփին հաստատող հայտնություն էր ստացել:
Շատ ծնողներ ընտանեկան կանոններ են սահմանում, թե երեկոյան որ ժամին պետք է դեռահաս երեխան տուն վերադառնա: Բայց պատկերացրեք ծնողի ուրախությունը, երբ իմանում է, ինչպես շաբաթներ առաջ մի ծնող իմացավ, որ իր երեխան, որը տնից հեռու էր ապրում, ոչ միայն երեկոյան տուն վերադառնալու ժամ էր սահմանել, այլև կիրակին էր պահում, ինչպես իրեն տանն էին սովորեցրել: Ծնողի հայտնությունն իր տևական ազդեցությունն է թողնում երեխայի մեջ շարունակվող անձնական հայտնության վրա:
Մայրս պետք է որ հասկացած լիներ հայտնության այդ սկզբունքը: Երբ երիտասարդ էի և երեկոյան ուշ էի վերադառնում, ես կամաց փակում էի տան դուռը: Իմ սենյակ գնալու համար պետք է անցնեի մորս ննջասենյակի կողքով: Որքան էլ կամաց ոտքի ծայրերի վրա քայլեի, երբ մոտենում էի նրա կիսաբաց դռանը, միշտ կամացուկ լսում էի իմ անունը. «Հալ, ներս արի մի վայրկյանով»:
Ես ներս էի մտնում և նստում նրա անկողնու եզրին: Սենյակում մութ էր: Եթե կողքից լսեիք, կկարծեիք դա ընդամենը կյանքի մասին ընկերական զրույց էր: Բայց առ այսօր միտքս են գալիս նրա խոսքերն այն նույն զորությամբ, ինչը զգացել եմ իմ հայրապետական օրհնությունը կարդալիս:
Ես չգիտեմ, ինչ էր նա խնդրում իր աղոթքներում, երբ սպասում էր ինձ այդ գիշերներին: Կարող եմ ենթադրել, որ դրանք մասնավորապես իմ ապահովության համար են եղել: Բայց վստահ եմ, որ նա աղոթել է այնպես, ինչպես հայրապետն է աղոթում նախքան օրհնություն տալը: Նա աղոթում է, որ իր խոսքերը հասնեն օրհնություն ստացողին ոչ թե որպես իր, այլ որպես Աստծո խոսքեր: Մորս աղոթքներն այդ օրհնության համար իմ դեպքում պատասխանվեցին: Նա հոգևոր աշխարհում է ավելի քան 40 տարի: Վստահ եմ, նա անչափ ուրախ է, որ ես օրհնվել եմ, ինչպես ինքն էր խնդրել, որպեսզի իր խորհրդի մեջ լսեի Աստծո հրամանները: Եվ ես փորձել եմ գնալ և անել այնպես, ինչպես նա կցանկանար:
Ես շարունակվող հայտնության այդ նույն հրաշքը տեսել եմ Եկեղեցու ցցի նախագահների և եպիսկոպոսների մոտ: Եվ, ինչպես ընտանիքի ղեկավարների հայտնություն ստանալու դեպքում է, հայտնությունն արժեքավոր է միայն այն դեպքում, երբ ղեկավարման ներքո գտնվող մարդիկ ստանում են հաստատող հայտնություն:
Ես հայտնության այդ հրաշքի ականատեսն եմ եղել 1976թ. Այդահոյում՝ Տետոն ամբարտակի փլուզումից հետո: Ձեզանից շատերը լսել են տեղի ունեցածի մասին: Բայց հետագա օրերին ցցի նախագահի ստացած շարունակական հայտնություններն օրհնեցին մեզ բոլորիս:
Հազարավոր մարդիկ տեղափոխվեցին, քանի որ նրանց տները քանդվել էին: Փրկարար ջանքերը ղեկավարում էր տեղի ցցի նախագահը, ով ագարակատեր էր: Ես աղետից մի քանի օր հետո Ռիքս քոլեջի դասարաններից մեկում էի: Դաշնային աղետների գործակալության մի ղեկավար էր ժամանել: Նա և իր գլխավոր օգնականները ներս մտան այն մեծ լսարանը, որտեղ ցցի նախագահը հավաքել էր եպիսկոպոսներին և նույնիսկ տեղի մի քանի այլ կրոնական ծառայողների: Ես այնտեղ էի, քանի որ փրկվածներից շատերին օգնություն էր ցուցաբերվել և ապաստան էր տրվել այն քոլեջի հանրակացարանում, որի նախագահը ես էի:
Երբ ժողովը սկսվեց, դաշնային աղետների գործակալության ներկայացուցիչը կանգնեց և սկսեց պաշտոնական ձայնով ասել, թե ինչ պետք է արվեր: Հինգ թե վեց առաջադրանքներից յուրաքանչյուրը նշելուց հետո, որոնք նա շատ կարևորում էր, ամեն անգամ ցցի նախագահը հանգիստ պատասխանում էր. «Մենք արդեն դա արել ենք»:
Մի քանի րոպեից, կառավարության այդ ներկայացուցիչն ասաց. «Լավ, կարծում եմ, ուղղակի մի փոքր կնստեմ և կդիտեմ»: Այնուհետև նա և իր տեղակալները լսում էին, թե ինչպես էին եպիսկոպոսներն ու երեցների քվորումների նախագահները զեկուցում իրենց կատարած գործերի մասին: Նրանք նկարագրում էին՝ իրենց ղեկավարներից ինչ հրահանգներ էին ստացել և կատարել: Նրանք նաև պատմեցին՝ ինչ ոգեշնչումներ են ստացել ընտանիքներին գտնելու և նրանց օգնելու հրահանգներն իրագործելիս: Այդ օրն արդեն ուշ էր: Նրանք բոլորը շատ հոգնած էին, չէին կարողանում շատ զգացմունքներ արտահայտել, բացի մարդկանց հանդեպ սերը:
Ցցի նախագահը մի քանի վերջին հրահանգներ տվեց եպիսկոպոսներին, և ապա հայտնեց, որ հաշվետվությունների մյուս ժողովը տեղի կւոնենա հաջորդ օրը վաղ առավոտյան:
Հաջորդ օրը դաշնային թիմի ղեկավարը առավոտյան հաշվետվության և առաջադրանքների ժողովից 20 րոպե շուտ եկավ: Ես կանգնած էի այնտեղ: Եվ լսեցի, ինչպես նա հանգիստ ասաց ցցի նախագահին. «Նախագահ, ի՞նչ կարող ենք ես և իմ թիմի անդամներն անել»:
Այն, ինչ տեսավ այդ մարդը, ես տեսել եմ ամբողջ աշխարհում՝ աղետների և փորձությունների ժամանակ: Նախագահ Փաքերը ճիշտ էր: Շարունակվող հայտնությունը գալիս է ցցերի նախագահներին՝ բարձրացնելով նրանց իրենց իմաստությունից և ունակություններից վեր: Եվ բացի այդ, նրանց, ում նախագահն առաջնորդում է, Տերը տալիս է հաստատող վկայություն, որ նրա հրահանգները գալիս են Աստծո կողմից Սուրբ Հոգու միջոցով՝ անկատար մարդկային էակին:
Իմ կյանքում ես օրհնվել եմ, երբ կանչվել եմ հետևելու ոգեշնչված ղեկավարներին: Լինելով շատ երիտասարդ ես կանչվել եմ լինելու երեցների քվորումի նախագահի խորհրդական: Այնուհետև եղել եմ երկու շրջանների նախագահների խորհրդական, Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսի խորհրդական, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ և Եկեղեցու երկու Նախագահների խորհրդական: Ես տեսել եմ հայտնություններ, որ տրվել են նրանց, և այնուհետև հաստատվել իրենց հետևորդների համար:
Հավանության արժանացնող այդ անձնական հայտնությունը, որը մենք բոլորս փափագում ենք, հեշտ չի գալիս, կամ չի գալիս պարզապես խնդրելով: Տերը տվել է հետևյալ ուղեցույցը՝ օգնելու համար մեզ, որ ստանանք այդ վկայությունն Աստծուց: Դա ուղեցույց է բոլորիս համար, ովքեր անձնական հայտնություն են փնտրում:
«Թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր մարդկանց հանդեպ և հավատքի ընտանիքի հանդեպ, և թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից:
Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը»:
Դրանից ես խորհուրդ եմ քաղել բոլորիս համար: Թեթևամտորեն մի վերաբերվեք, երբ սեր եք զգում Աստծո մարգարեի հանդեպ: Որտեղ էլ որ ես գնացել եմ Եկեղեցում, ով էլ որ եղել է մարգարեն այդ ժամանակ, անդամները միշտ խնդրել են. «Երբ վերադառնաք Եկեղեցու գլխավոր վարչություն, խնդրում ենք, ասեք մարգարեին, թե որքան շատ ենք սիրում իրեն»:
Դա շատ ավելին է, քան հերոսին երկրպագելը կամ այն զգացմունքները, որ երբեմն ունենում ենք հերոսական կերպարներով հիանալիս: Դա պարգև է Աստծուց: Դրանով դուք ավելի հեշտ կստանաք հաստատող հայտնության պարգևը, երբ նա, որպես Տիրոջ մարգարե, խոսում է իր պաշտոնում: Սերը, որ դուք զգում եք, այն սերն է, որ Տերը տածում է Իր խոսնակի հանդեպ:
Հեշտ չէ մշտապես այդ զգացումն ունենալը, որովհետև Տերը հաճախ խնդրում է Իր մարգարեներին տալ խորհուրդ, որը մարդկանց համար դժվար ընդունելի է: Մեր հոգիների թշնամին փորձում է այնպես անել, որ մենք վիրավորվենք և կասկածենք մարգարեի Աստվածային կոչման մեջ:
Ես տեսել եմ ինչպես կարող է Սուրբ Հոգին դիպչել փափկած սրտով մի մարդու՝ Հիսուս Քրիստոսի խոնարհ աշակերտին պաշտպանելով հաստատող հայտնությամբ:
Մարգարեն ուղարկեց ինձ, որ կնքման սուրբ զորությունը շնորհեի հեռավոր փոքր քաղաքում ապրող մի մարդու: Միայն Աստծո մարգարեն ունի բանալիները՝ որոշելու, թե ով պետք է ստանա այդ սուրբ զորությունը, որը Տերը շնորհել է Պետրոսին, ավագ Առաքյալին: Ես այդ նույն կնքման զորությունը ստացել եմ, բայց միայն Եկեղեցու Նախագահի հրահանգով կարող էի շնորհել այն մեկ ուրիշին:
Սոլթ Լեյքից հեռու մի աղոթատան սենյակում ես ձեռքերս դրեցի մարգարեի կողմից ընտրված մի մարդու գլխին՝ շնորհելով կնքման զորությունը: Նրա ձեռքերից երևում էր, որ ողջ կյանքում հող մշակելով էր հայթհայթել իր համեստ ապրուստը: Նրա փոքրամարմին կինը նստած էր իր կողքին: Ակնհայտ էր, որ նա էլ էր ամուսնու հետ միասին տքնաջան աշխատել:
Ես արտասանեցի մարգարեի կողմից տրված խոսքերը. «Ունենալով ինձ տրված իշխանություն և պատասխանատվություն մարգարեից», այնուհետև նշելով մարգարեի անունը, «ով երկրի վրա այս ժամանակաշրջանում կրում է քահանայության բոլոր բանալիները, ես շնորհում եմ կնքման զորությունը» և նշեցի այդ մարդու անունը և ապա տաճարի անունը, որտեղ նա պետք է ծառայեր որպես կնքող:
Արցունքները հոսեցին նրա այտերով: Ես տեսա, որ նրա կինն էլ էր արտասվում: Ես սպասեցի, որ նրանք հանգստանային: Կինը կանգնեց և մոտեցավ ինձ: Նա նայեց ինձ և ապա երկչոտ ասաց, որ և ուրախ էր, և տխուր: Նա ասաց, որ այնքան մեծ հաճույքով է գնացել տաճար իր ամուսնու հետ, բայց այժմ զգում էր, որ չէր կարող միանալ ամուսնուն, քանի որ Աստված նրան էր ընտրել շնորհելու այդքան փառահեղ և սուրբ վստահությունը: Այնուհետև նա ասաց, որ իր կողակցի հետ տաճար գնալու համար անհամապատասխանության զգացումը պայմանավորված էր նրանով, որ ինքը չգիտեր ոչ գրել, ոչ էլ կարդալ:
Ես նրան վստահեցրի, որ ամուսնու համար պատիվ կլիներ կնոջ ընկերակցությունը տաճարում՝ իր կնոջ մեծ հոգևոր ուժի շնորհիվ: Նաև նրա լեզվի իմ քիչ գիտելիքով ես ասացի, որ Աստված իրեն հայտնել էր այն, ինչը վեր էր երկրային ամեն կրթությունից:
Նա Հոգու պարգևով գիտեր, որ Աստված Իր մարգարեի միջոցով երկնային վստահություն էր շնորհել իր սիրելի ամուսնուն: Նա գիտեր, որ կնքող զորությունը շնորհող բանալիները կրում էր մի մարդ, որին նա երբեք չէր տեսել և սակայն գիտեր, որ նա Աստծո կենդանի մարգարեն էր: Նա գիտեր, և իրեն ոչ մի կենդանի վկա չէր ասել, որ մարգարեն աղոթել էր իր ամուսնու անվան վրա: Նա գիտեր, որ այդ կանչը եկել էր Աստծուց:
Նա նաև գիտեր, որ ծեսերը, որոնք իր ամուսինը պետք է կատարեր, կապելու էին մարդկանց հավերժության համար սելեստիալ արքայությունում: Նրա սրտում և մտքում հաստատվեց, որ Պետրոսին տրված Տիրոջ խոստումը դեռևս շարունակվում է Եկեղեցում. «Այն որ կապես երկրի վրա, կապուած կլինի երկնքումը»: Նա գիտեր դա՝ Աստծուց եկած հայտնությամբ:
Եկեք վերադառնանք իմ ելույթի սկզբին: «Հայտնությունը շարունակվում է Եկեղեցում. Մարգարեն ստանում է այն Եկեղեցու համար, նախագահն իր ցցի, իր միսիայի կամ իր քվորումի համար, եպիսկոպոսն իր ծխի համար, հայրն իր ընտանիքի համար, անհատն ինքն իրեն համար»:
Ես բերում եմ իմ վկայությունը, որը ճշմարիտ է: Երկնային Հայրը լսում է ձեր աղոթքները, Նա սիրում է ձեզ: Նա գիտի ձեր անունը: Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին և մեր Քավիչը: Նա ձեզ սիրում է այնքան շատ, որ դա ձեր ընկալելու ունակությունից վեր է:
Աստված Սուրբ Հոգու միջոցով հայտնություն է թափում Իր զավակների վրա: Նա խոսում է Իր մարգարեի հետ երկրի վրա, ով այսօր Թոմաս Ս. Մոնսոնն է: Ես վկայում եմ, որ նա կրում և գործադրում է քահանայության բոլոր բանալիները երկրի վրա:
Երբ այս համաժողովին լսեք նրանց խոսքերը, ում Աստված կանչել է խոսելու Իր անունից, ես աղոթում եմ, որ դուք ստանաք ձեզ անհրաժեշտ հաստատող հայտնությունը՝ կրկին տուն տանող ձեր ուղին գտնելու և կնքված ընտանիքով Նրա հետ հավերժ ապրելու համար: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: