Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը
Չնայած կյանքում ունեցած մեր բազմաթիվ բացասական մարտահրավերներին, մենք պետք է ժամանակ տրամադրենք ակտիվորեն գործադրելու մեր հավատքը։
Երբ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում էին, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրանց գոյատևման համար, առատորեն տրված էր նրանց։ Նրանք չունեին դժվարություններ, խնդիրներ կամ ցավեր։ Քանի որ նրանք երբեք չէին ունեցել դժվարին ժամանակներ, նրանք չգիտեին, որ կարող են երջանիկ լինել։ Նրանք երբեք խառնաշփոթ իրավիճակում չէին հայտնվել, այնպես որ նրանք չէին կարող զգալ խաղաղություն։
Ի վերջո, Ադամն ու Եվան խախտեցին բարու և չարի իմաստության ծառից պտուղը չուտելու հրամանը․ Այդ անելով նրանք այլևս անմեղության վիճակում չէին։ Նրանք սկսեցին զգալ ընդդիմության սկզբունքները։ Նրանք բախվեցին հիվանդությունների, որոնք թուլացրեցին նրանց առողջությունը։ Նրանք սկսեցին զգալ տխրություն, ինչպես նաև ուրախություն։
Ադամի ու Եվայի արգելված պտուղն ուտելու շնորհիվ, բարու և չարի իմացությունը ներկայացվեց աշխարհին։ Նրանց ընտրությունը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տվեց գալ այս աշխարհ և փորձվել։ Մենք օրհված են ազատ կամքի ընտրությամբ, որը հանդիսանում է որոշում կայացնելու և այդ որոշումների համար հաշվետու լինելու մեր ունակությունը։ Անկումը մեր կյանքում հնարավոր դարձրեց զգալ երջանկություն և տխրություն։ Մենք կարող ենք հասկանալ խաղաղությունը, քանի որ մենք զգում ենք խառնաշփոթությունը։
Մեր Երկնային Հայրը գիտեր, որ դա տեղի կունենար մեզ հետ։ Այդ բոլորը Նրա երջանկության կատարյալ ծրագրի մի մասն է։ Նա ուղի պատրաստեց՝ Իր կատարյալ հնազանդ Որդի, Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի կյանքի շնորհիվ, Նրա քավության միջոցով հաղթահարելու բոլոր դժվարությունները, որոնք մենք կարող ենք ունենալ մահկանացու կյանքում։
Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Կարիք չկա, որ ես թվեմ երկրի վրա գոյություն ունեցող չարի բոլոր աղբյուրները։ Անհրաժեշտություն չկա նկարագրելու բոլոր հնարավոր մարտահրավերներն ու տառապանքները, որոնք մահկանացու կյանքի մասն են կազմում։ Մեզանից յուրաքանչյուրը քաջատեղյակ է մեր իսկ մաքառումներին՝ գայթակղություններով, ցավերով և տխրություններով հանդերձ։
Նախամահկանացու կյանքում մենք ուսուցանվել ենք, որ այստեղ գալու մեր նպատակը՝ ստուգվել, փորձվել և աճելն է։ Մենք գիտեինք, որ կհանդիպենք հակառակորդի չարիքին։ Երբեմն մենք ավելի շատ տեղյակ ենք մահկանացու կյանքի բացասական բաներից, քան տեղյակ ենք դրական բաներից։ Մարգարե Լեքին ուսուցանել է․ «Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում» Չնայած կյանքում ունեցած մեր բազմաթիվ բացասական մարտահրավերներին, մենք պետք է ժամանակ տրամադրենք ակտիվորեն գործադրելու մեր հավատքը։ Նման գործադրումը մեր կյանք է բերում Հիսուս Քրիստոսի Քավության հավատքով լեցուն զորությունը։
Մեր Երկնային Հայրը գործիքներ է տվել մեզ, որպեսզի օգնի մեզ գալու դեպի Քրիստոսը և գործադրելու հավատք Նրա Քավության հանդեպ։ Երբ այդ գործիքները դառնում են հիմնական սովորույթներ, նրանք դյուրին ճանապարհ են տրամադրում՝ գտնելու խաղաղություն մահկանացու կյանքի դժվարությունների մեջ։ Այսօր ես ընտրել եմ չորս այդպիսի գործիքներ ձեզ հետ քննարկելու համար։ Մինչ խոսում եմ, կարող եք գնահատել յուրաքանչյուր գործիքի ձեր անձնական կիրառման չափը, այնուհետև փնտրել Տիրոջ ցուցումները՝ որոշելու համար, թե ինչպես կարող եք ավելի լավ ձևով օգտագործել դրանցից ամեն մեկը։
Աղոթք
Առաջին գործիքը աղոթքն է։ Ընտրեք ձեր Երկնային Հոր հետ ավելի հաճախակի զրուցելը։ Ամեն օր ժամանակ գտեք Նրա հետ ձեր մտքերով և զգացումներով կիսվելու համար։ Պատմեք Նրան այն ամենն, ինչ մտահոգում է ձեզ։ Նա հետաքրքրված է ձեր կյանքի ամենակարևոր և ամենահասարակ բաներով։ Նրա հետ կիսվեք ձեր ողջ զգացմունքներով և փորձառություններով։
Քանի որ նա հարգում է ձեր ազատ կամքը, Հայրը որ Երկնքում է երբեք ձեզ չի ստիպի, որպեսզի աղոթեք Նրան։ Սակայն եթե դուք ձեր այդ ազատ կամքը գործադրեք, և Նրան ներգրավվեք ձեր առօրյա կյանքի ամեն մի փուլում, ձեր կյանքը կլցվի խաղաղությամբ, զվարթ խաղաղությամբ։ Այդ խաղաղությունը կօգնի ձեր մաքառումներին նայել հավերժական տեսանկյունից։ Այն կօգնի ձեզ այդ դժվարությունները կառավարել հավերժական տեսանկյունից։
Ծնողներ, պաշտպանեք ձեր զավակներին ամեն առավոտյան և երեկոյան զինելով նրանց ընտանեկան աղոթքի զորությամբ։ Ամեն օր երեխաները ռմբակոծվում են՝ տենչանքների, ագահության, հպարտության և այլ մեղսավոր վարքագծի չարիքներով։ Պաշտպանեք ձեր զավակներին աշխարհիկ ամենօրյա ազդեցություններից՝ ամրացնելով նրանց զորեղ օրհնություններով, որն արդյունք է ընտանեկան աղոթքի։ Ընտանեկան աղոթքը պետք է լինի ձեր առօրյա կյանքի անսակարկելի առաջնահերթությունը։
Սուրբ գրքերի ուսումնասիրություն
Երկրորդ գործիքը դա սուրբ գրություններում Աստծո խոսքի և կենդանի մարգարեների ուսումնասիրությունն է։ Մենք Աստծո հետ զրուցում ենք աղոթքի միջոցով։ Նա շատ հաճախ մեզ հետ շփվում է Իր գրված խոսքի միջոցով։ Որպեսզի իմանաք, թե ինչպիսին է Նրա ձայնը, ուսումնասիրեք սուրբ գբրությունները և խորհեք այն։ Այն դարձրեք առօրյա կյանքի կարևորագույն մասը։ Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները ճանաչեն, հասկանան և գործեն Հոգու հուշումներին համաձայն, դուք պետք է սուրբ գրություններն ուսումնասիրեք նրանց հետ։
Տեղի մի տվեք Սատանայի ստին, որ դուք ժամանակ չունեք ուսումնասիրելու սուրբ գրությունները։ Որոշեք ժամանակ գտնել դրանց ուսումնասիրության համար։ Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, վիդեո խաղերը կամ սոցիալական մեդիան։ Դուք պետք է ճանաչեք ձեր առաջնահերթությունները՝ ժամանակ գտնելով ուսումնասիրելու Աստծո խոսքը։ Եթե դա այդպես է, ապա արեք այդպես։
Կան սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրհնությունների բազմաթիվ մարգարեկան խոստումներ։
Ես իմ ձայնն եմ ավելացնում այս խոստումին․ Եթե դուք ամեն օր ժամանակ տրամարդեք անհատապես և ձեր ընտանիքի հետ Աստծո խոսքերի ուսումնասիրությանը, խաղաղություն կտիրի ձեր կյանքում։ Այդ խաղաղությունը դրսի աշխարհից չի գա։ Այն կգա ձեր տան ներսից, ձեր ընտանիքի կողմից, ձեր սրտի մեջից։ Դա կլինի Հոգու պարգև։ Այն կճառագի ձեզանից՝ ներազդելու աշխարհում ձեզ շրջապատողների վրա։ Դուք ինչ-որ կարևոր բան կանեք, որպեսզի ձեր ներդրումն ունենաք աշխարհի հավաքական խաղաղության մեջ։
Ես չեմ հայտարարում, որ ձեր կյանքում դժվարությունները կվերանան։ Հիշեք, որ երբ Ադամն ու Եվան եդեմի պարտեզում էին, նրանք չունեին դժվարություններ, այդուհանդերձ նրանք երջանկություն, ուրախություն և խաղաղություն չէին զգում։ Դժվարությունները մահկանացու կյանքի կարևորագույն մասն են կազմում։ Ամենօրյա, անդադար սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ դուք կգտնեք խաղաղություն ձեզ շրջապատող խառնաշփոթի մեջ և ուժ դիմակայելու գայթակղություններին։ Դուք զորեղ հավատք կձևավորեք առ Աստծո շնորհը և կիմանաք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ամեն ինչ արդար կդառնա՝ Աստծո ժամանակին համապատասխան։
Ընտանեկան երեկո
Մինչ դուք փորձում եք ամրապնդել ձեր ընտանիքն ու զարգացնել խաղաղություն, հիշեք այս երրորդ գործիքը․ շաբաթական ընտանեկան երեկո։ Զգույշ եղեք, որպեսզի ձեր ընտանեկան երեկոն չդարձնեք պարզապես զբաղված օրվա լրացուցիչ մաս։ Որոշեք, որ երկուշաբթի երեկոյան ձեր ընտանիքը կհավաքվի տանը երեկոյի համար։ Թույլ մի տվեք որպեսզի զբաղվածության պահանջները, սպորտը, արտադպրոցական գործունեությունը, տնային առաջադրանքը կամ որևէ այլ բան ավելի կարևոր լինի, քան այն ժամանակը, որը դուք միասին անց եք կացնում տանը ձեր ընտանիքի հետ։
Ձեր երեկոյի կառուցվածքն այնքան կարևոր չէ, որքան ձեր ներդրած ժամանակը։ Ավետարանը պետք է ուսուցանվի և պաշտոնապես և ոչ պաշտոնապես։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար այն դարձրեք իմաստալից փորձառություն։ Ընտանեկան երեկոն թանկարժեք պահ է՝ ապահով միջավայրում ձեր վկայությունները բերելու համար, սովորել՝ ուսուցանման, պլանավորման և կազմակերպչական հմտություններ, ամրապնդել ընտանեկան կապերը, զարգացնել ընտանեկան ավանդույթներ, զրուցել իրար հետ, և ավելի կարևոր է իրար հետ լավ ժամանակ անցկացնել։
Վերջին Ապրիլ ամսվա համաժողովի ժամանակ, Քույր Լինդա Ս․ Ռիվսն համարձակ հայտարարեց. «Եղբայրներ և քույրեր, ես պետք է վկայեմ ամեն օր սուրբ գրությունները կարդալու, աղոթելու և ընտանեկան երեկոների օրհնությունների մասին: Սրանք հենց այն փորձառություններն են, որոնք օգնում են հեռացնել լարվածությունը, մեր կյանքին ուղղվածություն են տալիս և ավելացնում են մեր տների պաշտպանվածությունը»։ Քույր Ռիվսը շատ իմաստուն կին է։ Ես վճռականորեն կոչ եմ անում ստանալ ձեր անձնական վկայությունն այս երեք կարևոր սովորույթների վերաբերյալ։
Տաճարային այցելություն
Չորրորդ գործիքը տաճար գնալն է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ավելի խաղաղ վայր չկա երկրի վրա, քան Աստծո տաճարներն են։ Եթե չունեք տաճարային երաշխավորագիր, արժանի եղեք այն ստանալու համար։ Եթե ունեք երաշխավորագիր, հաճախ օգտագործեք այն։ Գրանցվեք հերթական անգամ տաճարում լինելու համար։ Թույլ մի տվեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի խոչընդոտ հանդիսանալ ձեր այնտեղ լինելու համար։
Տաճարում եղած ժամանակ լսեք արարողությունների խոսքերը, խորհեք դրանց մասին, աղոթեք դրանց վերաբերյալ և փորձեք հասկանալ դրանց նշանակությունը։ Տաճարը ամենալավ վայրերից մեկն է, որտեղ մենք սկսում ենք հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Փնտրեք Նրան այնտեղ։ Հիշեք, որ շատ ավելի օրհնություններ եք ստանում տաճարում ձեր ընտանիքի անունները ներկայացնելուց։
Այս չորս գործիքները հիմնական սովորույթներն են, որոնք ձեր կյանքն ապահով են դարձնում Հիսուս Քրիստոսի Քավության զորությամբ։ Հիշեք, որ մեր Փրկիչը խաղաղության իշխանն է։ Այս մահկանացու կյանքում խաղաղությունը գալիս է Նրա Քավիչ զոհաբերությունից։ Երբ մենք շարունակաբար գիշեր ու ցերեկ աղոթում ենք, ուսումնասիրում մեր սուրբ գրություններն ամեն օր, անց կացնում շաբաթական ընտանեկան երեկոներ և կանոնավոր կերպով տաճար հաճախում, մենք ակտիվորեն պատասխանում ենք Նրա հրավերքին՝ «Ինձ մոտ եկեք»։ Որքան շատ ենք զարգացնում այդ սովորույթներն, այնքան Սատանան մտահոգ է դառնում մեզ վնասելու հարցում, սակայն այդ անելու նրա ունակությունն ավելի է պակասում։ Այդ գործիքների կիրառման շնորհիվ, մենք գործադրում ենք մեր ազատ կամքը՝ ընդունելու Նրա Քավիչ զոհաբերության ողջ ընծաները։
Ես չեմ առաջարկում, որ կյանքի բոլոր դժվարությունները կվերանան, եթե անեք այս բաները։ Մենք մահկանացու կյանք ենք եկել հատկապես փորձություններից ու փորձվելուց աճելու համար։ Դժվարությունները մեզ օգնում են ավելի նմանվել մեր Երկնային Հորը, և Հիսուս Քրիստոսի Քավությունը այդ դժվարությունները տանելի է դարձնում։ Ես վկայում եմ, որ եթե մենք ակտիվորեն գանք դեպի Նա, մենք կդիմանանք ամեն գայթակղության, ամեն կսկիծի, ամեն մեր հանդիպած դժվարության, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։