Սեմինարիա
2 Նեփի 9.50–52. «Դարձի եկեք դեպի Իսրայելի Սուրբը»


«2 Նեփի 9.50–52. «Դարձի եկեք դեպի Իսրայելի Սուրբը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 9.50–52», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 9.50–52

«Դարձի եկեք դեպի Իսրայելի Սուրբը»

պատանիները միասին ընթերցում են սուրբ գրություններ

Երբևէ զգացե՞լ եք մեծ երջանկություն մի բանից, որից հետո միայն հիասթափվել եք: Իր քարոզը Հակոբը եզրափակեց նեփիացիներին ուղղված այն խորհրդով, որ խուսափեն ժամանակը կամ փողը այնպիսի բաների վրա ծախսելուց, որոնք երկարատև բավարարվածություն չեն ապահովի: Նա առաջարկեց նրանց դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և վայելել ավետարանի օրհնությունները: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ օրհնություններ և բավարարվածություն փնտրելու ավելի մեծ ցանկություն զգալ, որոնք կարող է տալ միայն Հիսուս Քրիստոսը:

Վարդապետության ուսուցումը: Տերը պատվիրել է մեզ «միմյանց ուսուցանել արքայության վարդապետությունը» (Վարդապետություն և Ուխտեր 88.77): Այս վարդապետությունը բաղկացած է հավերժական ճշմարտություններից, որոնք կիրառելու դեպքում տանում են դեպի վեհացում: Այս ճշմարտությունների շարքում առանցքային է Հիսուս Քրիստոսի դերը փրկության ծրագրում: Ճշմարիտ վարդապետության ուսուցումը հրավիրում է Սուրբ Հոգու վկային և կարող է ոգեշնչել ուսանողներին հետևելու Փրկչին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել կատարած ընտրությունների, այցելած վայրերի կամ սովորած բաների մասին, որոնք երկարատև բավարարվածություն են ապահովել իրենց կյանքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հագեցնենք մեր քաղցն ու ծարավը

Ուսանողներին կարող եք ցույց տալ մի քանի բաժակ, որոնց մեջ լցված են օրինակ՝ սոյայի սոուս, մանանեխ կամ օշարակ, որոնք չեն հագեցնում ծարավը: Ապա ցույց տվեք մեկ այլ բաժակ, որը մաքուր ջրով է լցված: Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ խիստ ծարավ են և հնարավորություն ունեն խմելու ձեր ցուցադրած բաժակներից միայն մեկից: Խնդրեք նրանց ընտրություն կատարել և բացատրեք նրանց ընտրության հավանական հետևանքները:

Կարող եք նաև ցուցադրելիս օգտագործել սնունդ, որը չի հագեցնի մարդու քաղցը, օրինակ՝ աղ կամ անանուխ, և ավելի կարևոր ու սննդարար ուտելիք, օրինակ՝ որևէ միրգ:

Դուք հավանաբար նկատել եք, որ մեր հոգին մեր մարմնի նման սննդի ու բավարարվածության կարիք ունի:

  • Մեր հոգու համար ի՞նչ ձևերով կարող ենք երկարատև սնունդ կամ բավարարվածություն ապահովել:

  • Մարդիկ ինչերի՞ են դիմում բավարարվածություն ստանալու համար, որոնք կարող են նրանց հոգևոր դատարկության զգացում պատճառել:

  • Ձեր կարծիքով, մարդիկ ինչո՞ւ են երբեմն դիմում այնպիսի բաների, որոնք երկարատև բավարարվածություն չեն բերում:

Ուսանողներին առաջարկեք գնահատել իրենց սեփական կյանքը՝ նրանց հնարավորություն տալով մտածել ստորև ներկայացվող հարցերի շուրջ:

  • Կա՞ն բաներ, որոնց դիմում եք երջանկության և բավականության համար, որոնք իրականում չեն բավարարում այդ ցանկությունները: Ի՞նչն է օգնել ձեզ ձեր կյանքում տևական խաղաղություն և երջանկություն զգալու համար:

  • Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ զգալ այն օրհնություններն ու բավարարվածությունը, որոնք միայն Հիսուս Քրիստոսը կարող է առաջարկել:

«Ուրախացեք նրանով, ինչը չի անհետանում»

2 Նեփի 9.27–49 հատվածների ուսումնասիրությունից հիշեք, որ Հակոբն իր ժողովրդին նախազգուշացնում էր մեղսավոր գործելակերպերի մասին, որոնցում նրանք ներգրավված էին: Այնուհետև Հակոբը իր խոսքն ավարտեց մի կարևոր կոչով:

Կարդացեք 2 Նեփի 9.50–52 հատվածները՝ փնտրելով Հակոբի կոչն իր ժողովրդին:

  • Այս հատվածների ո՞ր բառերը կամ արտահայտություններն եք համարում կարևոր: Ինչո՞ւ։

  • Այս հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ մեզ համար ունեցած Հիսուս Քրիստոսի ցանկությունների մասին: Ի՞նչ են դրանք ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչ է Նա առաջարկում մեզ:

Ուսանողներին առաջարկեք բացահայտել Հակոբի ուսմունքների ճշմարտությունները: Ուսանողները կարող են գտնել ստորև ներկայացվածի նման մի ճշմարտություն: Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ երբ մենք դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը, մեր հոգիները կարող են բավարարվել:

Խաչաձև հղումների օգտագործում՝ ձեր ընկալումը խորացնելու համար

Ձեր ուսումնասիրածին առնչվող սուրբ գրությունների հատվածները գտնելը կարող է լինել օգտակար եղանակ սուրբ գրություններում առկա տեղեկությունների ձեր ընկալումը խորացնելու և գնահատելու համար:

Խորացրեք այս հմտությունը՝ գտնելով խաչաձև հղումներ, որոնք առնչվում են 2 Նեփի 9.50–52 հատվածի ուսմունքներին:

Կարող եք դասարանով անցնել ստորև ներկայացված երկու պարբերություններում նկարագրված գործընթացով՝ գրատախտակին գծելով գծապատկերը և միասին գտնելով մեկ կամ երկու խաչաձև հղում: Խաչաձև հղումներից մեկը, որ կարող եք ցույց տալ ուսանողներին, Ալմա 5.33–34 հատվածն է։ Ապա ուսանողներին կարելի է բաժանել զույգերի կամ փոքր խմբերի, որպեսզի միասին աշխատեն խաչաձև հղումները գտնելու վրա:

Ձեր օրագրում կարող եք սրա նման մի գծապատկեր գծել և կենտրոնական շրջանում գրել «2 Նեփի 9.50–52»: Երբ գտնեք առնչվող սուրբ գրությունները, որոնք ցանկանում եք հիշել, կարող եք հղումները գրել մյուս շրջանակներում:

շրջանակներով գծապատկեր

Խաչաձև հղումները գտնելու առաջին քայլը կարող է լինել՝ փնտրել սուրբ գրության հղումը և էջատակի ծանոթագրությունում թվարկված թեմաները: Հաջորդը կարող եք առանձնացնել 2 Նեփի 9.50–52 հատվածի առանցքային բառերը և այդ բառերը կամ դրանց հետ կապված եզրույթները փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցի, Թեմաների ուղեցույցի կամ Ավետարանի գրադարանի որոնման գործառույթի միջոցով:

Ահա մի քանի բառ կամ արտահայտություն, որոնք գուցե որոշեք փնտրել. դարձի գալ, կենդանի ջուր, բավարարել, ականջ դնել, սնվել, աղոթք, գոհություն, ցնծալ:

Խաչաձև հղումները գտնելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի կամավորի առաջարկեք կիսվել սուրբ գրություններից մեկով, որը հատկապես իմաստալից է եղել նրա համար: Ուսանողներին հանձնարարեք բացատրել, թե այդ խաչաձև հղումն ինչպես է ընդլայնել 2 Նեփի 9.50–52 հատվածի ուսմունքների իր ընկալումը: Ուսանողների ներկայացրած սուրբ գրությունների խաչաձև հղումները կարող եք ավելացնել գրատախտակի գծապատկերին:

Կիրառեք ձեր սովորածը

Մտածեք, թե այսօր ինչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին, և այդ ուսմունքներն ինչպես կարող են օրհնել ձեզ ձեր ներկայիս հանգամանքներում:

Որպեսզի օգնեք ուսանողներին մշակել այն, ինչ սովորեցին այսօրվա դասի ընթացքում, կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը և ուսանողներին առաջարկել իրենց օրագրերում գրել դրանց պատասխանները:

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել Հիսուս Քրիստոսի մասին, որը ցանկանում եք հիշել:

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրությունը ձեր հոգուն երկարատև բավարավածություն պարգևել:

  • Որո՞նք են այն մի քանի հատուկ ընտրությունները, որոնք կարող եք կատարել, և որոնք Հիսուս Քրիստոսի միջոցով երկարատև բավարավածություն կպարգևեն ձեր կյանքին:

Մի քանի կամավորի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը։ Ուսանողներին խրախուսեք ուսումնասիրել իրենց կյանքը և մտածել, թե ինչ փոփոխություններ կարող են կատարել, որոնք կօգնեն նրանց զգալ Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում եկող երջանկությունը, խաղաղությունը և բավարարվածությունը: