«2 Նեփի 32.1–7. «Դուք պետք է առաջ մղվեք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 32.1–7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 32.1–7
«Սնվեք Քրիստոսի խոսքերով»
Պատկերեք տոնական խնջույքի սեղան՝ լի համեղ ուտեստներով: Ինչպե՞ս եք տեսնում ձեզ՝ նման խնջույքը վայելելիս: Իր ժողովրդին ուխտի ճանապարհով Հիսուս Քրիստոսին հետևելու մասին ուսուցանելուց հետո Նեփին զգաց, որ նրանք դեռևս չգիտեին ինչ անել մկրտությունից հետո: Նա պատասխանեց՝ խրախուսելով իր ժողովրդին «սնվել Քրիստոսի խոսքերով» և վստահեցրեց նրանց, որ Փրկչի խոսքերը կառաջնորդեն նրանց առաջ մղվելիս (2 Նեփի 32.3): Այս դասը նպատակ ունի օգնել ձեզ սնվել Հիսուս Քրիստոսի խոսքերով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուտելու ժամանա՛կն է
Նայեք հետևյալ նկարներին և մտածեք, թե ինչ նմանություններ ու տարբերություններ կան արագ խորտիկներ ուտելու, ճաշելու և հատուկ առիթի ժամանակ սնվելու միջև:
-
Ի՞նչ նմանությունների ու տարբերությունների մասին մտածեցիք:
-
Եթե Քրիստոսի խոսքերի ուսումնասիրությունը համեմատենք ուտելու այս երեք ձևերի հետ, ի՞նչ կներկայացնի յուրաքանչյուրը:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օրհնել ձեզ՝ առաջնորդելով, ուղղորդելով, օգնելով և մխիթարելով: Մտածեք, ինչպես եք վերջին անգամ ուսումնասիրել Փրկչի խոսքերը: Ինչպե՞ս կնկարագրեիք այդ փորձառությունը. որպես՝ արագ խորտիկներ ուտել, ճաշել, թե՞ խնջույքի ժամանակ սնվել: Ի՞նչ կասեք անցյալ շաբաթվա կամ անցյալ ամսվա մասին: Ուսումնասիրությունը շարունակելիս դիմեք Սուրբ Հոգու օգնությանը՝ իմանալու, թե Քրիստոսի խոսքերի ուսումնասիրումն ինչպես է օրհնում ձեր կյանքը: Փնտրեք նաև ոգեշնչում, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես լավացնել Քրիստոսի խոսքերով սնվելու ձեր ջանքերը:
Հիսուս Քրիստոսի խոսքերը
Հիշեք, որ Նեփին իր ժողովրդին ուսուցանում էր «նեղ ու անձուկ արահետի մասին, որը տանում է դեպի հավերժական կյանք» և այդ ճամփորդությունը սկսելու համար անհրաժեշտ հատկությունների մասին (2 Նեփի 31.17–18): Նեփին հասկացավ, որ իր ժողովուրդը չգիտեր ինչ անել մկրտության պատվիրանը ստանալուց հետո և ինչպես շարունակել ուխտի ճանապարհը:
Կարդացեք 2 Նեփի 32.1–3 հատվածը և գտեք Քրիստոսի խոսքերն ուսումնասիրելու մասին Նեփիի խորհուրդը: Այդ ժամանակ մտածեք ձեր սեփական մտահոգությունների, հարցերի, կարիքների և այն մասին, թե Նեփիի ուսմունքներն ինչպես կարող են օգտակար լինել ձեր համար: Օգտակար է իմանալ, որ «խոսել հրեշտակների լեզվով» արտահայտությունը (2 Նեփի 32.2) «պարզապես նշանակում է … խոսել Սուրբ Հոգու զորությամբ» (Բոյդ Ք. Փաքեր, «Սուրբ Հոգու պարգևը. այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր անդամ», Ensign, օգոստոս 2006թ., 50):
-
Ի՞նչ բացահայտեցիք:
2 Նեփի 32.3 հատվածում ձեր բացահայտած ճշմարտություններից մեկը կարող է լինել այն, որ երբ մենք սնվում ենք Հիսուս Քրիստոսի խոսքերով, դրանք մեզ ասում են բոլոր բաները, որ պետք է անենք: Կարող եք այդ ճշմարտությունը նշել ձեր սուրբ գրություններում:
-
Որտե՞ղ կարող ենք գտնել Հիսուս Քրիստոսի խոսքերը:
-
Ըստ ձեզ՝ Նեփին ինչո՞ւ օգտագործեց «սնվել» բառը, երբ նկարագրում էր, թե ինչպես պետք է ուսումնասիրենք Փրկչի խոսքերը (2 Նեփի 32.3):
Կարդացեք Յոթանասունից երեց Տակաշի Վադայի հետևյալ հայտարարությունը: Առկայության դեպքում կարող եք դիտել Երեց Վադայի ուղերձը տեսանյութի ChurchofJesusChrist.org 0:53-1:42 հատվածը:
Երբ երիտասարդ էի, ես կարծում էի, որ խնջույքն ուղղակի ճոխ ճաշ է՝ բրնձով, սուշիով և սոյայի սոուսով: Այժմ ես գիտեմ, որ իսկական խնջույքն ավելին է, քան համեղ կերակուր վայելելը: Դա ուրախության, սնուցման, հանդիսության, ընտանիքի և սիրելիների հանդեպ սիրով կիսվելու, Աստծուն մեր շնորհակալությունը հայտնելու և հարաբերություններ կառուցելու փորձառություն է, մինչ վայելում ենք առատ, աներևակայելի համեղ ուտելիք: Ես հավատում եմ, որ երբ մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով, պարտավոր ենք մտածել նույն տեսակի փորձառության մասին: Սնվել սուրբ գրություններով չի նշանակում ուղղակի կարդալ դրանք: Այն պետք է բերի մեզ իսկական ուրախություն և կառուցի մեր փոխհարաբերությունները Փրկչի հետ: (Տակաշի Վադա, «Սնվեք Քրիստոսի խոսքերով», Լիահոնա, մայիս 2019թ., 38–39)
-
Ի՞նչը տպավորեց ձեզ երեց Վադայի հայտարարության մեջ:
-
Ի՞նչն է օգնում կամ կարող է օգնել ձեզ, որ ոչ թե պարզապես կարդաք Քրիստոսի խոսքերը, այլև սնվեք դրանցով:
-
Հիշեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին և մտածեք, թե Նրա խոսքերն ինչու կարող են ուրախության, սնուցման և սիրո զգացումներ առաջացնել:
-
Փրկչի խոսքով սնվելն ինչպե՞ս կարող է ուղղորդել ձեր կյանքը և ասել ձեզ՝ ինչ անել:
Հնարավորության դեպքում դիտեք «Եկ, հետևիր ինձ. Լիտո» տեսանյութը (0:59) (հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org), որպեսզի իմանաք, թե Տերն ինչպես կարող է բացահայտել գիտելիքն ու ճշմարտությունը, երբ Նրա խոսքերով եք սնվում:
Ձեր սեփական փորձառությունները կարող են օգնել ձեզ սնվել Քրիստոսի խոսքերով:
Ուսումնասիրության բազմաթիվ եղանակներ կան, որոնք կարող են օգնել ավելի լավ սնվել Քրիստոսի խոսքերով, դրանց թվում են՝ աղոթել ոգեշնչման համար նախքան ուսումնասիրումը, ուղղել նախկինում և ուսումնասիրման ժամանակ ունեցած հարցերը, սահմանել բառերը, խորհել, կատարել խաչաձև հղումներ, կատարել նշումներ, փնտրել ճշմարտություններ Երկնային Հոր և Փրկչի մասին և նմանեցնել սուրբ գրությունները մեր սեփական կյանքին (1 Նեփի 19.23):
-
Ի՞նչ ընդհանուր հուշումներ և հատուկ ուղղորդում եք ստացել, երբ սնվել եք Քրիստոսի խոսքերով:
Սնվել Քրիստոսի խոսքերով
Օգտվելով այսօր սովորածից՝ մի քանի րոպե կատարեք Քրիստոսի խոսքերով սնվելու վարժությունը: Դա կարող է լինել սուրբ գրությունների կամ մարգարեների խոսքերի ուսումնասիրությունը: Քրիստոսի խոսքերով սնվելիս փորձեք կատարել հետևյալ քայլերից մեկը կամ մի քանիսը.
-
Կառուցեք ձեր հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
-
Ավելի շատ սիրեք ու վստահեք Նրանց:
-
Գտեք ճշմարտություններ, որոնք ձեզ ուրախություն են բերում և սնուցում են:
-
Ստացեք ուղեցույց, թե ինչ պետք է անեք ձեր կյանքում:
Գրի առեք որոշ բաներ, որոնք սովորեցիք, զգացիք և փորձեցիք Քրիստոսի խոսքերով սնվելու վարժությունը կատարելիս: