Սեմինարիա
Մոսիա 27.1–24. «Նա աղոթել է մեծ հավատքով քեզ համար»


«Մոսիա 27:1–24. «Նա աղոթել է մեծ հավատքով քեզ համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 27.1–24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 27.1–24

«Նա աղոթել է մեծ հավատքով քեզ համար»

հրեշտակը կանգնեցնում է Ալմա Կրտսերին

Գիտե՞ք, թե ինչ է նշանակում տեսնել, որ սիրելի մարդիկ մերժում են ճշմարտությունը: Ալման և Մոսիա թագավորը գիտեին, թե սիրտն ինչ ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես են ընտանիքի անդամներն ապստամբում Փրկչի ու Նրա Եկեղեցու դեմ: Քրիստոսի ողորմածության շնորհիվ նրանք ի վերջո օրհնվեցին և ուրախություն զգացին՝ տեսնելով այդ սիրելի մարդկանց ապաշխարումը: Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե ինչ ճանապարհներով կարող եք օգնել նրանց, ովքեր մերժում են Հիսուս Քրիստոսի ուսմունքները դեպի Իրեն դարձի գալու մասին:

Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց զգացողությունների մասին: Տվեք հարցեր, որոնք օգնում են ուսանողներին մտածել հոգևոր փորձառությունների մասին և հիշել, թե երբ են զգացել ավետարանի սկզբունքի ճշմարտացիությունը: Այդ զգացողությունների վերհիշումը կարող է օգնել ուսանողներին ցանկություն զգալ՝ ապրելու ավետարանով և ներս թողնելու այն իրենց սրտերը: Ուսանողներին հավաստիացրեք, որ նորմալ է, եթե նրանք որևէ հատուկ սկզբունքի հետ կապված փորձառություններ դեռ չեն ունեցել կամ չեն հասկացել այն:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստվել և կիսվել սուրբ գրությունների այն պատմություններով, որոնցում Տերը մոլորված կամ ապստամբող որևէ մեկին օգնել է փոխվել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քրիստոսի միջոցով հույս կա

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել հետևյալի շուրջ.

Կա՞ ինչ-որ մեկը, ում համար անհանգստանում եք, որ նա հոգևոր տառապանքի մեջ է կամ նույնիսկ ապստամբում է Աստծո դեմ: Եթե այո, այսօր ուսումնասիրելիս մտքում հիշեք այդ մարդու մասին: Նույն կերպ, եթե դուք եք հոգևոր տառապանքի մեջ, կարող եք դասի ընթացքում ձեր սեփական իրավիճակը պահել մտքում:

Ցուցադրեք ստորև ներկայացվող ինքնագնահատումը: Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով, այդ թվում՝ ուսանողի նախապատրաստական աշխատանքներում ներառված օրինակներով:

Խորհեք, թե հետևյալ պնդումները որքանով են ճիշտ նկարագրում ձեզ.

  1. Ես կարծում եմ, որ նրանց համար, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են, չափազանց ուշ չէ Հիսուս Քրիստոսի կողմից բժշկվելու համար:

  2. Ես սուրբ գրություններում և իմ շրջապատի մարդկանց մեջ տեսել եմ օրինակներ, որոնք ինձ հույս են տվել հոգևոր տառապանքի մեջ գտնվող կամ ապստամբող մարդկանց համար:

  3. Ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ հոգևոր տառապանքի մեջ գտնվող կամ ապստամբող մարդկանց:

Երբ այսօր ուսումնասիրեք Մոսիա 27 գլուխը, փնտրեք հույս ունենալու պատճառներ, և ինչ կարող եք անել՝ օգնելու նրանց, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են:

Ինչպես օգնել հոգևոր մոլորության մեջ գտնվողներին

Կարդացեք Մոսիա 27.1, 8–10 հատվածները՝ տեսնելու, թե Ալմա մարգարեն և Մոսիա թագավորն ում համար էին անհանգստանում:

  • Ըստ ձեզ՝ այդ երիտասարդ տղաների ընտրությունն ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ նրանց ծնողների, քույրերի, եղբայրների և ընկերների վրա:

Կարդացեք Մոսիա 27.11–16, 19 հատվածները՝ տեսնելով, թե ինչ արեց Տերը, որպեսզի օգնի Ալմա Կրտսերին փոխել իր կյանքը և ինչու: Կարող եք դիտել «Ալմա Կրտսերը դարձի է գալիս դեպի Տերը» տեսանյութի 3:06-6:59 հատվածը:

11:32
  • Ըստ ձեզ՝ հրեշտակի ուղերձի ո՞ր արտահայտությունները ամենից ազդեցիկը կլինեին այդ երիտասարդ տղաների համար:

  • Այդ փորձառությունն ինչպե՞ս կարող է ցույց տալ Աստծո սերը և այդ երիտասարդ տղաներին (ինչպես նաև նրանց, ովքեր հոգևոր մոլորության մեջ են) փրկելու ցանկությունը:

  • Ըստ Մոսիա 27.14 հատվածի հրեշտակն ինչո՞ւ ասաց, որ երևալու է Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին: (Այս հարցի պատասխանը կարող եք նշել ձեր սուրբ գրություններում:)

Մի պահ խորհեք, թե ինչ սկզբունքներ կարող եք սովորել այդ հատվածներից:

Ուսանողներին առաջարկեք կիսվել տարբեր սկզբունքներով: Կարող եք նրանց նշած սկզբունքները գրել գրատախտակին: Եթե ուսանողները իրենք չեն սկսում խոսել այդ մասին, կարող եք գրատախտակին գրել հետևյալ սկզբունքը.

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. եթե մեծ հավատքով աղոթենք նրանց համար, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են, Տերը կօգնի նրանց գալ ճշմարտության իմացությանը:

Հիշեք, որ Տերը չի անտեսի նրանց բարոյական ազատ կամքը, ում համար աղոթում ենք: Չնայած հրեշտակի այցին՝ Ալման ու Մոսիայի որդիները կարող էին, այնուամենայնիվ, օգտագործել իրենց ազատ կամքը և չապաշխարել: Թեև Երկնային Հայրը գուցե մեր սիրելիներին հրեշտակ չուղարկի, բայց կպատասխանի մեր աղոթքներին Իր ձևով ու Իր ժամանակին: Մենք կարող ենք վստահել Նրան մեզ օգնելու հարցում: Հաջորդ դասին դուք ավելին կիմանաք Տիրոջ դերի և Ալմայի փոփոխության մասին:

  • Ձեր պատկերացմամբ, ինչպիսի՞ն կարող էին լինել Ալմայի Ավագի աղոթքները: Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում աղոթել «մեծ հավատքով» (Մոսիա 27.14):

    Ահա այլ հնարավոր ստուգիչ հարցեր. ըստ ձեզ՝ մենք ինչո՞ւ կարող ենք մեծ հավատք ունենալ առ այն, որ Տերը լավագույնը կանի նրանց համար, ովքեր տառապում են: Ինչո՞ւ լավ կլինի աղոթել, որ նրանք «կարողանան բերվել ճշմարտության իմացությանը» (Մոսիա 27.14):

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ աղոթենք նրանց համար, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են:

    Ցանկացողներին խրախուսեք կիսվել փորձառություններով՝ ի պատասխան հետևյալ հարցերի: Կարող եք կիսվել նաև անձնական փորձառությամբ:

  • Ե՞րբ եք զգացել, որ ձեր աղոթքները փոխել են մեկ ուրիշի կյանքը: Ըստ ձեզ՝ ե՞րբ են մեկ ուրիշի աղոթքները օգնել ձեզ:

Խորհեք այն հատուկ բաների մասին, որոնց համար գուցե աղոթեիք, երբ Երկնային Հորը խնդրեիք օգնել մեկին, ով հոգևոր տառապանքի մեջ է: Դուք կարող եք նույնիսկ ընդմիջել ձեր ուսումնասիրությունը, որպեսզի հենց հիմա աղոթեք նրանց համար:

Ուրիշ ի՞նչ կարող եք անել

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և հանձնարարել, որ զույգից յուրաքանչյուրն ուսումնասիրի սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը: Առաջարկեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց սովորածով:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և փնտրեք, թե աղոթելուց բացի ինչ արեցին Ալման և մյուսները, որպեսզի օգնեն նրա որդուն դարձի գալ դեպի Տերը:

Մոսիա 27.20–24

Ալմա 36.17–19 (Ալմա Կրտսերն ավելի ուշ նկարագրում է, թե իր հայրն ինչ էր ուսուցանել, և ինչպես էր դա օգնել իրեն)

  • Աղոթելուց բացի՝ Ալման ի՞նչ էր արել՝ որդուն օգնելու համար:

Կարող եք թույլ տալ զույգերին ընտրել, թե հետևյալից որն են ցանկանում միասին ուսումնասիրել:

Ուսումնասիրեք Ալմայի կատարած քայլերից մեկը և գրի առեք ձեր մտքերը: Ուսումնասիրելիս կարող եք մտածել որևէ սիրելի անձի մասին, որը հոգևոր տառապանքի մեջ է կամ նույնիսկ ապստամբում է.

  1. Ծոմապահություն. իմացեք ավելին ծոմապահության մասին` որոնելով ChurchofJesusChrist.org կայքում, Gospel Library հավելվածում, Սուրբ գրությունների ուղեցույցում կամ սուրբ գրությունների այլ հատվածներում, օրինակ՝ Մարկոս 9.17–18, 25–29: Ինչպե՞ս կարող է ծոմապահությունն օգնել ձեզ կամ ձեր հարազատին: Կա՞ն այլ մարդիկ, ում կարող եք առաջարկել ձեզ հետ միասին ծոմ պահել:

  2. Վկայություն. Ալմա 36.17–19 հատվածներում նկարագրված Ալմայի փորձառությունը համեմատեք Ենովս 1.1–5 հատվածում նկարագրված Ենովսի փորձառության հետ: Խորհեք այն մասին, որ Սուրբ Հոգին կարողանում է հիշեցնել մարդկանց, թե ինչ են լսել նրանք, երբ ունեցել են դրա կարիքը (տես Հովհաննես 14.26): Դա կարող է քաջություն տալ մեզ՝ Քրիստոսի մասին մեր վկայությամբ կիսվելու նույնիսկ նրանց հետ, ովքեր թվում է, թե չեն ընդունի վկայությունը: Դա նաև կարող է օգնել մեզ հիշել, թե ինչ գիտենք ու ինչին ենք հավատում Փրկչի մասին, երբ դրա կարիքն ամենաշատն ունենք: Ինչպե՞ս կարող եք կիսվել Փրկչի մասին ձեր վկայությամբ:

Զույգերին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սովորածով և ծոմապահության իրենց փարձառություններով, կամ ինչպես է Սուրբ Հոգին հիշեցրել իրենց որևէ բանի մասին, երբ նրանք դրա կարիքն ունեցել են:

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը և ուսանողներին իրենց օրագրերում պատասխանները գրելու համար ժամանակ հատկացնել:

  • Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից այն մասին, թե ինչպես օգնել նրանց, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են:

  • Ի՞նչ խորհրդով կկիսվեիք մեկի հետ, ում սիրելի մարդը արագ չի փոխվում:

  • Ո՞րն է Փրկչի դերը մեր սիրած մարդկանց օգնելու հարցում: Ինչո՞ւ կարող եք վստահել Նրան, որ օգնի նրանց:

  • Ի՞նչ հատուկ բաներ կան, որոնց համար զգում եք, որ հուշում եք ստացել՝ անելու կամ ասելու մեկին, որ դարձի գա դեպի Փրկիչը: