Սեմինարիա
Մոսիա 27.24–37. «Ծնված Աստծուց»


«Մոսիա 27.24–37. «Ծնված Աստծուց»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 27.24–37», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 27.24–37

«Ծնված Աստծուց»

Ալմա Կրտսերն աղոթում է

Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների ապաշխարությունը կարող է հույս տալ յուրաքանչյուրին, ով կասկածում է, թե հնարավոր է փոխվել: Այս երիտասարդ տղաներին, որոնք նկարագրվում էին որպես «մեղսավորներից ամենանողկալիները» (Մոսիա 28.4), Փրկիչն օգնեց փոխվել և հասնել «արդարակեցության վիճակի» (Մոսիա 27.25): Այս դասը կօգնի ձեզ ապաշխարել և հավատք ունենալ, որ Փրկիչը կարող է փոխել ձեր սիրտը:

Օգնեք ուսանողներին ճանաչել Հիսուս Քրիստոսին: Երբ ուսանողներն ինքնուրույն ճանաչեն Փրկչին, կարող են սովորել Նրանից և գիտակցաբար ձգտել Նրան նմանվել: Նրանք կարող են սովորել՝ իրենց ողջ կյանքում ընդունել Նրա օգնությունը, հույսը և բժշկումը: Նրանք կկարողանան զգալ Աստծո սերը:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել, որ մտածեն բնության այնպիսի երևույթների մասին, որոնք կտրուկ փոխվում են (օրինակ՝ թիթեռի թրթուրը): Նրանք կարող են որևէ բան լուսանկարել և ցույց տալ դասարանին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպես փոխվել

Ուսանողներին առաջարկեք կիսվել բնության մեջ հանդիպող այնպիսի բաներով, որոնք կտրուկ են փոխվում, օրինակ՝ ծաղիկը, որը դառնում է միրգ կամ սերմը, որը դառնում է ծառ: Ապա ցուցադրեք այս նկարը՝ տալով ստորև ներկայացվող հարցերը:

թրթուր և թիթեռ
  • Մեր հոգևոր առաջընթացն ինչպե՞ս կարող է համեմատվել թիթեռ դարձող թրթուրի հետ:

  • Աստված ի՞նչ հնարավորություն է տվել մեզ, որպեսզի փոխվենք և Իրեն նմանվենք:

Մի պահ մտածեք, թե ի՞նչ առաջընթաց ունեք Աստծուն ավելի նմանվելու գործընթացում: Ի՞նչը կցանկանայիք փոխել կամ լավացնել ձեր մեջ: Այդ ցանկալի փոփոխությունները կատարելիս ի՞նչ դժվարությունների կարող եք հանդիպել:

Այսօր ուսումնասիրելու եք մի քանի երիտասարդ տղաների կյանքում Փրկչի կատարած հրաշագործ փոփոխության մասին: Ուսումնասիրելու ընթացքում լսեք Հոգու հուշումներն այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է ձեզ նույնպես օգնել փոխվել:

Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը և որևէ ուսանողի խնդրել դասարանին հիշեցնել նկարում պատկերված պատմությունը: Օգտագործեք ստորև ներկայացվող պարբերության տեղեկությունը միայն անհրաժեշտության դեպքում:

հրեշտակը հայտնվում է Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին

Հիշեցրեք, որ Մոսիա 27 գլխի առաջին մասը ներառում է այն պատմությունը, որում Աստված պատասխանում է Ալմայի աղոթքներին: Աստված հրեշտակ ուղարկեց, որպեսզի համոզի Ալմա Կրտսերին և Մոսիա թագավորի որդիներին իրենց սխալ ուղիների մասին: Այս իրադարձությունից հետո Ալմա Կրտսերն օրեր շարունակ չէր կարողանում խոսել կամ շարժվել (տես Մոսիա 27.19, 23): Այդ ժամանակ նա աննկարագրելի տառապանք էր զգում իր մեղքերի համար: Երբ նա վերջապես կարողացավ կրկին խոսել, նկարագրեց, թե ինչ է արել Տերն իր համար:

Կարող եք որևէ ուսանողի առաջարկել դասարանի համար գրատախտակին պատկերել հետևյալը, որպեսզի դասի ընթացքում ուսանողներն օգտվեն դրանից:

Մի թուղթ վերցրեք և վերևում գրեք «Փոփոխությունը հնարավոր է Հիսուս Քրիստոսի միջոցով»: Ապա երկու ուղղահայաց գիծ տարեք՝ թուղթը երեք հավասար սյունակների բաժանելու համար: Ձախ սյունակն անվանեք «առաջ», մեջտեղի սյունակը՝ «Հիսուս Քրիստոսի դերը», իսկ աջ սյունակը՝ «հետո»:

Ստորև ներկայացվող սուրբ գրությունն ուսումնասիրելու համար դասարանի մի կեսին առաջարկեք կարդալ 8–10 հատվածները, իսկ մյուս կեսին՝ 32–37 հատվածները: Ապա ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց գտածը:

Կարդացեք Մոսիա 27.8–10, 28.4 հատվածները և ուսումնասիրեք, թե նախկինում ինչպիսին էին Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները իրենց կյանքում: Նրանց մասին նկարագրությունները գրեք ձեր թղթի «առաջ» սյունակում:

Այժմ կարդացեք Մոսիա 27.32–37 հատվածները և «հետո» սյունակում նկարագրեք, թե ովքեր դարձան նրանք:

Մեկ րոպե ընդմիջեք և մտածեք, թե ինչ փոփոխություն եք նկատել այն մարդու մոտ, որն ապաշխարել է Փրկչի հանդեպ հավատքով: (Կարող եք նույնիսկ ձեր մասին մտածել): Սյունակներում ավելացրեք նկարագրություններ այն մասին, թե նա (կամ դուք) ինչպիսին էիք նախկինում և ինչպիսին եք այս փոփոխությունից հետո:

Ուսանողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և յուրաքանչյուր սյունակում գրել որևէ փոփոխություն, որը նկատել են այն մարդու մոտ, որի մասին մտածել են:

Կարդացեք Մոսիա 27.23–26 հատվածը և փնտրեք արտահայտություններ, որոնք նկարագրում են այն փոփոխությունը, որը մեզ անհրաժեշտ է Փրկչին նմանվելու համար: Օգտակար կլինի իմանալ, որ մարմնական բառը (հատված 25) կարող է նշանակել աշխարհիկ կամ զգայական, իսկ «դառնալով [Աստծո] որդիներն ու դուստրերը» արտահայտությունը (հատված 25) կարող է վերաբերել նրանց, ովքեր «ժառանգում են Աստծո արքայությունը» (հատված 26):

Ձեր թղթի «Հիսուս Քրիստոսի դերը» սյունակում գրեք այն արտահայտությունները, որոնք տպավորեցին ձեզ: Մի պահ մտածեք դրանց նշանակության մասին: Անհրաժեշտության դեպքում, եթե ցանկանում եք որևէ բառ ավելի լավ հասկանալ, փնտրեք Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրությունների ուղեցույցում:

Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել իրենց գրած արտահայտություններով և դրանց նշանակությամբ: Կարող եք նաև հարցնել, թե որքանո՞վ են դրանք լավ նկարագրում այն փոփոխությունները, որոնք նկատել են դեպի Փրկչը դարձի եկած մարդկանց մոտ: Ուսանողների գտած որոշ արտահայտություններ կարող են լինել.

  • Փրկագնված Տիրոջով

  • Վերստին ծնված

  • Ծնված Աստծուց

  • Փոխված իրենց մարմնական վիճակից

  • Դառնալ նրա որդիներն ու դուստրերը

  • Դառնալ նոր արարածներ

Այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից մեկը հետևյալն է. ողջ մարդկությանն անհրաժեշտ է փոխվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Կարող եք Հիսուս Քրիստոսի նկարը տեղադրել գրատախտակի կենտրոնում և տալ հետևյալ հարցերը.

  • Հիսուս Քրիստոսի միջոցով հնարավոր դարձած փոփոխությունները նկարագրող ո՞ր արտահայտություններն են ամենակարևորը ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Մենք ինչպե՞ս ենք փոխվում՝ ստանալով Փրկչի ներումը:

  • Ըստ հատված 24-ի՝ ի՞նչ է պահանջվում մեզնից, որպեսզի հրավիրենք Փրկչին փոխել մեզ:

Փոփոխությունը գործընթաց է, այլ ոչ թե իրադարձություն

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Թեև ոմանց համար ապաշխարության գործընթացը կարող է կտրուկ տեղի ունենալ, ինչպես Ալմայի համար էր, բայց սա ավելի շատ բացառություն է, քան կանոն: Մեզնից շատերը քայլ առ քայլ, աստիճանաբար շարժվում են դեպի ավելի մեծ բարություն, ավելի մեծ ճշգրտություն մեր ուխտերում, դեպի ավելի մեծ ծառայություն և նվիրվածություն: (Նիլ Լ. Անդերսեն, Ներման աստվածային պարգևը [2019], 11)

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել երեց Անդերսենի խոսքերը:

Որոշ ժամանակ հատկացրեք և թվարկեք մի քանի գործողություն, որոնք կարող ենք կատարել ապաշխարելու և աստիճանաբար Տիրոջ կողմից փոխվելու համար (Գաղափարներ գտնելու համար վերընթերցեք երեց Անդերսենի՝ վերևում բերված խոսքերը, ինչպես նաև կարող եք կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը. Մոսիա 26.29, 27.35, Ալմա 36.18, 3 Նեփի 9.22, Վարդապետություն և Ուխտեր 6.9, 58.42–43):

  • Ի՞նչ կարող ենք անել դեպի Տերը դարձի գալու և ապաշխարելու համար:

  • Ըստ ձեզ՝ այդ ջանքերն ինչպե՞ս կարող են օգնել մեզ, որպեսզի աստիճանաբար փոխվենք Փրկչի միջոցով:

Դիտեք «Աստծո լույսի հույսը» տեսանյութը (6:46) և փնտրեք, թե Փրկիչն ինչպես օգնեց մի մարդու «քայլ առ քայլ, աստիճանաբար դեպի ավելի մեծ բարություն» փոխվել:

6:46

Վկայեք, որ Մոսիա 27 գլխում նկարագրված պատմությունը ցույց է տալիս Փրկչի հանդեպ հավատքով ապաշխարող յուրաքանչյուրին փոխելու Նրա զորությունը և ցանկությունը:

Ապա ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում կատարել հետևյալ վարժությունները:

Մի պահ մտածեք, թե այս դասը որքանով է կիրառելի ձեզ համար: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի վերաբերյալ ձեր մտքերը.

  1. Փրկչի օգնությամբ ի՞նչ աստիճանական փոփոխություններ եք կատարել արդեն: Ի՞նչ զգացողություններ ունեք ձեր ջանքերի և Տիրոջ օգնության վերաբերյալ:

  2. Ձեր կարծիքով, ո՞րն է հաջորդ քայլը, որը Տերը կհանձնարարեր ձեզ կատարել՝ ապաշխարելու և Նրա միջոցով փոխվել շարունակելու համար:

  3. Ի՞նչ խոչընդոտների կարող եք հանդիպել այս գործընթացում և ինչպե՞ս կարող եք դիմել Տիրոջը, որպեսզի օգնի ձեզ հաղթահարել դրանք: