Սեմինարիա
Ալմա 1.19–33․ Խաղաղություն գտնել Քրիստոսում՝ հավատարիմ մնալով հալածանքի ենթարկվելիս


«Ալմա 1.19–33․ Խաղաղություն գտնել Քրիստոսում՝ հավատարիմ մնալով հալածանքի ենթարկվելիս», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 1.19–33», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 1.19–33

Խաղաղություն գտնել Քրիստոսում՝ հավատարիմ մնալով հալածանքի ենթարկվելիս

երջանիկ միսիոներներն ուսուցանում մի կնոջ ու երեխայի

Մենք կարծում ենք, որ բոլոր մարդիկ Աստծուն երկրպագելու իրավունք ունեն՝ իրենց սեփական խղճի համաձայն (տես Հավատո Հանգանակ 1.11)։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ ուրիշները հալածում են ձեզ ձեր համոզմունքների համար։ Ինչպե՞ս կարող եք արձագանքել և խաղաղություն գտնել, եթե ուրիշները քննադատում են ձեզ ձեր հավատքի համար։ Ալմայի ժամանակներում մարդիկ «սկսեցին հալածել նրանց, ովքեր պատկանում էին Աստծո եկեղեցուն» (տես Ալմա 1.19)։ Այս դասը կօգնի ձեզ հավատքով արձագանքել և խաղաղություն զգալ նույնիսկ այն դեպքում, եթե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու համար հալածանքի ենթարկվեք։

Ուսանողներին օգնեք զարգացնել սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ։ Սուրբ գրություններում ցանկերի որոնումը կարող է օգնել ուսուցիչներին և ուսանողներին նկատել հեղինակի շեշտադրած կարևոր գաղափարները։ Ուսանողները կարող են նաև առնչվող մտքերի, գաղափարների կամ ցուցումների ցանկեր կազմել, ինչը կօգնի նրանց հասկանալ, թե ինչ են սովորում։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կյանքի որևէ ժամանակահատվածի մասին, երբ նրանց համոզմունքները փորձության են ենթարկվել, և ինչպիսին է եղել նրանց արձագանքը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երբ հալածվում եք ձեր համոզմունքների համար

Կիսվեք երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերով։ Կամ կարող եք ուսանողներին առաջարկել դերախաղով ներկայացնել մի սցենար, որում նրանք կարող են հալածվել իրենց համոզմունքների համար։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի խորհուրդը Եկեղեցու երիտասարդներին։ Դիտեք «Քրիստոսին հետևելու արժեքը և օրհնությունները» տեսանյութի 0:25-2:05 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, կամ կարդացեք ստորև ներկայացվող խոսքերը։

14:45

Հիացմունքով և խրախուսանքով յուրաքանչյուրի հանդեպ, ով կարիք կունենա անսասան մնալու այս վերջին օրերին, ես ասում եմ բոլորին և հատկապես՝ Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, մի օր կկանչվեք՝ պաշտպանելու ձեր հավատքը կամ, հավանաբար, նույնիսկ դիմանալու անձնական անարգանքի՝ պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Այդպիսի պահերը ձեզանից կպահանջեն՝ ինչպես քաջություն, այնպես էլ բարեկրթություն:

Օրինակ՝ մի քույր միսիոներ վերջերս գրել էր. «Ես և զուգընկերս տեսանք մի մարդու, որը քաղաքի հրապարակում նստարանին նստած ուտում էր իր նախաճաշը: Երբ մոտեցանք, նա աչքերը բարձրացրեց և տեսավ մեր միսիոներական անվանապիտակները: Սարսափելի հայացքով նա վեր ցատկեց և բարձրացրեց ձեռքը, որ ինձ հարվածի: Ես ճիշտ պահին խույս տվեցի, նա միայն հասցրեց իր ուտելիքը ամբողջովին թքել ինձ վրա և սկսեց հայհոյել մեզ ամենասոսկալի բառերով: Մենք հեռացանք՝ առանց որևէ բան ասելու: Ես փորձում էի սրբել ուտելիքը երեսիցս, երբ զգացի, որ նա հետևից հարվածեց գլխիս կարտոֆիլի պյուրեով: Երբեմն դժվար է լինել միսիոներ, որովհետև հենց այդ պահին ես ցանկացա հետ գնալ, բռնել այդ փոքրամարմին մարդուն և ասել՝ «ՆԵՐԵՑԵ՜Ք»: Բայց ես դա չարեցի»: (Jeffrey R. Holland, “The Cost—and Blessings—of Discipleship,” Liahona, May 2014, 6)

Ուսանողներին օգնեք ուշադրություն դարձնել իրենց սեփական զգացողություններին՝ մի քանիսին կամ բոլորին տալով հետևյալ հարցերը։

  • Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե այս իրավիճակում դուք լինեիք միսիոները։

  • Ինչո՞ւ կարող էր դժվար լինել արձագանքել Քրիստոսի նման։

  • Ե՞րբ են ձեզ վատ վերաբերվել կամ հալածել ձեր համոզմունքների համար։

  • Ապագայում ի՞նչ իրավիճակներ կարող են լինել, որոնցում դուք գուցե հալածվեք ձեր համոզմունքների համար։

Երբ Մորմոնի Գրքում ուսումնասիրեք Քրիստոսի Եկեղեցու անդամների օրինակները, փնտրեք ձևեր, որոնցով կարող եք հաստատուն մնալ և հալածվելիս խաղաղություն գտնել Հիսուս Քրիստոսում։

Հալածանքը Մորմոնի Գրքում

Ալման բազմաթիվ դժվարություններ ուներ, երբ գլխավոր դատավորն էր։ Երբ Նեորը Գեդեոնին սպանելու համար մահվան դատապարտվեց, որոշ մարդիկ շարունակում էին հավատալ Նեորի ուսմունքներին։ Կարդացեք Ալմա 1.19–24 հատվածները և փնտրեք, թե ինչ դժվարություններ ունեցան նեփիացիները։

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում նեփիացիների ունեցած դժվարությունների և ձեր փորձառությունների միջև։

  • Եկեղեցու անդամների ո՞ր գործողությունները նպաստեցին այդ դժվարություններին (տես հատված 22-ը

Կարող եք ուսանողների համար նշել, որ Փրկիչն ուսուցանել է, որ հակառակությունը սխալ է և դևից է (տես 3 Նեփի 11.29–30)։ Այսինքն, այն, ինչ ուսուցանում եք, ճշմարիտ է և ճիշտ։

Կարդացեք Ալմա 1.25–28 և փնտրեք, թե ինչ արեցին Եկեղեցու արդար անդամները։ Կազմեք մարդկանց արարքների մի ցուցակ․ դա կօգնի ձեզ կազմակերպել այն, ինչ ուսումնասիրում եք։ Դա կարող եք անել ձեր օրագրում կամ կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտնում եք։

Ուսանողներին կարելի է սովորեցնել սուրբ գրությունների ուսումնասիրության ցուցակներ կազմելու հմտությունը։ Նրանք կարող են նշել սուրբ գրություններն այնպես, ինչպես հարմար է իրենց։ Որոշ ուսանողներ կարող են իրենց սուրբ գրություններում ցուցակին վերնագիր ավելացնել, օրինակ՝ «Ինչպես խաղաղություն ունենալ հալածվելիս» կամ մեկ այլ վերնագիր։

Ուսանողներին կարելի է առաջարկել իրենց ցուցակից որևէ բան ընտրել, ապա շրջել սենյակով, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ պատասխանեն ստորև ներկայացված հարցերին։

  • Եկեղեցու անդամներն ինչպիսի՞ տարբեր ձևերով էին արձագանքում հալածանքին։

Հետևյալ արտահայտությունն ավարտեք որևէ բանով, ինչը սովորեցիք նեփիացիների օրինակից։

  • … կարող է օգնել մեզ զգալ Փրկչի շարունակական խաղաղությունը նույնիսկ այն ժամանակ, երբ մենք հալածվում ենք Նրան հավատալու համար։

  • Ըստ ձեզ՝ այս եղանակներով արձագանքելն ինչպե՞ս կարող է օգնել որևէ մեկին զգալ Փրկչի խաղաղությունը։

  • Այս հատվածներից կամ ձեր ցուցակից ի՞նչն եք ամենաշատը ցանկանում հիշել, եթե երբևէ հալածանքի ենթարկվեք ձեր համոզմունքների համար։ Ինչո՞ւ։

    Եթե ժամանակ լինի, կարող եք քննարկել հալածանքին դիմակայելու մասին Փրկչի ուսմունքներից մի քանիսը 3 Նեփի 12.10–12, 43–45 հատվածներում։

    Կարող է օգտակար լինել, եթե ուսանողներին առաջարկեք հաջորդ հարցին բարձրաձայն պատասխանելու փոխարեն խորհել դրա շուրջ։ Դա թույլ կտա, որ Սուրբ Հոգին ուղղորդի նրանց անձնապես՝ առանց պարտավորեցնելու նրանց կիսվել անձնական հուշումներով։

  • Ձեր կյանքի ո՞ր փորձառություններն են ստիպել ձեզ զգալ այն խաղաղության կարիքը, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը։

Ավելին, քան պարզապես խաղաղություն

Խաղաղություն զգալուց բացի՝ Երկնային Հայրը հավատարիմ նեփիացիներին օրհնեց այլ ձևերով։ Կարդացեք Ալմա 1.29–32 հատվածները և փնտրեք, թե Երկնային Հայրն ինչ օրհնություններ տվեց նեփիացիներին, երբ նրանք հաստատուն մնացին դժվար ժամանակներում։

  • Ինչպե՞ս եք տեսել Երկնային Հոր օրհնությունները, երբ դուք կամ ձեզ ծանոթ այլ մարդիկ հավատարիմ եք մնացել հալածանքների ժամանակ։

Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, թե հալածանքների ժամանակ հավատարիմ մնալու համար Տերն ինչպես է օրհնել ձեզ կամ ձեզ ծանոթ որևէ մեկին։

Ընտրեք առնվազն երկու գործողություն, որոնք նեփիացիները կատարել էին՝ բոլոր մարդկանց նկատմամբ սեր և գթություն ցուցաբերելու համար՝ չնայած հալածանքին (տես Ալմա 125–30)։ Նկարագրեք, թե մեր օրերում ինչպես կարող է որևէ մեկը նույնն անել։

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով։

Ուսանողների հետ կիսվեք ձեր վստահությամբ, որ Փրկիչը կօգնի նրանց հաստատուն մնալ Իր մեջ՝ նույնիսկ հալածանքի ժամանակ։ Առաջարկեք նրանց մտածել իրենց կամ իրենց դասընկերներից մեկի կողմից արտահայտած մտքերով գործելու ուղղությամբ։