Ձեզ շրջապատող աշխարհում որտե՞ղ եք տեսնում հակառակություն, պառակտում, երկպառակություն կամ ապստամբություն։ Զորավար Մորոնիի, Հելամանի և գլխավոր դատավոր Պաորանի մահից կարճ ժամանակ անց նեփիացիները կրում էին բազմաթիվ հակառակությունների հետևանքները։ Այնուամենայնիվ, ոմանք ընտրեցին խաղաղություն փնտրել Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ հակառակության հետևանքները և թե ինչպես հակամարտող աշխարհում խաղաղություն գտնել Քրիստոսում։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հակառակություն
Գծապատկերի կենտրոնում գրեք հակառակություն բառը։ Բառի շուրջը գրեք ձեր կյանքի որոշ ոլորտներ, որոնցում հակառակություն եք տեսնում, օրինակ՝ սոցիալական ցանցերում կամ ընկերների շրջանում։ Այս գծապատկերը լրացնելու եք դասի ընթացքում։
Հակառակությունն ինչպե՞ս է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում ձեր կյանքի վրա:
Ինչպե՞ս եք արձագանքում, երբ համաձայն չեք ուրիշների հետ կամ երբ բախվում եք վիճաբանող մարդկանց։
Հելամանի գրքի ուսումնասիրությունը սկսելիս ուշադրություն դարձրեք, թե հակառակությունն ինչ ազդեցություն ունեցավ նեփիացիների վրա։ Մտածեք նաև, թե հակամարտող աշխարհում ինչ եղանակներով կարող եք խաղաղություն խնդրել Հիսուս Քրիստոսից։
Հակառակություն ընտանիքներում, Եկեղեցում և համայնքում
Տարիներ տևած պատերազմից հետո նեփիացիները կարողացան հետ նվաճել իրենց հողերը լամանացիներից։ Զորավար Մորոնին և Հելամանը մահացան պատերազմին հաջորդած խաղաղության ժամանակաշրջանում։ Սրբազան հիշատակարանը փոխանցվեց Հելամանի որդուն, որի անունը նույնպես Հելաման էր։ Դրանից կարճ ժամանակ անց նեփիացիները հպարտացել և հակառակության մեջ էին ընկել։
Հելամանի գրքում կարդում ենք պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե հակառակությունն ինչպես է ազդում ընտանիքների, Եկեղեցու և համայնքի վրա։
Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը։
Ընտանիք․ կարդացեք Հելաման 1:1–13 հատվածները և փնտրեք, թե Պաորանի մահից հետո հակառակությունն ինչ ազդեցություն ունեցավ նրա ընտանիքի վրա։
Եկեղեցի․ կարդացեք Հելաման 4.1–13 հատվածները և փնտրեք, թե Եկեղեցում ծագած հպարտությունն ու հակառակությունը ինչպես ազդեցին ամբողջ ազգի վրա։
Համայնք․ գլխավոր դատավորի ընտրության հարցի շուրջ ծագած հակառակությունների պատճառով Կիսկումեն անունով մի ամբարիշտ մարդ գաղտնի խումբ ձևավորեց։ Շուտով նրան միացավ Գադիանթոն անունով մեկ այլ ամբարիշտ մարդ (տես Հելաման 2)։ Այս տեսակի խմբերին Մորմոնի Գրքում անվանում են գաղտնի խմբակցություններ (տես Հելաման 3.23)։ Կարդացեք Հելաման 6.15–21, 37–41 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ նեփիացիների հետ հակառակության և Գադիանթոնի գողերի ամբարշտության պատճառով։
Որո՞նք էին հպարտության և հակառակության հետևանքներից մի քանիսը։
Ձեր կարդացածից գուցե բացահայտել եք, որ հպարտությունը և հակառակությունը կարող են ընտանիքներ, համայնքներ և ազգեր պառակտել։ Այս ճշմարտությունը կարող եք գրել ձեր սուրբ գրքերում՝ Հելաման 1.4, 4.12–13 կամ 6.38–40 հատվածների կողքին։
Փրկիչը նեփիացիներին ուսուցանեց հակառակության կործանարար բնույթի մասին։ Կարդացեք 3 Նեփի 11.29–30 հատվածները և գտեք, թե ինչ էր ասել Նա։
Որտեղի՞ց է գալիս հակառակությունը։ Ինչո՞ւ է այն մշտապես կործանարար։
Ինչո՞ւ է դա կարևոր իմանալ, երբ դուք գայթակղվում եք բարկությամբ հանդես գալ կամ բախվում եք հակառակության:
Ինչպե՞ս է Փրկիչը օրինակ հանդիսանում այն բանի, ինչ Նա ուսուցանել է 3 Նեփի 11.29–30 հատվածներում։
Խաղաղություն փնտրեք Հիսուս Քրիստոսի միջոցով
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեր կյանքում առկա կոնֆլիկտի և հակառակության վերաբերյալ նման հրավերներ է տվել։ Դիտեք «Հոգևոր լիցքի զորությունը» տեսանյութի 1:38–3:31 հատվածը կամ կարդացեք ստորև բերված խոսքերը։
Իմ այսօրվա կոչն է, սիրելի եղբայրներ և քույրեր, վերջ դնենք հակառակություններին, որոնք մոլեգնում են ձեր սրտում, ձեր տանը և ձեր կյանքում: Թաղեք ուրիշներին վիրավորելու բոլոր տեսակի հակումները՝ լինի դա բնավորություն, սուր լեզու, թե վիրավորանք մեկի հանդեպ, ով ձեզ վիրավորել է: Փրկիչը պատվիրեց մեզ շրջել նաև մյուս այտը, սիրել մեր թշնամիներին և աղոթել նրանց համար, ովքեր չարչարում են մեզ։ …
Մենք Խաղաղության Իշխանի հետևորդներն ենք։ Այժմ, առավել քան երբևէ, մեզ պետք է այն խաղաղությունը, որը միայն Նա կարող է պարգևել: Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ աշխարհում խաղաղություն տիրի, երբ մենք անձամբ չենք ձգտում անձնական խաղաղության և ներդաշնակության: Եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ այն, ինչ ես առաջարկում եմ, հեշտ չէ: Բայց Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է օրինակ ծառայեն ողջ աշխարհին։ Ես խնդրում եմ ձեզ անել ամեն ինչ, որպեսզի վերջ դնեք անձնական հակառակություններին, որոնք այժմ մոլեգնում են ձեր սրտում և ձեր կյանքում: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022 թ․, 97)։
Նախագահ Նելսոնի հրավերն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հետևել Հիսուս Քրիստոսին։
Կրկին նայեք ձեր գծապատկերին։ Նշան դրեք հակառակության բոլոր այն ոլորտների կողքին, որոնց դեպքում զգում եք, որ կարող եք հանուն բարու ազդեցություն ունենալ։
Օգտվելով Հելաման 3.32–36 կամ Հելաման 6.1–9 հատվածներում կարդացածից՝ ավարտեք հետևյալ նախադասությունը․ Ես կարող եմ խաղաղություն գտնել Քրիստոսում, եթե …
Անհատապես Հիսուս Քրիստոսի մոտ գալը ինչպե՞ս կարող է մեզ բերել խաղաղություն և ուրիշների հետ միասնություն։
Ընտրեք Քրիստոսում խաղաղություն գտնելու ձեր թվարկած եղանակներից մեկը։ Ինչպե՞ս կարող եք կիրառել կամ գործնականում փորձել դրանք ձեր կյանքում։