«Հելաման 5.1–13․ «Մեր Քավչի վեմը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հելաման 5.1–13», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Հելաման 5.1–13
«Մեր Քավչի վեմը»
Երբևէ զգացե՞լ եք, որ շրջապատված եք բացասական ազդեցություններով կամ դևի գայթակղություններով։ Մարգարե Հելամանը սատանայի գրոհները նմանեցնում էր ուժեղ քամիներով փոթորկի և մեզ հարվածող կարկուտի։ Նա նաև հայտարարեց, որ նրանք, ովքեր իրենց կյանքի հիմքը կառուցել են «մեր Քավչի վեմի վրա» (Հելաման 5.12), չարին դիմակայելու և հավատարիմ մնալու զորություն կունենան։ Այս դասը կարող է օգնել ձեզ դիմակայել դևին և ձեր հիմքը կառուցել Հիսուս Քրիստոսի վրա։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր հոգևոր հիմքը
-
Որո՞նք են այն դժվարությունները կամ խնդիրները, որոնք կարող են սասանել մարդու հավատքը կամ հոգևոր հիմքը։ Կարող եք թվարկել դրանք ձեր օրագրում։
2021 թվականի հոկտեմբերին կայացած գերագույն համաժողովում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը քննարկել է Սոլթ Լեյքի տաճարի սկզբնական հիմքն ամրացնելու անհրաժեշտությունը։ Հետո նա Եկեղեցու անդամներին առաջարկել է մտածել իրենց իսկ հոգևոր հիմքի մասին։ Կարդացեք հետևյալ միտքը և նկատեք, թե նախագահ Նելսոնն ինչպես է տաճարի ամրացումը համեմատում մեր անձնական կյանքի հետ։
Նմանապես, հիմա է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը ձեռնարկի արտակարգ միջոցներ, որոնք գուցե նախկինում երբեք չենք ձեռնարկել, որպեսզի ամրացնենք մեր անձնական հոգևոր հիմքերը։ Աննախադեպ ժամանակները պահանջում են աննախադեպ միջոցներ։
Թանկագին եղբայրներ և քույրեր, սրանք վերջին օրերն են: Եթե ես և դուք ցանկանում ենք դիմակայել գալիք վտանգներին և ճնշումներին, անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ամուր հոգևոր հիմք ունենա, որը կառուցված է մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա։
Այսպիսով, ես հարցնում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ որքա՞ն ամուր է ձեր հիմքը: Իսկ ավետարանի ձեր վկայությանն ու հասկացողությանը ինչպիսի՞ ամրացումներ են անհրաժեշտ: (Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ․, 93)։
-
Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ նախագահ Նելսոնի հայտարարության մեջ:
Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք ձեր հոգևոր հիմքի վերաբերյալ նախագահ Նելսոնի հարցերին։ Փնտրեք Սուրբ Հոգու ազդեցությունը և գրեք ձեր պատասխանները։
Հելամանը խրախուսում է որդիներին հիշել
Դատավորների կառավարման 54-րդ տարում նեփիացիներից շատերն ապականվեցին և բարու փոխարեն ընտրեցին չարը։ Արդյունքում Նեփին հրաժարվեց գլխավոր դատավորի պաշտոնից և միացավ իր եղբայր Լեքիին, որը Աստծո խոսքն էր քարոզում մարդկանց (տես Հելաման 5.1–4), այնպես, ինչպես արել էր իր նախապապը՝ Ալմա կրտսերը, մոտ 60 տարի առաջ (Ալմա 4.15–20)։ Լեքին և Նեփին կարող էին հավատարիմ մնալ մասամբ այն պատճառով, որ հիշում էին իրենց հոր՝ Հելամանի ուսմունքները։
Մեր հաստատուն հիմքը
Կարդացեք Հելաման 5.12 հատվածը և փնտրեք լրացուցիչ ճշմարտություններ, որոնք Հելամանը ցանկանում էր, որ իր որդիները հիշեն։
-
Ի՞նչ մի քանի ճշմարտություն եք գտել Հելաման 5.12 հատվածում։
Հելաման 5.12 հատվածը պարունակում է հետևյալ երկու կարևոր ճշմարտությունները․ Հիսուս Քրիստոսը մեր հաստատուն հիմքն է և եթե մեր հիմքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, չարը մեզ վրա իշխանություն չի ունենա։
-
Մեր կյանքում Հիսուս Քրիստոսն ինչո՞վ է նման ժայռի և «հաստատուն հիմքի»։
-
Ձեր հավատքի վրա դևի գրոհներն ինչո՞վ են նման փոթորկի կամ պտտահողմի։
Հնարավորության դեպքում դիտեք «Հոգևոր պտտահողմեր» տեսանյութը (2:24) ChurchofJesusChrist.org կայքում, որում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենից կիմանաք ինչպես դիմակայել դևի պտտահողմերին։
-
Ի՞նչ եղանակներով կարող ենք կառուցել մեր հոգևոր հիմքը «մեր Քավչի վեմի» վրա։
-
Ի՞նչ խոչընդոտներ կան մեր հիմքն այդ եղանակներով Փրկչի վրա կառուցելու համար։
-
Դա ինչպե՞ս կարող է թույլ չտալ դևին իշխանություն ունենալ մեզ վրա։
Անձնական կիրառումը
Մտածեք, թե ինչ անձնական փոթորիկներ կամ դժվարություններ ունեք ներկայումս կամ կարող եք ունենալ ապագայում։ Աղոթքով մտածեք, թե ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելը կամ ամրացնելը ինչպես կօգնի դիմակայել այդ դժվարություններին։
Նկարեք մի նկար, որում պատկերված եք դուք՝ հաստատուն հիմքի վրա։ Հիմքն անվանեք «Հիսուս Քրիստոս»։ Նկարեք մի քանի կրակոտ նետ (լուսային նիզակի նման) կամ պտտահողմ և դրանց տվեք ձեզ հանդիպած առանձին գայթակղությունների կամ դժվարությունների անվանումները։
Հիմքի վրա կամ կողքին գրեք, թե հատկապես ինչ եք անում կամ կարող եք սկսել անել՝ ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելու համար։
Օրինակ՝ դա կարող է լինել անձնական նպատակ՝ ժամանակը ծախսել ընտանեկան պատմության վրա աշխատելու կամ տաճար այցելելու համար։ Դա կարող է լինել սուրբ գրություններով Փրկչի ավետարանն ամեն օր ուսումնասիրելը կամ անձնական աղոթքում ավելի անկեղծ լինելը։ Վարդապետության ուսումնասիրումը նույնպես կարող է օգնել ձեզ ամրացնել ձեր հիմքը։
Մտածեք, թե ինչ խոչընդոտներ պետք է հաղթահարեք և գրեք, թե ինչ կանեք դրանք հաղթահարելու համար։
Հնարավորության դեպքում հեռախոում հիշեցում տեղադրեք, որը կօգնի կանոնավոր կերպով հետևել այս դասի ընթացքում ձեր սահմանած պարտավորությունների կատարմանը։ Ընտանիքի անդամի, եկեղեցու ղեկավարի կամ վստահելի ընկերոջ հետ կարող եք կիսվել ձեր պարտավորություններով և խնդրել նրանց օգնել ձեզ պահել դրանք։