Սեմինարիա
Հելաման 3, 6․ «Այսպիսով, մենք տեսնում ենք»


«Հելաման 3, 6․ «Այսպիսով, մենք տեսնում ենք», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 3, 6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 3, 6

«Այսպիսով, մենք տեսնում ենք»

Մորմոնը խորհում է գրելիս

Պատկերացրեք, որ նամակ եք գրում ապագայի մարդկանց, որոնք ապրելու են հարյուրավոր տարիներ հետո։ Մարգարե Մորմոնն ըստ էության հենց դա է արել։ Նեփիացիների պատմությունը կրճատելու և այն ոսկե թիթեղների վրա փորագրելու ընթացքում նա տեղ-տեղ կարևոր ճշմարտություններ է մատնանշել՝ օգտագործելով նմանատիպ արտահայտություններ՝ «այսպիսով, մենք տեսնում ենք»։ Նրա ընդգծած ճշմարտությունները կարող են օգնել մեզ, երբ այսօր դժվարությունների ենք հանդիպում։ Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել սուրբ գրությունների ճշմարտությունները և վերլուծել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ ճշմարտությունները ձեր կյանքում։

Օգնեք ուսանողներին սովորել հիմնական բառերից և արտահայտություններից։ Սուրբ գրությունների որոշակի բառեր կամ արտահայտություններ կարող են ընթերցողներին համատեքստային հուշումներ տալ։ Օգնեք ուսանողներին ճանաչել այն բառերը, որոնք մատնանշում են կարևոր վարդապետությունը և մեր օրերի համար էական սկզբունքները։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների անհատական կամ ընտանիքով ուսումնասիրության ժամանակ փնտրել մեկ կամ երկու կարևոր ճշմարտություն։ Խնդրեք նրանց պատրաստվել բացատրելու, թե ինչպես են սուրբ գրություններում կարևոր ճշմարտություններ գտնում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դիմակայման ուղեցույց

Դասը սկսեք մի վարժությամբ, որն օգնում է ուսանողներին մտածել, թե սուրբ գրությունները որքան օգտակար են իրենց կյանքում։ Դա կարող է օգնել նրանց վարդապետությունը և սկզբունքները սուրբ գրություններում ավելի ջանասիրաբար փնտրելու ցանկություն ունենալ։ Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է:

  • Եթե ձեզ խնդրեին 12-13 տարեկանների համար դիմակայման դպրոցական ուղեցույց գրել, ի՞նչ կներառեիք դրանում։

Կարդացեք, թե ինչ է ասել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ձեր կյանքում դիմակայման ուղեցույց ունենալու մասին․

[Մորմոնի Գրքի] մարգարեները, ոգեշնչված Տիրոջ կողմից, տեսան մեր օրերը և ընտրեցին այն վարդապետությունն ու ճշմարտությունները, որոնք առավելագույնս կօգնեն մեզ։ Մորմոնի Գիրքը մեր դիմակայման ուղեցույցն է վերջին օրերի համար։ (Ռասսել Մ. Նելսոն, «Հավատքով ընդունենք ապագան», Լիահոնա, նոյեմբեր 2020, 75)։

  • Սուրբ գրություններում ձեր գտած վարդապետությունն ու ճշմարտությունները ինչպե՞ս են օգնում ձեր հոգևոր գոյատևմանը։ Կարո՞ղ եք վերջին շրջանի օրինակներ մտածել։

Հելաման 3 և Հելաման 6 գլուխներն ուսումնասիրելիս դուք հնարավորություն կունենաք սուրբ գրությունների վարդապետությունը և սկզբունքները բացահայտելու գործնական վարժություններ կատարել։ Դա կարող է օգնել ձեզ ավելի բովանդակալից ուսումնասիրել սուրբ գրությունները և ձեզ ու ձեր ընտանիքին ավելի մոտեցնել Քրիստոսին։

«Այսպիսով, մենք տեսնում ենք …»

Հելաման 1–6 գլուխներում հիշատակված բոլոր հակամարտություններին զուգահեռ նաև խաղաղության ժամանակավոր պահեր կային։ Հելաման 3 գլխում հազարավոր մարդիկ մկրտվում էին Եկեղեցում, և Եկեղեցին բարգավաճում էր։ Հելաման 6 գլխում շատ լամանացիների դարձից հետո նեփիացիներն ու լամանացիները ապրում էին միասնության մեջ՝ որպես դեպի Տերը դարձի եկած խմբեր։ Այս երկու գլուխներում Մորմոնն ընդհատել է նեփիական պատմության իր շարադրումը, որպեսզի ընդգծի կարևոր վարդապետությունը և ճշմարտության սկզբունքները։ Դա անելու համար նա օգտագործել է «այսպիսով, մենք տեսնում ենք» արտահայտությունը․

Ստորև բերվող վարժությունը նախատեսված է զարգացնելու բառեր կամ արտահայտություններ փնտրելու ուսանողների հմտությունը, ինչը կօգնի նրանց բացահայտել վարդապետությունը կամ սկզբունքները և տեսնել, թե այդ ճշմարտություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ իրենց կյանքում։

Կարող եք ուսանողներին փոքր խմբերի կամ զույգերի բաժանել և ցուցադրել վարժության ցուցումները։

Կարդացեք Հելաման 3.27–30, 6.34–36 հատվածները և գտեք «այսպիսով, մենք տեսնում ենք» բառերով սկսվող՝ ճշմարտություն պարունակող արտահայտությունները։ Կարող եք այդ ճշմարտությունները նշել ձեր սուրբ գրքերում և սեփական բառերով գրի առնել դրանք ձեր օրագրերում։

Թեև ուսանողները կարող են այլ բառեր օգտագործել, բայց կարող են նմանատիպ սկզբունքներ բացահայտել.

  • Տերը ողորմած է բոլորի հանդեպ, ովքեր իրենց սրտի անկեղծությամբ կկանչեն Նրա սուրբ անունը (տես Հելաման 3.27

  • Երկնքի դուռը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին (տես Հելաման 3.28

  • Ցանկացած մեկը, ով ցանկանում է, կարող է սովորել Աստծո խոսքը, որը նրան Աստծո արքայություն կտանի (տես Հելաման 3.29–30

  • Որքան լավ ենք ճանաչում Աստծուն, այնքան ավելի հակված ենք պահելու Նրա պատվիրանները (տես Հելաման 6.34

  • Եթե մեր սրտերն ամբարիշտ ու կարծրացած են, Տիրոջ Հոգին հետ կքաշվի մեզնից (տես Հելաման 6.35

  • Եթե մենք որոշենք պատրաստակամորեն հավատալ Տիրոջ խոսքերին, Նրա Հոգին կհորդա մեզ վրա (տես Հելաման 6.36

Եթե այս սկզբունքներից մեկի կամ երկուսի խորը ուսումնասիրությունն օգտակար լինի ուսանողների համար, Gospel Library հավելվածում կամ Ավետարանի առցանց գրադարանում գաղափարների գտնելու համար օգտվեք «Բացատրական և պատմական տեղեկություններ» և «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժիններից։

Որպես այլ տարբերակ կարող եք ուսանողներին ավելի շատ ժամանակ տալ ճշմարտությունների բացահայտման հմտության մեջ վարժվելու համար։ Կարող եք խնդրել նրանց վարդապետության սերտման հատվածից դուրս գրել «այսպիսով, մենք տեսնում ենք» բառերով սկսվող այլ արտահայտություններ, վերջերս տանը ուսումնասիրած որևէ բան կամ իրենց ընտրությամբ՝ մեկ այլ սիրած հատված։

Հետո ընտրեք ձեր գտած ճշմարտություններից մեկը և թվարկեք մի քանի հոգևոր վտանգներ, դժվարություններ կամ գրոհներ հավատքի վրա, որոնց կարող եք դիմակայել այս ճշմարտության օգնությամբ։ Օրինակ, եթե օգտագործել եք «եթե որոշենք պատրաստակամորեն հավատալ Տիրոջ խոսքերին, Նրա Հոգին կհեղի մեզ վրա» ճշմարտությունը (տես Հելաման 6.36), կարող եք թվարկել այնպիսի վտանգներ, ինչպիսիք են գիտական ապացույցի անհրաժեշտությունը՝ սուրբ գրություններին հավատալու համար, երկրային փորձագետներին մարգարեներից ավելի շատ հավատալը կամ հոգևոր տպավորությունների փոխարեն տրամաբանությանը վստահելը։

Հիշեք այս դասի սկզբում նախագահ Նելսոնի խոսքերը, որը Մորմոնի Գրքի մասին ասել էր, որ այն մեր վերջին օրերի դիմակայման ուղեցույցն է։

Ըստ առկայության ուսանողներին տրամադրեք գունավոր կավճամատիտներ, գունավոր մատիտներ կամ մարկերներ, որպեսզի մեկ էջանոց «դիմակայման ուղեցույց» կազմեն։ Նրանք կարող են հետևյալն անել անհատապես կամ խմբերով։

Թղթի վրա գրեք «Ինչպես դիմակայել …» և նախադասությունն ավարտեք՝ նշելով ձեր թվարկած վտանգներից, դժվարություններից կամ գրոհներից մեկը։ Օրինակ՝ եթե օգտագործել եք նախորդ բացահայտած ճշմարտությունը, կարող եք գրել «Ինչպես դիմակայել հոգևոր տպավորության վրա գործած գրոհին»։ Ձեր ընտրած ճշմարտության օգնությամբ դիմակայման մեկ էջանոց ուղեցույց կազմեք։ Նկարներով կամ բառերով բացատրեք, թե այդ ճշմարտությունն ինչպես կարող է օգնել պատանուն դիմակայել հոգևոր առումով։ Ձեր դիմակայման ուղեցույցում ներառեք հետևյալ գաղափարներից առնվազն երկուսը․

  • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել ինչ-որ մեկին դիմակայել ձեր նշած դժվարությանը

  • Այլ սուրբ գրություններ, որոնք վերաբերում են այս ճշմարտությանը կամ ձեր նշած դժվարության հետ կապված օգնություն

  • Այս ճշմարտությունն ինչպես է ձեզ կամ ուրիշներին մոտեցնում Հիսուս Քրիստոսին կամ օգնում ձեզ ստանալ Նրա զորությունը

  • Ինչ կարող է պատահել մարդկանց, եթե չիմանան այս ճշմարտությունը կամ չհետևեն դրան

  • Աշխարհն ինչպես կփոխվի, եթե յուրաքանչյուրը որոշի ապրել այդ ճշմարտությամբ

Ուսանողներին առաջարկեք մյուս խմբերի կամ դասարանի հետ կիսվել իրենց դիմակայման ուղեցույցներով։ Այդ ընթացքում կարող եք առաջարկել նրանց կիսվել ընդգծած ճշմարտությունների հետ կապված իրենց անձնական փորձառություններով։ Օրինակ՝ եթե ուսանողներն օգտագործել են «եթե մենք որոշենք պատրաստակամորեն հավատալ Տիրոջ խոսքերին, Նրա հոգին կհեղվի մեզ վրա» ճշմարտությունը (տես Հելաման 6.36), կարող եք հարցնել, թե ինչպես են զգացել Նրա Հոգին, երբ ուսումնասիրել և կիրառել են Մորմոնի Գրքում բերված Տիրոջ խոսքերը։

Ուսանողներին խրախուսեք սուրբ գրություններն ուսումնասիրելիս փնտրել կարևոր վարդապետությունը և ճշմարտությունները։ Վկայեք Աստծո խոսքի զորության մասին։