«Վարդապետության սերտում․ Հելաման 5.12․ «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում․ Հելաման 5.12», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Հելաման 5.12
«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»
Հելաման 5.1–13 հատվածների ուսումնասիրությունից իմացաք, թե ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելը ինչպես կարող է օգնել ձեզ դիմակայել դևի հզոր փոթորիկներին (տես Հելաման 5.12)։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Հելաման 5.12 հատվածի վարդապետության հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Նախորդ դասին իմացաք հետևյալ ճշմարտությունները․ Հիսուս Քրիստոսը մեր հաստատուն հիմքն է, և եթե մեր հիմքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, դևը մեզ վրա իշխանություն չի ունենա։ Հելաման 5.12 հատվածի վարդապետության հիմնական սուրբգրային արտահայտությունն է․ «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»։
Սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար օգտագործեք մտապահելու ձեր սեփական եղանակները կամ ստորև ներկայացված գաղափարներից մեկը։
Մի փոքր քար գտեք, որի վրա «Հելաման 5.12» հղումը գրելու համար բավարար տեղ կլինի։ Կտրեք թղթի շերտերից մեկը և վրան գրեք Հելաման 5.12 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունը՝ «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»։ Թղթի շերտը կպչուն ժապավենի, սոսնձի կամ ռեզինի օգնությամբ ամրացրեք քարին։ Մի քանի անգամ անգիր կրկնեք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև մտապահեք դրանք։
Որպես մտապահելու մեկ այլ եղանակ նկարեք ժայռ և վրան կանգնած մարդ։ Ժայռի ներսում գրեք Հելաման 5.12 հատվածը, իսկ դրա տակ հիմնական սուրբգրային արտահայտությունը գրեք այնքան, մինչև մտապահեք այն։
Պատկերացրեք, որ «Երիտասարդներին զորացնելու համար» Եկեղեցու ամսագիրը խնդրել է ամբողջ աշխարհի երիտասարդներին գաղափարներ ներկայացնել Հելաման 5.12 հատվածում ուսուցանվող վարդապետության վերաբերյալ։ Երեքից չորս նախադասությամբ մի ուղերձ կազմեք, որը բացատրում է հետևյալը․
-
Հիսուս Քրիստոսն ինչո՞վ է նման «հաստատուն հիմքին»
-
Մեր հոգևոր հիմքը «մեր Քավիչի վեմի» վրա կառուցելն ինչպե՞ս կարող է պաշտպանել մեզ դևի «ուժեղ քամիներից» և «կարկուտից»։
Կարող եք ձեր գրածով կիսվել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ։ Կարող եք ձեր մտքերով կիսվել նաև սոցիալական ցանցերում՝ հավելելով նմանատիպ հեշթեգեր՝ #surefoundation կամ #strivetobe (#հաստատունհիմք կամ #ձգտելլինել)։
Գործնական կիրառում
Կարճ վերանայեք պարբերություններ 5–12-ը «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023):
Ձեր ընկեր Մաթիլդան վերջերս անհանգստացել էր՝ լսելով բացասական տեղեկություններ Եկեղեցու մասին։ Մաթիլդայի նախկին թաղամասից մի ընկեր նրան որոշ նյութեր էր ուղարկել, որոնք փնովում էին Եկեղեցու վարդապետությունը և քննադատում էին մարգարեին։ Նրա հորեղբայրը վերջերս հեռացել էր Եկեղեցուց, քանի որ համաձայն չէր Եկեղեցու որոշ կանոնների հետ։ Մաթիլդան ցանկանում է հավատարիմ մնալ, բայց սկսում է կասկածել՝ արդյոք ինքն այդքան ուժեղ է։ Մի օր դպրոցից տուն գնալիս Մաթիլդան իր զգացումներով կիսվում է ձեզ հետ և խորհուրդ է հարցնում։
Օգտագործեք Հելաման 5.12 հատվածում ուսուցանվող հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ու վարդապետությունը, որպեսզի օգնեք Մաթիլդային հավատարիմ մնալ իր վկայությանը:
Գործեք հավատքով
-
Մաթիլդան ի՞նչ երկու կամ երեք արդար գործողություն կարող է կատարել, որպեսզի այդ դժվարին ժամանակահատվածում ապավինի Փրկչին և ամրացնի իր հոգևոր հիմքը։ Այդ գործողություններն ի՞նչ փոփոխություն կարող են բերել նրա կյանքում։
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու մասին ի՞նչ դասեր եք սովորել անցյալում, որոնք կարող են օգտակար լինել Մաթիլդայի համար։
Հավերժության հեռանկարը
Օգնեք Մաթիլդային իր խնդիրը դիտարկել հավերժության հեռանկարով՝ ուսումնասիրելով Փրկչի ուսմունքները։
-
Փրկչի ո՞ր ուսմունքներով կարող եք կիսվել Մաթիլդայի հետ, որպեսզի օգնեք նրան իր մտահոգություններին նայել հավերժության հեռանկարից։ (Կարող եք նկատի ունենալ սուրբ գրությունների հետևյալ հատվածները․ Հովհաննես 6.66–69, Եբրայեցիս 10.32–36, 2 Նեփի 31.20, Վարդապետություն և Ուխտեր 58.2–4:)
-
Այդ ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել Մաթիլդային իր մտահոգությունները դիտարկել հավերժության հեռանկարից։
-
Հելաման 5.12 հատվածում ուսուցանվող վարդապետությունն ինչպե՞ս կարող է օգնել Մաթիլդային իր մտահոգությունները դիտարկել հավերժության հեռանկարից։
Մի կարճ հաղորդագրություն գրեք Մաթիլդային, որը, կարծես, նախատեսում եք նրան ուղարկել։ Ներառեք ձեր ուսումնասիրությունից և խորհումներից ստացած գաղափարները և խրախուսեք նրան շարունակել հավատարիմ մնալ։
Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ
Մաթիլդան հարցնում է ձեզ, թե ինչ կարող է անել, երբ իրեն Եկեղեցու մասին հարցեր են տալիս, որոնց պատասխանները ինքը չգիտի։ Խորհեք, թե ինչ կասեիք նրան նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ ուսմունքներից։
Ընտրեք հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ Եթե կասկածներ ունեք Հայր Աստծո և Նրա Սիրելի Որդու, Վերականգնման ճշմարտացիության կամ Ջոզեֆ Սմիթի՝ որպես մարգարե աստվածային կոչման արժանահավատության վերաբերյալ, ընտրեք հավատքը [տես 2 Նեփի 33.10–11] և հավատարիմ մնացեք։ Ձեր հարցերը հղեք Տիրոջը և այլ արժանահավատ աղբյուրների: Ուսումնասիրեք ավելի շատ հավատալու ցանկությամբ, քան հույսով, թե կարող եք թերություն գտնել մարգարեի կյանքում կամ անհամապատասխանություն՝ սուրբ գրություններում: Մի զարգացրեք ձեր կասկածները՝ քննարկելով դրանք այլ կասկածողների հետ։ Թույլ տվեք, որ Տերն առաջնորդի ձեզ՝ հոգևորի բացահայտման ձեր ճամփորդության մեջ (Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ., 103)։
-
Ըստ ձեզ՝ նախագահ Նելսոնի խորհուրդն ինչպե՞ս կարող է օգնել Մաթիլդային։
-
Հավատք սերմանող ի՞նչ այլ աղբյուրներ կան, որոնցից կարող է օգտվել Մաթիլդան՝ պատասխանները գտնելու համար։
Մաթիլդայի հետ իր հավատքի և վկայության մասին տարբեր քննարկումներ ունենալուց հետո նա իր երախտագիտությունն է հայտնում ձեզ, որ օգնեցիք իրեն անսասան պահել Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը։
Մտածեք ձեր դժվարությունների, այդ թվում՝ սատանայի բոլոր այն գայթակղությունների մասին, որոնք գուցե այժմ «հարվածում են ձեզ» (Հելաման 5.12)։ Ընտրեք մեկը, որի համար կցանականայիք ստանալ Տիրոջ օգնությունը և գրեք այն ձեր օրագրի որևէ էջի վերևում։ Գրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները և նշեք, թե ինչպես կարող եք այդ սկզբունքները կիրառել ձեր իրավիճակում։