«Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը. «Նայիր առ Աստված և ապրիր» Ալմա 36-38», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Ալմա 36-38», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը. «Նայիր առ Աստված և ապրիր»
Ալմա 36-38
Երբ Ալման ամբարշտություն տեսավ իր շուրջը, նա զգաց խորը «վիշտ», «նեղություն» և «հոգու տվայտանքներ» (Ալմա 8.14): «Ամբարշտությունն այս ժողովրդի մեջ,- ասաց նա զորամացիների մասին, - ցավ է պատճառում իմ հոգուն» (Ալմա 31.30): Նա նման մի բան զգաց, երբ վերադարձավ զորամացիների մոտ իր միսիայից. նա նկատեց, որ նեփիացիներից շատերի սրտերը «սկսում էին կարծրանալ, և որ նրանք սկսում էին վիրավորվել խոսքի խստության պատճառով» և այդ պատճառով «նրա սիրտն անչափ վշտացավ» (Ալմա 35.15): Ալման ի՞նչ արեց իր տեսածի ու զգացածի համար: Նա պարզապես չհուսահատվեց աշխարհի վիճակից: Փոխարենը, «նա կարգադրեց, որ իր որդիները հավաքվեն միասին», և ուսուցանեց նրանց «արդարությանը պատկանող բաների վերաբերյալ» (Ալմա 35.16): Նա ուսուցանեց նրանց, որ «չկա ոչ մի ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել՝ միայն Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով: … Ահա, նա է խոսքը ճշմարտության և արդարության» (Ալմա 38.9):
Գաղափարներ տանը և Եկեղեցում ուսուցանելու համար
Ես կարող եմ ծնվել Աստծուց
Մեզնից քչերը կունենան այնպիսի ազդեցիկ փորձառություն, ինչպիսին Ալմայի դարձն էր: Սակայն բոլորը պետք է «ծնվեն Աստծուց», թեև դա սովորաբար տեղի է ունենում աստիճանաբար (Ալմա 36.23, 38.6)։ Երբ կարդաք Ալմա 36 գլուխը, մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում ծնվել Աստծուց: Օրինակ՝ Աստծուց ծնվելու գործընթացում ինչպե՞ս եք դուք վերաբերվում մեղքին և Հիսուս Քրիստոսին։ Ինչպե՞ս է Աստծուց ծնված լինելն ազդում այն ամենի վրա, ինչ դուք անում եք՝ ի պատասխան ձեր սեփական սխալների: Ուրիշ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում ձեր համոզմունքներում և արարքներում: Խորհեք, թե ինչպես եք դուք զգում այս փոփոխությունները:
Տես նաև Մոսիա 5.7, 27.25–26, Ալմա 5.14, 22.15, Հելաման 3.35, «Ալմա կրտսերը դարձի է գալիս առ Տերը» (տեսանյութ), Gospel Library։
Հիսուս Քրիստոսը վիշտը փոխարինում է ուրախությամբ
Երբեմն մարդիկ վախենում են ապաշխարել, որովհետև ապաշխարությունը դիտում են որպես մեղքի ցավալի պատիժ: Ի՞նչ եք կարծում, Ալման ի՞նչ կասեր այդ մասին: Պարզելու համար դուք կարող եք համեմատել Ալմայի կյանքը նախքան ապաշխարելը (տես Ալմա 36.6–17) և իր իսկ նկարագրությունն իր մասին՝ ապաշխարելուց հետո (տես հատվածներ 18–27): Համաձայն Ալմա 36.17–18 հատվածների՝ Ալման ինչպե՞ս ստացավ այս ներումը:
Տես նաև Մեթյու Ս․ Հոլլանդ, «Որդու սքանչելի պարգևը», Լիահոնա, նոյեմբեր 2020 թ․, 45–47։
Սուրբ գրությունները պահպանվել են «իմաստուն նպատակի համար»
Մտածեք, թե ինչ հրաշք և օրհնություն է սուրբ գրություններն այսօր ունենալը: Երբ կարդաք Ալմա 37 գլուխը, փնտրեք այն օրհնությունները, որոնք գալիս են սուրբ գրություններն ունենալու շնորհիվ (տես, օրինակ՝ հատվածներ 7–10, 18–19, 44–45)։
Ալմա 37.38–47-ում Ալման «Քրիստոսի խոսքերը» համեմատեց Լիահոնայի հետ: Այս համեմատության շուրջ խորհելիս մտածեք այն եղանակների մասին, որոնցով դուք զգացել եք Քրիստոսի ուսմունքների զորությունն «օրեցօր» (Ալմա 37.40):
Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Սուրբ գրությունների օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010 թ․, 32–35, «Երբ ուսումնասիրում եմ սուրբ գրությունները», Հիմներ, հմր. 277, «Ալման վկայում է Իր որդի Հելամանին» (տեսանյութ), Gospel Library.
«Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները»
Երբեմն մենք կարող ենք համարել, որ մեր խնդիրներն այնքան մեծ ու բարդ են, որ լուծումները ևս պետք է լինեն մեծ ու բարդ: Բայց դա միշտ չէ, որ Տիրոջ ճանապարհն է: Ալմա 37.1–14 հատվածները կարդալիս հաշվի առեք, թե ինչն է ձեզ տպավորում այն բանում, թե ինչպես է Նա կատարում Իր աշխատանքը: Այնուհետև կարող եք խորհել և գրանցել այն եղանակները, որոնցով դուք տեսել եք այս սկզբունքը ձեր կյանքում։
Եթե դուք այս սկզբունքն ուսուցանեիք որևէ մեկին, ի՞նչ օրինակներ կբերեիք բնությունից կամ առօրյա կյանքից՝ այն նկարագրելու համար: Որոշ օրինակներ կարող եք գտնել Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Փոքր և հասարակ բաներ» ուղերձում (Լիահոնա, մայիս 2018 թ․, 89-92):
Նշեք մի քանի փոքր և հասարակ բաներ, որոնք ձեզ ավելի են մոտեցնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Հաճախ մեր «փոքր և հասարակ» ընտրությունները մեծ փոփոխություններ են առաջացնում մեր կյանքում: Ընտրեք թեմա «Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց» գրքույկից և ինքներդ ձեզ տվեք նմանատիպ հարցեր․ Ինչպե՞ս են իմ ընտրություններն ազդում ինձ և ինձ շրջապատող մարդկանց վրա: Ի՞նչ փոքր և հասարակ փոփոխություններ կարող եմ կատարել, որոնք կհանգեցնեն ավելի մեծ խաղաղության և երջանկության:
Տես նաև Մայքլ Ա. Դանն «Մեկ տոկոսով ավելի լավը» Լիահոնա, նոյ. 2021 թ․, 106–8, Ավետարանական թեմաներ՝ «Կամքի ազատություն» Gospel Library։
«Խորհուրդ արեք Տիրոջ հետ»
Ալմա 37.35–37 հատվածներում ուշադրություն դարձրեք Ալմայի հրավերներին, որոնք ուղղված են իր որդուն՝ Հելամանին։ Այս հրավերներից որո՞նք են ձեզ մղում գործելու դրանց համապատասխան: Օրինակ՝ կարող եք խորհել, թե ինչ է նշանակում «խորհուրդ անել Տիրոջ հետ» (հատված 37): Ինչպե՞ս եք փորձել դա անել: Ինչպե՞ս է Նա ուղղորդել ձեզ դեպի բարին:
Կիսվելով Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունով՝ կարող եմ զորացնել մարդկանց, որոնց սիրում եմ
Իր որդի Սիբլոնին ուղղված Ալմայի խոսքերը լավ օրինակ են հանդիսանում այն բանի, թե ինչպես զորացնել և խրախուսել մեր սիրելի մարդկանց ապրել ավետարանով: Ալմա 38 գլխի ուսումնասիրությունը կարող է ձեզ մի քանի գաղափար տալ՝ օգնելու ընտանիքի անդամներին և ընկերներին ուժ գտնել Հիսուս Քրիստոսում: Գրի առեք այն, ինչ գտնում եք:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ապաշխարությունն ինձ ուրախություն է բերում Հիսուս Քրիստոսում
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ ապաշխարությունը ուրախություն է բերում, կարող եք նրանց տալ մի թուղթ, որի մի կողմում ուրախ դեմք է պատկերված, իսկ մյուս կողմում՝ տխուր դեմք: Խնդրեք նրանց լսել, երբ դուք կարդում կամ ամփոփում եք Ալմա Ալմա 36.13, 17–20 հատվածները, և բարձրացնել դեմքերից մեկը՝ ցույց տալով, թե ինչ էր զգում Ալման: Ավագ տարիքի երեխաները կարող են գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե նա ինչ էր զգում: Ի՞նչն էր տխրեցնում Ալմային, և ի՞նչն էր նրան ուրախացնում: Ապա կարող եք պատմել նրանց այն մասին, թե ինչ ուրախություն եք զգում, երբ ապաշխարում եք։
«Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները»
-
Ձեր երեխաներին կարող է դուր գալ փոքր առարկաներ գտնել, որոնք մեծ և կարևոր գործերը հնարավոր են դարձնում: Որպես օրինակ՝ դրանք կարող են լինել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ մարտկոցը, մեքենայի բանալին կամ նույնիսկ խաղալիքը, որը մխիթարում և հանգստություն է պարգևում իրենց: Այնուհետև դուք կարող եք միասին կարդալ Ալմա 37.6–7 հատվածները և մտածել մի քանի փոքր կամ հասարակ բաների մասին, որոնք Աստված ցանկանում է, որ մենք անենք: Ի՞նչ մեծ բաներ կարող են տեղի ունենալ, երբ հնազանդվենք այս փոքր կամ հասարակ պատվիրաններին:
-
Ձեր երեխաները կարող են նաև փորձել նմանատիպ մի բան. բաժակը լցնել ջրով՝ կաթիլ առ կաթիլ: Ինչպե՞ս է դա առնչվում Ալմա 37.6–7 հատվածներին։ Այնուհետև դուք կարող եք խոսել այն մասին, որ Տիրոջ «փոքր և հասարակ բաները» (օրինակ՝ սուրբ գրություններն ամեն օր կարդալը) նման են ջրի կաթիլներին բաժակի մեջ։
-
Օգնեք ձեր երեխաներին մտածել այն մասին, թե նրանք ինչպես կարող ենմեծ բաների հասնել տանը, դպրոցում կամ եկեղեցում: ««Տուր»,- ասաց փոքրիկ առուն» (Մանկական երգարան, 236) երգը նույնպես նկարագրում է այդ սկզբունքը:
Սուրբ գրությունները կարող են ամեն օր օգնել ինձ
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին սեր զարգացնել Աստծո խոսքի հանդեպ, ինչպես դա արեց Ալման՝ Հելամանի համար: Կարող եք ցույց տալ Լիահոնայի նկարը (օրինակ՝ տես Ավետարանի պատկերագիրք, հմր.68), կամ առաջարկել երեխաներին նկարել Լիահոնան և կիսվել, թե ինչ են հիշում դրա մասին (տես Ալմա 37.38–47, 1 Նեփի 16.10, 28–29). Ինչո՞վ են սուրբ գրությունները նման Լիահոնային: