«Դեկտեմբերի 16–22-ը. «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» Մորոնի 10», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Դեկտեմբերի 16-22-ը։ Մորոնի 10», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)
Դեկտեմբերի 16–22-ը․ «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում»
Մորոնի 10
Մորմոնի Գիրքը սկսվում է Նեփիի խոստումով՝ ցույց տալով մեզ, որ «Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա են, ում նա ընտրել է՝ իրենց հավատքի շնորհիվ» (1 Նեփի 1.20): Գիրքը ավարտվում է Մորոնիի համանման հորդորով. «Հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը» (Մորոնի 10.2–3)։ Տիրոջ ողորմածության ի՞նչ օրինակներ եք տեսել Մորմոնի Գրքում: Կարող եք խորհել այն եղանակի շուրջ, որով Աստված առաջնորդեց Լեքիի ընտանիքին անապատում և ծովում, գորովագութ ողորմությունները, որոնք նա ցույց տվեց Ենովսի հանդեպ, երբ նրա սիրտը ներում էր տենչում, կամ ողորմությունը, որը Նա ցուցաբերեց Ալմայի՝ Եկեղեցու ամենաչար թշնամու հանդեպ, ով դարձավ դրա անվախ պաշտպաններից մեկը: Ձեր խոհերը կարող են դառնալ դեպի ողորմածությունը, որը հարություն առած Փրկիչը ցուցաբերեց ժողովրդի հանդեպ, երբ Նա բժշկեց հիվանդներին և օրհնեց փոքր երեխաներին: Թերևս ամենակարևորը, որ այս ամենը կարող է հիշեցնել ձեզ, «թե որքան ողորմած է եղել Տերը» ձեր հանդեպ, քանզի Մորմոնի Գիրքը գրվել է՝ հրավիրելու մեզանից յուրաքանչյուրին ստանալ Աստծո ողորմածությունը. հրավեր, որը հստակ արտահայտված է Մորոնիի հրաժեշտի խոսքերում, «եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10.32)։
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Ես կարող եմ իմանալ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ
Մորոնի 10.3–7 հատվածներում տրված խոստումը միլիոնավոր մարդկանց կյանքեր է փոխել ողջ աշխարհում: Ինչպե՞ս է այն փոխել ձեր կյանքը: Երբ կարդաք Մորոնի 10.3-7-ը, ավելի ուշադիր եղեք, քան մնացած մասը կարդալիս: Կարող եք քննել յուրաքանչյուր արտահայտությունը՝ տալով այսպիսի հարցեր. Ի՞նչ է նշանակում սա: Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ անել սա: Ինչպիսի՞ փորձառություններ եմ ունեցել սրա վերաբերյալ։
Երբ դուք խորհում եք հոգևոր ճշմարտության ձեր անձնական որոնման մասին, դա կարող է օգնել հասկանալ, թե ինչպես են ուրիշները գտել ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ: Երեց Մաթիաս Հելդը նկարագրել է իր փորձառությունը որպես Եկեղեցու նոր անդամ (տես «Գիտելիք որոնել Հոգու միջոցով», Լիահոնա, մայիս 2019 թ․, 31–33)։ Երեց Դեյվիդ Ֆ. Էվանսը նկարագրել է իր փորձառությունը որպես մարդ, որը մեծացել էր Եկեղեցում, բայց դեռ հարցեր ուներ (տես «Ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ», Լիահոնա, նոյեմբեր 2017 թ․, 68–70)։ Կարող եք կարդալ այս ուղերձներից մեկը կամ երկուսը և գրի առնել այն, ինչը սովորեցիք ճշմարտության նրանց որոնումներից և ինչը օգնում է ձեզ ճշմարտության ձեր սեփական որոնման ընթացքում:
Դուք կարող եք նաև ուսումնասիրել, թե ինչ է Աստված ուսուցանել ճշմարտության մասին՝ կարդալով Սուրբ գրքերի ուղեցույցի «Ճշմարտություն» բաժնի մի քանի հատված (Gospel Library)։ Ձեր կարծիքով, սուրբ գրություններից որո՞նք են հատկապես խոր տպավորություն գործում ձեզ վրա: Գուցե դուք կարող եք ընտրել դրանցից մեկը՝ կիսվելու համար մեկ ուրիշի հետ, որը նույնպես ճշմարտություն է որոնում Հոգու միջոցով:
Տես նաև Հենրի Բ. Այրինգ «Հավատք՝ խնդրելու և ապա գործելու համար», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ․, 74–76, «Թող Սուրբ Հոգին առաջնորդի», Հիմներ, հմր. 143, Ավետարանական թեմաներ՝ «Որոնել ճշմարտությունը և խուսափել խաբեությունից», Gospel Library։
Աստված ինձ տվել է հոգևոր պարգևներ
Կան շատ եղանակներ, որոնցով մարդը կարող է «ուրանալ Աստծո պարգևները» (Մորոնի 10.8): Որոշ մարդիկ անգամ հերքում են այս պարգևների գոյությունը: Մյուսները հրաժարվում են իրենց պարգևներից՝ պարզապես անտեսելով կամ թերանալով զարգացնել դրանք: Երբ կարդաք Մորոնի 10.8–25-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ բացահայտել ձեր հոգևոր պարգևները և օգտագործել դրանք՝ օրհնելու Աստծո զավակներին: Կարող են օգտակար լինել նմանատիպ հարցերը. Որո՞նք են հոգևոր պարգևները։ Ո՞ւմ են դրանք տրվում: Ինչո՞ւ են դրանք տրվում: Ինչպե՞ս կարող ենք ստանալ դրանք: Կարո՞ղ եք հիշել մարդկանց օրինակներ, որոնք օգտագործում են Մորոնի 10.9–16-ում թվարկված պարգևները։
Ես կարող եմ կատարելագործվել Հիսուս Քրիստոսի շնորհով
Մորոնիի խորհուրդը «գալ դեպի Քրիստոսը» ներառում է ավելին, քան Նրա մասին սովորելը և մտածելը: Ավելի շուտ այն դեպի Քրիստոսը գալու հրավեր է՝ հնարավոր ամբողջական իմաստով. դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է: Երբ կարդում եք Մորոնի 10.30–33 հատվածները, ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, ինչպես է դա հնարավոր և որոնք են դրա արդյունքները:
Հետադարձ հայացք ձգեք Մորմոնի Գրքի այս տարվա ձեր ուսումնասիրությանը և խորհեք, թե ինչ եք զգացել և սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Օրինակ՝ ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ գալ Նրա մոտ։ Ինչպե՞ս է այն օգնել ձեզ ամբողջապես ապավինել Նրա շնորհին: Ինչպե՞ս է այն օգնել ձեզ «չուրանալ» Փրկչի զորությունը: Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությամբ կիսվեք այն մարդկանց հետ, որոնց անհրաժեշտ է լսել այն, այդ թվում՝ հարազատների և ընկերների հետ, որոնք հնարավոր է՝ չգիտեն դրա ուղերձի մասին:
Տես նաև «Մորոնին առաջարկում է բոլորին գալ դեպի Քրիստոսը» (տեսանյութ), Gospel Library։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ես կարող եմ ինքնուրույն իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին ընդունել Մորոնիի հետևյալ հրավերը՝ հարցնել Աստծուն՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Կարող եք նրանց տալ թերթիկներ, որոնց վրա գրված են Կարդալ, Հիշել, Խորհել, և Հարցնել բառերը։ Առաջարկեք երեխաներին այդ բառերը գտնել Մորոնի 10.3–4-ում։ Մենք ի՞նչ պետք է կարդանք, հիշենք, խորհենք և հարցնենք, որպեսզի ձեռք բերենք կամ ամրապնդենք Մորմոնի Գրքի մասին մեր վկայությունները։ Խնդրեք երեխաներին նմանություններ գտնել այդ հատվածների և «Փնտրեք, խորհեք և աղոթեք» (Մանկական երգարան, 109) երգի միջև։
-
Ձեր երեխաները կարող են օգտագործել այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող նկարը և պատմեն, թե Մորոնին ինչպես թաղեց ոսկե թիթեղները (տես նաև «Գլուխ 54․ Մորմոնի Գրքի խոստումը», Մորմոնի Գրքի պատմություններ, 156)։ Երեխաները կարող են ձևացնել, թե իրենք Մորոնին են, գրում են թիթեղների վրա և դրանք թաղում են հողի մեջ։ Կիսվեք միմյանց հետ Մորմոնի Գրքի մասին ձեր վկայություններով:
Երկնային Հայրն ինձ տալիս է հոգևոր պարգևներ
-
Ձեր երեխաներին հոգևոր պարգևների մասին ուսուցանելու համար կարող եք առանձին թերթիկների վրա գրել 9-16 թվերը և յուրաքանչյուր թերթիկ փաթեթավորել որպես նվեր: Երեխաները կարող են հերթով բացել նվերները, կարդալ Մորոնի 10.9–16 հատվածները, որոնք համապատասխանում են թվերին, և բացահայտել յուրաքանչյուր հոգևոր պարգև: Դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք օգտագործենք այս պարգևները՝ Իր զավակներին օրհնելու համար: Դուք նաև կարող եք օգնել ձեր երեխաներին նկատել այն պարգևները, որոնք նրանց տվել է Երկնային Հայրը:
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես գամ Իր մոտ
-
Արդյո՞ք ձեր երեխաները գիտեն, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ։ Դուք կարող եք կարդալ Մորոնի 10.32 հատվածը և առաջարկել նրանց ձեզ հետ կրկնել արտահայտությունը: Խնդրեք նրանց փակել աչքերը և Հիսուսի նկարը տեղադրեք սենյակի որևէ մասում։ Այնուհետև նրանք պետք է բացեն աչքերը, գտնեն նկարը, հավաքվեն նկարի շուրջը և խոսեն Քրիստոսի մոտ գալու ճանապարհների մասին: Գուցե դա կօգնի գրել, թե Ի՞նչ է նշանակում գալ դեպի Քրիստոսը։ Օգնեք նրանց ուսումնասիրել Մորոնի 10.32–33 հատվածները՝ հնարավոր պատասխանները գտնելու համար (տես նաև Հավատո Հանգանակ 1.3–4)։ Միասին աշխատեք և թվարկեք, թե Քրիստոսն ինչ է կամենում, որ մենք անենք, և Նա ինչ է խոստանում անել մեզ համար։
-
Վստահաբար, երեխաներին դուր կգա ձևավորել սրտաձև անվանապիտակներ, որոնց վրա գրված կլինի «ես սիրում եմ Աստծուն իմ ողջ զորությամբ, մտքով և ուժով» (տես Մորոնի 10.32)։ Մինչ երեխաները կպատրաստեն անվանապիտակները, խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչպես ենք մենք ցույց տալիս Աստծուն, որ սիրում ենք Նրան: