«Դեկտեմբերի 23–29-ը․ «Նա կգա աշխարհ՝ փրկագնելու իր ժողովրդին» Սուրբ Ծնունդ», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Դեկտեմբերի 23-29-ը Սուրբ Ծնունդ», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)
Դեկտեմբերի 23–29-ը․ «Նա կգա աշխարհ՝ փրկագնելու իր ժողովրդին»
Սուրբ Ծնունդ
Նեփիից մինչև Մորոնի և Մորմոնի Գրքի յուրաքանչյուր մարգարե կապված էր այն սուրբ նպատակին, որն ամփոփված է գրքի տիտղոսաթերթում. «Որպեսզի համոզի [բոլոր ժողովուրդներին], որ Հիսուսը Քրիստոսն է»: Մի մարգարե տեսավ Նրան՝ որպես նախամահկանացու հոգի, իսկ մեկ ուրիշը տեսիլքում տեսավ Նրա մահկանացու սպասավորությունը: Մեկը կանգնեց պատի վրա, որ հայտարարի Նրա ծննդի ու մահվան նշանները, իսկ մեկ ուրիշը ծնկի իջավ Նրա հարություն առած մարմնի առջև՝ շոշափելով Նրա ձեռքերի, ոտքերի և կողերի վերքերը: Նրանք բոլորը գիտեին այս կարևոր ճշմարտությունը. «Չկա ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել, միայն քավիչ արյամբ Հիսուս Քրիստոսի, որը պիտի գա … փրկագնելու աշխարհը» (Հելաման 5.9):
Ուստի այս Սուրբ ծնունդի տոներին, երբ ամբողջ աշխարհի հավատացյալները փառաբանում են Աստծո բարությունն ու սերը, որով ուղարկեց Իր Որդուն, խորհեք, թե Մորմոնի Գիրքն ինչպես է ամրացրել ձեր հավատը Քրիստոսի հանդեպ: Երբ մտածում եք Նրա ծնունդի մասին, խորհեք, թե Նա ինչու եկավ, և Նրա գալուստը ինչպես փոխեց ձեր կյանքը: Այդ ժամանակ դուք կարող եք զգալ Սուրբ ծնունդի իսկական ուրախությունը, պարգև, որը Հիսուս Քրիստոսն է տալիս ձեզ:
Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար
Հիսուս Քրիստոսը ծնվել է իմ Փրկիչը լինելու համար
Ավանդական է Սուրբ ծնունդի տոներին կարդալ Փրկչի ծնունդի պատմությունը Նոր Կտակարանից, բայց Մորմոնի Գրքում ևս կարող եք գտնել հուզիչ մարգարեություններ այս սրբազան իրադարձության մասին: Օրինակ՝ Փրկչի ծնունդի և սպասավորության մասին մարգարեություններ կարելի է գտնել 1 Նեփի 11.13–36, Մոսիա 3.5–10 և Հելաման 14.1–13 հատվածներում։ Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ տպավորություններ եք ստանում, երբ կարդում եք այս հատվածները և խորհում եք Նրա ծնունդի խորհրդանիշների իմաստների մասին: Այս մարգարեների վկայություններն ինչպե՞ս են ամրապնդում ձեր վկայությունը Քրիստոսի և Նրա առաքելության մասին։
Ահա մի քանի այլ առաջարկ, որ կօգնի ձեզ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա Սուրբ ծնունդի շրջանում.
-
Գիտեի՞ք, որ Gospel Library-ում կարող եք դիտել Առաջին Նախագահության՝ Սուրբ ծնունդի նախորդ հոգևոր երեկոների ուղերձները: Փնտրեք դրանք «Սուրբ ծնունդի տեսանյութեր» հավաքածուի մեջ: Կարող եք կիսվել այդ ելույթներով և երաժշտությամբ՝ Սուրբ ծնունդի ուրախությունը տարածելու համար:
-
Դուք և ձեր ընտանիքը կարող եք նաև ունկնդրել Gospel Library-ի «Սուրբ ծնունդի երաժշտություն» հավաքածուի ընտրանիները:
-
Կարող եք ծրագրել միջոցառումներ Սուրբ ծնունդի մոտակա օրերին՝ ձեր և ձեր ընտանիքի համար, որպեսզի զգաք Քրիստոսի Հոգին, օրինակ՝ ծառայելով ինչ-որ մեկին կամ միասին երգելով Սուրբ ծնունդի հիմներ: Գաղափարների համար տես LighttheWorld.org կայքը։
Տես նաև Մատթեոս 1.18–25, 2, Ղուկաս 2, 3 Նեփի 1.4–22, «Այնտեղ՝ մսուրում», Հիմներ, հ. 206։
Հիսուս Քրիստոսը աշխարհի Քավիչն է
Նրա քավիչ զոհաբերությունն է hիմնական պատճառը, որ մենք նշում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այդ զոհաբերության շնորհիվ Նա փրկում է մեզ մեղքից ու մահից, սփոփում է չարչարանքի պահերին և օգնում է մեզ «կատարելագործվել նրանում» (Մորոնի 10.32): Այս տարի ի՞նչ եք սովորել Մորմոնի Գրքից Փրկչի քավիչ զորության մասին: Ո՞ր պատմությունները կամ ուսմունքներն են նշանակալից ձեզ համար: Մտածեք, թե հետևյալ հատվածներն ինչ են ուսուցանում ձեզ Փրկչի քավիչ առաքելության մասին. 2 Նեփի 2.6, Ալմա 7.7–13, 11.40 և Հելաման 5.9, 14.16–17: Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ձեր երախտագիտությունն արտահայտեք Նրան։
Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին
«Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին». սա ավելին է, քան պարզապես Մորմոնի Գրքի ենթավերնագիր, այն հաստատում է դրա աստվածային նպատակը: Խորհեք, թե ինչ եք սովորում հետևյալ սուրբ գրություններից Քրիստոսի մասին վկայելու Մորմոնի Գրքի առաքելության մասին. 1 Նեփի 6.4, 19.18 և 2 Նեփի 25.23, 26, 33.4, 10:
Օրագրում գրառեք, թե այս տարի Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ինչպե՞ս է ձեզ մոտեցրել Քրիստոսին: Հետևյալ հուշումները կարող են օգնել.
-
«Մի նոր բան, որ ես սովորեցի կամ զգացի Փրկչի մասին այս տարի …»
-
«Մորմոնի Գրքում Փրկչի մասին սովորելը փոխեց այն եղանակը, որով ես…»
-
«Մորմոնի Գրքից իմ սիրելի անձը կամ պատմությունը ուսուցանել է ինձ, որ Փրկիչը … »
Գուցե կա մեկը, ով կօրհնվի՝ իմանալով, թե ինչ զգացողություններ ունեք դուք Մորմոնի Գրքի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք կիսվել ձեր փորձառություններով և վկայությամբ: Հնարավոր է՝ դուք ոգեշնչվեք նվիրել մի օրինակ՝ որպես Սուրբ ծնունդի նվեր: Մորմոնի Գրքի հավելվածը հեշտացնում է կիսվելու գործընթացը:
Եպիսկոպոս Ժերալդ Կոսեն թվել է մի քանի ճշմարտություն Մորմոնի Գրքից՝ Հիսուս Քրիստոսի մասին (տես «Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին», Լիահոնա, մայիս 2020, 39–40)։ Դուք կարող եք դիտել նրա ցանկը և խորհել, թե ինչպես է այս ճշմարտություններից յուրաքանչյուրը փոխել, կամ ինչպես կարող է փոխել ձեր կյանքը:
Տես նաև Ավետարանական թեմաներ, «Մորմոնի գիրք», Gospel Library։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Քանի որ այս կիրակին ամսվա հինգերորդ կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել ուսումնական միջոցառումները Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար:
Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր ընծան է ինձ
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին կենտրոնանալ ընծայի վրա, որը Երկնային Հայրն է տվել մեզ՝ ուղարկելով Իր Որդուն, կարող եք փաթեթավորել Հիսուս Քրիստոսի նկարը՝ որպես Սուրբ ծնունդի նվեր: Ընտանիքի անդամները կարող են խոսել Սուրբ ծննդյան սիրելի ընծաների մասին, որոնք ստացել են կամ ակնկալում են ստանալ: Հետո նրանք կարող են բացել Քրիստոսի նկարը և քննարկել, թե Նա ինչպես է թանկարժեք ընծա եղել մեզ համար: Այս քննարկումանը կարող եք ավելացնել այսպիսի մի երգ՝ «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (Մանկական երգարան, 34–35)։ Օգնեք ձեր երեխաներին երգի մեջ գտնել արտահայտություններ, որոնք նկարագրում են այն օրհնությունները, որոնք մենք ունենք Հիսուսի ծննդյան շնորհիվ։
Հիսուս Քրիստոսը ծնվել է իմ Փրկիչը լինելու համար
-
Ձեր երեխաները կարող են հաճույքով կիսվել ձեզ հետ այն ամենով, ինչ գիտեն Հիսուսի ծննդյան մասին։ Ավետարանի պատկերագրքում կան նկարներ, որոնք կարող են օգնել նրանց պատմել պատմությունը (տես հմր․ 28, 29, 30, 31)։ Դուք կարող եք նաև դիտել Փրկչի կյանքը և քավիչ զոհաբերությունը պատկերող նկարներ: Ինչո՞ւ Երկնային Հայրն ուղարկեց Հիսուս Քրիստոսին:
-
Ձեր երեխաները կարող են նաև հաճույքով ինքնուրույն նկարել Հիսուսի ծննդյան և ծառայության մասին նկարներ: Նրանք կարող են նկարել այն, ինչ նկարագրված է 1 Նեփի 11.13–23, Մոսիա 3.5–10, Հելաման 14.1–13, և 3 Նեփի 1.4–22 հատվածներում։ Այնուհետև նրանք կարող են կիսվել ձեզ հետ, թե իրենց նկարներն ինչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:
-
Որպեսզի ընդգծեք, որ և Աստվածաշունչը, և Մորմոնի Գիրքը ուսուցանում են Հիսուսի ծննդյան մասին, կարող եք նշել այն իրադարձությունները, որոնք նկարագրված են Ղուկաս 2.4–14, Մատթեոս 2.1–2, և 3 Նեփի 1.15, 19–21 հատվածներում։ Այնուհետև ձեր երեխաները կարող են ուսումնասիրել այս հատվածները և որոշել՝ արդյոք այդ իրադարձությունները տեղի են ունեցել Բեթլեհեմում, Ամերիկա մայրցամաքում, թե երկու վայրերում էլ։ Ինչո՞ւ ենք շնորհակալ, որ ունենք Մորմոնի Գիրքը՝ որպես Հիսուսի ծննդյան մասին երկրորդ վկայություն։
Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին
-
Ավարտելով այս տարվա Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը՝ դուք և ձեր երեխաները կարող եք միմյանց հետ կիսվել ձեր սիրելի պատմություններով կամ հատվածներով այս սուրբ գրքից: Եկ, հետևիր ինձ կամ Մորմոնի Գրքի պատմություններ գրքույկների նկարները դիտելը կարող է օգնել ձեր երեխաներին հիշել, թե ինչ են սովորել այս տարի։ Օգնեք նրանց հասկանալ, թե այս պատմություններն ինչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Կարող եք նաև տալ ձեր երեխաներին Հիսուսի նկարը կամ հնարավորություն տալ նրանց ինքնուրույն նկարել այդ նկարը։ Առաջարկեք նրանց վեր պահել իրենց նկարներն ամեն անգամ՝ Քրիստոսի անունը լսելիս, երբ կարդում եք 2 Նեփի 25.23, 26 հատվածները։ Վկայեք, որ Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի օգնի մեզ «հավատալ Քրիստոսին» (2 Նեփի 25․23)։