Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6. «Մեր Քավիչի վեմը»


Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6. «Մեր Քավիչի վեմը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
շառաչող ալիքները ժայռերի վրա

Օգոստոսի 17-23-ը

Հելաման 1-6

Մեր Քավիչի վեմը

Այս համառոտ շարադրանքի սկզբունքները կարող են օգնել առաջնորդել Հելաման 1–6 ձեր ուսումնասիրությունը, բայց թույլ մի տվեք, որ դրանք սահմանափակել ձեզ: Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ դեպի այն ճշմարտությունները, որոնք պետք է սովորեք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հելամանի գրքում տրված են թե՛ հաղթանակներ, և թե՛ ողբերգություններ նեփիացիների և լամանացիների միջև: Այն սկսվում է «մի լուրջ դժվարություն սկսվեց Նեփիացիների մեջ» խոսքերով (Հելաման 1.1), և դժվարությունները շարունակվում են ամբողջ գրքում: Այստեղ մենք կարդում ենք ամբողջ երկրում տիրող քաղաքական խարդավանքների, ավազակախմբերի, մարգարեների մերժման և հպարտության ու անհավատության մասին: Բայց մենք նաև օրինակներ ենք գտնում՝ ինչպես Նեփին ու Լեքին և «ժողովրդի ավելի խոնարհ մասը», ովքեր ոչ միայն գոյատևեցին, այլև ծաղկեցին հոգևորապես (Հելաման 3.34): Ինչպե՞ս դա հնարավոր եղավ: Նրանք ինչպե՞ս էին ուժեղ մնում, մինչ նրանց քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել և քայքայվել: Նույն կերպ մեզանից յուրաքանչյուրը ուժեղ է մնում «զորեղ քամիների» ժամանակ, որոնք դևն ուղարկում է, որ «հարվածի [մեզ]»՝ կառուցելով մեր կյանքը «մեր Քավիչի վեմի վրա, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, … հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հելաման 1-6

Հպարտությունը հեռացնում է մեզ Հոգուց և Տիրոջ ուժից:

Երբ կարդաք Հելաման 1-6 գլուխները, Նեփիացիների վարքի մեջ կարող եք նկատել մի օրինաչափություն. Երբ նեփիացիներն արդարակյաց են, Աստված օրհնում է նրանց և նրանք բարգավաճում են: Որոշ ժամանակ անց նրանք դառնում են հպարտ ու ամբարիշտ, կատարելով ընտրություններ, որոնք հանգեցնում են կործանման ու տառապանքի: Հետո նրանք խոնարհվում են և ապաշխարում, իսկ Աստված կրկին օրհնում է նրանց: Այս օրինաչափությունը այնքան է կրկնվում, որ մարդիկ այն կոչում են «հպարտության շրջան»:

Նկար
հպարտության շրջան

«Հպարտության շրջանը»

Կարդալիս փնտրեք այս շրջանի օրինակները: Նույնիսկ կարող եք նշել դրանք, երբ գտնեք: Ահա մի քանի հարցեր, որոնք կօգնեն ձեզ հասկանալ այս օրինաչափությունը և տեսնել, թե որքանով է այն առչվում ձեզ հետ.

  • Հպարտության ի՞նչ վկայություն եք տեսնում նեփիացիների շրջանում (տես, օրինակ, Հելաման 3.33–34; 4.11–13): Դուք տեսնո՞ւմ եք հպարտության նմանատիպ օրինակներ ձեր մեջ:

  • Որո՞նք են հպարտության և ամբարշտության հետևանքները (տես Հելաման 4.23–26): Որո՞նք են խոնարհության և ապաշխարության արդյունքները (տես Հելաման 3.27–30, 35, 4.14–16):

  • Հելամանն ի՞նչ էր ցանկանում, որ իր հիշեին որդիները (տես Հելաման 5.4–12): Հիշելով այս ճշմարտությունները, ինչպե՞ս կարող եք խուսափել հպարտ դառնալուց:

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հպարտությունը և քահանայությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 55-58:

Հելաման 3.24-35

Ես կարող եմ սրբագործվել, եթե իմ կամքը ենթարկեմ Աստծուն:

Հելաման 3-ում Մորմոնը նկարագրել է այն ժամանակը, երբ Եկեղեցին այնքան բարգավաճ էր, որ նույնիսկ ղեկավարներն էին զարմացած (տես հատվածներ 24–32). Ի վերջո, որոշ մարդիկ հպարտացան, մինչ մյուսները «ավելի ու ավելի ուժեղ էին իրենց խոնարհության մեջ, … նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում էր նրանց սրտերը, (Հելաման 3.35): Նկատեք, թե հատվածներ 34–35-ում ինչ էին անում ավելի խոնարհ մարդիկ սրբագործվելու համար: Այս քայլերն ինչպե՞ս են օգնում ձեզ դառնալ ավելի սրբագործված: Օգտակար կլինի իմանալ, որ Սուրբ գրքերի ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org) սահմանում է սրբագործումը որպես՝ «Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքից ազատ լինելու, զտվելու, մաքրվելու և սուրբ դառնալու գործընթաց»: Դուք ի՞նչ կարող եք ոգեշնչված անել, որպեսզի հետևեք այս աշակերտների օրինակին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ձեր կամքը Աստծուն ենթարկել:

Հելաման 5.14–52

Իմ սիրտն ուժեղանում է «բազում ապացույցների պատճառով, որոնք [ես] ստացել եմ»:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը դիմել է նրանց, ովքեր մաքառում են՝ պահպանելով իրենց հավատքը. «Դուք ավելի շատ հավատք ունեք, քան կարծում եք, այն բանի շնորհիվ, ինչը Մորմոնի Գիրքը կոչում է «բազում ապացույցներ» [Հելաման 5.50]: … Ավետարանով ապրելու պտուղներն ակնհայտ են Վերջին Օրերի Սրբերի կյանքում ամենուր» («Հավատում եմ, Տեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94): Երբ կարդաք այս հատվածները, մտածեք այն վկայությունների մասին, որոնք Տերը տվել է ձեզ: Օրինակ՝ դուք երևի բառիս բուն իմաստով չեք լսել Տիրոջ ձայնը, բայց զգացել եք Սուրբ հոգու «շշուկը», որը «թափանցեց մինչև հոգու խորքը»Հելաման 5.30, տես նաև ՎՈւ 88.66): Հավանաբար դուք եղել եք խավարի մեջ, անկեղծորեն աղոթել եք Աստծուն ավելի մեծ հավատքի համար, եվ «լցված [էիք] այն ուրախությամբ, որն անասելի է ու փառքով լի» (Հելաման 5.40–47): Ուրիշ ի՞նչ փորձառություններ են ամրացրել ձեր հավատքը Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Հելաման 3.27–30

Երբ Մորմոն մարգարեն կրճատում էր սրբազան հիշատակարանները, նա երբեմն օգտագործում էր «այսպիսով մենք տեսնում ենք» արտահայտությունը կարևոր ճշմարտությունները շեշտելու համար: Նա ի՞նչ էր ուզում, որ մենք տեսնենք Հելաման 3.27–30-ում: Այս շաբաթվա ձեր ուսումնասիրության ընթացքում դուք կարող եք ընտանիքի անդամներին հարցնել, թե նրանք ինչպես կավարտեին «այսպիսով մենք տեսնում ենք» արտահայտությունը իրենց կարդացածի վերաբերյալ: Ի՞նչ ճշմարտություններ են նրանք ցանկանում շեշտել:

Հելաման 5.6-7

Երբ Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը երիտասարդ էր, նրա մահացած պապիկը՝ Ջորջ Ա. Սմիթը, հայտնվեց նրան երազում և հարցրեց. «Ես ուզում եմ իմանալ, թե դու ինչ ես արել իմ անվան հետ»: Նախագահ Սմիթը պատասխանեց. «Ես երբևէ որևէ բան չեմ արել քո անվան հետ, որի համար դուք պետք է ամաչեք» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջորջ Ալբերտ Սմիթ [2011], 89): Հելաման 5.6–7-ը կարդալուց հետո ձեր ընտանիքի անդամների հետ կարող եք խոսել այն անունները հիշելու և պատվելու մասին, որոնք մենք կրում ենք, ներառյալ` Փրկիչի անունը:

Հելաման 5.12

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին պատկերացնել, թե ինչ է նշանակում ունենալ «հաստատուն հիմք», կարող եք միասին կառուցել մի փոքրիկ կառույց և տեղադրել այն տարբեր տեսակի հիմքերի վրա: Ապա կարող եք ստեղծել «զորեղ քամիներ» դրա վրա ջուր ցանելով և օգտագործելով հովհար կամ մազի չորացուցիչ՝ քամի ստեղծելու համար: Ի՞նչ տեղի ունեցավ կառույցի հետ, երբ այն տարբեր հիմքերի վրա էր: Հիսուս Քրիստոսն ինչո՞վ է նման «հաստատուն հիմքին» մեր կյանքում:

Հելաման 5.29-33

Ինչպիսի՞ փորձառություններ ենք ունեցել Աստծո ձայնը մեր կյանքում ճանաչելու վերաբերյալ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Համբերատար եղեք ինքներդ ձեզ հետ: Հավատքի հիմքը կառուցվում է աստիճանաբար: Եթե դուք որոշ վարդապետություններ դժվար հասկանալի եք համարում այժմ, համբերատար եղեք: Վստահեք, որ հասկացողությունը կգա, երբ կառուցեք ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա՝ հավատք գործադրելով և ջանասիրաբար ուսումնասիրելով:

Նկար
Նեփին և Լեքին բանտում:

Մորմոնի Գիրքը պատանի ընթերցողների համար, Նեփին և Լեքին կրակի սյունով շրջապատված, Բրիանա Շավքրոֆտ, պատճենելն արգելվում է

Տպել