Փետրվարի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 14-17․ «Կանգնեք որպես վկա» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Փետրվարի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 14-17, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Փետրվարի 15-21-ը
Վարդապետություն և Ուխտեր 14-17
«Կանգնեք որպես վկա»
Ջոզեֆ Սմիթի ընտանիքն ու ընկերները երբեմն խնդրում էին նրան հայտնություն փնտրել այն մասին, թե Աստված ինչ է ցանկանում, որ իրենք անեն։ Երբ կարդաք այս հայտնությունները, մտածեք, թե ինչ առաջնորդություն է Աստված նախատեսել ձեզ համար։
Գրի առեք ձեր տպավորությունները
Չնայած թարգմանության աշխատանքը լավ էր ընթանում, 1829 թ.-ի մայիսին Հարմոնիում իրավիճակը Ջոզեֆի, Էմմայի և Օլիվերի համար դժվարացավ: Հարևանների թշնամանքն աճում էր, իսկ Էմմայի ընտանիքի աջակցությունը նվազում էր: Զգալով, որ Հարմոնիում այլևս ապահով չէր, Օլիվերը կապ հաստատեց մի ընկերոջ՝ Դեյվիդ Ուիթմերի հետ, ով հետաքրքրություն ցուցաբերեց Ջոզեֆի գործի նկատմամբ: Դեյվիդն իր ծնողների և քույր ու եղբայրների հետ ապրում էր մոտ 100 մղոն հեռավորության վրա գտնվող Ֆայեթում (Նյու Յորք): Նա Օլիվերի հետ ծանոթացել էր մեկ տարի առաջ, և դրանից հետո Օլիվերը նրան մի քանի նամակ էր գրել, որտեղ կիսվել էր Մարգարեի հետ աշխատելու իր փորձառություններով։ Ո՛չ Դեյվիդը, և ո՛չ էլ նրա ընտանիքից որևէ մեկը չէր հանդիպել Ջոզեֆին։ Բայց երբ Օլիվերը խնդրեց, որ նա և Ջոզեֆը տեղափոխվեն Ուիթմերների տուն Մորմոնի Գրքի թարգմանության աշխատանքն ավարտելու համար, Ուիթմերները պատրաստակամորեն բացեցին իրենց դռները։ Եվ Տերն ավելին ուներ նախատեսած Ուիթմերների համար, քան պարզապես Մարգարեին հյուրընկալելը։ Նա նրանց համար նախատեսել էր որոշակի հրահանգներ, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 14–17, և ժամանակի ընթացքում նրանք պետք է դառնային Եկեղեցու հիմնարար ընտանիքներից մեկը և շարունակական Վերականգնման վկաները։
Ուիթմերների ընտանիքի մասին ավելին իմանալու համար, տես Սրբերը, 1․68–71։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ես կարող եմ մասնակցել Աստծո «մեծ ու զարմանալի գործին»։
Երբ Դեյվիդ Ուիթմերը հանդիպեց Ջոզեֆ Սմիթին, նա երիտասարդ տղա էր, ով իրեն նվիրել էր ընտանիքի ագարակի աշխատանքին։ Բայց Տերը Դեյվիդի համար այլ աշխատանք էր նախատեսել, թեև ինչ-որ առումով այն նման էր հողագործությանը։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 14․1–4, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը համեմատում Իր աշխատանքն այն աշխատանքի հետ, որը Դեյվիդը կարողանում էր անել։ Այս համեմատությունից ի՞նչ եք սովորում Տիրոջ աշխատանքի մասին։
Ինչպե՞ս կարող եք «գցել [ձեր] մանգաղը» (հատված 4)։ Ուշադրություն դարձրեք այս բաժնի այն խոստումներին, որոնք տրվել են մարդկանց, ովքեր «փնտրում են առաջ բերել և հաստատել …Սիոնը» (հատված 6)։
Աստծո խոսքը «կտրուկ և զորավոր է»։
Տերն Իր խոսքը համեմատում է «երկսայր սրի» հետ (Վարդապետություն և Ուխտեր 14․2)։ Այս համեմատությունն ի՞նչ է հուշում ձեզ Աստծո խոսքի մասին: Օրինակ, ինչպե՞ս է Նրա խոսքը կտրուկ, զորավոր և հատու։ Ինչպե՞ս եք զգացել Աստծո խոսքի զորությունը։
Մտածեք, թե ուրիշ ինչ կերպ է Աստված նկարագրում Իր խոսքը։ Օրինակ, ի՞նչ եք սովորում Աստծո խոսքի մասին հետևյալ հատվածների համեմատություններից։
Հավերժական կյանքը «Աստծո բոլոր պարգևներից մեծագույնն է»։
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 14․7, խորհեք, թե հավերժական կյանքն ինչու է «Աստծո բոլոր պարգևներից մեծագույն[ը]»։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի այս միտքը կարող է օգտակար լինել․ «Աստծո երջանկության մեծ ծրագրի ներքո ընտանիքները կարող են կնքվել տաճարներում և պատրաստվել վերադառնալ և հավետ բնակվել Նրա սուրբ ներկայությամբ: Դա է հավերժական կյանքը» («Շնորհակալություն Աստծուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 77)։
Կարող եք ավելացնել խաչաձև հղումներ հատված 7-ին, որոնք կօգնեն ձեզ ավելին հասկանալ հավերժական կյանքի մասին (տես «Հավերժական կյանք» Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում, scriptures.ChurchofJesusChrist.org)։ Դուք ի՞նչ եք սովորում, որը ձեզ ոգեշնչում է ձգտել հավերժական կյանքի։
Վարդապետություն և Ուխտեր 15-16
Քրիստոսի մոտ հոգիներ բերելը մեծ արժեք ունի։
Ջոն և Պիտեր Ուիթմերները ցանկանում էին իմանալ, թե «ինչն ամենաարժեքավորը կլիներ» իրենց կյանքում (Վարդապետություն և Ուխտեր 15․4, 16․4)։ Ինքներդ երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 15–16, խորհեք այն մասին, թե ինչու Քրիստոսի մոտ հոգիներ բերելը մեծ արժեք ունի։ Ինչպե՞ս կարող եք հոգիներ հրավիրել դեպի Քրիստոսը։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 18.10-16:
Տերն օգտագործում է վկաների՝ Իր խոսքը հաստատելու համար։
Ի՞նչ է վկան։ Ինչո՞ւ է Տերն Իր աշխատանքի համար օգտագործում վկաներին (տես Բ Կորնթացիս 13․1)։ Խորհեք այդ հարցերի շուրջ, երբ կարդաք Երեք Վկաներին ուղղված Աստծո խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 17։ Նաև օգտակար կլինի վերանայել Մորմոնի Գրքի «Երեք վկաների վկայությունը»։ Ինչպե՞ս են վկաներն օգնում իրականացնել Աստծո «արդար նպատակները» (հատված 4)։
Արդյո՞ք գիտեք, որ Մերի Ուիթմերը նույնպես ստացել է ոսկե թիթեղների մասին վկայություն։ Մորոնի հրեշտակը դրանք ցույց է տվել նրան՝ որպես երախտագիտության նշան Ջոզեֆին, Էմմային և Օլիվերին իր տանը հյուրընկալելու նրա կատարած զոհաբերությունների համար (տես Սրբերը, 1․70–71)։ Ի՞նչ եք սովորում վկայություն ստանալու նրա փորձառությունից։
Տես նաև Սրբերը, 1․73–75, Ուլիսես Սոարես, «Մորմոնի Գրքի ի հայտ գալը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 32–35։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 14․1-4։Կարող եք ձեր ընտանիքին հրավիրել այս հատվածներում գտնել հողագործությանը վերաբերող արտահայտություններ։ Տերն ինչո՞ւ է Իր աշխատանքը համեմատում հունձի հետ։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք Նրա գործին։
-
Վարդապետություն և Ուխտեր 14․2։«Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար» բաժնում այս հատվածին վերաբերող վարժությունը թվարկում է որոշ սուրբ գրությունների հատվածներ Աստծո խոսքի մասին: Միգուցե ընտանիքի անդամները կարողանային կարդալ դրանք և կիսվել իրենց սովորածով: Ինչպե՞ս են սուրբ գրությունների այս հատվածները ոգեշնչում մեզ «ուշք դարձնել» Աստծո խոսքին։
-
Վարդապետություն և Ուխտեր 15․6, 16․6։Այդ հատվածները կարող են ոգեշնչել ձեզ զրուցել ընտանիքի համար ամենակարևոր բաների մասին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 18․10)։
-
Վարդապետություն և Ուխտեր 17։Գուցե ձեր ընտանիքը ցանկանա նկարել այն իրերը, որոնք Երեք Վկաները տեսան (տես հատված 1)։ Երբ կարդաք բաժին 17-ը, ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք ուսուցանում են Մորմոնի Գրքի կարևորության մասին։ Ինչպե՞ս կարող ենք մենք Մորմոնի Գրքի վկաներ լինել։ Ձեր ընտանիքը նաև կարող է դիտել “A Day for the Eternities” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «Կգնամ, ուր կուզես դու, Տեր», Օրհներգեր, հմր. 270։
Վերականգնման ձայները
Լյուսի Մակ Սմիթը և Երեք և ութ Վկաները
Մորոնի հրեշտակը ցույց տվեց ոսկե թիթեղները Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Ուիթմերին և Մարտին Հարիսին՝ Նյու Յորքի Ֆայեթի Ուիթմերների տան մոտ: Ջոզեֆի ծնողներն այդ ժամանակ այցելել էին Ուիթմերներին: Ջոզեֆի մայրը, Լյուսի Մաք Սմիթը, նկարագրել է այդ հրաշալի փորձառության ազդեցությունը վկաների վրա.
«Ժամը երեքից չորսի միջև էր։ Տիկին Ուիթմերը, պարոն Սմիթը և ես նստած էինք ննջասենյակում։ Ես նստած էի անկողնու եզրին։ Ներս գալով, Ջոզեֆը նստեց կողքիս աթոռին և բացականչեց։ «Հայրի՛կ, Մայրի՛կ»,- ասաց նա։ Դուք չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ ես։ Տերը ցույց է տվել թիթեղները ևս երեք հոգու՝ բացի ինձանից, ովքեր նաև հրեշտակ են տեսել, և նրանք պետք է վկայություն բերեն այն ճշմարտության վերաբերյալ, որի մասին ես ասել եմ։ Քանի որ հիմա նրանք ինքնուրույն գիտեն, որ ես չեմ շրջում՝ խաբելով մարդկանց։ Եվ ես այնպես եմ զգում, կարծես, բեռից ազատվել եմ, որը խիստ ծանր էր կրել։ Բայց այժմ նրանք պետք է կրեն այդ բեռի մի մասը, և հոգիս ցնծում է, որ ես այլևս բոլորովին միայնակ չեմ աշխարհում»։ Ապա ներս մտավ Մարտին Հարրիսը։ Կարծես թե նա ուրախությունից ուժասպառ էր եղել։ Այնուհետև նա վկայեց այն մասին, ինչ տեսել ու լսել էր, և նույնն արեցին Օլիվերն ու Դեյվիդը։ Նրանց վկայությունն իր էությամբ նույնն էր, ինչ գտնվում է Մորմոնի Գրքում։ …
«Մարտին Հարրիսը, կարծես, չէր կարողանում խոսել իր զգացմունքների մասին։ Նա ասաց․ «Ես տեսել եմ Երկնային մի հրեշտակի, ով վստահ վկայեց այն ամենի ճշմարտության մասին, ինչ վերաբերում էր հիշատակարանին, և իմ աչքերը տեսել են նրան։ Ես նաև տեսել եմ թիթեղները և բռնել եմ դրանք իմ ձեռքերում և կարող եմ այդ նույնը վկայել ամբողջ աշխարհին։ Բայց ես վկայություն եմ ստացել, որը խոսքերով չի կարելի արտահայտել, որը ոչ մի լեզու չի կարող նկարագրել, և ես իմ հոգու անկեղծության մեջ օրհնում եմ Աստծուն, որ նա բարեհաճեց ինձ վկա դարձնել իր աշխատանքի և ծրագրերի մեծության՝ մարդկանց զավակների օգտի համար»։ Օլիվերն ու Դեյվիդը նույնպես միացան նրան և հանդիսավոր գոհունակություն հայտնեցին Աստծուն՝ Իր բարության և ողորմածության համար։ Հաջորդ օրը տուն վերադարձանք [Պալմիրա, Նյու Յորք] ուրախ և վայելելով միմյանց ընկերակցությունը»։ 1
Լյուսի Մակ Սմիթը նույնպես ներկա էր, երբ Ութ վկաները վերադարձան իրենց փորձառությունից․
«Երբ այդ վկաները տուն վերադարձան, հրեշտակը կրկին հայտնվեց Ջոզեֆին, որի ժամանակ Ջոզեֆը թիթեղները հանձնեց նրան։ Այդ երեկո մենք մի հանդիպում անցկացրինք, որտեղ բոլոր վկաները վերը նշված փաստերի մասին վկայություն բերեցին, և մեր ընտանիքի բոլոր անդամները, նույնիսկ, Դոն Կարլոսը [Սմիթը], ով ընդամենը 14 տարեկան էր, վկայեցին վերջին օրերի տնտեսության ճշմարտացիության մասին, որ այն ամբողջությամբ սկսվեց»։2