Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138․ «Մահացածների փրկագնման տեսիլքը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը
Վարդապետություն և Ուխտեր 137-138
«Մահացածների փրկագնման տեսիլքը»
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Ես հրավիրում եմ ձեզ ուշադիր կարդալ այս հայտնությունը [Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը]։ Երբ այդպես վարվեք, Տերը թող օրհնի ձեզ, որպեսզի լիովին հասկանաք ու գնահատեք Աստծո սերը և Նրա փրկության ու երջանկության ծրագիրը Իր զավակների համար» («Մահացածների փրկագնման տեսիլքը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 73)։
Գրի առեք ձեր տպավորությունները
Վարդապետություն և Ուխտեր 137 և 138 բաժիններում գրված հայտնություններն իրարից առանձնանում են ավելի քան 80 տարիներով և 1500 մղոններով։ 137-րդ բաժնի հայտնությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է 1836 թվականին, Կիրթլենդի անավարտ տաճարում, իսկ 138-րդ բաժնի հայտնությունը ստացել է Եկեղեցու վեցերորդ նախագահ՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, 1918 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիում։ Սակայն վարդապետորեն այս երկու հայտնությունները կողք կողքի են գնում։ Դրանք երկուսն էլ պատասխանում են հաջորդ կյանքին վերաբերող Աստծո զավակների ճակատագրի մասին հարցերին։ Եվ երկուսն էլ խորը իմաստ ունեն, հաշվի առնելով այդ հայտնությունները ստացող մարգարեների կյանքի փորձառությունները։
Տեսիլքը օգնել է Ջոզեֆ Սմիթին հասկանալ իր սիրելի եղբոր՝ Ալվինի հավերժական ճակատագիրը, ով մահացել էր մկրտելու լիազորության վերականգնումից վեց տարի առաջ։ Այդ պահից սկսած, Ալվինի հավերժական փրկության մասին հարցերը շարունակ Ջոզեֆի մտքում էին։ Ջոզեֆ Ֆ. Սմիթի տեսիլքը բացահայտել է փառավոր ճշմարտություններ հոգևոր աշխարհի մասին. այն անշուշտ մխիթարական հայտնություն էր մի մարդու համար, ով սգացել էր մտերիմներից շատերի կորուստը։ 5 տարեկանում Ջոզեֆ Ֆ. Սմիթը կորցրել էր հորը՝ Հայրում Սմիթին, իսկ երբ նա 13 տարեկան էր, մահացավ նաև մայրը՝ Մերի Ֆիլդինգ Սմիթը։ Իր տեսիլքն ունենալու ժամանակ՝ 1918 թվականին, նա սգում էր իր 13 երեխաների մահը։
Շատ հարցեր, որ ունեին մարդիկ մահից հետո կյանքի վերաբերյալ, պատասխան են ստանում են այս հայտնություններում։ 137 բաժինը որոշ նախնական լույս է սփռում այդպիսի հարցերի վրա, իսկ 138 բաժինը վարագույրներն ավելի լայն է բացում։ Միասին դրանք վկայում են «մեծ ու հրաշալի սիրո մասին, որը դրսևորվել էր Հոր և Որդու կողմից» (Վարդապետություն և Ուխտեր 138․3)։
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ընտրելու սելեստիալ փառքը։
1836 թվականին քրիստոնյաների հիմնական պատկերացումն այն էր, որ եթե մարդը մահանում էր, չլինելով մկրտված, ինչպես Ջոզեֆ Սմիթի եղբոր՝ Ալվինի դեպքում էր, ապա այդ մարդը չէր կարող գնալ երկինք։ Մինչդեռ Ջոզեֆը տեսավ Ալվինին սելեստիալ արքայության իր տեսիլքում։ Երբ կարդաք 137 բաժինը, խորհեք այն բանի շուրջ, թե ինչ եք դուք սովորում Երկնային Հոր, Նրա փրկության ծրագրի և սելեստիալ արքայության մասին։
Տես նաև Saints, 1:232–35։
Վարդապետություն և Ուխտեր 138․1-11, 25-30
Կարդալով և խորհելով սուրբ գրությունների մասին, ես պատրաստվում եմ հայտնություն ստանալ։
Երբեմն հայտնությունը գալիս է, նույնիսկ, երբ մենք չենք փնտրում այն։ Սակայն ավելի հաճախ, այն գալիս է ջանասիրաբար փնտրելու և պատրաստվելու արդյունքում։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 138․1-11, 25-30 հատվածները, ուշադրություն դարձրեք, թե Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ինչ էր անում, երբ «[նրա] հասկացողության աչքերը բացվեցին»՝ ավելի լավ հասկանալու Փրկիչի փրկագնող առաքելությունը։ Այնուհետև խորհեք, թե ինչպես կարող եք հետևել Նախագահ Սմիթի օրինակին։ Օրինակ՝ ի՞նչ փոփոխություններ կարող եք անել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության մեջ, որպեսզի ավելի շատ «խորհե[ք] սուրբ գրությունների վրա» և ավելի շատ «մտածեք [Փրկիչի] մեծ քավիչ զոհաբերության մասին» (հատվածներ 1-2)։
«Մահացածների փրկագնման տեսիլքը» ելույթում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 71-74), Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը նշել է այլ ուղիներ, թե ինչպես է Նախագահ Սմիթը պատրաստվել ստանալու այս հայտնությունը։ Մտածեք, թե դուք ինչպես եք պատրաստվել այն փորձառությունների համար, որոնք ունեք կամ կունենաք ապագայում։
Տես նաև “Ministry of Joseph F. Smith: A Vision of the Redemption of the Dead,” video, ChurchofJesusChrist.org։
Վարդապետություն և Ուխտեր 138․25-60
Փրկության աշխատանքը տեղի է ունենում վարագույրի երկու կողմերում։
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ ու անկեղծ է․ մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի» («Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 118-119)։ Խորհեք այս հայտարարության շուրջ, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 138.25-60 հատվածները։ Կարող եք նաև մտածել այս հարցերի շուրջ․
-
Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե փրկության աշխատանքն ինչպես է իրականանում հոգևոր աշխարհում։ Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ այդ աշխատանքը կատարվում է։ Ինչպե՞ս են այս հատվածներն ամրապնդում ձեր հավատքը Փրկիչի Քավության հանդեպ։
-
Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում այն մարդկանց մասին, ովքեր մասնակցում են հոգևոր աշխարհի փրկության աշխատանքին։ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ փրկության աշխատանքը կատարվում է վարագույրի երկու կողմերում։
Տես նաև Դալլին Հ․ Օուքս, «Տիրոջն ապավինիր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 26-29, “Susa Young Gates and the Vision of the Redemption of the Dead,” Revelations in Context, 315–22։
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 137․1-5։Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին նկարել սելեստիալ արքայությունը, ինչպես որ այն պատկերացնում են, հիմնվելով այս հատվածների վրա։ Ի՞նչն է այս հատվածներում օգնում ձեզ, որ ձգտեք այնտեղ ապրել։ Մենք այժմ ի՞նչ ենք անում, որպեսզի պատրաստվենք ապրելու սելեստիալ արքայությունում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։
-
Վարդապետություն և Ուխտեր 137․5-10։Որպեսզի հասկանաք, թե ինչ էր նշանակում Ջոզեֆ Սմիթի համար՝ տեսնել իր ընտանիքի մի քանի անդամներին միասին սելեստիալ արքայությունում, ընտանիքով կարող եք դիտել տեսանյութ․ “Ministry of Joseph Smith: Temples” (ChurchofJesusChrist.org)։ Կարող եք նաև խոսել ձեր ծանոթներից մեկի մասին, ով մահացել է առանց մկրտվելու հնարավորություն ունենալու։ Ի՞նչ են ուսուցանում մեզ Վարդապետություն և Ուխտեր 137․5-10 հատվածները այդպիսի մարդկանց մասին։
-
Վարդապետություն և Ուխտեր 138․12-24։Վարդապետություն և Ուխտեր 138․12-24 հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ այն մարդկանց մասին, ում Փրկիչը այցելել է հոգևոր աշխարհում։ Ի՞նչ օրհնություններ են նրանք ստացել: Մենք ի՞նչ ենք սովորում նրանց օրինակից։
-
Վարդապետություն և Ուխտեր 138․38-55։Այս հատվածները նկարագրում են այն մարդկանց, ում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսել էր հոգևոր աշխարհում, ինչպես նաև հակիրճ մանրամասներ են ներկայացնում նրանց մասին։ Միգուցե ձեր ընտանիքը կազմի ձեր նախնիների ցուցակը, ովքեր հոգևոր աշխարհում են, ընդգրկելով որոշ մանրամասներ նրանց կյանքից։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։
Առաջարկվող երգ՝ «Կարդալ, խորհել և աղոթել», (Երեխաների երգարան, 66)։