«Ապրիլ 29-ից մայիսի 5-ը: Հովհաննես 7-10. «Ես եմ բարի հովիւը» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Ապրիլ 29-ից մայիսի 5-ը: Հովհաննես 7-10», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան. 2019թ.
Ապրիլ 29-ից մայիսի 5-ը
Հովհաննես 7-10
«Ես եմ բարի հովիւը»
Երբ կարդաք Հովհաննես 7-10-ը, հնարավոր է Սուրբ Հոգուց տպավորություններ ստանաք այս գլուխների վարդապետական սկզբունքների մասին: Գրանցեք այդ տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:
Գրի առեք տպավորությունները
Չնայած Հիսուս Քրիստոսը եկավ՝ բերելով «խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս 2․14), սակայն «տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար» (Հովհաննես 7.43): Մարդիկ, ովքեր վկա եղան նույն իրադարձություններին, հանգեցին տարբեր եզրակացությունների այն մասին, թե ով էր Հիսուսը: Ոմանք եզրակացնում էին. «Բարի մարդ է», մինչ ուրիշներն ասում էին. «Ժողովրդին մոլորեցնում է» (Հովհաննես 7.12): Երբ Նա բժշկեց կույր մարդուն Հանգստության օրը, ոմանք պնդեցին. «Այն մարդն Աստուածանից չէ, որ շաբաթը չէ պահում», մինչ ուրիշները հարցնում էին. «Ի՞նչպէս կարող է մի մեղաւոր մարդ այսպիսի նշաններ անել»: (Հովհաննես 9.16): Սակայն, չնայած ամբողջ խառնաշփոթին, նրանք, ովքեր փնտրում էին ճշմարտությունը, հասկացան Նրա բառերի զորությունը, քանի որ «երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը» (Հովհաննես 7.46): Երբ հրեաները հարցրին Հիսուսին՝ «համարձակ ասիր մեզ»՝ արդյո՞ք Նա Քրիստոսն է, նա բացահայտեց մի սկզբունք, որը կարող է օգնել մեզ տարբերել ճիշտը սխալից. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են,- ասաց Նա,- եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են» (Հովհաննես 10.27)
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Երբ ես ապրեմ Հիսուսի ուսուցանած ճշմարտություններով, ես կիմանամ, որ դրանք ճշմարիտ են:
Հրեաները հիանում էին Հիսուսի գիտելիքներով, քանի որ Նա չէր ուսանել (տես հատված 15) առնվազն ոչ այն ձևով, որին նրանք ծանոթ էին: Իր պատասխանում Հիսուսը ուսուցանեց ճշմարտությունը ճանաչելու մեկ այլ եղանակ, որը մատչելի է բոլորին՝ անկախ կրթությունից և ծագումից։ Համաձայն Հովհաննես 7.14–17-ի, մենք ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ Հիսուսի ուսուցանած վարդապետությունը ճշմարիտ է: Այս գործընթացն ինչպե՞ս օգնեց ձեզ զարգացնել ավետարանի մասին ձեր վկայությունը:
Փրկիչի ողորմածությունը մատչելի է բոլորին:
Շնության մեջ մեղադրվող կնոջ հանդեպ Փրկիչի վերաբերմունքի մասին խոսելիս, Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է. «Անշուշտ, Փրկիչը չէր խրախուսում շնությունը: Բայց Նա նաև չդատապարտեց կնոջը: Նա խրախուսեց նրան վերափոխել իր կյանքը: Նրա կարեկցանքն ու ողորմածությունը դարձան այն շարժառիթը, որի շնորհիվ կինը գիտակցաբար փոխվեց: Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վկայում է նրա սկսված աշակերտության մասին. «Եվ կինը փառաբանում էր Աստծուն այդ պահից սկսած և հավատում նրա անվանը» [տես Հովհաննես 8.11, ծանոթագրություն գ]” («Մեր Բարի Հովիվը» Ensign or Լիահոնա, մայիս 2017, 30):
Ե՞րբ եք դուք զգացել, ինչպես այն կինը, ով Փրկիչից ստացավ ողորմածություն դատապարտության փոխարեն: Ե՞րբ եք դպիրներին ու փարիսեցիներին նմանվելով մեղադրել կամ դատապարտել ուրիշներին, նույնիսկ, երբ դուք անմեղ չեք: (Տես Հովհաննես 8.7) Մենք ի՞նչ ենք սովորում այն ձևից, որով Փրկիչը վերաբերվում էր մաքսավորներին ու մեղավորներին և շնության մեջ մեղադրվող կնոջը: Ի՞նչ եք սովորում Փրկիչի ներման մասին, երբ կարդում եք այս հատվածները:
Հրեաներն ինչո՞ւ վիրավորվեցին, երբ Հիսուսն ասաց. «Աբրահամի լինելուց առաջ եմ ես»:
«Ես եմ» եզրույթը Եհովան օգտագործեց՝ Իրեն ներկայացնելով Մովսեսին, ինչպես գրանցված է Ելից 3.14-ում: Ուստի, երբ Հիսուսն ասաց. «Ես եմ», Նա ներկայացրեց Իրեն որպես Եհովա՝ Հին Կտակարանի Աստվածը: Հրեաները սա սրբապղծություն էին համարում, իսկ Մովսեսի օրենքի համաձայն պատիժը քարկոծումով մահն էր:
Երբ մենք դժվարությունների մեջ ենք, Աստված կարող է հայտնի դարձնել Իրեն մեր կյանքում:
Քանի որ մեղքին հաճախ հետևում են բացասական հետևանքները, մենք մեր անհաջողությունները կարող ենք դիտարկել որպես մեղքի հետևանք: Սակայն, երբ Փրկիչի առաքյալները ենթադրեցին, որ մարդը կույր էր ծնվել, քանի որ նա կամ նրա ծնողները մեղք էին գործել, Հիսուսը ուղղեց նրանց: Փրկիչի խոսքերը Հովհաննես 9.3-ում ինչպե՞ս են փոխում ձեր հեռանկարը ձեր կամ ուրիշների դժվարությունների մասին: Երբ կարդաք Հովհաննես 9-ը, մտածեք, թե ինչպես պիտի «Աստուծոյ գործերը յայտնի լինին» (Հովհաննես 9.3): Դրանք ինչպե՞ս են հայտնի դարձվել, երբ դուք բախվել եք դժվարությունների հետ:
Հետաքրքիր է նշել նաև, որ առաքյալների հարցը Հովհաննես 9.2-ում բացահայտեց, որ նրանք հավատում էին նախամահկանացու գոյությանը. վարդապետություն, որը կորսված էր քրիստոնեության համար Մեծ Ուրացության ժամանակաշրջանում, բայց վերականգնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես ՎևՈւ 93.29, Մովսես 4.1–4, Աբրահամ 3.22–26):
Ովքե՞ր են «ուրիշ ոչխարները», որոնց մասին Փրկիչը խոսում է Հովհաննես 10.16-ում:
Երբ հարությունից հետո Փրկիչն այցելեց Ամերիկա մայրցամաք, Նա բացատրեց, թե ովքեր են Իր ուրիշ ոչխարները (տես 3 Նեփի 15.21–16.5):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ Հիսուսի ուսմունքները Հովհաննես 7.24-ում: Եղանակներից մեկն է՝ դուրս եկեք տնից և կեղտոտեք ընտանիքի անդամներից մեկի հագուստը: Անծանոթներն ի՞նչ կարող են մտածել ընտանիքի այս անդամների մասին՝ դատելով ըստ նրա արտաքինի: Թվարկեք ընտանիքի այս անդամի մի քանի լավ հատկանիշները, որոնք հնարավոր չէ տեսնել՝ պարզապես նրան նայելով (տես նաև Ա Թագավորաց 16.7):
Մենք ինչպե՞ս ենք երբեմն դառնում մեղքի ծառան: Հիսուսի ուսուցանած ո՞ր ճշմարտությունները կարող են մեզ ազատ դարձնել։
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին մտովի պատկերացնել կույրին բժշկելու Հիսուսի պատմությունը՝ Հովհաննես 9: Կարող եք դերախաղով միասին ներկայացնել պատմությունը կամ ցուցադրել տեսանյութը՝ «Հիսուսը բժշկում է ի ծնե կույրին» (LDS.org): Պատմությունը երբեմն ընդհատեք, որպեսզի ընտանիքի անդամները կարողանան կարդալ համապատասխան հատվածները Հովհաննես 9-ից: Հրավիրեք նրանց նշել ցանկացած դաս, որ նրանք սովորում են այս պատմությունից, ինչպես օրինակ՝ ինչ է նշանակում դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը:
Որպեսզի ընդգրկեք ընտանիքի անդամներին բարի սամարացու առակից դասեր սովորելու գործընթացում, նրանցից յուրաքանչյուրին խնդրեք նկարել հետևյալ նկարներից մեկը՝ ավազակ, դուռ, հովիվ, վարձկան (վարձու աշխատող), գայլ և ոչխար: Հրավիրեք նրանց կարդալ Հովհաննես 10.1–18, 27–29-ը, իսկ հետո ընտանիքով քննարկեք, թե Փրկիչն ինչ ուսուցանեց նրանց նկարած պատկերների մասին:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: