Հին Կտակարան 2022
Մտքեր, որոնք պետք է պահել մտքում` ուխտը


«Մտքեր, որոնք պետք է պահել մտքում` ուխտը», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2022 (2021)

«Մտքեր, որոնք պետք է պահել մտքում` ուխտը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
մտքերի պատկերակ

Մտքեր, որոնք պետք է պահել մտքում` ուխտը

Ուխտը

Հին Կտակարանի ողջ ընթացքում դուք հաճախ կկարդաք ուխտբառը: Այսօր մենք սովորաբար ուխտերի մասին մտածում ենք որպես Աստծո հետ կապած սուրբ խոստումների, բայց հնագույն աշխարհում ուխտերը նաև միմյանց հետ մարդկանց փոխհարաբերությունների կարևոր մասն էին հանդիսանում: Իրենց ապահովության և գոյատևման համար մարդիկ պետք է կարողանային վստահել միմյանց, և ուխտերը մի ուղի էին՝ ապահովելու այդ վստահությունը:

Ուստի, երբ Աստված խոսեց Նոյի, Աբրահամի կամ Մովսեսի հետ ուխտերի մասին, Նա հրավիրում էր նրանց՝ վստահության փոխհարաբերության մեջ մտնել Իր հետ: Հին Կտակարանում ուխտի առավել հայտնի օրինակներից մեկը Աստծո ուխտն է, որը կնքվել է Աբրահամի և Սառայի հետ, այնուհետև նորոգվել է նրանց սերունդների հետ՝ Իսահակի և Հակոբի հետ (նաև կոչվում է Իսրայել): Մենք հաճախ սա կոչում ենք Աբրահամյան ուխտ, չնայած Հին Կտակարանում այն պարզապես հայտնի էր որպես «ուխտ»։ Դուք կտեսնեք, որ Հին Կտակարանը հիմնականում այն մարդկանց պատմությունն է, ովքեր իրենց տեսնում էին որպես այդ ուխտի ժառանգներ՝ ուխտի ժողովուրդը:

Աբրահամյան ուխտը շարունակում է կարևոր լինել այսօր, հատկապես Վերջին Օրերի Սրբերի համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք նույնպես ուխտի ժողովուրդն ենք, անկախ նրանից՝ մենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի ուղիղ հետնորդներն ենք, թե՝ ոչ (տես Գաղատացիս 3.27–29): Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ է Աբրահամյան ուխտը, և ինչպես է այն վերաբերում մեզ այսօր:

Ի՞նչ է Աբրահամյան ուխտը:

Աբրահամը կամեցավ «լինել արդարության ավելի մեծ հետևորդ» (Աբրահամ 1.2), այսպիսով Աստված հրավիրեց նրան ուխտի հարաբերության մեջ մտնել: Աբրահամը առաջինը չէր, որ ուներ այդ ցանկությունը, և նա առաջինը չէր, որ ուխտ էր ստանալու: Նա ձգտում էր «հայրերի օրհնություններին» (Աբրահամ 1.2) օրհնություններ, որոնք առաջարկվել էին Ադամին ու Եվային, իսկ դրանից հետո նրանց, ովքեր ջանասիրաբար ձգտում էին այդ օրհնություններին:

Աստծո ուխտը Աբրահամի հետ խոստանում էր սքանչելի օրհնություններ, հողի ժառանգություն, մեծ սերունդ, հասանելիություն քահանայության արարողություններին և մի անուն, որը հարգվելու էր գալիք սերունդների կողմից: Բայց այս ուխտի կիզակետը միայն այն օրհնությունների վրա չէր, որոնք ստանալու էին Աբրահամն ու իր ընտանիքը, այլ նաև այն օրհնության վրա, որն իրենք էին լինելու Աստծո մնացած զավակների համար: «Դու օրհնյալ կլինես»,- հայտարարեց Աստված, «և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին» (Ծննդոց 12.2–3):

Արդյո՞ք այս ուխտը Աբրահամին, Սարրային և նրանց հետնորդներին արտոնյալ վիճակ տվեց Աստծո զավակների մեջ: Միայն այն իմաստով, որ դա արտոնություն է՝ օրհնելու մյուսներին: Աբրահամի ընտանիքը պետք է «տանեն այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին», կիսվելով «Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն հավերժական կյանքի օրհնություններն են» (Աբրահամ 2.9, 11):

Այս ուխտն այն օրհնությունն էր, որին Աբրահամն էր ձգտում: Այն ստանալուց հետո Աբրահամն ասաց իր սրտում. «Քո ծառան լրջորեն փնտրում էր քեզ, այժմ ես գտել եմ քեզ» (Աբրահամ 2.12):

Դա հազարավոր տարիներ առաջ էր, բայց այս ուխտը վերականգնվել է մեր օրերում (տես 1 Նեփի 22.8–12): Եվ այն ներկայումս կատարվում է Աստծո ժողովրդի կյանքում: Փաստորեն, ուխտի կատարումը վերջին օրերին թափ է հավաքում, քանի որ Աստծո գործն առաջ է ընթանում՝ օրհնելով ընտանիքներին ամբողջ աշխարհում: Եվ ամեն մեկը, ով Աբրահամի նման կամենում է լինել արդարության ավելի մեծ հետևորդ, ամեն մեկը, ով լրջորեն փնտրում է Տիրոջը, կարող է մասնակից լինել դրան:

Նկար
տաճարի առջև կանգնած ընտանիք

Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Փրկիչի Քավությունը

Դուք ուխտի զավակ եք: Դուք ուխտ կապեցիք Աստծո հետ, երբ մկրտվեցիք: Դուք ամեն անգամ նորոգում եք այդ ուխտը, երբ ճաշակում եք հաղորդությունը: Եվ դուք սուրբ ուխտեր եք կապում տաճարում: Միասին, այդ ուխտերը ձեզ մասնակից են դարձնում Աբրահամյան ուխտին, որի լրիվությունը գտնվում է տաճարային արարողություններում: Ինչպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել. «Ի վերջո, սուրբ տաճարում մենք կարող ենք ժառանգակիցներ դառնալ հավերժական ընտանիքի օրհնություններին, ինչպես խոստացվել էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին»:1

Այս ուխտերի և արարողությունների միջոցով մենք դառնում ենք Աստծո ժողովուրդը (տես Ելից 6.7, Երկրորդ օրինաց 7.6, 26.18, Եզեկիել 11.20): Մենք տարբերվում ենք մեզ շրջապատող աշխարհից։ Մեր ուխտերը հնարավորություն են տալիս մեզ լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, նվիրված աշակերտներ: «Մեր ուխտերը»,- բացատրել է Նախագահ Նելսոնը,- կապում են մեզ Նրա հետ և տալիս մեզ աստվածային զորություն»։2 Եվ երբ Աստված օրհնում է Իր ժողովրդին Իր զորությամբ, հրավերով և ակնկալիքով է, որ նրանք կօրհնեն ուրիշների, որ նրանք կլինեն «մի օրհնություն» «երկրի բոլոր ընտանիքներին» (Աբրահամ 2.9, 11):

Սա է այն թանկագին հասկացողությունը, որը մեզ տրվել է մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով՝ Աբրահամյան ուխտի վերականգնման շնորհիվ: Այսպիսով, երբ կարդում եք Հին Կտակարանի ուխտերի մասին, մի մտածեք միայն Աստծո փոխհարաբերության մասին Աբրահամի, Իսահակի, և Հակոբի հետ: Մտածեք նաև ձեզ հետ Նրա փոխհարաբերության մասին: Երբ կարդում եք անթիվ սերնդի խոստման մասին (տես Ծննդոց 28.14), մի մտածեք ուղղակի միլիոնավորների մասին, ովքեր այսօր Աբրահամին կոչում են իրենց հայր: Մտածեք նաև հավերժական ընտանիքների և հավերժական աճի՝ ձեզ տրված Աստծո խոստման մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4, 132.20–24): Երբ դուք կարդում եք ժառանգության երկրի խոստումի մասին, մի մտածեք միայն Աբրահամին խոստացված երկրի մասին: Մտածեք նաև երկրի երկնային ճակատագրի մասին. մի ժառանգություն, որը խոստացվել է «հեզերին», ովքեր «սպասում են Տիրոջը» (Մատթեոս 5.5, Սաղմոս 37.9, 11, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.17–20): Եվ երբ կարդում եք այն խոստման մասին, որ Աստծո ուխտի ժողովուրդը կօրհնի «երկրի բոլոր ընտանիքները» (Աբրահամ 2.11), մի մտածեք պարզապես Աբրահամի ծառայության կամ նրանից սերվող մարգարեների մասին: Մտածեք նաև այն մասին, թե ինչ կարող եք անել, որպես Հիսուս Քրիստոսի ուխտի հետևորդ, որ օրհնություն դառնաք ձեր շրջապատի ընտանիքների համար:

Տպել