Հին Կտակարան 2022
Մտքեր հիշելու համար. Մարգարեներ և մարգարեություններ


«Մտքեր հիշելու համար. Մարգարեներ և մարգարեություններ», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Մտքեր հիշելու համար. Մարգարեներ և մարգարեություններ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

Մարգարեներ և մարգարեություններ

Հին կտակարանի ավանդական քրիստոնեական մասի վերջին հատվածը (Եսայիայից մինչև Մաղաքիա) կոչվում է «Մարգարեներ»:1 Այս հատվածը, որը Հին Կտակարանի գրեթե մեկ քառորդն է, պարունակում է Աստծո լիազորված ծառաների խոսքերը, ովքեր խոսել են Տիրոջ հետ և հետո խոսել են Նրա համար՝ մարդկանց հաղորդելով Նրա ուղերձը մ․թ․ա մոտ 900-500 թվականները։2

Մարգարեներն ու մարգարեությունները մեծ դեր ունեն ամբողջ Հին Կտակարանում: Աբրահամ, Իսահակ և Հակոբ հայրապետները տեսիլքներ են տեսել և խոսել են երկնային սուրհանդակների հետ: Մովսեսը դեմ առ դեմ խոսել է Աստծո հետ և Նրա կամքը հաղորդել Իսրայելի զավակներին: Գ և Դ Թագավորաց գրքերը պատմում են Եղիա և Եղիսե մարգարեների ուշագրավ գործերի և ուղերձների մասին։ Հին Կտակարանում կարդում ենք նաև այնպիսի մարգարեուհիների մասին, ինչպիսիք են՝ Մարիամը (տես Ելից 15․20) և Դեբորան (տես Դատավորաց 4), ինչպես նաև՝ մարգարեության ոգով օրհնված այլ կանանց մասին, ինչպիսիք են՝ Ռեբեկան (տես Ծննդոց 25․21-23) և Աննան (տես Ա Թագավորաց 1․20-2․10)։ Եվ չնայած Սաղմոսները չեն գրվել պաշտոնական մարգարեների կողմից, դրանք նույնպես լցված են մարգարեության ոգով, հատկապես, որ առկա է Մեսիայի գալուստի սպասումը:

Դրանցից ոչ մեկը անակնկալ չէ վերջին օրերի սրբերի համար: Իրականում, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը մեզ սովորեցնում է, որ մարգարեները ոչ միայն պատմության ուշագրավ մասն են, այլև՝ Աստծո ծրագրի կարևոր մասը: Ոմանք գուցե մտածում են, որ մարգարեները հատուկ են միայն Հին Կտակարանի ժամանակներին, սակայն մենք նրանց դիտում ենք որպես ընդհանրություն Հին Կտակարանի ժամանակների հետ։

Այդուհանդերձ, Եսայիայից կամ Եզեկիելից որևէ գլուխ կարդալիս և գերագույն համաժողովից Եկեղեցու ներկայիս նախագահի ուղերձն ընթերցելիս տարբերություն կզգանք: Երբեմն դժվար է պատկերացնել, որ հնօրյա մարգարեները մեզ ասելու բան են ունեցել։ Ի վերջո, աշխարհը, որտեղ մենք այսօր ապրում ենք, շատ է տարբերվում այն աշխարհից, որտեղ նրանք են քարոզել և մարգարեացել։ Եվ այն փաստը, որ մենք իրոք ապրող մարգարե ունենք, կարող է հարց առաջացնել․ ինչո՞ւ արժե ջանք գործադրել (իսկ դրա համար ջանք է հարկավոր) և կարդալ հին մարգարեների խոսքերը:

Նրանք մեզ ասելիք ունեն

Մեծ հաշվով, մարդիկ այսօր Հին Կտակարանի մարգարեների հիմնական ունկնդիրները չեն: Այդ մարգարեներն իրենց օրերի մտահոգություններն ունեին, որոնք դիտարկում էին իրենց ժամանակի և վայրի համար, ինչպես մեր վերջին օրերի մարգարեներն են դիտարկում մեր արդի մտահոգությունները:

Միևնույն ժամանակ, մարգարեները կարող են նաև արդի մտահոգությունների շրջանակից դուրս բաներ տեսնել: Այն, որ նրանք ուսուցանում են հավերժական ճշմարտությունները, արդիական է ցանկացած ժամանակի համար։ Եվ, օրհնված լինելով հայտնությամբ, նրանք տեսնում են ավելի մեծ պատկեր, Աստծո աշխատանքի ավելի լայն հեռանկար: Օրինակ՝ Եսայիան կարող էր ոչ միայն նախազգուշացնել իր ժամանակների մարդկանց իրենց մեղքերի մասին, այլև կարող էր գրել 200 տարի հետո՝ ապագայում ապրող իսրայելացիների փրկության մասին, միաժամանակ սովորեցնել այդ փրկության մասին, որին ձգտում են Աստծո բոլոր մարդիկ։ Բացի այդ, նա կարող էր գրել մարգարեություններ, որոնք այսօր էլ սպասում են իրենց լիարժեք կատարմանը, ինչպես «նոր երկրի» խոստումները (Եսայիա 65․17), որը «լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը» (Եսայիա 11․9), որտեղ հավաքվելու են Իսրայելի կորած ցեղերը և «ազգերն» այլևս «պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2․4)։ Ուրախության և ոգեշնչման մի մասը, որն ունենում ենք Հին Կտակարանի մարգարեների խոսքերը կարդալուց, օրինակ՝ Եսայիայի խոսքերը, գիտակցելն է, որ մենք դերակատարում ունենք իրենց կանխատեսած փառահեղ օրվա մեջ:3

Այսպիսով, երբ կարդում եք հին մարգարեությունները, լավ կլինի իմանալ հանգամանքները, որոնցում դրանք գրվել են: Բայց դուք նաև պետք է ինքներդ ձեզ տեսնեք այդ պայմաններում, կամ «դրանք ձեզ նմանեցրեք», ինչպես ասել է Նեփին (տես 1 Նեփի 19․23-24)։ Երբեմն դա նշանակում է Բաբելոնը ճանաչել որպես աշխարհիկության և հպարտության խորհրդանիշ, բացի հնագույն քաղաք լինելուց: Դա կնշանակի, որ Իսրայելը Աստծո ժողովուրդն է ցանկացած ժամանակաշրջանում, իսկ Սիոնը ոչ թե Երուսաղեմի մեկ այլ անվանումն է, այլ վերջին օրերի այն գործն է, որին մասնակցում է Աստծո ժողովուրդը։

Մենք կարող ենք մեզ նմանեցնել սուրբ գրությունները, քանի որ հասկանում ենք, որ մարգարեությունը կարող է կատարվել բազմաթիվ եղանակներով։4 Դրա լավ օրինակն է Եսայիա 40․3 հատվածը․ «Անապատի մէջ կանչողի ձայնը, պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը»։ Բաբելոնում գերի ընկած հրեաների համար այս հայտարարությունը գուցե նշանակեր, որ Տերը գերությունից ելք է ապահովում և վերադարձ՝ Երուսաղեմ: Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի համար այս մարգարեությունը կատարվեց Հովհաննես Մկրտիչի անձով, ով ճանապարհ պատրաստեց Փրկիչի մահկանացու ծառայության համար:5 Ջոզեֆ Սմիթը ևս հայտնություն ստացավ, որ այս մարգարեությունը դեռ կատարվում է վերջին օրերին՝ Քրիստոսի հազարամյա ծառայության նախապատրաստությամբ։6 Ինչպես հասկանում ենք, հին մարգարեները խոսել են մեզ հետ: Եվ նրանք ուսուցանել են շատ արժեքավոր, հավերժական ճշմարտություններ, որոնք նույնքան կարևոր են մեզ համար, որքան՝ հին Իսրայելի:

Նկար
հնագույն մարգարեն գրում է

Ժամանակների լրությունը, Գրեգ Ք․ Օլսեն

Նրանք վկայել են Հիսուս Քրիստոսի մասին

Հին Կտակարանի մարգարեություններում ինքներս մեզ տեսնելուց բացի, թերևս ավելի կարևոր է դրանցում տեսնել Հիսուս Քրիստոսին: Եթե փնտրեք Նրան՝ կգտնեք, նույնիսկ, եթե Նրա անունը չի հիշատակվում: Օգտակար կլինի հիշել, որ Հին Կտակարանի Աստվածը՝ Տեր Եհովան, Հիսուս Քրիստոսն է: Ամեն անգամ, երբ մարգարեները նկարագրում են, թե ինչ է անում Տերը, կամ ինչ է անելու, նրանք խոսում են Փրկիչի մասին:

Ձեզ նաև կհանդիպեն այսպիսի հիշատակումներ՝ Օծյալ (տես Եսայիա 61․1), Քավիչ (տես Ովսե 13․14), Դավիթի տոհմից ապագա թագավոր (տես Եսայիա 9․6-7, Զաքարիա 9․9)։ Այդ բոլորը մարգարեություններ են Հիսուս Քրիստոսի մասին։ Ընդհանուր առմամբ, դուք կկարդաք՝ ազատման, ներման, փրկագման և վերականգնման մասին: Եթե Փրկիչը ձեր մտքում և սրտում է, այս մարգարեությունները բնական կերպով կուղղեն ձեզ դեպի Աստծո Որդին: Ի վերջո, մարգարությունը հասկանալու լավագույն միջոցը «մարգարեութեան հոգին» ունենալն է, որի մասին Հովհաննեսն ասել է, որ այն «Հիսուսի վկայությունն» է (Հայտնություն 19.10

Հղումներ

  1. Եսայիային, Երեմիային, Եզեկիելին և Դանիելին հաճախ անվանում են Մեծ մարգարեներ՝ նրանց գրքերի երկարության պատճառով։ Մյուս մարգարեները (Ովսե, Հովել, Ամովս, Աբդիա, Հովնան, Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա) կոչվում են Փոքր մարգարեներ, քանի որ նրանց գրքերը շատ ավելի կարճ են: Ողբերի գիրքը համարվում է ոչ թե Մարգարեների, այլ Գրությունների մասը:

  2. Մենք չգիտենք, թե ինչպես են կազմվել մարգարեական գրքերը: Որոշ դեպքերում, գուցե մարգարեն ղեկավարել է իր գրությունների և մարգարեությունների հավաքագրումը: Այլ դեպքերում, հնարավոր է, որ դրանք գրվել և կազմվել են նրա մահից հետո:

  3. «Պարզապես մտածեք թե որքան ոգևորիչ ու հրատապ է այդ ամենը. յուրաքանչյուր մարգարե, Ադամից սկսած, կանխատեսել է մեր օրերը: Եվ յուրաքանչյուր մարգարե խոսել է մեր օրերի մասին, երբ Իսրայելը կհավաքվի և աշխարհը կպատրաստվի Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Մտածե՛ք այդ մասին։ Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանցից մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին, մեծ հավաքման իրադարձությանը: Որքա՜ն ոգևորիչ է սա» (Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», [երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, հունիսի 3, 2018], ի լրացում New Era և Ensign, 8, ChurchofJesusChrist.org)։ Տես նաև Ռոնալդ Ա․ Ռասբենդ, «Մարգարեության իրականացում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 75-78)։

  4. Եսայիայի մասին խոսելիս Փրկիչն ասել է․ «Եվ բոլոր բաները, որ նա խոսել է, եղե՛լ են և կլինեն, հենց այն խոսքերի համաձայն, որոնք նա խոսել է» (3 Նեփի 23․3, շեղագիրն ավելացված է)։

  5. Տես Մատթեոս 3․1-3, Մարկոս 1․2-4, Ղուկաս 3․2-6։

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 33․10, 65․3, 88․66։

Տպել