Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Վարդապետություն և Ուխտեր 45. «Խոստումները … կկատարվեն»


Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Վարդապետություն և Ուխտեր 45. «Խոստումները … կկատարվեն», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Վարդապետություն և Ուխտեր 45, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

երիտասարդները տաճարի մոտ

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը

Վարդապետություն և Ուխտեր 45

«Խոստումները… կկատարվեն»։

Որպես ուսուցիչ, ձեր ամենակարևոր նախապատրաստությունը հոգևորն է: Սկսեք, ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 45 բաժինը և աղոթելով Սուրբ Հոգու առաջնորդության համար: Այս օժանդակ նյութը ներկայացնում է գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար: Կարող եք նաև գաղափարներ գտնել այս շաբաթվա համառոտ շարադրանքում, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում, Լիահոնա կամ Ընկեր ամսագրերում:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հարցրեք երեխաներին՝ կցանկանա՞ն արդյոք կիսվել որևէ բանով, որ այս շաբաթ սովորել են սուրբ գրություններից: Հրավիրեք նրանցից մեկին, որ կիսվի, իսկ մյուս երեխաներին խնդրեք ձեռք բարձրացնել, եթե նրանք նույնպես սովորել են այդ մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 45․32

Ես կարող եմ «կանգնել սուրբ տեղերում»:

Վարդապետություն և Ուխտեր 45․32-ում Տերն ուսուցանել է, որ Իր աշակերտները վերջին օրերում անվտանգություն կգտնեն՝ կանգնելով սուրբ տեղերում, այնպիսի տեղերում, որոնք հատուկ են Տիրոջ համար: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին, որ ճանաչեն սուրբ տեղերը:

Հնարավոր վարժություններ

  • Սենյակի տարբեր մասերում տեղադրեք տան, եկեղեցու շենքի և տաճարի նկարներ: Նկարներում պատկերված վայրերի մասին հուշումներ կատարեք և հրավիրեք երեխաներին կանգնել ձեր նկարագրած նկարի կողքին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․32 հատվածի առաջին տողը: Վկայեք, որ մենք օրհնված ենք, երբ ժամանակ ենք անցկացնում սուրբ վայրերում, ինչպիսիք են՝ մեր տունը, եկեղեցու շենքերը և տաճարը: Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե նրանք ինչ են զգում, երբ գտնվում են այդպիսի սուրբ տեղերում:

  • Հրավիրեք երեխաներին լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Օգնեք նրանց, որ իրենց նկարների վրա գրեն «Ես կարող եմ նպաստել, որ իմ տունը դառնա սուրբ տեղ» և Վարդապետություն և Ուխտեր 45․32: Նրանք ի՞նչ կարող են անել, որպեսզի նպաստեն, որ իրենց տունը սուրբ տեղ դառնա:

  • Որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե ինչ է նշանակում «չեն շարժվի», խնդրեք նրանց մեկ րոպե կանգնել առանց շարժվելու: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․32 հատվածի առաջին տողը: Օգնեք երեխաներին հասկանալ, որ «կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի» նշանակում է՝ ճիշտն ընտրել բոլոր ժամանակներում, անկախ նրանից, թե ինչ է կատարվում: Հրավիրեք նրանց «չշարժվել» ու չհեռանալ արդար մտքերից և գործողություններից:

Վարդապետություն և Ուխտեր 45․44-45

Հիսուս Քրիստոսը կրկին կգա:

Երբ Կիրթլենդի (Օհայո) սրբերը լսեցին Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի հայտնության մասին, որտեղ խոսվում է վերջին օրերի և Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին, նրանք ուրախությամբ ընդունեցին դա: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին՝ ուրախությամբ պատրաստվել Երկրորդ Գալուստին:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ զգացում են իրենք ունենում, երբ իմանում են, որ հատուկ մեկը գալիս է նրանց այցելելու, օրինակ, տատիկը, պապիկը, կամ ընկերը: Նրանք ինչպե՞ս են պատրաստվում դիմավորել այդ հյուրին: Ցույց տվեք Փրկիչի նկարներից մեկը և կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45:44-45-ից մի մաս կամ ամբողջությամբ: Պատմեք երեխաներին, թե դուք ինչ եք զգում Փրկիչի վերադարձի մասին մտածելիս, և թույլ տվեք, որ նրանք էլ կիսվեն իրենց զգացմունքներով:

  • Ցույց տվեք Փրկիչի երկրորդ գալուստի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում), և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում, երբ նայում են այս նկարին: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսը կրկին գալու է:

  • Երգեք երգ Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «Երբ Նա վերադառնա» (Երեխաների Երգարան, 46): Երգի օգնությամբ քննարկեք, թե մենք ինչպես կարող ենք պատրաստվել Հիսուսի վերադարձին, օրինակ՝ Աստծո կամքը կատարելով և թույլ տալով, որ մեր լույսը շողա մյուսների համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 45․3-5

Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ։

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ամրապնդել իրենց հավատքն առ այն, որ Հիսուս Քրիստոսը նրանց Բարեխոսն է: Դուք ինքներդ ինչպե՞ս եք իմացել դա:

Հնարավոր վարժություններ

  • Թերթիկների վրա գրեք մի քանի բառեր և արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 45․3-5-ից: Երեխաներին մեկ րոպե տվեք, որ ուսումնասիրեն այս հատվածներն իրենց սուրբ գրություններում, ապա հրավիրեք նրանց փակել սուրբ գրքերը և թերթիկների բառերը դասավորել նույն հերթականությամբ, ինչպես դրանք գրված են հատվածում: Համաձայն այդ հատվածների, ի՞նչ է ասում Փրկիչը մեր դատը Երկնային Հոր առաջ պաշտպանելու մասին:

  • Օգնեք երեխաներին բառարանի օգնությամբ սահմանել բարեխոս բառը: Ի՞նչ արեց Փրկիչը, որ հնարավորություն ունեցավ լինելու մեր Բարեխոսը: Կիսվեք ձեր զգացմունքներով, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել մեզ համար և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց զգացմունքներով:

Վարդապետություն և Ուխտեր 45․9

Հիսուս Քրիստոսի ավետարանը լույս է աշխարհին:

Օգնեք ձեր դասարանի երեխաներին մտածել, թե ինչպես է ավետարանը պատրաստում աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք լույսի և դրոշի նկարներ կամ նկարեք այս բաները գրատախտակին: Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․9 հատվածը և մտածել, թե ավետարանն ինչ առումով է դառնում լույս, չափանիշ (դրոշ) և պատգամաբեր: Կարող եք բացատրել, որ հին ժամանակներում չափանիշը դրոշակ կամ դրոշ էր, որը տանում էին ռազմադաշտ: Այն օգնում էր զինվորներին իմանալ, թե որտեղ պետք է հավաքվեն և ինչ անեն:

    Զորավար Մորոնին ծածանում է ազատության դրոշը

    Ազատության դրոշը, Լարրի Կոնրադ Վինբորգ

  • Օգնեք երեխաներին հատված 9-ը մասամբ կամ ամբողջությամբ անգիր սովորել: Այդ նպատակով գրեք հատվածը գրատախտակին և սովորելու ընթացքում մի քանի բառ միաժամանակ ջնջեք:

Վարդապետություն և Ուխտեր 45․37-38

Հիսուս Քրիստոսը կրկին գալու է:

Երեխաների համար թերևս վախեցնող կլինի կարդալ պատերազմների, չարության և ավերածությունների մասին, որոնք մարգարեությունների համաձայն տեղի են ունենալու Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ուրախությամբ սպասել այդ խոստացված օրվան:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչպես են իմանում, որ տարվա եղանակի փոփոխությունը մոտ է: Ի՞նչ նշաններ են նրանք փնտրում: Բացատրեք, որ ինչպես կան տարվա նոր եղանակի նշաններ, այդպես էլ կան Երկրորդ Գալուստի նշաններ: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․37–38 հատվածները: Ի՞նչ է ասել Հիսուսն Իր Երկրորդ Գալուստի նշանների մասին՝ դրանք ինչպիսի՞ն կլինեն: Որպեսզի օգնեք երեխաներին բացահայտել նշանները, որոնք մենք պետք է փնտրենք, հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի (կամ երեխաների խմբին) կարդալ մի քանի հատվածներ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնից, որոնք նկարագրում են այդ նշանները: Օրինակ, երեխաները կարող են կարդալ հատվածներ 26–27, 31–33, 40–42: Թող երեխաները պատմեն, թե ինչ հայտնաբերեցին: Այս նշաններից որո՞նք են այսօր իրականանում:

  • Առանձին թերթիկների վրա գրեք ապագա իրադարձությունների այն խոստումները, որոնք գտաք 45-րդ բաժինն ուսումնասիրելիս: Այս խոստումներից մի քանիսը կարելի է գտնել հատվածներ 44–45, 51–52, 55, 58–59, 66–71-ում: Գրատախտակին թվարկեք այն հատվածները, որոնք պարունակում են այդ խոստումները: Տվեք երեխաներին թերթիկները և խնդրեք նրանց սուրբ գրությունների օգնությամբ գտնել, թե այդտեղ գրված խոստումներին գրատախտակին գրված որ հատվածներն են համապատասխանում: Քննարկեք, թե այս խոստումներն ինչ են նշանակում, և խնդրեք երեխաներին կիսվել, թե որ խոստումներն են օգնում նրանց ոգևորված զգալ Փրկիչի Երկրորդ Գալուստի կապակցությամբ:

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել, թե դասի ժամանակ իրենք ինչ սովորեցին, որով կարող են կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ: Նրանցից մի քանիսին խնդրեք դասարանի հետ կիսվել, թե տանն ինչի մասին են պատմելու:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ճանաչել Հոգին: Երեխաներին ուսուցանելիս պատմեք նրանց, թե դուք երբ եք զգում Սուրբ Հոգին: Խոսեք այն մասին, թե դուք ինչպես եք զգում Նրա ներկայությունը: Օրինակ, դուք կարող եք զգալ խաղաղություն կամ ուրախություն Փրկիչի մասին երգ երգելիս: Այս զգացմունքներն ունենալով, երեխաները կնկատեն, թե իրենք երբ են զգում Հոգին: