«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը։ Մատթեոս 4, Ղուկաս 4–5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը։ Մատթեոս 4, Ղուկաս 4–5», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը
Մատթեոս 4, Ղուկաս 4–5
«Տիրոջ Հոգին ինձ վերայ է»
Սկսեք նախապատրաստվել այս դասին` կարդալով Մատթեոս 4 և Ղուկաս 4-5 գլուխները: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին հերթով իրար փոխանցել Հիսուսի նկարներից մեկը: Երբ յուրաքանչյուր երեխա ձեռքում պահի նկարը, հրավիրեք նրան կիսվել ինչ-որ բանով, որ Հիսուսն արել է, երբ երկրի վրա էր:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ես կարող եմ ընտրել ճիշտը, ինչպես Հիսուսն է ընտրել
Փոքր երեխաները «չեն կարող մեղանչել» (Վարդապետություն և Ուխտեր 29.47): Այնուամենայնիվ, Հիսուսի` սատանայի փորձություններին դիմադրելու մասին պատմությունը կարող է ոգեշնչել երեխաներին ընտրել ճիշտը:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք Հիսուսի փորձությունների մասին պատմությունը, որը գտնվում է Մատթեոս 4.1–11 հատվածներում: (Տես նաև «Գլուխ 11. Հիսուսը գայթակվեց» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում 30-31, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Պատմության համապատասխան հատվածներում հարցրեք. «Ձեր կարծիքով, Հիսուսն ի՞նչ պետք է անի»:
-
Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և այնուհետև նկարագրեք այն ընտրությունները, որ փոքր երեխան կարող է կատարել: Խնդրեք երեխաներին մեկ քայլ կատարել դեպի նկարը ամեն անգամ, երբ նկարագրում եք լավ ընտրություն: Խնդրեք նրանց մեկ քայլ հեռանալ ամեն անգամ, երբ նկարագրում եք վատ ընտրություն:
-
Օգնեք երեխաներին սովորել երգի բառերը լավ ընտրություն կատարելու մասին, օրինակ՝ «Ճիշտը գործիր» (Մանկական երգեր,64)։ Օգտագործեք նկարներ, առարկաներ կամ տեսողական այլ միջոցներ, որոնք վերաբերում են բառերին:
Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է
Ղուկաս 4.18-19 հատվածներում նկարագրվում է Հիսուսի առաքելությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին գնահատել այն, ինչ Նա արել է իրենց համար:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Ղուկաս 4.18-19 հատվածները և բացատրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ էր ուղարկվել երկիր (մեզ ուսուցանելու, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ, մխիթարելու մեզ և բուժելու մարդկանց): Կիսվեք, թե ինչպես է Նա արել այդ բաները ձեզ համար:
-
Հրավիրեք մի քանի երեխայի ձևացնել, իբր շփոթված են, տխուր են կամ հիվանդ են: Խնդրեք մյուս երեխաներին դերախաղի մեջ մտնել ու տեսնել, թե ինչ կարող են անել նրանց օգնելու համար: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը եկել է մեզ ուսուցանելու, մխիթարելու և բուժելու, իսկ մենք պետք է հետևենք Նրա օրինակին:
-
Ցույց տվեք Հիսուսի նկարները, որտեղ Նա կատարում է Իր առաքելությունը (տես Ավետարանի պատկերագիրք)։ Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է անում Հիսուսը յուրաքանչյուր նկարում: Ցույց տվեք նաև այն մարդկանց նկարները, ովքեր փորձում են լինել Հիսուսի նման (մի քանիսը կարող եք գտնել Եկեղեցու ամսագրերում):
Մատթեոս 4.18–22, Ղուկաս 5.1–11
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ «մարդկանց որսորդ»
Փրկիչի կոչը՝ «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս 4.19), վերաբերում է բոլորին, ներառյալ՝ երեխաներին:
Հնարավոր վարժություններ
-
Մինչ կկարդաք Մատթեոս 4.18–22 հատվածները` հրավիրեք երկու երեխայի պատկերացնել, որ նրանցից մեկը Սիմոն Պետրոսն է, իսկ մյուսը՝ Անդրեասը: Օգնեք երեխաներին պարզել, թե այս մարդիկ ինչից հրաժարվեցին Հիսուսին հետևելու համար:
-
Թող երեխաները հերթով պատմեն այս հատվածների պատմությունը` օգտագործելով ստորև նկարը և այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար նյութի մեջ:
-
Միասին երգեք Հիսուս Քրիստոսին հետևելու մասին մի երգ, ինչպիսին է՝ «Աստծո զավակն եմ» (Մանկական երգեր, 58): Օգնեք երեխաներին գտնել երգում նշված քայլերը, որ նրանք կարող են անել՝ Հիսուսին հետևելու համար:
-
Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի երեխաների հետ քննարկեք, թե նրանք ինչպես կարող են լինել «մարդկանց որսորդ»` հետևելով Հիսուսին: Դուք կարող եք նաև խաղալ համընկնման խաղ գործնական աշխատանքի էջից։ Կտրեք երկու օրինակ նույն ձկից, դրեք դրանք երեսնիվայր և հրավիրեք երեխաներին մեկ առ մեկ շրջել դրանք, որպեսզի գտնեն զույգը:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հիսուսը, դիմակայելով փորձություններին, օրինակ սահմանեց ինձ համար
Նույնիսկ Հիսուս Քրիստոսը ենթարկվեց սատանայի փորձությանը, բայց Նա տեղի չտվեց: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հետևել Նրա օրինակին:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակի վրա սատանայի գայթակղությունները և Հիսուսի պատասխանները վերնագրերով աղյուսակ կազմեք: Օգնեք երեխաներին լրացնել աղյուսակը` օգտագործելով Մատթեոս 4.1-11 և Ղուկաս 4.1-13 հատվածները: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են հետևել Հիսուսի օրինակին:
-
Գրի առեք մի քանի սյուժե, որտեղ երեխան հնարավոր է գայթակղվի՝ սխալ ընտրություններ կատարելով: Թող երեխան կարդա որևէ մեկը, և խնդրեք երեխաներին քննարկել, թե այդ իրավիճակում ինչպես կկարողանային դիմակայել փորձությանը:
Ծոմ պահելը կարող է օգնել ինձ մոտ զգալ Երկնային Հորը
Իր ծառայությունը սկսելուց առաջ Հիսուսը ծոմ պահեց «որ լինի Աստծո հետ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.2 [Մատթեոս 4.2, ծանոթագրություն գ]): Օգնեք երեխաներին հասկանալ, թե ծոմ պահելն ինչպես է նրանց հոգևոր ուժ տալիս ու օգնում մոտ զգալ Երկնային Հորը:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 4.1-2 հատվածները` օգտագործելով ծանոթագրություններում տրված Ջոզեֆ Սմիթի Թարգմանության վերանայումները: Ի՞նչ արեց Հիսուսը «որ լինի Աստծո հետ»: Կիսվեք, թե ծոմ պահելն ինչպես է օգնել ձեզ մոտ զգալ Երկնային Հորը:
-
Այն երեխաներին, ովքեր նախկինում ծոմ են պահել, հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով: Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչ է ծոմապահությունը մի մարդու, ով երբևէ նախկինում ծոմ չի պահել:
-
Թերթիկների վրա ծոմապահության վերաբերյալ հարցեր գրեք (ինչպես օրինակ ինչու, երբ կամ որքան հաճախ) և դրեք դրանք զամբյուղի մեջ: Երեխաներից մեկին հրավիրեք հանել հարցերից մեկը և պատասխանել դրան: Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք դուք կամ երեխաները կիսվել ծոմապահության մասին:
Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է
Խորհեք, թե ինչպե՞ս է Փրկիչն օրհնել ձեր կյանքը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի շատ գնահատել Նրա ազդեցությունն իրենց կյանքում:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին նախապատրաստված գալ և կիսվել Ղուկաս 4.16-30 հատվածների պատմությունով։ Օգտակար կլինի նաև օգտագործել «Գլուխ 17․ Նազարեթի բարկացած ժողովուրդը» (Նոր Կտակարանի պատմություններում 42-43, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում։) Կարող եք նաև ցուցադրել «Հիսուսը հայտարարում է, որ ինքը Մեսիան է» տեսանյութը (ChurchofJesusChrist.org):
-
Բարձրաձայն կարդացեք Ղուկաս 4.18 հատվածը և խնդրեք երեխաներին հետևել։ Խնդրեք նրանց կազմել այն գործերի ցանկը, որ Փրկիչն ասաց՝ Ինքը եկել է անելու: Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին օրինակներով, երբ Քրիստոսն արել է այդ բաները սուրբ գրություններում կամ իրենց կյանքում:
-
Թերթիկների վրա գրեք «Հիսուս Քրիստոսի շնորհիվ …» բառերը: Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թերթիկ և հրավիրեք նրանց գրել, թե ինչպես կավարտեին արտահայտությունը: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գրածով:
Մատթեոս 4.18–22, Ղուկաս 5.1–11
Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ հետևել Իրեն ու լինել «մարդկանց որսորդ»
Շատ եղանակներ կան, որոնցով երեխաները կարող են հետևել Փրկիչին ու լինել «մարդկանց որսորդ» (Մատթեոս 4.19): Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց տեսնել այն լավ ազդեցությունը, որ կարող են ունենալ ուրիշների վրա:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 4.18-22 և Ղուկաս 5.1-11 հատվածները: Հիսուսի առաքյալներն ինչպե՞ս արձագանքեցին Իրեն հետևելու Նրա հրավերին։ Ի՞նչ կարող ենք անել նրանց օրինակին հետևելու համար:
-
Երեխաներին ցույց տվեք ձկնորսական կարթ կամ ձկնորսի նկար: Ի՞նչ է նշանակում լինել «մարդկանց որսորդ»: Ի՞նչ գործիքներ են մեզ անհրաժեշտ մարդկանց որսորդ լինելու համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ նրանով, ինչ սովորեցին մարդկանց որսորդ լինելու մասին: