«Մայիսի 1-7-ը: Ղուկաս 12–17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Մայիսի 1-7-ը: Ղուկաս 12–17, Հովհաննես 11», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023
Մայիսի 1-7-ը:
Ղուկաս 12–17, Հովհաննես 11
«Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»
Աղոթքով կարդացեք Ղուկաս 12-17 և Հովհաննես 11 գլուխները` մտածելով, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ այս գլուխների ճշմարտություններն ու զգալ Երկնային Հոր սերը:
Հրավիրեք կիսվել
Երեխաներին հիշեցրեք Ղուկաս 12-17 և Հովհաննես 11 գլուխների առակներից մի քանիսը, և հրավիրեք նրանց կիսվել այս պատմություններից իրենց սովորածով:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Երկնային Հայրը ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները վերադառնան Իր մոտ
Մտածեք ձեր դասարանի երեխաների մասին, ներառյալ նրանց, ովքեր չեն կարող կանոնավոր հաճախել: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց զգալ Երկնային Հոր սերը: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել մյուս երեխաներին՝ օգնել ձեզ և սիրով ձեռք մեկնել նրանց:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներից մեկին տվեք մետաղադրամ, մյուսին տվեք ոչխարի նկար, իսկ մեկ ուրիշին տվեք անառակ որդու նկարը (տես ChurchofJesusChrist.org կամ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։ Պատմեք Ղուկաս 15 գլխի երեք առակները և հրավիրեք երեխաներին բարձրացնել իրենց մետաղադրամը կամ նկարը, երբ դուք նշեք այն: Կարող եք օգնել երեխաներին իրենց խոսքերով միմյանց վերապատմել առակները:
-
Խնդրեք երեխաներին կիսվել մի դեպքի մասին, երբ կորցրել են ինչ-որ բան: Ինչպե՞ս գտան այն։ Բացատրեք, որ մարդիկ կարող են հոգևորապես կորչել, երբ չեն հետևում Երկնային Հորը: Վկայեք, որ Աստված ցանկանում է, որ կորած մարդիկ գան Իր մոտ, իսկ մենք կարող ենք օգնել նրանց:
-
Խնդրեք երեխաներին մտածել մյուս երեխաների մասին, ովքեր չեն հաճախում Երեխաների միություն: Օգնեք նրանց գունավորել կամ գրել երկտող` հրավիրելով երեխաներին հաճախել Երեխաների միություն կամ Երեխաների միության որևէ միջոցառման: Ինչպե՞ս կարող ենք օգնել այս երեխաներին զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ:
Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր հանդեպ` երախտապարտ լինելով իմ օրհնությունների համար
Ինչպե՞ս կարող է տասը բորոտների մասին պատմությունը խրախուսել երեխաներին լինել շնորհակալ:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք տասը բորոտների մասին պատմությունը, որոնց բուժեց Հիսուսը: Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից և հրավիրեք երեխաներին իրենց մատների վրա հաշվել մինչև տասը: Այնուհետև խնդրեք նրանց ծալել ինը մատները` ցույց տալով մեկ բորոտին, ով շնորհակալություն հայտնեց Հիսուսին: Օգնեք երեխաներին մտածել մեկի մասին, ում կարող են շնորհակալություն հայտնել բարի կամ օգտակար արարքի համար:
-
Խնդրեք յուրաքանչյուր երեխայի շարժումներով ցույց տալ, թե ինչի համար է երախտապարտ, իսկ մյուս երեխաները թող կռահեն, թե ինչ է դա: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կարող ենք ցույց տալ Երկնային Հորը, որ շնորհակալ ենք մեր օրհնությունների համար:
Մենք հավատում ենք, որ Հիսուսն Աստծո Որդին է
Մարթան` Ղազարոսի քույրը, ասաց Հիսուսին. «Ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն` Աստուծոյ Որդին» (Հովհաննես 11.27): Մարիամի, Մարթայի ու Ղազարոսի մասին պատմությունը կարող է ամրացնել երեխաների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:
Հնարավոր վարժություններ
-
Ամփոփեք այն պատմությունը, երբ Հիսուսը կենդանացրեց Ղազարոսին (տես նաև «Գլուխ 43. Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին» Նոր Կտակարանի պատմություններ, 107–9, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում)։ Ցույց տվեք երեխաներին մի չորացած ճյուղ և կանաչ բույս և հարցրեք, թե որն է չորացած, իսկ որը՝ կանաչ։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ մահացած մարդիկ հարություն կառնեն ու հավերժ կապրեն:
-
Օգնեք երեխաներին մտապահել այն արտահայտությունը, որ Հիսուսն ասաց Մարթային «Ես եմ յարութիւնը եւ կեանքը» (Հովհաննես 11.25): Բացատրեք, որ Փրկիչի հարության շնորհիվ մենք կրկին կտեսնենք մեր սիրելի մարդկանց, որոնք մահացել են:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ես կարող եմ օգնել Հիսուսին գտնել Իր կորած ոչխարներին
Մենք բոլորս ճանաչում ենք մեկին, ով ինչ-որ առումով նման է Փրկիչի առակների կորած ոչխարին, կորած մետաղադրամին կամ անառակ որդուն: Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին սիրով ձեռք մեկնել այս մարդկանց:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին կարդալ կորած ոչխարի կամ կորած մետաղադրամի մասին պատմությունը, որոնք գտնվում են Ղուկաս 15.1-10 հատվածներում, և կիսվել իրենց սովորածով:
-
Գրատախտակին գրեք այս անունները. հայր, ավագ որդի, և կրտսեր որդի։ Ցույց տվեք «Անառակ որդին» տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայքում) և հաճախակի դադար տվեք, որպեսզի երեխաները կարողանան գրատախտակին գրել թվարկված մարդկանց զգացումները: Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուսը վերաբերվում նրանց, ովքեր մեղք են գործել:
-
Երեխաներից մեկին խնդրեք դուրս գալ սենյակից, մինչ մյուսները կթաքցնեն մետաղադրամը կամ թղթե ոչխարը: Թող երեխան վերադառնա ու փնտրի մետաղադրամը կամ ոչխարը: Մարդիկ ինչպե՞ս կարող են «կորած» զգալ՝ մետաղադրամի կամ ոչխարի պես: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպե՞ս կարող են օգնության հասնել նրանց։ Երեխաների հետ միասին երգեք առնչվող որևէ երգ, օրինակ՝ «Dear to the Heart of the Shepherd» (Hymns, no. 221), և վկայեք այն ուրախության մասին, որը գալիս է, երբ մարդիկ վերադառնում են Աստծո մոտ:
-
Բացատրեք, որ Հիսուսն օգտագործեց կորած ոչխարը, կորած մետաղադրամը ու անառակ որդուն, որպեսզի ներկայացնի այն մարդկանց, ովքեր «կորել» են, որովհետև չունեն ավետարանի օրհնությունները: Հրավիրեք երեխաներին մտածել այն մարդկանց մասին, ովքեր չունեն այս օրհնություններն իրենց կյանքում: Ի՞նչ կարող են անել, որպեսզի օգնեն այդ մարդկանց զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ:
Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր հանդեպ` երախտապարտ լինելով իմ օրհնությունների համար
Տասը բորոտների մասին պատմությունը լավ եղանակ է, որ ոգեշնչեք երեխաներին երախտագիտություն հայտնել Երկնային Հորը իրենց օրհնությունների համար:
Հնարավոր վարժություններ
-
Միասին կարդացեք տասը բորոտների մասին պատմությունը: Ինչպե՞ս օրհնվեց շնորհակալություն հայտնող բորոտը իր երախտագիտության համար: Ինչո՞ւ է կարևոր շնորհակալություն հայտնել Աստծուն մեր օրհնությունների համար:
-
Հրավիրեք երեխաներին թվարկել իրենց անվան տառերով սկսվող այն բաները, որոնց համար շնորհակալ են:
-
Խնդրեք երեխաներին Երկնային Հորը շնորհակալական երկտող գրել այն օրհնությունների համար, որ Նա տալիս է իրենց: Երկտողը նրանք կարող են կախել իրենց անկողնու մոտ, որպեսզի աղոթելիս հիշեն երախտագիտություն արտահայտել:
Մենք հավատում ենք, որ Հիսուսն Աստծո Որդին է
Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մարիամի, Մարթայի ու Ղազարոսի մասին պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին Մարթայի նման գիտենալ, որ Հիսուսը «Քրիստոսն` Աստծոյ Որդին է» (Հովհաննես 11․27):
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք մի քանի պնդումներ, որոնց մասին խոսում են մարդիկ Հովհաննես 11 գլխում: Խնդրեք երեխաներին գտնել, թե ով հայտարարեց յուրաքանչյուր պնդումը, և իրենց պատասխանները ստուգելու համար խնդրեք կարդալ Հովհաննես 11 գլուխը: Ի՞նչ կզգային, եթե լինեին Հիսուսի, Մարթայի, Մարիամի կամ Ղազարոսի փոխարեն: Հիսուսի հանդեպ հավատքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ տխուր ենք կամ վախեցած:
-
Կարդացեք Մարթայի վկայությունը, որը գտնվում է Հովհաննես 11.20-27 հատվածներում: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն բառերին ու արտահայտություններին, որոնք ցույց են տալիս, որ Մարթան հավատք ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հավատք ունենանք Նրա հանդեպ:
-
Օգնեք երեխաներին մտապահել Հովհաննես 11.25 հատվածը: Բացատրեք, որ բոլորը հարություն կառնեն, սակայն միայն արդարները կունենան հավերժական կյանք ու կրկին կապրեն Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Երեխաներին տվեք թուղթ, որը շաբաթվա ընթացքում կարող են օգտագործել, որպեսզի գրեն կամ նկարեն այն բաները, որոնց համար շնորհակալ են: