Մայիսի 2-8-ը Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19. «Սրբություն Տիրոջը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Մայիսի 2-8-ը Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022
Մայիսի 2-8-ը
Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19
«Սրբություն Տիրոջը»
Երբ աղոթքով ուսումնասիրեք սուրբ գրություններն այս շաբաթ, մտածեք երեխաների մասին, ում ուսուցանում եք: Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե նրանք ինչ ճշմարտություններ պետք է իմանան, և դուք ինչպես կարող եք ուսուցանել այդ ճշմարտությունները նրանց։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Բոլոր երեխաների անունները դրեք տուփի մեջ: Խնդրեք որևէ երեխայի ընտրել անուններից մեկը և հրավիրեք ընտրված երեխային կիսվել ինչ-որ բանով, որը նա վերջերս է սովորել Հին Կտակարանից: Երեխաների հետ խոսեք այն մասին, թե իրենց սովորածն ինչպես է օգնում իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Կրկնեք, մինչև բոլոր երեխաները կիսվելու հնարավորություն ունենան։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ես կարող եմ օգնել կատարել Տիրոջ աշխատանքը
Փոքր երեխաներն ունեն պարգևներ, որոնք կարող են օգտագործել՝ նպաստելով երկրի վրա Տիրոջ աշխատանքին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին, որ ցանկանան կիսվել այն ամենով, ինչ Տերն է տվել իրենց:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Ելից 36․1 հատվածը և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ տվեց Բեսելիելին ու Ոողիաբին, որպեսզի օգնի նրանց «սրբարան» (խորան) կառուցել: Յուրաքանչյուր երեխայի ասեք որևէ պարգևի մասին, որը նա ունի (օգնության համար կարող եք հարցնել նրանց ծնողներից): Վկայեք, որ Աստված պարգևներ է տվել Իր բոլոր զավակներին։
-
Ասեք երեխաներին, թե դուք ինչու եք ցանկանում օգնել Տիրոջ աշխատանքին: Օգնեք նրանց մտածել, թե իրենք ինչպես կարող են մասնակցել Տիրոջ աշխատանքին (օրինակ՝ գտնել նախնիներից մեկին, ինչ-որ մեկին պատմել Հիսուսի մասին կամ ծառայել ընտանիքի որևէ անդամի): Նրանց գաղափարները գրեք թերթիկների վրա, դրեք դրանք տուփի մեջ, ապա հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել մի թերթիկ և գործել ըստ դրա գաղափարների:
Ես կարող եմ զգալ Աստծո ներկայությունը սուրբ վայրերում
Տերը պատվիրեց Իսրայելի զավակներին «մի սրբարան շինել», որպեսզի Ինքը կարողանա «իրանց մէջ բնակու[ի]» (Ելից 25.8): Կարող եք օգնել երեխաներին սովորել սուրբ վայրերի մասին, որոնք Աստված է տվել մեզ այսօր, որ օգնի մեզ զգալ Իր ներկայությունը:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք հնադարյան խորանի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում): Խնդրեք երեխաներին նկարում գտնել խորանի տարբեր մասեր, օրինակ՝ աշտանակը և զոհասեղանները, և բացատրեք, որ դրանք նախատեսված էին օգնելու իսրայելացիներին մտածել Տիրոջ մասին (խորանի մասին ավելին իմանալու համար տես Ելից 40.17–34): Ի՞նչ սուրբ վայրեր ունենք մենք այսօր, որոնք օգնում են մեզ մտածել Տիրոջ մասին:
-
Երեխաներին ցույց տվեք տաճարի մի նկար և կարդացեք Ելից 25.8 հատվածը: Բացատրեք, որ մեր օրերում Աստված մեզ տվել է սուրբ վայրեր, որտեղ մենք կարող ենք մոտ լինել Նրան: Օգնեք երեխաներին թվարկել այդ վայրերից մի քանիսը: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ են զգում, երբ մտածում են այդ սուրբ վայրերի մասին: Ասեք նրանց, որ մենք կարող ենք մոտ զգալ Աստծուն նաև այն ժամանակ, երբ աղոթում ենք, անկախ այն բանից, թե որտեղ:
-
Երեխաների հետ լրացրեք գործնական աշխատանքի էջը: Երբ վերջացնեք, նրանց հետ մի երգ երգեք տաճարի մասին, օրինակ՝ «Ես սիրում եմ տեսնել տաճարը» (Children’s Songbook, 95):
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Աստված ինձ պարգևներ է տվել, որպեսզի օգնեմ Նրա աշխատանքին։
Երկնային Հոր յուրաքանչյուր զավակ ինչ-որ բան ունի Նրա աշխատանքին աջակցելու համար։ Ձեր ուսուցանած երեխաները, գուցե, ձեր օգնության կարիքն ունենան՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են իրենց պարգևներն օգտագործել Աստծո գործին օգնելու համար:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք խորանի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Հարցրեք երեխաներին, թե ինչ նյութեր կարող են պետք գալ խորանը կառուցելու համար: Երեխաների հետ կարդացեք Ելից 35.20–29-ը և խնդրեք նրանց փնտրել, թե ինչպես են տրամադրվել անհրաժեշտ նյութերը: Վկայեք, որ երեխաներից յուրաքանչյուրն ինչ-որ բան ունի ներդնելու Տիրոջ աշխատանքում:
-
Խնդրեք երեխաներին կարդալ Ելից 36.1-ը՝ պարզելով, թե Տերն ինչ էր տվել նրանց, ովքեր կանչվել էին կառուցելու խորանը: Հրավիրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ Տերն է նրանց տվել, որ օգնեն Իր արքայության կառուցմանը (անհրաժեշտության դեպքում գաղափար առաջարկներ): Ինչպե՞ս կարող ենք օգտագործել դրանք ուրիշներին օրհնելու համար:
Ես կարող եմ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին ու Երկնային Հորը:
Խորանը Իսրայելի զավակներին թույլ տվեց իրենց հետ ունենալ ոչ միայն Աստծո ներկայությունը, այլ նաև նրանց սովորեցրեց, թե ինչ կարող էին անել՝ Աստծուն ավելի նմանվելու համար:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին օգտագործել Ելից 40.17–33 հատվածները՝ հայտնաբերելով խորանի մասերը, ապա գտնել դրանցից մի քանիսը հնադարյան խորանի նկարներում (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Խնդրեք երեխաներին նկարել խորանի իրենց սեփական նկարները: Խոսեք այն մասին, թե խորանի յուրաքանչյուր հատված ինչպես կարող է ուսուցանել Փրկիչի կամ Երկնային Հոր մասին: Օրինակ՝ վկայության տապանակը կարող է հիշեցնել մեզ Աստծո պատվիրանների մասին, զոհասեղանը կարող է հիշեցնել Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին, աշտանակը կարող է հիշեցնել, որ Փրկիչը Աշխարհի Լույսն է և այլն:
-
Խնդրեք երեխաներին կարդալ Ելից 25.8-ը՝ պարզելով, թե Տերն ինչու էր ցանկանում, որ Իսրայելի զավակները «սրբարան» (կամ խորան) կառուցեին: Օգնեք երեխաներին թվարկել վայրեր և իրավիճակներ, որտեղ մենք կարող ենք զգալ Տիրոջ ներկայությունը: Այս վայրերն ինչպե՞ս են օգնում մեզ ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես կարող եմ ներում ստանալ:
Հին Կտակարանում կատարված կենդանիների զոհաբերությունները նախատեսված էին ուսուցանելու Իսրայելի զավակներին Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով հնարավոր դարձած ներման մասին:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարները Գեթսեմանիում և խաչի վրա (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 56, 57): Բացատրեք, որ Տերը պատվիրեց Իսրայելի զավակներին զոհեր մատուցել, որպեսզի ուսուցանի նրանց, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով կարող են ներվել նրանց մեղքերը: Երեխաների հետ կարդացեք Ղևտացոց 1.1–4-ը և հանձնարարեք նրանց փնտրել բառեր ու արտահայտություններ, որոնք նրանց հիշեցնում են Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին:
-
Ցույց տվեք նկարը, որտեղ Հիսուսն այցելում է Ամերիկա մայրցամաք (օրինակ Ավետարանի նկարների գիրք, հ. 82): Բացատրեք, որ խաչվելուց և հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը Ամերիկայի ժողովրդին սովորեցրեց, թե նրանք ինչու այլևս կարիք չունեին կենդանիներ զոհաբերելու: Միասին կարդացեք 3 Նեփի 9.19–20-ը և հարցրեք երեխաներին, թե մեզ ինչ է պատվիրվում անել զոհաբերության փոխարեն: Ի՞նչ է նշանակում՝ զոհ մատուցել կոտրված սիրտը և փշրված հոգին: Այս հարցին պատասխանելու համար նրանք կարող են կարդալ «Կոտրված սիրտ» հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես կարող են կոտրված սիրտ և փշրված հոգի մատուցել Տիրոջը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին այս շաբաթ հարցնել Երկնային Հորը, թե Նա ինչպես կցանկանար, որ իրենք աջակցեին Նրա աշխատանքին իրենց ընտանիքում: