Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31-34. «Իմ երեսը պիտի գնայ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31-34, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Ապրիլի 25-ից մայիսի 1-ը
Ելից 24, 31–34
«Իմ երեսը պիտի գնայ»
Երբ Մովսեսը պատրաստվում էր առաջնորդել Իսրայելի զավակներին դեպի խոստումի երկիր, Տերն ասաց. «Իմ երեսը պիտի գնայ» (Ելից 33.14): Երբ պատրաստվեք ուսուցանել ձեր դասարանի երեխաներին, մտածեք, թե ինչպես կարող եք հրավիրել Տիրոջ ներկայությունը «գնայ [ձեզ] հետ»:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Յուրաքանչյուր երեխայի խնդրեք պատահականորեն ընտրել որևէ համարակալված թերթիկ: Օգտագործեք այդ թվերը՝ որոշելով, թե երեխաներն ինչ կարգով կարող են կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորում են սուրբ գրություններից՝ կա՛մ տանը, կա՛մ Երեխաների միությունում:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Հանգստության օրը պատվելը իմ սիրո նշանն է Տիրոջ հանդեպ:
Տերն ասաց Մովսեսին, որ երբ Իսրայելի զավակները սուրբ պահեցին Հանգստության օրը, նրանք ցույց տվեցին Իրեն, որ ուզում են լինել Իր ժողովուրդը:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին մի սիրտ նկարեք և հարցրեք երեխաներին, թե ինչ կարող է նշանակել այդ խորհրդանիշը: Օգնեք նրանց մտածել ուրիշ բաներ, որոնք կարող են սիրո նշան լինել, օրինակ՝ գրկախառնումը կամ որևէ ծառայություն մատուցելը: Նրանց համար կարդացեք Ելից 31.13: Օգնեք նրանց հասկանալ, որ երբ մենք սուրբ ենք պահում Հանգստության օրը, դա նշան է Տիրոջը, որ մենք սիրում ենք Նրան։
-
Ասեք երեխաներին մի քանի եղանակների մասին, որոնցով դուք փորձում եք Հանգստության օրը ցույց տալ ձեր սերը Տիրոջ հանդեպ։ Թող նրանք պատմեն, թե իրենք և իրենց ընտանիքներն ինչպես են անում այդ: Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ ավելի շատ գաղափարներով կիսվելու համար։
Ես կարող եմ Տիրոջը դնել առաջին տեղում իմ կյանքում:
Մինչ Մովսեսը Սինայ լեռան վրա խոսում էր Տիրոջ հետ, Իսրայելի զավակները նախընտրեցին Նրա փոխարեն երկրպագել ոսկե կուռքին։ Այս պատմությունը կարող է հիշեցնել ձեր ուսուցանած երեխաներին, որ մենք չպետք է թույլ տանք, որ որևէ բան Տիրոջից առավել կարևոր դառնա մեզ համար:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ համառոտ վերանայեք Տասը պատվիրանները՝ շեշտադրելով առաջին երկուսը (Ելից 20.3–6): Օգտագործեք «Տասը պատվիրանները» (Հին Կտակարանի պատմություններում), նրանց հետ կիսվելով Ելից 32.1–8, 19–24 հատվածներում տրված պատմությունով: Եթե հնարավոր է, թող երեխաներն օգնեն ձեզ պատմել պատմությունը: Օգնեք երեխաներին հասկանալ, թե իսրայելացիներն ինչ սխալ գործեցին այս պատմության մեջ (գուցե կամենաք հիշեցնել երեխաներին Տասը պատվիրաններից առաջին երկուսը): Իսրայելացիներն ի՞նչ պետք է անեին փոխարենը։
-
Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը մի քանի ուրիշ առարկաների նկարների հետ միասին, որոնց վրա երեխաները կարող էին ժամանակ ծախսել, օրինակ՝ խաղալիքներ, խաղեր և այլն: Խնդրեք երեխաներին, որ գտնեն նկարը, որը ցույց է տալիս, թե մեզ համար ինչը պետք է լինի ամենակարևորը: Պատմեք երեխաներին, թե դուք որքան օրհնված եք, որ Տիրոջը դնում եք առաջին տեղում ձեր կյանքում՝ գերադասելով նույնիսկ ուրիշ լավ բաներից:
Տերը դեմ առ դեմ խոսեց Մովսեսի հետ:
Երբ Մովսեսը ոչնչացրեց ոսկե հորթը, «Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կխօսէ»: Այս գիտելիքը կարող է կերտել երեխաների հավատքն այն մասին, որ Տերը իրական անձնավորություն է, ով սիրում է նրանց:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք երեխաներին, թե դուք ինչ եք զգում, երբ խոսում եք որևէ լավ ընկերոջ հետ, և հարցրեք նրանց, թե իրենք ինչ են զգում: Նրանց համար կարդացեք Ելից 33.11 հատվածի առաջին նախադասությունը: Հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, ինչ էր զգում մարգարե Մովսեսը։ Պատմեք երեխաներին այն ժամանակների մասին, երբ դուք մոտ եք զգացել Տիրոջը, նույնիսկ, եթե չեք տեսել Նրան ձեր աչքերով:
-
Միասին երգեք որևէ երգ, որն արտահայտում է, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն ինչպես են վերաբերվում մեզ, օրինակ՝ «Jesus Is Our Loving Friend» (Children’s Songbook, 58): Ցույց տվեք Փրկիչի նկարը, որտեղ Նա սեր է ցուցադրում ուրիշների հանդեպ (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 36, 41–43, 46–47): Խրախուսեք երեխաներին կիսվել, թե նրանք ինչպես են վերաբերվում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հանգստության օրը պատվելը իմ սիրո նշանն է Տիրոջ հանդեպ:
Հանգստության օրը սուրբ պահելը կարող է ավելի հեշտ և ուրախալի լինել երեխաների համար, երբ նրանք գիտակցեն, որ դա Տիրոջ հանդեպ իրենց պարտավորության նշանն է:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին մի քանի հարց տվեք, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, թե ինչ է նշանը, օրինակ՝ «Ո՞ր նշաններն են ձեզ հայտնում, որ գարուն է գալիս կամ դուք մրսում եք»: Խնդրեք նրանց կարդալ Ելից 31.13, 16–17-ը և գտնել «նշան» բառը: Ըստ Տիրոջ, ո՞րն է նշանը մեր և Իր միջև։ Ինչո՞ւ է այդ նշանն այդքան կարևոր։
-
Հրավիրեք երեխաներին հերթով բացատրել, թե նրանք ինչու են ընտրում պատվել Հանգստության օրը։ Կարող են օգնել հետևյալ տեսանյութերը՝ «Հանգստության օրը քեզ համար է» և «Իմ սուրբ օրը. պատվելով հանգստության օրը» (ChurchofJesusChrist.org)
-
Երեխաներին խնդրեք գրի առնել, թե ինչ կարող են անել կիրակի օրը, որպեսզի Տիրոջը ցույց տան, որ սիրում են Նրան։ Խնդրեք նրանց իրենց ցուցակից կիսվել մի քանի գործողություններով: Առաջարկեք, որ երեխաները տուն տանեն ցուցակները, կիսվեն դրանցով իրենց ընտանիքների հետ և անդրադառնան դրանց, երբ Հանգստության օրվա լավ գաղափարների կարիք ունենան:
Ես կարող եմ Տիրոջը դնել առաջին տեղում իմ կյանքում:
Ելից 32 գլխի պատմության կարևոր ուղերձներից է Տասը պատվիրաններից առաջին երկուսը պահելու կարևորությունը. մի երկրպագեք ոչ ոքի կամ որևէ այլ բանի՝ բացի Տիրոջից:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կիսվել՝ ինչ գիտեն Ահարոնի պատմության մասին, ով պատրաստեց ոսկե հորթը, որ իսրայելացիները երկրպագեն: Եթե օգնության կարիք ունեն, հղում կատարեք Ելից 32.1–8, 19–24-ը, կամ նրանց հետ կիսվեք «Տասը պատվիրաններով» (Հին կտակարանի պատմություններում): Իսրայելացիների համար ինչո՞ւ էր սխալ կուռքի պաշտամունքը: (Կարող եք ուղղորդել երեխաներին անդրադառնալ Տասը պատվիրաններից առաջին երկուսին Ելից 20.3–6:)
-
Օգնեք երեխաներին մտածել այն օրինակների մասին, որոնց մարդիկ կարող են գայթակղվել երկրպագել Տիրոջ փոխարեն, և որոնք շեղում են մեր ուշադրությունը Նրանից: Ապա խնդրեք նրանց կիսվել այնպիսի օրինակներով, որոնք օգնում են կենտրոնանալ Փրկիչի վրա և երկրպագել Նրան:
Ես կարող եմ պաշտպանել արդարությունը:
Երբ իսրայելացիները հանձնարարեցին Ահարոնին ոսկե կուռք պատրաստել, նա համաձայնվեց անել այդ, չնայած դա սխալ էր (տես Երկրորդ Օրինաց 9.20): Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել երեխաներին պաշտպանել արդարությունը, նույնիսկ, երբ մյուսները ճնշում են նրանց, որ չանեն դա:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Ելից 32.1–5, 21–24-ը անհատապես կամ զույգերով և կիսվել, թե իրենց կարծիքով, Ահարոնն ինչ պետք է աներ, երբ իսրայելացիները խնդրեցին նրան ոսկե հորթ պատրաստել: Ահարոնն ինչպե՞ս կարող էր օգնել մարդկանց։
-
Օգնեք երեխաներին մտածել իրավիճակներ, երբ նրանց կխնդրեն ինչ-որ բան անել, որն, ըստ իրենց, սխալ կլինի։ Խնդրեք երեխաներին միմյանց հետ կիսվել գաղափարներով այն մասին, թե ինչպես վարվել նման իրավիճակներում:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել այսօր սովորած գաղափարներով այն մասին, թե ինչպես սուրբ պահել Հանգստության օրը: