Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 3-9-ը Եսայիա 58-66․ «Փրկիչ պիտի գայ Սիօնի համար»


Հոկտեմբերի 3-9-ը Եսայիա 58-66. «Փրկիչ պիտի գայ Սիօնի համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հոկտեմբերի 3-9-ը Եսայիա 58-66, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Հիսուսն ուսուցանում է ժողովարանում

Հիսուսը Նազարեթի ժողովարանում, Գրեգ Ք․ Օլսեն

Հոկտեմբերի 3-9-ը

Եսայիա 58-66

«Փրկիչ պիտի գայ Սիօնի համար»

Այս համառոտ շարադրանքի վարժությունները նախատեսված են կյանքի կոչել ձեր սեփական ստեղծագործական գաղափարները։ Պարտավորված մի զգացեք ճշգրիտ հետևել դրանց․ հետևեք Հոգու հուշումներին ձեր դասից առաջ և դրա ընթացքում։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Եսայիայի խոսքերից շատերը վկայում և ուսուցանում են Փրկիչի մասին։ Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել այս շաբաթ Նրա մասին սովորածով։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եսայիա 58.13-14

Հանգստության օրը կարող է «զուարճութիւն» լինել ինձ համար

Հանգստության օրը Տիրոջը հիշելու և մեր ամենօրյա գործերից հանգստանալու համար է։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր աշակերտներին՝ Հանգստության օրը «զուարճութիւն» դարձնել։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին մի քանի անգամ կրկնել «Շաբաթը կոչես զուարճութիւն, եւ Տիրոջը նուիրուածը» արտահայտությունը (Եսայիա 58․13)։ Բացատրեք, որ «զուարճութիւն» նշանակում է մի բան, որը մեզ ուրախություն է բերում։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչն է նրանց ուրախություն պարգևում։ Վկայեք, որ Տերը տվել է մեզ Հանգստության օրը, քանի որ Նա ցանկանում է, որ մենք ուրախություն ունենանք։ Ասացեք երեխաներին, թե ինչու է Հանգստության օրը «զուարճութիւն» ձեզ համար։

  • Երեխաների համար կարդացեք Եսայիա 58․14․ «Այն ժամանակ կ’զուարճանաս Տէրովը»։ Բացատրեք երեխաներին, որ Հանգստության օրը հատուկ օր է. մի ժամանակ, երբ մենք կարող ենք մտածել այն բաների մասին, որոնք Երկնային Հայրն ու Հիսուսն արել են, որպեսզի օգնեն մեզ երջանիկ լինել։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել Հանգստության օրը, որպեսզի հիշեն Երկնային Հորը և Հիսուսին։ Հրավիրեք նրանց նկարել իրենց գաղափարները և նկարներով կիսվել միմյանց և իրենց ընտանիքների հետ։

կինը լուսավորում է յուղի կավե լամպը տղամարդու ձեռքում պահված լամպից

«Եհովան կ’լինի քեզ համար յաւիտենական լոյսը» (Եսայիա 60․19Լույսի պարգևը, Էվա Թիմոթի

Եսայիա 60.1-3

Ես կարող եմ տարածել Տիրոջ լույսը ուրիշների համար

Եսայիան կանխատեսել էր, որ վերջին օրերին Տիրոջ ժողովուրդը լինելու է լույս նրանց համար, ովքեր խավարի մեջ են։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին «վեր կենալ» և «լուսավորել»:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին փակել իրենց աչքերը` մինչ կկարդաք Եսայիա 60.1-3-ը։ Խնդրեք նրանց բացել իրենց աչքերը, երբ լսեն «լույս» բառը և փակել, երբ լսեն «խավար» բառը։ Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը նման են լույսի, որն օգնում է մեզ տեսնել մեր վերադարձի ճամփան դեպի Երկնային Հայրը։

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք նկար, որում պատկերված է լույսի որևէ աղբյուր (օրինակ՝ արև, մոմ կամ լամպ)։ Օգնեք նրանց մտածել եղանակներ, որոնցով կարող են ուրիշների հետ կիսվել Փրկիչի լույսով։ Երբ յուրաքանչյուրը կիսվի իր մտքերով, հրավիրեք նրանց վեր կենալ և տարածել իրենց լույսը՝ բարձր պահելով իրենց նկարները։ Ասեք երեխաներին, որ դուք տեսել եք, թե ինչպես են նրանք կիսվում Փրկիչի լույսով։

  • Միասին երգեք լույսով կիսվելու մասին մի երգ, օրինակ՝ “Shine On” (Children’s Songbook, 144)։ Օգնեք երեխաներին երգում նկատել բառերը, որոնք ամրապնդում են այն, ինչ իրենք սովորում են Եսայիա 60․1–3։

Եսայիա 61.1-3

Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է

Եսայիա 61.1-3 հատվածները տալիս են Փրկիչի ուսուցման և բժշկման առաքելության հզոր նկարագիրը։ Փնտրեք միջոցներ, որոնք կօգնեն երեխաներին տեսնել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է ուսուցանել և բուժել նրանց անհատապես։

Հնարավոր վարժություններ

  • Թող երեխաները ցուցադրեն նկարներ, թե ինչպես է Հիսուսը ուսուցանում, բժշկում և օգնում ուրիշներին, մինչ դուք կարդում եք Եսայիա 61․1 (տես Ավետարանի պատկերագիրք)։ Բացատրեք, որ Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի անի այդ ամենը բոլորիս համար։ Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց զգացմունքներով։ Վկայեք, որ Փրկիչը սիրում է նրանցից յուրաքանչյուրին։

  • Եսայիա 61․3 նկարագրում է նրանց, ովքեր լսում և հնազանդվում են Տիրոջը, որպես «արդարութեան բեւեկնիներ»։ Գրատախտակին մի ծառ նկարեք և հրավիրեք երեխաներին մտածել արդար բաների մասին, որ նրանք կարող են անել։ Նշված յուրաքանչյուր գաղափարի համար թող երեխաները մի տերև նկարեն ծառի վրա։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եսայիա 58. 6-11

Ծոմապահությունը օրհնում է ինձ և կարիքի մեջ գտնվողներին

Ձեր աշակերտներից ոմանք գուցե բավականաչափ մեծ լինեն ծոմ պահելու համար։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր այդքան մեծ չեն, կարող են օգուտ քաղել ծոմի վերաբերյալ Տիրոջ օրենքից և նախապատրաստվեն ծոմ պահելուն, երբ պատրաստ կլինեն։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք․ Ինչո՞ւ ենք մենք ծոմ պահում և Ինչպե՞ս ենք մենք ծոմ պահում։ Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել հնարավոր պատասխանները։ Խրախուսեք նրանց ուսումնասիրել «Ծոմ, ծոմապահություն» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) և Եսայիա 58․6–11 հատվածներում, որպեսզի գտնեն լրացուցիչ պատասխաններ։ Ինչպե՞ս կարող են մեզ օգնել Եսայիա 58․6–11 հատվածները, երբ ծոմ պահելը դժվար է լինում։

  • Երեխաների հետ կիսվեք ծոմապահության վերաբերյալ անձնական փորձառությամբ կամ Եկեղեցու ամսագրերից կիսվեք ծոմապահության վերաբերյալ պատմությամբ։ Ընդգծեք օրհնությունները, որոնք գալիս են հոգևոր նպատակով ծոմ պահելուց։ Եթե երեխաներից որևէ մեկը ծոմ է պահել, հրավիրեք նրան կիսվել իր փորձառությամբ։ Խրախուսեք երեխաներին իրենց ծնողների հետ հաջորդ ծոմապահության կիրակի օրը խոսել այն մասին, թե ինչ է նշանակում ծոմ պահել։ Օգնեք նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում ծոմ պահել անկեղծ նպատակով և աղոթքով լի սրտով։

  • Միասին կարդացեք Եսայիա 58․6-7-ը և բացատրեք, որ «հացդ կտրիր տուր սովածին» պատվիրանն իրագործելու եղանակներից մեկն է՝ ծոմ պահել և որպես ծոմի նվիրատվություն այդ ուտելիքի վրա ծախսվող գումարը նվիրաբերել։ Երեխաներին ցույց տվեք տասանորդի և ծոմապահության նվիրատվությունների թերթիկ և բացատրեք, թե ինչպես լրացնել այն։ Հրավիրեք երեխաներին կարդալ Եսայիա 58․8-10 հատվածները և ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք խոստացվում են մեզ, երբ ծոմ ենք պահում։ Ինչպե՞ս կարող է ծոմապահությունն օրհնել մեզ և կարիքի մեջ գտնվողներին։

Եսայիա 61.1-3

Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է

Խորհեք, թե ինչպես կարող եք լավագույնս օգտագործել Եսայիայի խոսքերը՝ երեխաների վկայությունը Հիսուս Քրիստոսի՝ որպես իրենց Փրկիչի և Քավիչի մասին ամրացնելու համար։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին մի քանի րոպե տվեք, որպեսզի ինքնուրույն կարդան Եսայիա 61․1–3 հատվածները։ Ապա հրավիրեք նրանց թերթիկի վրա կամ ուսումնասիրության օրագրում գրել, թե ինչ են ուսուցանում նրանց այդ հատվածները Հիսուս Քրիստոսի մասին։ Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել իրենց մտքերով։

  • Հրավիրեք երեխաներին կիսվել այս հատվածներից մի արտահայտությամբ, որն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար և բացատրել, թե ինչու։ Այս հատվածներն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ, թե Հիսուս Քրիստոսն ինչու էր ուղարկվել այս աշխարհ։

Եսայիա 65.17-25

Հազարամյակը կլինի խաղաղության և ուրախության ժամանակ

Եսայիան տեսավ մի ժամանակ, երբ Աստծո ժողովուրդը կունենան խաղաղություն և ուրախություն։ Այս մարգարեությունը կկատարվի, երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա երկիր և թագավորի հազար տարի՝ մի ժամանակաշրջան, որը կոչվում է Հազարամյակ։

Հնարավոր վարժություններ

  • Եսայիա 65․17-25 հատվածներում նկարագրվում է, թե ինչպիսին կլինի երկիրը, երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա։ Երեխաներին բաժանեք փոքր խմբերի՝ յուրաքանչյուր խմբին տալով այդ հատվածներից մի քանիսը, որպեսզի ընթերցեն։ Մի քանի րոպե հետո գրատախտակին միասին գրեք մի ցանկ, թե ինչով է տարբերվելու կյանքը այս հատվածներում նկարագրված «նոր երկրում» (հատված 17)։ Ինչո՞ւ է դա լինելու մի ժամանակ, երբ պետք է «ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից» (հատված 18

  • Նախքան դասը պատրաստեք բառային թերթիկներ՝ հավատո տասներորդ հանգանակի խոսքերով և արտահայտություններով։ Հրավիրեք երեխաներից մեկին անգիր ասել հավատո հանգանակը և խնդրեք երեխաներին բառային թերթիկները դնել ճիշտ հերթականությամբ։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե հավատո այս հանգանակն ինչ է ուսուցանում մեզ Հազարամյակի մասին։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի հետ կիսվել ինչ-որ բանով, որն այսօր սովորել են Փրկիչի մասին։ Խրախուսեք նրանց այս շաբաթ կարդալ սուրբ գրություններն իրենց ընտանիքների հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք ոգեշնչող հարցեր։ Տվեք հարցեր, որոնք կհրավիրեն երեխաներին նայել զեկուցվող փաստերից այն կողմ։ Օրինակ, մտածեք այն հարցերի մասին, որոնք խրախուսում են նրանց կիսվել իրենց վկայություններով և փորձառություններով։