Հոկտեմբերի 24-30-ը Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47. «Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Հոկտեմբերի 24-30-ը Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022
Հոկտեմբերի 24-30-ը
Եզեկիել 1–3, 33–34, 36–37, 47
«Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը»
Դուք ժամանակ չեք ունենա ուսուցանելու Եզեկիելի յուրաքանչյուր սկզբունքը։ Փնտրեք հոգևոր առաջնորդություն, թե ինչի վրա կենտրոնանալ, և խրախուսեք երեխաներին շարունակել ուսումնասիրել տանը։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Թույլ տվեք մի քանի երեխաների հերթով նկարել վերջերս սուրբ գրություններից սովորած որևէ բան։ Մյուս երեխաները կարող են գուշակել, թե երեխաներից յուրաքանչյուրն ինչ է նկարում։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Մարգարեները նման են դետերի, ովքեր նախազգուշացնում են մեզ վտանգի մասին
Եզեկիելը նման էր դետի, ով նախազգուշացնում էր իսրայելացիներին վտանգների մասին, որոնք տեսանելի չէին նրանց համար։ Օգնեք երեխաներին տեսնել, թե ինչով են մեր մարգարեներն այսօր նման դետերի։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք, թե Տերն ինչ է ասել Եզեկիելին Եզեկիել 3.17-ում։ Հրավիրեք նրանց կատարել այնպիսի գործողություններ, որոնք զուգորդվում են բառերի հետ, օրինակ՝ ցույց տալ իրենց աչքերը, բերանը և ականջները, երբ կարդաք «դէտ», «բերան» և «լսել» բառերը։
-
Երեխաների հետ շրջեք սենյակում։ Նախազգուշացրեք նրանց ենթադրյալ վտանգների մասին, օրինակ՝ գետեր, որոնց վրայով անհրաժեշտ է ցատկել, ճյուղեր, որոնց տակ պետք է թաքնվել, կամ կենդանիներ, որոնցից պետք է խուսափել։ Թույլ տվեք երեխաներին հերթով ստանձնել ղեկավարի դերը։ Խոսեք այն մասին, թե ինչպես է մեր մարգարեն նախազգուշացնում մեզ վտանգների մասին, որոնք մենք չենք կարող տեսնել։
-
Ցուցադրեք ներկայիս մարգարեի նկարը, մինչ միասին երգում եք որևէ երգ մարգարեների մասին, օրինակ «Մարգարեին հետևիր» (Children’s Songbook, 110–11) երգի վերջին տունը։ Ասացեք երեխաներին, թե ինչպես է մարգարեն դետ հանդիսանում ձեզ համար։
Սուրբ գրություններն ինձ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին
Եզեկիելը Իսրայելի տունը համեմատում է երկու փայտերի հետ, որոնք դառնում են մեկ։ Այդ փայտերը նաև խորհրդանշում են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը, որոնք միասին վկայում են Քրիստոսի մասին։
Հնարավոր վարժություններ
-
Մի քանի երեխաների տվեք Մորմոնի Գրքի օրինակներ, իսկ մի քանիսին էլ՝ Աստվածաշնչի։ Ամփոփեք Եզեկիել 37․15–19 հատվածները, բացատրելով, որ Տերը հանձնարարեց Եզեկիելին գրել երկու փայտերի վրա, որոնք ներկայացնում էին Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը։ Կարդացեք 17 հատվածը և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի գտնել մեկին, ով ունի իր սուրբ գրքից տարբերվող գիրք և «նորանց մօտեց[նել] միմեանց», որպեսզի «միանան [նրանց] ձեռքումը»։ Խոսեք այն մասին, թե ինչպես են թե՛ Աստվածաշունչը և թե՛ Մորմոնի Գիրքն օգնում մեզ ամրապնդել մեր հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Օգտագործելով նկարներ Ավետարանի պատկերագրքից կամ անցած տարիների Եկ, հետևիր ինձ գրքերից՝ օգնեք երեխաներին կիսվել Հիսուսի մասին պատմություններով Աստվածաշնչից և Մորմոնի Գրքից։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչու են շնորհակալ՝ ունենալով այս երկու սուրբ գրքերը։
Մեծ օրհնություններ են բխում տաճարից
Տաճարից բխող բժշկող գետի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը կարող է օգնել երեխաներին սովորել, որ տաճարները օրհնություններ են բերում մեր կյանք։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք մի բաժակ ջուր։ Ինչպե՞ս է ջուրն օրհնում մեզ։ Պատմեք երեխաներին տաճարից բխող ջրի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը (տես Եզեկիել 47.1-12)։ Ցուցադրեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից (տես նաև “And the River Will Grow,” տեսանյութը ChurchofJesusChrist.org)։ Պատմեք երեխաներին ձեր ստացած օրհնությունների մասին, որոնք, Եզեկիելի տեսիլքի գետի նման, բխում են տաճարից։
-
Երեխաներին խնդրեք նկարել իրենց տաճար գնալիս: Միասին երգեք մի երգ, որտեղ նկարագրվում են տաճարային օրհնությունները, օրինակ՝ «Տերն ինձ մի տաճար պարգևեց» (Children’s Songbook, 188)։ Այս երգն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչպես են մեզ օրհնում տաճարները։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ինձ փոխել իմ սիրտը
Եզեկիելը օգտագործել է «նոր սիրտ» և «նոր հոգի» արտահայտությունները, որպեսզի ուսուցանի այն փոփոխության մասին, որը Փրկիչը բերում է մեր կյանք։
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին ուսումնասիրել Եզեկիել 2․3–4, 3․7 հատվածները և գտնել իսրայելացիներին նկարագրող բառեր։ Այնուհետև հրավիրեք նրանց կարդալ Եզեկիել 36․26–27 հատվածները, որպեսզի պարզեն, թե Տերն ինչպես առաջարկեց օգնել նրանց փոխվել։ Ո՞ր բառերը կարող են նկարագրել «նոր սիրտը» և «նոր հոգին», որ Նա տալիս է մեզ (տես, օրինակ՝ Մոսիա 3․19, 5․2)։
-
Խնդրեք երեխաներին մտածել այն բաների մասին, որոնք կարող են անել «խստասիրտ» մարդիկ (Եզեկիել 2․4, 3․7)։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող են նրանք արձագանքել ծնողների կամ մարգարեի խորհրդին։ Ի՞նչ կարող են անել նրանք, երբ հանդիպում են կարիքավորի։ Ի՞նչ փոփոխություն է նկատվում մեր վարքում, երբ Տերը փափկացնում է մեր սրտերը։
Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը օգնում են մեզ «ժողովելու» Հիսուս Քրիստոսի մոտ
Եզեկիելի «Յուդայի փայտը» (Աստվածաշունչը) և «Յովսէփի փայտը» (Մորմոնի Գիրքը) միասին գործելով՝ ժողովում են Իսրայելը Փրկիչի մոտ (տես Եզեկիել 37․19)։
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը և հարցրեք երեխաներին, թե ինչով է լավ, որ ունենք այս երկու գրքերը։ Նրանց համար կարդացեք Եզեկիել 37․19-ը և բացատրեք, որ «Յովսէփի փայտը» վերաբերում է Մորմոնի Գրքին, որը գրվել է Եգիպտոսի Հովսեփի սերունդների կողմից, իսկ «Յուդայի փայտը» վերաբերում է Աստվածաշնչին, որը գրվել է հիմնականում հրեաների կողմից։ Ապա միասին կարդացեք 21–23 հատվածները և 2 Նեփի 3․12-ը և թվարկեք օրհնությունները, որոնք բխում են այս երկու գրքերն ունենալուց։
-
Սենյակի կենտրոնում դրեք Հիսուսի նկարը և հրավիրեք երեխաներին տեղափոխել իրենց աթոռները սենյակի պատերի տակ։ Ապա խնդրեք նրանց Սուրբ գրքերի ուղեցույցի օգնությամբ գտնել հատվածներ Աստվածաշնչում և Մորմոնի Գրքում, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին (անհրաժեշտության դեպքում ցույց տվեք նրանց, թե ինչպես անել դա)։ Յուրաքանչյուր պատասխանից հետո հրավիրեք բոլոր երեխաներին մոտեցնել իրենց աթոռները Հիսուսի նկարին։ Շարունակեք, մինչև բոլորին կարողանաք «ժողովել» Նրա մոտ։
Տաճարային օրհնությունները կարող են բժշկել մեր սրտերն ու ընտանիքները
Եզեկիելի տեսիլքի տաճարից բխող ջուրը կյանքի էր կոչում ամեն բան, ինչին դիպչում էր։ Նմանապես, տաճարից բխող օրհնությունները կարող են բժշկել մեզ հոգեպես և շնորհել մեզ հավիտենական կյանք։
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք որոշ հիմնական բառեր և արտահայտություններ՝ կապված Եզեկիել 47․1–12-ի հետ, օրինակ՝ տաճար, գետ, անապատ, Մեռյալ ծով, խիստ շատ ձուկ և պտղաբեր ծառեր։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել սրանցից մեկը և նկարել։ Ապա միասին կարդացեք հատվածները և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց նկարներով, երբ նշվում են իրենց ընտրածները։ Ի՞նչ օրհնություններ էին բխում գետից այս տեսիլքում (տես հատվածներ 8-9,12)։ Օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես են այդ օրհնությունները նման այն օրհնություններին, որոնք Երկնային Հայրը և Փրկիչն առաջարկում են նրանց, ովքեր պահում են տաճարային ուխտերը։
-
Ցուցադրեք “And the River Will Grow” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Կամ միասին կարդացեք, թե ինչ է ուսուցանել Երեց Դեյլ Գ․ Ռենլանդը Եզեկիելի տեսիլքի մասին «Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. կնքում և բժշկում» ելույթում (Լիահոնա, մայիս 2018, 47–48)։ Ասեք երեխաներին, թե ընտանեկան պատմության աշխատանքն ու տաճարը ինչպես են շնորհել ձեզ Փրկիչի բժշկումը։ Հրավիրեք երեխաներին կիսվել տաճարի վերաբերյալ իրենց զգացմունքներով։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի հետ այսօր սովորած որևէ բանով, նաև թե ինչի մասին նրանք կցանկանային ավելին իմանալ։