Նոյեմբերի 14-20-ը Ամովս, Աբդիա․ «Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Նոյեմբերի 14-20-ը Ամովս, Աբդիա, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022
Նոյեմբերի 14-20-ը
Ամովս, Աբդիա
«Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք»
Մինչ կենտրոնանում եք պարզ եղանակներով ճշմարիտ վարդապետությունն ուսուցանելու վրա, դուք հնարավորություններ եք ապահովում, որ Սուրբ Հոգին վկայի երեխաներին։ Օգտագործեք այս համառոտ շարադրանքի վարժությունները կամ ինքներդ մտածեք մի քանիսը, որոնք կարող են օգնել ձեզ ուսուցանել ավետարանի սկզբունքները պարզ եղանակներով։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին կիսվել որևէ բանով, որը նրանք վերջերս են սովորել տանը կամ եկեղեցում։ Օրինակ՝ հարցրեք, թե արդյոք նրանք գտել են որևէ նոր սիրելի սուրբ գրություն կամ լսել ուղերձ, որով կարող են կիսվել դասարանի հետ։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Մարգարեները Հիսուս Քրիստոսի սուրհանդակներն են
Ամենակարևոր բաներից մեկը, որ երեխաները կարող են իմանալ մարգարեների մասին, այն է, որ նրանք Հիսուս Քրիստոսի սուրհանդակներն են։ Ստորև տրված գաղափարները կարող են օգնել ձեզ ուսուցանել նրանց այդ կարևոր ճշմարտությունը։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներից մեկի ականջին շշնջացեք մի ուղերձ՝ ուղղված դասարանի մյուս անդամներին (խնդրեք երեխաներին կանգնել մի ոտքի վրա կամ շրջադարձ կատարել), և խնդրեք նրան ուղերձով կիսվել մյուս երեխաների հետ։ Կրկնեք այդ վարժությունը՝ թույլ տալով, որ մի քանի այլ երեխաներ լինեն սուրհանդակներ։ Օգնեք նրանց հասկանալ, թե ինչով է այս վարժության սուրհանդակը նման մարգարեի, ով մեզ հետ կիսում է Աստծո ուղերձները։ Կիսվեք կենդանի մարգարեի վերջին մի քանի ուղերձներով, որոնք ձեզ օգնել են ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։
-
Հրավիրեք երեխաներից մեկին կանգնել դասարանի առաջ և ձևացնել, թե Ամովս մարգարեն է։ Մինչ դուք կիսվում եք Ամովսի վերաբերյալ որոշ փաստերով Ամովս 7․14-15-ից, թող երեխան ցուցադրի յուրաքանչյուր փաստի հետ առնչվող նկարներ, օրինակ՝ ոչխարներ, միրգ և Տիրոջը պատկերող նկարներ։ Բացատրեք, որ Ամովսը հովիվ էր, ում Տերը կանչեց լինել Իր սուրհանդակը։ Ապա ցուցադրեք Տիրոջ և կենդանի մարգարեի նկարները և բացատրեք, որ Տերը շարունակում է սուրհանդակներ կանչել այսօր։ Բարձրաձայն կարդացեք Ամովս 3.7 հատվածը և խնդրեք երեխաներին ցույց տալ համապատասխան նկարը, երբ լսեն «Տեր» կամ «մարգարեներ» բառերը։ Բերեք ձեր վկայությունը, որ ինչպես Ամովսի օրերում, Հիսուս Քրիստոսը ներկայումս ևս խոսում է մեզ հետ Իր մարգարեների միջոցով։
-
Եկեղեցու վերջին ամսագրերից որևէ պատմությամբ կիսվեք կենդանի մարգարեի մասին կամ փորձառությունների մասին, որոնք Եկեղեցու անդամներն ունեցել են, երբ հետևել են մարգարեի խորհրդին։ (Տես նաև “Meet Today’s Prophets and Apostles” ChurchofJesusChrist.org։)
-
Երգեք կամ լսեք մարգարեների մասին մի երգ կամ ձայնագրություն, օրինակ՝ «Մարգարեին հետևիր» (Children’s Songbook, 110–11), մինչ երեխաներն աշխատում են այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի վրա։ Երեխաների համար ընդգծեք երգի այն արտահայտությունները, որոնք սովորեցնում են, թե ինչպես են մարգարեներն առաջնորդում մեզ դեպի Հիսուս Քրիստոսը։
Եթե ես բարություն որոնեմ, Տերն ինձ հետ կլինի
Ամովսը իսրայելացիներին հրավիրեց՝«Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն» և խոստացավ, որ եթե նրանք այդպես վարվեն` « … Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կ’լինի»։ Ինչպե՞ս կօգնեք երեխաներին արձագանքել այդ հրավերին և ստանալ այդ խոստումը։
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք մի քանի նկարներ, որտեղ երեխաները բարի գործեր են կատարում, օրինակ՝ օգնում են ուրիշներին կամ հաղորդություն են ընդունում։ Թող երեխաները հերթով նկարագրեն նկարներից մեկը, մինչ մյուս երեխաները կկռահեն, թե որ նկարն է նա նկարագրում։ Կարդացեք Ամովս 5.14-ը և օգնեք երեխաներին մտածել ամեն օր «բարություն որոնելու» եղանակների մասին։
-
Հրավիրեք երեխաներին նկարել իրենց՝ բարիք գործելիս։ Կարդացեք Ամովս 5․14-ը և շեշտեք Տիրոջ խոստումը, որ Նա մեզ հետ կլինի, երբ մենք բարություն որոնենք։ Հրավիրեք երեխաներին նկարում ավելացնել Հիսուսին՝ իրենց կողքին կանգնած։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Մարգարեները Հիսուս Քրիստոսի սուրհանդակներն են
Ամովս 3․7 հատվածը հրաշալի սուրբ գրություն է, որն օգնում է երեխաներին հասկանալ, որ երբ մենք լսում ենք մարգարեին, մենք լսում ենք Հիսուս Քրիստոսի սուրհանդակին։
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին անգիր սովորել Ամովս 3.7-րդ հատվածն ամբողջությամբ կամ մի մասը։ Օրինակ՝ նրանց հատկացրեք մի քանի րոպե, որպեսզի մի քանի անգամ կարդան հատվածը, մինչ դուք հատվածի ամեն հաջորդ բառը գրում եք գրատախտակին։ Հրավիրեք երեխաներին փակել իրենց սուրբ գրությունները և միասին բարձրաձայն կրկնել հատվածը՝ օգտվելով գրատախտակի բառերից։ Ապա հերթով ջնջեք բառեր՝ մինչև երեխաներն առանց որևէ հուշող բառի կարողանան անգիր ասել ամբողջ հատվածը։ Այս հատվածը մեզ ի՞նչ է ուսուցանում մարգարեների մասին։ Մեր ապրող մարգարեն ինչպե՞ս է օգնել մեզ իմանալ, թե Փրկիչն ինչ է կամենում, որ մենք անենք։
-
Թերթիկների վրա գրեք մարգարեների վերաբերյալ մի քանի հարցեր, օրինակ․ Ինչո՞ւ մենք ունենք մարգարեներ։ Ի՞նչ են անում մարգարեները։ Դուք ինչո՞ւ եք հետևում մարգարեին։ Ի՞նչ են սովորեցնում մարգարեները։ Խնդրեք երեխաներին զույգեր կազմել, և թող յուրաքանչյուր զույգից մի երեխա ընտրի մի հարց և խնդրի իր զուգընկերոջը պատասխանել։ Եթե երեխաները օգնության կարիք ունեն հարցին պատասխանելու համար, նրանք կարող են նայել «Մարգարե» եզրույթը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Երբ զուգընկերը պատասխանում է հարցին, երեխաները կարող են փոխվել տեղերով և ընտրել մեկ այլ հարց։
-
Երեխաների հետ կիսվեք մի քանի փաստերով Հին Կտակարանի մարգարեի վերաբերյալ, որի մասին նրանք սովորել են այս տարի (օրինակ՝ Նոյի, Մովսեսի կամ Եսայիայի մասին)։ Խնդրեք նրանց գուշակել, թե որ մարգարեին եք դուք նկարագրում։ Նույնը կրկնեք այլ մարգարեների համար։
Եթե ես բարություն որոնեմ, Տերն ինձ հետ կլինի
Երեխաները բազում հնարավորություններ ունեն ընտրելու ճշտի ու սխալի միջև։ Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել նրանց՝ «Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն» (հատված 14)։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Ամովս 5․4-15-ը՝ ուշադրություն դարձնելով «որոնեցէք» բառին։ Տերն ի՞նչ է ցանկանում, որ մենք որոնենք, և ի՞նչ է խոստանում նրանց, ովքեր այդպես են վարվում։ Ինչպե՞ս եք դուք որոնում Տիրոջը։
-
Օգնեք երեխաներին անգիր սովորել հավատո տասներեքերորդ հանգանակի վերջին նախադասությունը։ Ինչպե՞ս ենք մենք «ձգտում այդ ամենին»։
Ավետարանի վերականգնումը վերջ դրեց ուրացության սովին
Հասկանալով, թե ինչ է Ամովսն ուսուցանել ուրացության վերաբերյալ, երեխաները երախտագիտություն կզգան ավետարանի Վերականգնման համար։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Ամովս 8.11-12-ը և քննարկել, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ չեն ունենում Տիրոջ խոսքը։ Օգնեք երեխաներին սահմանել ուրացություն և սով բառերը, օգտվելով սուրբ գրքերի ուղեցույցից (scriptures.ChurchofJesusChrist.org) կամ բառարանից։ Ուրացությունն ինչո՞վ է նման սովին։
-
Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Մեծ Ուրացությունը, ուսումնասիրեք նրանց հետ «Նոր Կտակարանից հետո» պատմությունը (Նոր Կտակարանի պատմությունները, 167-70)։ Ապա քննարկեք նմանատիպ հարցեր․ Ինչո՞ւ տեղի ունեցավ Ուրացություն։ Ի՞նչ տեղի ունեցավ Ուրացության արդյունքում։ Տերն ինչո՞ւ վերականգնեց Իր ավետարանը (տես նաև «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Խրախուսեք երեխաներին գրել այդ հարցերը և դրանց պատասխանները և կիսվել դրանցով տանը՝ ընտանիքի անդամների հետ։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Երեխաներին տվեք մի քանի րոպե, որպեսզի որևէ բան ընտրեն այսօրվա իրենց սովորած նյութից, որով կցանկանային կիսվել իրենց ընտանիքի անդամի հետ։ Խրախուսեք նրանց որոշել, թե ում հետ են կիսվելու և ինչպես են կիսվելու։