Եկ, հետևիր ինձ
Մարտի 30-ից ապրիլի 12-ը: Զատիկ․ «Նա կբարձրանա … Իր թևերի մեջ ունենալով բժշկություն»


Մարտի 30-ից ապրիլի 12-ը: Զատիկ․ «Նա կբարձրանա … Իր թևերի մեջ ունենալով բժշկություն», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 30-ից ապրիլի 12-ը: Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար, 2020

Նկար
հարություն առած Քրիստոսը Իր Առաքյալների հետ

Քրիստոսը և Առաքյալները, Դել Փարսոն

Մարտի 30-ից ապրիլի 12-ը

Զատիկ

«Նա կբարձրանա … Իր թևերի մեջ ունենալով բժշկություն»

Զատիկի կիրակին հիանալի հնարավորություն է ձեր դասարանի անդամների համար` ամրացնելու իրենց և միմյանց վկայություններն առ Հիսուս Քրիստոս և Նրա Հարությունը։ Պահեք սա ձեր մտքում, մինչ այս դասին նախապատրաստվելիս կուսումնասիրեք սուրբ գրությունները։ Փնտրեք հոգևոր առաջնորդություն, թե ինչը կհուզի ձեր դասարանի անդամների սրտերը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի անդամները գուցե իմաստալից փորձառություն են ունեցել նախորդ երկու շաբաթների ընթացքում՝ կարդալով, թե ինչ է Մորմոնի Գիրքն ուսուցանում Հիսուս Քրիստոսի Հարության և Քավության վերաբերյալ։ Նրանց տվեք մի քանի րոպե, որպեսզի գտնեն մի հատված, որը տպավորել է իրենց, ապա հրավիրեք կիսվել իրենց գտածով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

2 Նեփի 9․7-15, Ալմա 11․41-45, 40․21-23

Հարությունը մարմնի և հոգու հարատև վերամիավորումն է։

  • Համեմատությունները կարող են արդյունավետ միջոց լինել վարդապետություններ և սկզբունքներ ուսուցանելու համար։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ 2 Նեփի 9․7-15 և Ալմա 11․41-45 հատվածները և ներկայացնել բառեր ու արտահայտություններ այս հատվածներից, որոնք ուսուցանում են հարության մասին։ Ինչի՞ հետ է համեմատվում մահը։ Ինչպե՞ս է նկարագրվում հարությունը: Ինչո՞ւ է մեզ հարկավոր հարություն առած մարմին (տես նաև Վ&Ու 93.33–34): Դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես կարող են օգտագործել այդ համեմատությունները որևէ մեկին հարության մասին ուսուցանելիս։ Երբ նրանք դասարանի հետ կիսվեն իրենց մտքերով, միասին կարող եք քննարկել, թե ինչու եք արժևորում Հարության վերաբերյալ այդ ճշմարտությունները։

  • Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել պահերով, երբ երախտագիտություն են զգացել Հարության վերաբերյալ իրենց գիտելիքի համար։ Ինչպե՞ս կարող է այդ գիտելիքն ավելի հաճախ ազդել մեր կյանքի վրա։ Դուք կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին պատասխանել այդ հարցերին, հրավիրելով նրանցից յուրաքանչյուրին ուսումնասիրել 2 Նեփի 9․7-15, Ալմա 11․41-45, կամ Ալմա 40․21-23 հատվածները և գրել գրատախտակին ճշմարտությունները, որոնք նրանք կգտնեն Հարության վերաբերյալ։ Ապա, դուք կարող եք գրատախտակին գրել հետևյալ երկու նախադասությունները և խնդրել դասարանի անդամներին նախքան կիսվելը մի քանի րոպե խորհել, թե ինչպես կլրացնեն դրանք․ Եթե ես չիմանայի այս բաները… և Քանի որ ես գիտեմ այս բաները…։

Նկար
Քրիստոսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում

Գեթսեմանի, Մայքլ Թ. Մալմ Մալմ

Մոսիա 3․5-7, 15․5-9, Ալմա 7․11-13

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը, ցավերն ու թուլությունները։

  • Քննարկելով մեր համար կրած Փրկիչի տառապանքները և դրանց շուրջ խորհելով, կարող ենք հրավիրել Հոգուն և սիրո ու երախտագիտության զգացումներ ոգեշնչել Փրկիչի հանդեպ։ Նման մտորումներ և քննարկում խրախուսելու համար կարող եք գրատախտակին գծել մի նմանատիպ աղյուսակ, որի օրինակը տրված է այս շաբաթվա համառոտ շարադրանքում (Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար) և հրավիրել դասարանի անդամներին լրացնել այն, օգտվելով Մոսիա 3․5-7, 15․5-9, և Ալմա 7․11-13 հատվածներից և իրենց փորձառություններից։ Հոգու առաջնորդությամբ կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց զգացմունքներով այն մասին, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսն իրենց համար։

  • Սրբազան երաժշտությունը կարող է հրավիրել Հոգուն և ամրապնդել վարդապետությունը, որը դուք ուսուցանում եք: Հավանաբար դասարանի անդամները կարող են վերանայել Մոսիա 3․5-7, 15․5-9, և Ալմա 7․11-13 հատվածները և գտնել ու երգել օրհներգեր, որոնք համահունչ են այդ հատվածների ուղերձների հետ (դուք կարող եք նաև հրավիրել մեկին երգել կամ նվագել օրհներգերը)։ Հիմների գրքի վերջում գտնվող սուրբ գրությունների ցուցիչը կարող է օգնել, և ուրիշ օրհներգեր են առաջարկվում «Լրացուցիչ աղբյուրներում»։ Դասարանի անդամներին խրախուսեք կիսվել արտահայտություններով օրհներգերից և սուրբ գրություններից, որոնք օգնում են նրանց ավելի խորությամբ գնահատել Փրկիչի զոհաբերությունը։

Ենովս 1․1-19, Մոսիա 5․1-2, 27․8-28․4, Ալմա 24․7-19

Հիսուս Քրիստոսի Քավությունը մաքրում է մեզ և օգնում է կատարելագործել մեզ։

  • Մեր կյանքը փոխելու Փրկիչի զորության մասին սովորելու արդյունավետ ուղիներից մեկը օրինակների ուսումնասիրումն է, թե ինչպես է Նա փոխել ուրիշների կյանքը, երբ նրանք ապաշխարել են և եկել Նրա մոտ։ Մորմոնի Գրքում առկա են նման բազում օրինակներ։ Դասարանի յուրաքանչյուր անդամի կարող եք հանձնարարել կարդալ այս օրինակներից մեկը․ Ենովս (տես Ենովս 1․1-19), Բենիամին թագավորի ժողովուրդը (տես Մոսիա 5․1-2), Ալմա Կրտսեր (տես Մոսիա 27․8-28․4), կամ Անթի-Նեփի-Լեքիները (տես Ալմա 24․7-19), կամ նրանք կարող են մտածել սուրբ գրություններից այլ օրինակների մասին։ Ապա դասարանի մի քանի անդամներ կարող են ամփոփել իրենց կարդացած փորձառությունները։ Հավանաբար ձեր դասարանը հաճույքով կանի դա հուշումներ տալով, որոնք կօգնեն դասարանին գուշակել, թե ում են նրանք նկարագրում։ Նրանք կարող են նաև քննարկել նմանատիպ հարցեր․ Ինչպե՞ս են մարդիկ փոխվել այս օրինակներում։ Փրկիչն ի՞նչ դեր ուներ նրանց փոփոխության մեջ։ Դասարանի մի քանի անդամներ կարող են խոսել այն մասին, թե ինչպես է Փրկիչը նրանց «սրտերում մի զորեղ փոփոխություն» առաջացրել (Մոսիա 5․2)։ Որպեսզի ավելին սովորեք այն մասին, թե ինչպես է Փրկիչը փոխում մեզ, և ինչու է այդ փոփոխությունը այդքան կարևոր, դասարանի հետ կարող եք կիսվել Նախագահ Դալլին Հ․ Օուքսի կողմից տրված «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող համանմանությամբ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Մոսիա 1-3-ը, կարող եք հրավիրել նրանց խորհել պահերի մասին, երբ ուրախանալու ցանկություն են ունեցել ավետարանի ուղերձ կարդալուց կամ լսելուց հետո։ Հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնցում նրանք ուրախություն կգտնեն, մինչ կկարդան Մոսիա 1-3-ը։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Հիմներ Փրկիչի Քավության մասին

  • «Հավատում եմ Քրիստոսին», Հիմներ, հ. 134

  • «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, հ. 136

  • «Քո կամքը, ո՜վ Տեր, թող լինի», Օրհներգեր, հ. 188

  • «Զատիկի այդ առավոտ», Հիմներ, հ. 198

Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի Երգչախմբի կողմից այս օրհներգերից մի քանիսի կատարման տեսաֆիլմեր կարելի է գտնել ChurchofJesusChrist.org-ում։

Համանմանություն․ Մենք պետք է լինենք ավելի քան մաքուր։

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը կիսվել է համանմանությունով, որպեսզի բացատրի, թե ինչպես է Փրկիչը նախապատրաստում մեզ վերադառնալ Աստծո ներկայությունը․

«Մենք հակված ենք մտածել, որ ապաշխարության արդյունքում պարզապես մաքրվում ենք մեղքից, սակայն դա ամբողջը չէ։ … Նա, ով մեղք է գործում, նման է ծառի, որը հեշտությամբ ճկվում է քամուց։ Քամոտ ու անձրևոտ օրերին ծառն այնքան շատ է կռանում, որ տերևները ցեխոտվում են, որն էլ ներկայացնում է մեղքը։ Եթե մենք կենտրոնանանք միայն տերևները մաքրելու վրա, ծառի թուլությունը, որը թույլ տվեց ծառին կռանալ և ցեխոտել տերևները, կարող է մնալ։ Նմանապես, անձը, ով պարզապես ցավում է, որ մեղք է գործել ու կեղտոտվել, կրկին կմեղանչի հաջորդ ուժեղ քամու ժամանակ։ Կրկնվելու հակումը շարունակվում է մինչև ծառի ամրանալը։

Երբ մարդը անցնում է այն գործընթացը, որի արդյունքում, ինչպես սուրբ գրություններում է ասվում, ձեռք ենք բերում «կոտրված սիրտ ու փշրված հոգի», Փրկիչն անում է ավելին, քան այդ անձին մեղքից մաքրելը։ Նա նոր ուժ է տալիս նրան։ Այդ ամրացումը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի հասկանանք մաքրվելու նպատակը, որը մեր Երկնային Հոր մոտ վերադառնալն է։ Որպեսզի ընդունվենք Նրա ներկայության մեջ, մենք պետք է ավելի քան մաքուր լինենքլ։ Մենք պետք է նաև բարոյապես թույլ մարդուց, ով մեղանչել էր, փոխվենք ուժեղ մարդու, ով ունի հոգևոր աճ` բնակվելու Աստծո ներկայության մեջ» («Քավությունը և հավատը», Ensign, ապրիլ 2010, 33-34)։

Բարելավել մեր ուսուցումը

Արժանի ապրեք Հոգու ուղեկցության համար: Երբ ապրում եք ավետարանով, դուք արժանի եք լինում Հոգու ուղեկցությանը, ով լավագույն ուսուցիչն է: Երբ որոնեք Նրա առաջնորդությունը, Սուրբ Հոգին կտա ձեզ մտքեր և տպավորություններ, թե ինչպես բավարարել նրանց կարիքները, ում դուք ուսուցանում եք։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 5:)

Տպել