«Մարտի 13-19-ը։ Մատթեոս 11-12, Ղուկաս 11․ «Ես հանգիստ կտամ ձեզ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Մարտի 13-19-ը։ Մատթեոս 11-12, Ղուկաս 11», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Մարտի 13-19-ը
Մատթեոս 11-12, Ղուկաս 11
«Ես հանգիստ կտամ ձեզ»
Կարդացեք Մատթեոս 11-12-ը և Ղուկաս 11-ը ձեր ուսուցմանը նախորդող շաբաթվա ընթացքում։ Այդպիսով ժամանակ կունենաք խորհելու և հայտնություն ստանալու համար, թե ինչի վրա կենտրոնանալ դասարանում:
Հրավիրեք կիսվել
Սուրբ գրություններում կարդացած սկզբունքները կյանքում կիրառելը Աստծո խոսքի զորությունը զգալու կարևոր միջոց է: Քաջալերեք դասարանի անդամներին կիսվել նրանով, ինչ հայտնաբերել են սուրբ գրությունների այս շաբաթվա ուսումնասիրության ժամանակ, որը կարող են կիրառել իրենց կյանքում։ Սուրբ գրությունները կիրառելու ձեր սեփական օրինակը բերելով՝ կօգնեք դասարանի անդամներին ոգեշնչվել և կիսվել իրենց օրինակներով:
Ուսուցանեք վարդապետությունը
Հիսուս Քրիստոսը մեզ հանգիստ կտա, եթե ապավինենք Նրան
-
Մատթեոս 11․28-30 հատվածներում Փրկիչն ուսուցանել է, որ կթեթևացնի մեր ծանր բեռը, եթե ընդունենք Նրա հրավերը՝ «[Մեզ] վերայ առնենք [Իր] լուծը» (հատված 29)։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ այս խոստումը, կարող եք ցույց տալ լծի մի նկար (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում) և բերեք նմանօրինակ փաստեր. լուծը օգնում է կենդանիներին ծանր բեռներ տեղափոխել կամ աշխատել, և այն սովորաբար անհատական է պատրաստվում յուրաքանչյուր կենդանու համար։ Այս մանրամասներն ի՞նչ գիտելիք են ավելացնում Մատթեոս 11․28-30 հատվածների մեր ըմբռնմանը։ Ի՞նչ հրավերներ ենք գտնում այս հատվածներում։ Ի՞նչ օրհնություններ են մեզ խոստացվում: Կարող եք վկայակոչել նաև «Օժանդակ նյութեր» բաժնում զետեղված Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոստումը։
-
Մենք բոլորս ունենք բեռներ, որոնք կարող են թեթևանալ Հիսուս Քրիստոսի զորությամբ: Այս թեմայով քննարկում ծավալելու նպատակով կարող եք հրավիրել դասարանի անդամներին միմյանց հետ կարդալ և քննարկել Մատթեոս 11․28-30-ը։ Նրանք կարող են այսպիսի հարցեր ընդգրկել իրենց քննարկման մեջ. Որո՞նք են այն բեռները, որոնք մարդը կարող է կրել: Մենք ի՞նչ պիտի անենք Քրիստոսի մոտ գալու համար։ Ի՞նչ է նշանակում մեզ վրա վերցնել Փրկիչի լուծը: Զգացե՞լ եք արդյոք, որ Փրկիչը թեթևացրել է ձեր բեռները, երբ եկել եք դեպի Նա: Դասարանի անդամները կարող են լրացուցիչ գաղափարներ գտնել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձում, որը կոչվում է «Իրենց բեռները հեշտությամբ տանեին» (Լիահոնա, մայիս 2014, 87-90)։
Հանգստության օրը բարիք գործելու օր է
-
Հանգստության օրը սուրբ պահելու իրենց ձգտումով փարիսեցիները կիրառում էին խիստ կանոններ և մարդկանց կողմից ստեղծված ավանդույթներ, որոնք, ի վերջո, մթագնեցին նրանց հասկացողությունը Հանգստության օրվա ճշմարիտ նպատակի վերաբերյալ: Որպեսզի քննարկում սկսեք այն մասին, թե ինչու է Տերը մեզ տվել Հանգստության օրը, կարող եք հրավիրել դասարանի անդամներին վերընթերցել Մատթեոս 12․1-13-ը և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 2․26-27 (in the Bible appendix): Ի՞նչ են սովորեցնում այս պատմությունները Հանգստության օրվա նպատակի մասին։ Հանգստության օրվա վերաբերյալ ի՞նչ լրացուցիչ գաղափարներ ենք ձեռք բերում Ելից 31.16-17, Եսայիա 58.13-14 և Վարդապետություն և Ուխտեր 59.9-13 հատվածներից: Փրկիչի հետ մեր հարաբերություններն ինչպե՞ս են փոխվել, երբ մենք Նրա օրը սուրբ ենք պահել։
-
Չնայած փարիսեցիները շեշտում էին բազմաթիվ մանրամասն կանոնները Հանգստության օրվա վերաբերյալ, Փրկիչն ուսուցանեց մի պարզ սկզբունք. «Արժան է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթեոս 12.12): Ուրիշ ո՞ր սկզբունքներն են օգնում մեզ Հանգստության օրը սուրբ պահել (տե՛ս նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը «Օժանդակ նյութեր» բաժնում։ Ինչու՞ են սկզբունքներն ավելի արդյունավետ, քան կանոնների մեծ ցուցակը, երբ մենք ձգտում ենք զարգացնել հոգևոր ինքնապահովումը:
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ելույթը՝ «Կիրակին բերկրանք է» (Լիահոնա, մայիս 2015, 129-132) և երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհուրդը պարունակող տեսաֆիլմերը «Օժանդակ նյութեր» բաժնում կզարգացնեն քննարկումը Հանգստության օրվա վերաբերյալ:
Լրացուցիչ աղբյուրներ
Հիսուս Քրիստոսի հետ մի լծի տակ
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Դուք գալիս եք Քրիստոսի մոտ՝ լծվելով Նրա և Նրա զորության հետ, որպեսզի միայնակ չքաշեք կյանքի բեռը: Դուք քաշում եք կյանքի բեռը աշխարհի Փրկիչի և Քավիչի հետ մի լծի տակ, և հանկարծ ձեր խնդիրները, որքան էլ դրանք լուրջ լինեն, թեթևանում են» (“The Mission and Ministry of the Savior: A Discussion with Elder Russell M. Nelson,” Ensign, June 2005, 18)։
«Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում» («Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130)։
Հանգստության օրը պահելու օրհնությունները
Երեք տեսաֆիլմերի շարքում Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է Հանգստության օրը պահելու օրհնությունների մասին. “Upon My Holy Day—Getting Closer to God,” “Upon My Holy Day—Honoring the Sabbath,” and “Upon My Holy Day—Rest and Renewal” (ChurchofJesusChrist.org)։