«Հուլիսի 3-9-ը։ Գործք Առաքելոց 1-5. «Իմ վկաները կլինիք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հուլիսի 3-9-ը։ Գործք Առաքելոց 1-5», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Հուլիսի 3-9-ը
Գործք Առաքելոց 1-5
«Իմ վկաները կլինիք»
Երբ կարդաք Գործք Առաքելոց 1-5-ը և փնտրեք Հոգու առաջնորդությունը, ոգեշնչում կստանաք այն մասին, թե հետևյալ գլուխների որ ճշմարտությունները կօգնեն ձեր դասարանի անդամներին լիովին ապավինել Սուրբ Հոգուն և լինել Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ վկաները։
Հրավիրեք կիսվել
Գործք Առաքելոց 1-5-ում կան բազմաթիվ իմաստալից հատվածներ և սկզբունքները։ Հրաշալի եղանակներից մեկը, որով կարող եք պարզել, թե դրանցից որոնք են ամենից արժեքավորը ձեր դասարանի անդամների համար, և որոնք են համապատասխանում նրանց կարիքներին, թույլ տալն է, որ նրանք պատմեն ձեզ, թե ինչն է գրավել իրենց ուշադրությունը ուսումնասիրության ընթացքում։ Ինչպե՞ս կարող եք հրավիրել նրանց կիսվել այդ ամենով։ Պարզապես նրանց մի քանի րոպե տվեք, որպեսզի Գործք Առաքելոց 1-5-ում գտնեն և կիսվեն մի հատվածով, որտեղ նրանք զգացել են, որ Տերը խոսում է իրենց հետ։
Ուսուցանեք վարդապետությունը
Գործք Առաքելոց 1․1-8, 2․37-39, 4․1-13, 31-33
Հիսուս Քրիստոսը Իր Եկեղեցին ղեկավարում է Սուրբ Հոգու միջոցով
-
Առաքյալների փորձառությունների մասին կարդալով՝ կօգնեք ձեր դասարանի անդամներին տեսնել, թե նրանք ինչպես կարող են զորություն և առաջնորդություն ստանալ Սուրբ Հոգուց՝ կապված Եկեղեցու իրենց կոչումների և հանձնարարությունների հետ։ Գործք Առաքելոց 1-5-ի փորձառություններն ամփոփելու համար գրատախտակին կարող եք գրել՝ Սուրբ Հոգին օգնել է Առաքյալներին առաջնորդել Եկեղեցին հետևյալ կերպ․, ապա հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել Գործք Առաքելոց 1․1-8, 2․37-39 և 4․1-13, 31-33 հատվածները, փնտրելով արտահայտություններ, որոնցով կարող են ավարտել նախադասությունը։ Այնուհետև դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ Սուրբ Հոգին օգնել է իրենց այդ կերպ։ Առաքյալներն ինչո՞ւ ունեին Սուրբ Հոգու կարիքը: Իսկ մենք ինչո՞ւ ունենք Նրա կարիքը։
Հիսուս Քրիստոսի առաքյալները կանչվում են Աստծո կողմից՝ հայտնության միջոցով
-
Հրավիրեք դասարանի անդամներին բացատրել, թե գործարարության մեջ ղեկավար պաշտոնի համար ինչպես են փոխարինող ընտրում։ Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր դրա համար։ Խնդրեք դասարանի անդամներին հակադրել դա այն փաստին, թե ինչպես կանչվեց Մատաթիա առաքյալը (տես Գործք 1․15-26, տես նաև Ա Թագավորաց 16․1-13), ինչպես նաև «Օժանդակ նյութերում» ընդգրկված Նախագահ Գորդոն Բ․ Հիքլիի խոսքերին, որոնք նկարագրում են, թե ինչպես են կանչվում առաքյալներն այսօր։ Ղեկավարներ ընտրելու Աստծո եղանակն ինչպե՞ս է ազդում այն ղեկավարների հանդեպ մեր հավատքի վրա, որոնց Նա է կանչել: Դասարանի անդամները կարող են պատմել, թե ինչպես են վկայություն ստացել, որ այսօրվա առաքյալներն ու մարգարեները կանչված են Աստծուց:
Սուրբ Հոգին ոգեշնչում է մեզ գործել համաձայն մեր սովորածի
-
Երբ դասարանի անդամներն ուսումնասիրում են սուրբ գրությունները տանը և ամեն շաբաթ՝ միասին դասարանում, նրանք կարող են հաճախ զգալ, թե ինչ է «սրտերումը զղջա[լը]» (Գործք 2․37)։ Դուք գուցե ոգեշնչում զգաք օգնելու նրանց մեկ քայլ առաջ գնալ՝ հարցնելով․ «Ի՞նչ անենք»։ (Գործք 2․37) Միասին կարդացեք Գործք 2․37-47 հատվածները՝ հրավիրելով դասարանի անդամներին փնտրել, թե ինչ արեց 3000 հոգուց բաղկացած այս խումբը Պետրոսի հրավերի արդյունքում։ Գուցե նրանք նաև կարող են կիսվել, թե ինչպես են գործել՝ ըստ Աստծո խոսքի ուսումնասիրման արդյունքում ստացած ոգեշնչման։ Ապա դուք կարող եք դասի վերջում ժամանակ տրամադրել յուրաքանչյուրին, որպեսզի իրենց ուղղեն հետևյալ հարցը՝ «Ի՞նչ անեմ», և գրի առնեն իրենց տպավորությունները։
Գործք Առաքելոց 3, 4․1-21, 5․12-42
Երբ մենք լցվենք Սուրբ Հոգով, կկարողանանք համարձակ կիսվել ավետարանով
-
Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Գործք Առաքելոց 3, 4․1-21, 5․12-42 հատվածները՝ փնտրելով օրինակներ, որտեղ Պետրոսը համարձակ վկայություն է բերում։ Կամ նրանք կարող են դիտել հետևյալ տեսանյութերից մեկը. “Peter Preaches and Is Arrested,” “Peter and John Are Judged,” or “Peter and John Continue Preaching the Gospel” (ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ է նշանակում «Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ»: (Գործք 4․31) Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում մեզ համարձակությամբ կիսվել ավետարանով։ Այդպիսի համարձակությունն ինչո՞վ է տարբերվում վիճահարույց լինելուց: Դասարանի անդամները գուցե կիսվեն օրինակներով, երբ նրանք կամ իրենց ծանոթը քաջաբար պաշտպանել է կամ վկայել է ավետարանի մասին։
Օժանդակ նյութեր
Ինչպես են կանչվում Տասներկուսի անդամները
Գորդոն Բ․ Հինքլին կիսվել է նոր առաքյալ կանչելու գործընթացի վերաբերյալ հետևյալ մտքերով․ «Այս գործընթացը բնորոշ է Տիրոջ եկեղեցուն։ Այստեղ բացակայում են պաշտոնի ձգտումը, ջանքեր թափելը՝ հնարավոր լավագույն դիրքը գրավելու համար, սեփական արժանիքները գովերգելու քարոզարշավները։ Հակադրենք Տիրոջ ուղին աշխարհի ուղիներին։ Տիրոջ ուղին հանդարտ ու խաղաղ ուղի է, այն զերծ է շեփոր հնչեցնելուց կամ դրամական ծախսերից։ Այն զերծ է էգոիզմից, սնապարծությունից կամ փառասիրությունից։ Համաձայն Տիրոջ ծրագրի, նրանք, ովքեր ունեն պաշտոնյաներ ընտրելու պարտականություն, կառավարվում են մեկ գերագույն հարցով․ «Ո՞ւմ կընտրեր Տերը»։ Տեղի է ունենում հանգիստ և խոհուն խորհրդածություն։ Եվ շատ աղոթքներ են պահանջվում Սուրբ Հոգու հաստատումը ստանալու համար, որ ընտրությունը ճիշտ է» (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 53)։