«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը։ Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Որովհետեւ յարութիւն առաւ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունիսի 26-ից հուլիսի 2-ը։ Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21
«Որովհետեւ յարութիւն առաւ»
Նախքան այս նյութի ուսուցման գաղափարների ուսումնասիրումը, կարդացեք Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21-ը, և խորհեք, թե այս գլուխներն ինչպես կարող են օգտագործվել՝ ձեր ուսանողների հավատքը զորացնելու համար։
Հրավիրեք կիսվել
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել նրանով, ինչ սովորել են իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, խնդրեք նրանց գրի առնել մի ճշմարտություն այս շաբաթվա ընթերցանության հանձնարարությունից, որով նրանք պետք է կիսվեն «ողջ աշխարհի հետ» (տես Մարկոս 16.15): Դասի ավարտին հարցրեք նրանց, թե արդյո՞ք գտել են որևէ լրացուցիչ ճշմարտություն, որով կկամենային կիսվել:
Ուսուցանեք վարդապետությունը
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20
Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մենք ևս հարություն կառնենք
-
Կարող եք դասարանի անդամներին մի քանի րոպե տրամադրել՝ վերանայելու այս շաբաթվա ընթերցանության հանձնարարությունը, «Հարություն» հոդվածը՝ Սուրբ Գրքերի Ուղեցույցում, և գրի առնել ճշմարտություններ, որոնք սովորեցին Հարության մասին: Թույլ տվեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց գրածով և խրախուսեք դասարանի անդամներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսում են ինչ-որ մեկին, ով կիսվում է մի ճշմարտությամբ, որը նման է իրենց գրածին: Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր մեզ համար։ Ինչպե՞ս են դրանք ազդում մեր հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս են դրանք ազդում մեր ընտրությունների վրա:
Մենք կարող ենք հրավիրել Փրկիչին «մնալ մեզ հետ»
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել կապը իրենց փորձառությունների և Էմմաուսի ճանապարհին աշակերտների փորձառությունների միջև, գրատախտակին մի ճանապարհ նկարեք և հրավիրեք դասարանի անդամներին ճանապարհի մի կողմում գրել մանրամասներ Ղուկաս 24.13-35-ի պատմությունից։ Ապա, ճանապարհի մյուս կողմում նրանք կարող են զուգահեռներ անցկացնել և գրել իրենց սեփական նույնատիպ փորձառությունները, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ: Օրինակ՝ նրանք կարող են գրել Նորանց աչքերը բռնուած էին (Ղուկաս 24.16) ճանապարհի մի կողմում, և Մենք երբեմն չենք ճանաչում Տիրոջ ազդեցությունը մեր կյանքում՝ մյուս կողմում: Մենք ինչպե՞ս կարող ենք հրավիրել Փրկիչին «մնալ մեզ հետ»։
«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»
-
Ձեր Կիրակնօրյա դպրոցի դասարանը կարող է դասարանի անդամների համար լինել մի վայր, որտեղ կարող են միմյանց հավատքը զորացնել այն բաներում, որոնք չեն կարող տեսնել: Սկսեք՝ խնդրելով որևէ մեկին ամփոփել Թովմասի փորձառությունը Հովհաննես 20.19-28-ում: Կարող եք նաև ցույց տալ տեսանյութ՝ “Blessed Are They That Have Not Seen, and Yet Have Believed” (ChurchofJesusChrist.org)։ Դասարանի անդամները կարող են գրատախտակին գրել որոշ բաներ, որոնց Աստված մեզ խնդրում է հավատալ առանց տեսնելու։ Ապա կարող եք խնդրել նրանց պատմել իրենց փորձառություններից, որոնք զորացրել են իրենց վկայություններն այս ամենի մասին և օրհնությունների, որոնք ստացել են՝ հավատք գործադրելով։
Փրկիչը հրավիրում է մեզ արածեցնել Իր ոչխարներին
-
Ի՞նչը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին ընդունել Փրկիչի «ոչխարներին արածեցնելու» հրավերը: Սկսեք՝ հրավիրելով նրանց մտքում կարդալ Հովհաննես 21.15-17-ը, փոխարինելով Սիմոնի անունը իրենց սեփական անունով և «իմ գառները» և «իմ ոչխարները»՝ մարդկանց անուններով, ում զգում են, որ Տերը կամենում է, որ ծառայեն, օրինակ՝ մարդկանց, ում տնային այցելություն կամ ուսուցում են կատարում, հարևանների կամ մարդկանց, որոնց ճանաչում են աշխատավայրից կամ դպրոցից: Մի քանի րոպե հետո դասարանի անդամները կարող են կիսվել իրենց ունեցած տպավորություններով: Ի՞նչ ենք սովորում Փրկիչի մասին՝ Հովհաննես 21․4-13-ի Նրա գործողություններից։ Մենք ի՞նչ կարող ենք անել՝ Փրկիչի գառներին և ոչխարներին արածեցնելու համար։ «Օժանդակ նյութերում» տրված երեց Գարի Ի․ Սթիվենսոնի խոսքերը կօգնեն պատասխանել այս հարցին:
Օժանդակ նյութեր
Ինչպե՞ս կարող ենք «արածեցնել [Նրա] ոչխարներին»
Երեց Գարի Ի․ Սթիվենսոնը բացատրել է, թե ինչպես կարող ենք կատարել Իր ոչխարներին արածեցնելու Տիրոջ պատվիրանը.
«Ո՞վ է հովիվը: Յուրաքանչյուր տղամարդ, կին ու երեխա Աստծո արքայությունում հովիվ է։ Դրա համար կոչում չի պահանջվում: Մկրտության ջրերից դուրս գալու պահից ի վեր մենք հանձնառություն ունենք այս աշխատանքի համար: Մենք սիրով օգնության ենք հասնում մարդկանց, քանի որ մեր Փրկիչն է պատվիրել այդպես վարվել: … Երբ մեր հարևանները նյութական կամ հոգևոր փորձանքի մեջ են, մենք օգնության ենք վազում: Մենք կրում ենք մեկս մյուսի բեռները, որ դրանք թեթև լինեն: Մենք սգում ենք նրանց հետ, ովքեր սգում են։ Մենք մխիթարում ենք նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության [տես Մոսիա 18.8-9]: Տերը սիրով ակնկալում է դա մեզանից։ Եվ կգա օրը, երբ մենք պատասխանատու կհամարվենք Իր հոտը սպասասավորելու պարտականության համար [տես Մատթեոս 25․31-46]» («Հոգիներին հովվություն անել», Լիահոնա, նոյեմբեր 2018, 111)։